Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Լեռնային Ղարաբաղը նոր քաղաքական գրանցում է ստանում

Լեռնային Ղարաբաղը նոր քաղաքական գրանցում է ստանում
27.07.2016 | 09:30

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը սենսացիոն հայտարարություն է արել՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների հաջորդ ռաունդը անցկացնել օգոստոսին և նորից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ»: Նա հաղորդել է, որ այդ թեմայով քննարկումներ են անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Մինչ այդ նշվել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ջանում են հնարավորինս շուտ կազմակերպել երկու նախագահների հանդիպումը: Այն ժամանակ Փարիզի անունն էր տրվում:

Հետո Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բանակցեց ՌԴ ղեկավարության հետ, քննարկվեց և ԼՂ հարցը: Պետք է ենթադրել, որ արդյունքում փոխվեցին Ալիև-Սարգսյան հանդիպման վայրը և միջնորդը: Ճիշտ է՝ Միլզի տեղեկատվության հաստատում այլ աղբյուրներից չի եղել: Վերջին անգամ երկու նախագահները հանդիպել են հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այդ հանդիպման արդյունքով ընդունված համատեղ հայտարարությունը վերջին պաշտոնական փաստաթուղթն է, որ նշում էր առաջին, գլխավոր ու պաշտոնապես բարձրաձայնված գործողությունների սցենարը՝ ուղղված հակամարտող կողմերի շփման գծում զինված բախումների կանխմանը, որ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, պայմաններ է ստեղծում «կոնֆլիկտի քաղաքական կարգավորման կայուն առաջընթացի համար»: ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունեց մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպումները ու կարևորեց, որ կողմերը «պահպանեն հրադադարի ռեժիմը, բռնության դադարեցմանն ուղղված քայլեր անեն և սկսեն համապարփակ կարգավորման բանակցությունները»: ՈՒրվագծվում են փուլային գործողությունները՝ Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների հիման վրա ապահովել վերահսկողության համակարգի գոնե տեխնիկական իրականացումը և կոնֆլիկտի գոտում միջազգային դիտորդների ներկայությունը, որը, ավաղ, մինչև այժմ չի կատարվել:

Ավելին՝ պայմանավորվածությունների էությունը սկսեց փոխվել, բոլորը հանկարծ սկսեցին խոսել ինչ-որ «փաթեթային» համաձայնագրի, «ճանապարհային քարտեզի» և քայլ առ քայլ գործողությունների մասին: Իրավիճակը բարդացավ, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց կոնֆլիկտի կարգավորման ինչ-որ փաստաթղթի գոյության մասին, որի մանրամասները քննարկվում են կուլիսներում: Այդ ռեբուսի մեջ իր ներդրումն ունեցավ և ռուսական կողմը: Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները պայմանավորվել են զգույշ վերաբերվել «հույսի ծիլերին» և հրապարակավ չքննարկել գաղափարների մանրամասները, որոնց շուրջ բանակցում են, արձանագրեց. «Դա այն պատճառով չէ, որ մենք ինչ-որ բան ենք թաքցնում, դա ցանկացած բանակցային գործընթացի էթիկական նորմն է: Բայց ես կարող եմ ասել, որ մենք հիմքեր ունենք ասելու, որ այս անգամ մենք շատ ավելի մոտ ենք հաջողության հեռանկարին, քան եղել է մինչև հիմա»: Դրանից հետո Ադրբեջանի ու Հայաստանի ԶԼՄ-ներում տեղեկատվական «արտահոսք» եղավ, որ իբր պատրաստվում է մի քանի շրջանների ազատագրում՝ փոխարենը Բաքուն ճանաչում է Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը՝ հետագայում հարցը հանրաքվեի դնելով: Այդպես նախկինում էլ եղել է, իսկ տեղեկատվական «արտահոսքը» կարելի է համարել իրադարձային արդյունք ապրիլյան պատերազմից հետո աննախադեպ քաղաքական դիվանագիտական աժիոտաժի:

Լռությունը, որին կոչում էր ՌԴ ԱԳՆ-ն, չստացվեց: Ստացվեց, որ Հայաստանում որոշակի քաղաքական ուժեր սկսեցին քննարկել «Ադրբեջանին ինչ-որ տարածքների» փոխանցման հարցը՝ ներկայացնելով իբրև ռեալ փաստ և հայտարարելով նորահայտ դիմադրության գործողությունների սկզբի մասին: Պատահական չէ, որ «Սասնա ծռեր» արմատականների խմբի անդամները վճռելով զինված հարձակման դիմել, սկսեցին մեղադրել իշխանություններին «ազգային դավաճանության» մեջ: Երևանը հայտնվեց բարդ իրավիճակում՝ կամ պետք է պաշտոնապես գաղտնազերծի ԼՂ կոնֆլիկտի կարգավորման «փաստաթղթի» առկայությունը, կամ բարձրաձայնի Բաքվի հետ բանակցությունների մանրամասները, որոնց մասին խոսում էր Լավրովը: Միակողմանի անել Երևանը չի կարող, դա խախտում է Բաքվի հետ «չհրապարակման» համատեղ որոշման պայմանները: Սկզբունքորեն՝ Բաքուն ու Երևանը պետք է պատրաստ լինեն բաց խոսակցություն սկսել, թե ինչ զիջումների են պատրաստ գնալ համաձայնության հասնելու համար: Որքան արագ անեն, այնքան լավ: Բոլորը հասկանում են, որ փոխզիջումները և զիջումները անհրաժեշտ են, բայց ոչ բոլորն են պատրաստ հրաժարվել սովորական քաղաքական դատարկամիտ հռետորաբանությունից: Վերջապես՝ կա ևս մեկ լուծում՝ հայտարարել, որ ստեղծված պայմաններում Ալիև-Սարգսյան հանդիպումը, նույնիսկ Պուտինի միջնորդությամբ, կարելի է տեղափոխել ավելի բարենպաստ ժամանակ կամ թարմացնել բանակցային օրակարգը՝ հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի հայտնի իրադարձություններից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը: Ճիշտ է, Բաքվում կարծում են, որ ռուս-թուրքական գործոնը կարող է Ադրբեջանի համար դրական դեր խաղալ ԼՂ կոնֆլիկտի քաղաքական կարգավորման առաջընթացի համար:

Բայց ինչպե՞ս, եթե հաշվի առնենք, որ Անկարան հիմա Ղարաբաղի ժամանակը չունի և հազիվ թե պատրաստ է ակտիվացնել քաղաքականությունը կովկասյան ուղղությամբ: ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ասում էր, որ բոլոր համանախագահների հանդիպումը Թուրքիայում հուլիսի 18-ից անորոշ ժամանակով տեղափոխվել է պետական հեղաշրջման պատճառով: Բայց Ադրբեջանին զսպող գործոնի դերը, եթե Բաքուն վճռի վերադառնալ ԼՂՀ հարցի լուծման ուժային միջոցներին, Թուրքիան ի զորու է կատարել: Բացի այդ՝ օբյեկտիվորեն Ադրբեջանն էլ չպետք է շահագրգռված լինի Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ, քանի որ ցանկացած ուրիշ ուժեր կարող են ջնջել կոնֆլիկտի կարգավորման բոլոր պայմանավորվածությունները: Իրավիճակից իդեալական ելքը կարող էր լինել, եթե Բաքուն ու Երևանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական երաշխիքների առկայությամբ, վերադառնային Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածություններին, որ հնարավոր է միայն փոխադարձ քաղաքական վստահության դեպքում, որը, ավաղ, դեռ գոյություն չունի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Խորենացու փողոցի իրադարձությունների պատճառով մենք, կարծես, մոռացանք Ղարաբաղը: Մինչդեռ բանակցությունների հարցը օրակարգում է՝ պարզ չէ՝ ե՞րբ, որտե՞ղ՝ Ֆրանսիայում, թե Ռուսաստանում, և՝ ի՞նչ օրակարգով: Պարզ չէ նաև, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները իրականում Անկարայում ի՞նչ են կորցրել ու հեղաշրջման պատճառով հետաձգված հանդիպումը կկայանա՞, թե՞ ոչ: Իսկ ընդհանրապես՝ ամենահետաքրքիրը ձևակերպումն է՝ «Ադրբեջանի ու Հայաստանի ԶԼՄ-ներում տեղեկատվական «արտահոսք» եղավ, որ իբր պատրաստվում է մի քանի շրջանների ազատագրում՝ փոխարենը Բաքուն ճանաչում է Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը՝ հետագայում հարցը հանրաքվեի դնելով»: Մոսկվան անհանգստացա՞ծ է, որ որևէ այլ իշխանությունը ջուրը կգցի ԼՂՀ հարցով բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունները: Եվ, այնուհանդերձ, Խորենացու փողոցում ծավալվող իրադարձությունները, իրենց ամբողջ խառնափնթորությամբ հանդերձ, ունեն բավականին հմուտ ռեժիսոր, որ մի հարվածով միանգամից փորձում է մի քանի հարց լուծել: Եվ այդ ամբողջ պատմությունը գրեթե կապ չունի Ղարաբաղի հետ, ընդամենը իշխանության համար պայքարի մաս է, որը ժամանակի մեջ ավելի ակնհայտ կդառնա՝ հաշվի առնելով՝ որ կուսակցություններն են ակտիվանում և ինչո՞ւ է իշխանությունն իրեն այսքան անվստահ պահում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