Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Հիբրիդային» մարտավարություն` արտաքին քաղաքական «ցայտնոտի» պայմաններում

«Հիբրիդային» մարտավարություն` արտաքին քաղաքական «ցայտնոտի» պայմաններում
29.07.2016 | 00:24

Երևանյան զինված ապստամբության գործընթացը, ի զարմանս շատերի Հայաստանում և նրա սահմաններից դուրս, շարունակվում է արդեն երկրորդ շաբաթը։ Բնականաբար, մեր հասարակության, ինչպես նաև միջազգային հանրության համար, որ նման դեպքերում ավելի շատ սովոր են կտրուկ գործողություններ ու հանգուցալուծումներ տեսնելու, բավականին տարօրինակ է, որ այս գործընթացը ձգվում է, և հեռանկարներն էլ կարծես հստակ չեն նշմարվում։


Վերջին օրերին տեղի ունեցողի վերաբերյալ շատ տարբեր գնահատականներ և կարծիքներ հնչեցին, որոնք, ի դեպ, հետագայում հընթացս տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվեցին։ Դրանցից ամենահատկանշականը թերևս այն էր, որ իշխանությունն աստիճանաբար հրաժարվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված ապստամբներին ահաբեկիչ որակելուց՝ նրանց բնորոշելով քաղաքական և քրեական իրավունքի տեսակետից փոքր-ինչ ավելի մեղմ՝ զինյալներ, ապստամբներ և այլ մակդիրներով։ Իշխանության վարքագիծը, գործընթացների և գործողությունների ժամանակի առումով աննախադեպ ձգվածությունը և երևացող ու չերևացող այլ հանգամանքներ տարաբնույթ վարկածների առիթ հանդիսացան: Դա բնական է, քանի որ մինչ օրս էլ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև մասնագետներից շատերը միանշանակ չեն գնահատում տեղի ունեցող գործընթացի թե՛ ռազմավարությունը, թե՛ ընդհանուր առմամբ գաղափարախոսությունը: Մինչդեռ դրանից են բխում ստեղծված բարդ և պայթյունավտանգ իրավիճակում հակամարտության հիմնական գործող կողմերի մարտավարությունն ու կիրառվող գործողությունների տարաբնույթ տեխնոլոգիաները:


Եվ այսպես՝ ըստ որոշ վերլուծաբանների և փորձագիտական շրջանակների, զինված ապստամբները ռազմավարական առումով մի մեծ գերխնդիր ունեին և շարունակում են ունենալ՝ լոկալ բնույթի զինված ապստամբության միջոցով հնարավորինս կարճ ժամանակահատվածում խթանել երկրում հեղափոխական գործընթացները: Այսինքն՝ զինված գործողությունը քաղաքական ակցիա է, պատկերավոր ասած՝ հեղափոխական «Ավրորայի» ուժգին համազարկ, որը պետք է սկիզբ դնի խաղաղ կամ ոչ խաղաղ հասարակական-քաղաքական զանգվածային գործողությունների: Ի դեպ, զինված «Սասնա ծռեր» խումբն իր ռազմավարական և մարտավարական նպատակների մասին, ըստ էության, ազդարարեց ակտիվ գործողությունները սկսելու հենց առաջին ժամվա ընթացքում։ Սոցիալական ցանցերում մամուլի հատուկ հաղորդագրության մեջ կոչ էր արվում բնակչությանը ոտքի կանգնել, դուրս գալ փողոց և աջակցել իրենց։ Սկզբնական խնդիրը լարվածության օջախներ ստեղծելով ինչ-ինչ գործընթացներ սկսելն էր, որպեսզի ժողովուրդը, այսպես ասած, յուրահատուկ «սրբավայր» ունենար, որտեղ կարող էր հավաքվել, խնդիրներ դնել՝ լոկալ հարցերից մինչև լրջագույն քաղաքական պահանջներ. Սերժ Սարգսյանի և կառավարության հրաժարական, քաղբանտարկյալների ազատ արձակում և ազգային այլ խնդիրներ, մասնավորապես, ԼՂՀ ազատագրված շրջանները հանձնելու վաղուց քննարկվող տարբերակից կտրականապես հրաժարվելու պահանջ: Վերջինս ապստամբների պահանջների շարքում կարծես մտածված էր երկրորդ պլան մղվել, քանի որ լայն զանգվածներին հեղափոխական գործընթացներին ներգրավելու առումով էմոցիոնալ և մատչելիության առումներով ավելի ազդեցիկ էին երկրի ղեկավարի հրաժարականի և կոնկրետ քաղբանտարկյալների, մասնավորապես, Ժիրայր Սէֆիլյանի ազատման խնդիրները։


