«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հերթական ճակատամարտը

Հերթական ճակատամարտը
13.11.2018 | 02:02

Օրերս Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՈՒսանողական խորհուրդ (այսուհետ` ՈՒԽ)-ԵՊՀ Restart (այսուհետ` Restart) նախաձեռնության` այս տարվա սկզբներին սկսված պատերազմի հերթական ճակատամարտը: Հաշվի առնելով, որ հիմա աշուն է, ճտեր հաշվելու համար` հիանալի եղանակ, սա բախման աղմուկի մակարդակով աննախադեպ եղավ: Ինչպես միշտ, Restart-ն ՈՒԽ-ին մեղադրում էր քաղաքականացված լինելու մեջ, պահանջում էր այդ կառույցի ինքնալուծարումը` որպես փաստ ունենալով ԿԳ փոխնախարարի նամակը, որը, ինչպես հետո իմացանք, այնքան էլ աղերսներ չուներ ճշմարտության հետ: Քանի որ նույն ժամանակ փոխնախարարը նամակ էր ուղարկել նաև ՈՒԽ-ի նախագահին, որտեղ առաջադրված պահաջները չէին համապատասխանում Restart-ի թիմին ուղարկված նամակի բովանդակությանը: Իր հերթին ՈՒԽ-ը Restart-ին հիշեցրեց, որ ՈՒԽ-ՀՀԿ կապը երբեք այնպիսին չի եղել, ինչպես հիմա Restart-ՔՊ կապն է. իսկ դա անհերքելիորեն այդպես է, և կապ չունի ՔՊ-ն լավն է, թե վատը, իշխանությունը մնում է իշխանություն:


Այո, ՈՒԽ-ն անմասն չի եղել քաղաքական գործընթացներից. Restart-ը փաստեր է ներկայացնում: Չնայած, եթե վերջինս համալսարանում գրավի ՈՒԽ-ի դիրքերը, Վանգա լինել հարկավոր չէ հասկանալու համար, որ միաժամանակ կժառանգի նաև ՈՒԽ-ի քաղաքականացվածությունը: Դա մի կողմ, լուծելի է, բայց, այ Restart-Արթուր Սաքունց կապը, որը, ի դեպ, չի ժխտվում, մտահոգիչ է: Թե ով է Սաքունցը, հարկ չկա ներկայացնել` Հայաստանում բոլոր այլասերվածությունների պաշտպան: Իսկ նման մարդու հարաբերությունները ԵՊՀ-ի ուսանողական որևէ կառույցի հետ, մեղմ ասած, լավ բանի չեն հանգեցնի: Restart-ը պետք է ընդունի սա, նաև այն, որ Սաքունցը ոչ մի մաքուր բանի հետ կապ չունի, նրանը աղտոտելն է:


Անարդար կլինեմ, եթե չնշեմ, որ ՈՒԽ-ի անդամի կողմից Restart-ի անդամների միջին որակական գնահատականների մասին, առանց հղում տալու, հայտարարություն անելը նույնպես անընդունելի էր:
Ինչևէ, սույն նյութի նպատակը ոչ այնքան ՈՒԽ-Restart հարաբերությունների վերլուծությունն է, որքան մի քանի այլ կարևոր խնդիրների անդրադառնալը: Նախ` ԿԳ փոխնախարարի մասին, որը ՈՒԽ-ին ու Restart-ին ուղարկելով երկու, բովանդակային առումով իրար հակասող նամակներ, ստեղծել է հիշյալ վիճաբանությունը: Անտեղյակ լինելով այդ անհամապատասխանության մասին, Restart-ի անդամներն սկսեցին ակտիվորեն, իրականությանը չհամապատասխանող թռուցիկներ բաժանել համալսարանում, որի համար ՈՒԽ-ը նրանց մեղադրեց ապատեղեկատվության մեջ և ծագեց այն, ինչ ծագեց:
Ի դեպ, խոսելով ապատեղեկատվության մասին, չմոռանանք հիշել նաև հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանին, որը դարձավ այս վեճի, այսպես ասած, անմեղ զոհը: Ըստ Restart նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառման` Արծրուն Ավագյանը արգելել է կամ փորձել է արգելել բանասիրության ֆակուլտետում թռուցիկներ տարածելը, ավելին, ուսանողը գրել է նաև, որ, դեկան Ավագյանը ֆակուլտետի ուսանողներին հրահանգել է հավաքել թռուցիկները: Մտահոգված լինելով ֆակուլտետում ստեղծված ենթադրյալ ոչ պատշաճ մթնոլորտով, կիրակի օրը, ուշ երեկոյան կապ հաստատեցի Արծրուն Ավագյանի հետ, որն ինձ հետ հեռախոսազրույցում հերքեց այդ ամենը. «Նման բան չի եղել, ես ոչ թե արգելել եմ կոնկրետ թռուցիկներ տարածելը, այլ համալսարանը քաղաքական գործընթացների վայր դարձնելը: Ես անգամ չեմ իմացել` ինչ բովանդակությամբ թռուցիկներ են դրանք, մտածելով, որ քաղաքական են, հորդորել եմ չանել նման բան: Իսկ ուսանողների մասով տարածված այն լուրերը, իբր ես ասել եմ, որ նրանք հավաքեն թռուցիկները, նմանապես կեղծ են, կարող եք ասածներիս հավաստիությունը ճշտել հենց իրենցից»:
Ֆակուլտետի ուսանողները հաստատեցին Արծրուն Ավագյանի ասածը: Այսպես, փակված համարելով Արծրուն Ավագյանի անվան հետ կապված ասեկոսեները` անդրադառնանք ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Նախ, նախարարի առաջին քայլը պետք է լիներ իր տեղակալին, տղեկի պահվածք դրսևորելու համար, որից ծագեց այս մեծ աղմուկը, խիստ պատժի ենթարկել, հետո էլ` կլոր սեղան հրավիրել ու ռեկտորի գլխավորությամբ, գիտխորհրդի անդամների հետ, գիտխորհրդի դահլիճում քննարկել հարցը:


Հակառակ այս ամենի, նախարարը որոշեց հարցերը լուծել հենց համալսարանի միջանցքում, բայց, ինչպես հայտնի գովազդի հերոս Թոնին է ասում` սա էլ դեռ ամենը չէ: Համալսարան գալով՝ նախարարն սկսեց ակնհայտ կողմնակալ վերաբերմունք դրսևորել, սքողված պաշտպանելով Restart նախաձեռնությունն ու արհամարհելով ՈՒԽ-անդամներին: Օրինակ` Դավիթ Ափոյանի հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ասաց բառացիորեն հետևյալը. «Կուլիսային որևէ խոսակցություն չի կարող լինել, ինչը բնորոշ է եղել ձեր ուսանողական խորհրդին տարիներ շարունակ»: Նախ` ո՞վ է նախարարին ասել, կամ որտեղի՞ց է իմացել, որ ՈՒԽ-ը տարիներ շարունակ իր գործողություններն արել է կուլիսային մակարդակով: Իհարկե, ես ապացույցներ չունեմ, որ նման բան չի եղել, չեմ էլ ժխտում, որ հնարավոր է նման բան եղած լինի, բայց, եթե եղել է, որպես համալսարանի դասախոս, ինչու՞ չէր արձագանքում, ա՞չք էր փակում «հանցագործության» վրա: Այն, որ ՈՒԽ-ն այս տարիներին թերացումներ է ունեցել, պարզ է, բայց նախարարի` ուսանողի հետ այդ ոճով խոսելն անընդունելի է: Ինչպե՞ս կարելի է խոսել որևէ ուսանողի հետ ու չնայել նրա դեմքին, և կապ չունի` այդ ուսանողը Դավիթ Ափոյա՞նն է, Դավիթ Պետրոսյա՞նը, հինգերորդ տարին անընդմեջ նույն կուրսում մնացած մե՞կը. թե՞, ասենք, Վրաստանից Հայաստան եկած Նոդար Կոբախիձեն, ներեցեք, բայց դա ակադեմիական պահվածք չէ:


Սա նոր Հայաստանի կրթական նոր հայա՞ցքն է, թե՞, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում մերժյալներին, այստեղ թյուրըմբռնում կա: Պարոն Հարությունյանն այնքան տարվեց միայն ՈՒԽ-ին մեղադրելով, որ նույնիսկ մոռացավ Restart-ին հիշեցնել` համալսարանի ներսում թռուցիկներ բաժանել չի կարելի, և, որ Արծրուն Ավագյանը ճիշտ էր, այս պարագայում` ՈՒԽ-ը նույնպես: Բայց` ձայն բարբառոյ յանապատի:
Նախարարի մասին պատմող պարբերությունը փակված համարելու համար, թերևս նշենք նաև մի բան, որ ԿԳ նախարարն իրավունք չունի հանրապետության առաջատար բուհում տեղի ունեցող իրադարձությունների մասին հստակ պատկերացում չունենալու, դա անընդունելի է, մանավանդ որ բանը հասել է դիվանբաշուն, որ է` ԿԳ փոխնախարարը:
Զարմանալի էր նաև ռեկտորատի լռությունը, տպավորություն է, որ իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե Երևանի, այլ Թեհրանի պետական համալսարանում: Դեռ երկու ամիս առաջ գրել եմ, որ նման իրադրության ժամանակ ռեկտորատը պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել` ստեղծված անառողջ մթնոլորտը «ախտահանելու» նպատակով: Բայց, ինչպես տեսնում ենք, թե՛՚ երկու ամիս առաջ, թե՛ հիմա ռեկտորատը լռում է, նույնիսկ ԵՊՀ մամուլի ծառայությունը պատշաճ չի լուսաբանում համալսարանում տեղի ունեցածը, այնինչ, Restart-ը հայտարարում է, որ համալսարանում ստեղծվել են առնվազն երեք ուսանողական կառույցներ, որոնք չեն ճանաչում ՈՒԽ-ն, վերջինս էլ հայտարարում է, որ ոչ մի կերպ չի լքելու իր դիրքերը: Նման դեպքերում ռեկտորատն իրավունք ունի՞ լռելու:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5397

Մեկնաբանություններ