Ինչևէ, ՊՊԾ գնդի գրավման հենց առաջին օրերից էլ հասկանալի դարձավ, որ զինված անձանց նպատակն էր՝ հնարավորինս և ցանկացած գնով պահել լարվածությունը զբաղեցրած տարածքի հատվածում` փորձելով դրա շուրջ հավաքել բողոքական լայն զանգվածների, որոնք օրեցօր, ժամ առ ժամ ձնագնդի նման պետք է ավելանան։ Ապստամբները շատ լավ գիտակցում էին, որ իրենց համար վահան են ոչ թե վերցրած պատանդները, այլ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը, ինչը պայմանավորված է հեղափոխական շարժման հնարավոր ծագմամբ։


Ճիշտ է, մինչ օրս էլ, այնուամենայնիվ, մինչև վերջ պարզ չէ՝ ինչու որպես գործողությունների օբյեկտ ընտրվեց հենց այս տարածքը: Բոլորը սովոր են, որ նման դեպքերում հիմնականում գրավում են կառավարական և գերատեսչական այլ շենքեր, սակայն ինչպես ապստամբներն իրենք են նշում, այս անգամ գրավվեց մի կառույց, որը խորհրդանշում է իշխանությունների ուժը, և շատ դեպքերում զինված ապստամբները շեշտում էին, որ պարեկապահակային ծառայության գունդը պատահական չի ընտրված, քանի որ այն սովորաբար իշխանության գլխավոր մահակն է ընդդիմադիրների և բողոքական ժողովրդի դեմ։ Այնտեղ կուտակված են մեծ քանակությամբ զենք, զինամթերք, ոստիկանական ժամանակակից տեխնիկա և այլն, որը ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս Երևանի փողոցներ՝ ցույցեր ցրելու։ Փաստորեն, ապստամբները մի կողմից գրավել են կարևոր ուժային օբյեկտ, մյուս կողմից՝ դա ոստիկանական համակարգի առանցքային օղակներից մեկն է, ինչը նաև հոգեբանական նշանակություն ունի։ Չի բացառվում, որ ապստամբների կողմից ինչ-ինչ պատճառներով առանձնակի և կոնկրետ թիրախավորվել էր հենց ոստիկանական համակարգը:
Մարտավարական նպատակներին հասնելու համար անցած օրերի ընթացքում, իհարկե, փոփոխական հաջողությամբ ապստամբները գործի դրեցին նաև որոշ քաղաքական և այլ տեխնոլոգիաներ: Ինֆորմացիոն առիթներ են ստեղծում իրենց շուրջ, որպեսզի իրենց մասին անընդհատ խոսվի, լինեն ուշադրության կենտրոնում, մամուլի միջոցով մշտապես կապի մեջ լինեն արտաքին աշխարհի հետ` նույնիսկ սեփական անվտանգության աստիճանն ապահովագրող պատանդներին մամուլի հետ առցանց ռեժիմով շփվելու փոխանակման գնով: Որպես իրավիճակը մշտապես լարվածության տակ պահելու կարճաժամկետ միջոց պետք է դիտարկել ապստամբների կողմից տարածվող լուրերը ռուսական «Ալֆայի» կամ չեչենական ստորաբաժանումների ժամանման, տարածքի պատերը քանդելու և ապստամբների համար նման այլ վտանգների մասին: Դրանք պետք է կոնսոլիդացնեին բողոքական զանգվածներին և ստիպեին համացանցային ուղիղ եթերում թամաշա անողներին, Խորենացու փողոց գալով, աջակցել իրենց։ Բնականաբար, հետաքրքրությունն ապահովվում էր նաև պարբերաբար ոստիկանական մեքենաներ այրելով, ժամանակ առ ժամանակ օդ կրակելով և այլն:
Շատ շուտով պարզվեց, որ ապստամբները և, ամենայն հավանականությամբ, ընդհատակում գործող իրենց գործընկերները ոչ միայն վերահսկում են ՊՊԾ գնդի տարածքը, այլև որոշակիորեն կառավարում են նաև դրսի գործընթացները։ Հերիք է նրանց մի խոսքն այս կամ այն քաղաքական գործչի մասին, անմիջապես այդ քաղաքական ուժը, գործիչը կա՛մ բարձրանում է ամբիոն, կա՛մ այնտեղից նրան իջեցնում են։ Դրա վառ օրինակն է Նիկոլ Փաշինյանը, որն այս օրերի ընթացքում մի քանի անգամ հասցրեց գլխավորել գործընթացն ու հեռանալ։ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ դասական քաղաքական գործընթացի կողմնակիցն էր, որը նախընտրում էր համեմատաբար խաղաղ, առանց բախումների քայլեր, ինչը, բնականաբար, զինյալների սցենարի մեջ չէր տեղավորվում։ Վերջիններս, հավանաբար, համարեցին, որ նման մարտավարությունը թուլացնում է հանրահավաքային էներգետիկան, ինչը, բնականաբար, չի նպաստում մարդկանց թվի ավելացմանը։ Բացի այդ, ՊՊԾ գնդում տեղակայվածները հասկանում էին ու բացահայտ ասում, որ եթե մի քաղաքական կուսակցություն է ղեկավարում պրոցեսը, ապա այն սեփական PR-ով է զբաղվում, և այդ մեկ ուժն ավելի հեշտ կարող է վերահսկելի լինել իշխանությունների կողմից։ ՈՒստի բավական էին նրանց մեկ-երկու հարցազրույցները, որ հարթակում «իշխանափոխություն» լինի, և գա բազմակուսակցական համակարգող խորհուրդը, որտեղ տարբեր սերունդների քաղաքական, հասարակական և մտավորականների համբավ ունեցող դեմքեր են՝ աշխարհաքաղաքական տարբեր վեկտորների նախասիրություններով, աշխարհընկալմամբ և քաղաքական փորձով։ Նույն տրամաբանության մեջ էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին միջնորդական գործընթացից մեկուսացումը, քանի որ վերջինս, ըստ ապստամբների, փաստացի սառեցնում էր պրոցեսը, ինչը, բնականաբար, չի նպաստում աջակից զանգվածների մեծացմանը:
Ի վերջո, հարթակ բարձրացան տարբեր նպատակներով տարբեր կենտրոններից, այդ թվում՝ ակնհայտորեն իշխանությունների ուղարկած մարդիկ, որոնք փաստացի տապալեցին զանգվածային շարժումը։ Եվ զանգվածը վերջին օրերին հերթական անգամ մնաց առանց առաջնորդների։ Ըստ էության, այն տպավորությունն է, թե իշխանությունը վերահսկողության տակ է պահում հարթակը։


Ինչպես արդեն հիշատակեցինք, անընդհատ ուշադրության կենտրոնում մնալու տրամաբանությունից էր բխում նաև պատանդների հանձնումը մամուլի հետ ազատ շփվելու պահանջի դիմաց։ Թերևս, նրանք պատանդներին չէին էլ պատրաստվում վնասելու, քանի որ այդ դեպքում իմիջային լուրջ կորուստներ կունենային և զինված ապստամբներից կվերածվեին կա՛մ սովորական ապստամբների, կա՛մ կարդարացնեին իշխանական քարոզչամեքենայի կողմից իրենց շնորհված «ահաբեկչի» պիտակը։
Որո՞նք են իշխանությունների ռազմավարությունը և դրանից բխող մարտավարությունը։ Իշխանությունը երկու խնդիր ունի. նախ՝ Մարտի 1-ի բարդույթը, որից շատ դժվար, երբեմն նաև զգալի քաղաքական, իմիջային և տնտեսական կորուստների գնով Սերժ Սարգսյանը որոշ չափով ազատվեց թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը, որն իր նախագահության շրջանը սկսեց Մարտի 1-ի հայտնի արյունալի իրադարձություններով, այնուամենայնիվ, բոլորովին չի ուզում իր քաղաքական կարիերայի հնարավոր նոր փուլը սկսել նոր արյունահեղությամբ։ Եվ երկրորդ՝ փորձագիտական հանրության մի ստվար հատված հիմա արդեն ավելի հետևողական նշում է, որ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը փորձի ինչ-որ չափով նույնիսկ օգտվել ներքաղաքական այս բարդ իրավիճակից, ստեղծվածն օգտագործի՝ դրսին հասկացնելով, որ Հայաստանում այնքան անկայուն և պայթյունավտանգ ներքաղաքական իրավիճակ է, որ Արցախի խնդրի լուծման շուրջ այժմ քննարկվող և փաստացի Հայաստանին պարտադրվող ոչ պոպուլյար թեզերն անցկացնելու հնարավորություն բոլորովին չկա։

Առավել ևս ապստամբներն Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկներ են (ոմանք շատ հայտնի), որոնք կրիտիկական են վերաբերվում փոխզիջումներին, և նրանց գլխավոր պահանջներից մեկը հենց առնչվում է Արցախյան հարցին՝ նպատակ ունենալով կանգնեցնել հարցի կարգավորման կարծես թե բավականին արագ շարժվող գնացքը։ Չի բացառվում, որ ՀՀ նախագահը ներքին քաղաքական խաղը փորձի տեղավորել իր արտաքին քաղաքական «պարտիայում»։ Վերլուծաբաններից ոմանց կարծիքով՝ այդ պատճառով նա կարծես առանձնապես չի շտապում։ Նույնիսկ թվում էր, թե երկրի ղեկավարի գործելաոճը ոչ ադեկվատ է ստեղծված իրավիճակին:
Դատելով իրավիճակից՝ կարելի է եզրակացնել, որ իշխանությունը ցանկանում է հարցը լուծել առանց զոհերի։ Նրանց կողմից լինում են բավականին հրապուրիչ առաջարկներ ապստամբներին, նույնիսկ, ինչպես հայտնի է, նրանց առաջարկվում էր վայր դնել զենքը, ինչը վերջիններիս անգամ կազատի քրեական հետապնդումից։ Հետաքրքիր ակնարկ կար նաև Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ, որտեղ փաստացի ակնարկվում էր, թե անհատական մոտեցում է լինելու կոնկրետ մարդկանց։ Սա նշանակում է, որ ոչ թե կոլեկտիվ պատասխանատվություն է լինելու, այլ խիստ անհատական, մասնավորապես, ոստիկանության գնդապետի զոհվելու դրվագով։


Թերևս աշխարհի պրակտիկայում աննախադեպ է, երբ ապստամբներն ազատ շփվում են դրսի հետ և իրենց քաղաքական կամ այլ պահանջներն ուղղակիորեն հայտնում են հասարակությանը։ Սովորաբար հակառակն է լինում. նրանք զրկվում են կապից, հաղորդակցման միջոցներից, լրագրողներին թույլ չեն տալիս տարածքից որևէ կադր ցուցադրել, որպեսզի ապստամբները հատուկ ծառայությունների գործողություններից տեղեկություններ չունենան։ Հայաստանում, սակայն, ամեն ինչ ստանդարտներից դուրս է։ Ամեն ինչ առցանց հեռարձակվում էր, և նույնիսկ լրագրողների մուտքը ՊՊԾ գունդ զուգորդվեց ինչ-որ չափով ռեալիթի շոուի տարրերով՝ առանձին դրամատուրգիայով, ներընտանեկան դրամատիկ տեսարաններով և այլն։ Սակայն մի քանի օր անց, երբ իշխանությունը կարծես համոզվեց, որ առանձնապես առաջխաղացում բանակցային տեսակետից չի նկատվում, սկսեց նման դեպքերի համար փոքր-ինչ ավելի դասական սցենարով ընթանալ՝ կապ անջատել, սննդից զրկել՝ հավանաբար փորձելով ֆիզիկապես ճնշել, հյուծել, ինչը ի վերջո բերում է հոգեբանական ճնշման և այլն։ Այսպիսով գուցե հույս են տածում, թե ՊՊԾ գնդի ներսում գտնվող մի քանի տասնյակ մարդկանցից ոչ բոլորը դիմանան, առավել ևս որ ոչ բոլորն են անցել ռազմական, քաղաքական նույն ճանապարհը, ինչ գլխավոր գործող անձինք, որոնք հայտնի են Արցախի պատերազմից և անկասկած լեգենդար դեմքեր են։ Ավելին, ընդամենը մի քանի տարի առաջ Հանրային հեռուստատեսության եթերում նրանց մասին

հերոսապատումներ էին հեռարձակվում։

Այս առումով կարծես թե իշխանական թևի հաշվարկները հիմնազուրկ չեն, և ԱԱԾ հրապարակած հայտնի գաղտնալսումը վկայակոչեց, որ ապստամբների մեջ կարգապահական խնդիրներ են նկատվում, ինչի պատճառով ինքնագործունեության դրսևորումներ են ի հայտ գալիս, և այդ սխալները բացարձակապես չեն ներվում ուժային կառույցների կողմից: Արդյունքում նույնիսկ բոլորի կողմից սպասվող ուղղակի գրոհին չդիմելով՝ յուրահատուկ «հիբրիդային» գործողությունների շնորհիվ ուժային կառույցներին արդեն իսկ հաջողվել է գնդի տարածքից առանց զոհերի դուրս բերել ապստամբների մի մասին:


Իհարկե, կողմերից յուրաքանչյուրն այս պահին փորձում է պահպանել դեմքը։ Բոլորը հասկանում են, որ ուժային հանգուցալուծումը քաղաքական տեսանկյունից ո՛չ կարճաժամկետ և ո՛չ էլ երկարաժամկետ առումով հիմնարար հարց չի լուծում։ Բայց նաև ակնհայտ է, որ այս ամենը երկար տևել չի կարող։ Ինչպես հայտնի է, ապստամբներն իրենց համար սահմանել են 15-ից մինչև 30 օր ժամանակ, սակայն իշխանությունը դժվար թե այդ ժամկետին համաձայն լինի, քանի որ մի կողմից կա իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգը և ներիշխանական ոլորտում Սերժ Սարգսյանի «ստատուս քվոյի» սասանման հեռանկարը, մյուս կողմից՝ իրավիճակի կայունացման մեջ շահագրգիռ են որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք թույլ չեն տա, որպեսզի, օրինակ, ԼՂՀ-ի հիմնահարցի շուրջ աննախադեպ թափ առած գործընթացները հայաստանյան ներքաղաքական զարգացումների պատճառով արգելակվեն։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6113

Մեկնաբանություններ