ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Վարշավյան մեղեդիներ

Վարշավյան մեղեդիներ
12.07.2016 | 02:34

Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք Սերժ Սարգսյանի վիճակը շաբաթվա սկզբին՝ ՀԱՊԿ, վերջին՝ ՆԱՏՕ: Երկուսի հետ էլ պիտի հաշվի նստես: Երկուսի հետ էլ կապերդ պահես, թեպետ մեկը մյուսի հետ կապերը խզելու ճանապարհին է: ՀԱՊԿ-ը ինքն էր Երևան եկել, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ Վարշավա գնաց: Պաշտոնապես՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հավաքին, նաև՝ երկկողմ հանդիպումներ ունենալու: Օլանդին հանդիպեց: Նրան պետք է նորից հանդիպել, Ղարաբաղը՝ Ղարաբաղ, բարեկամ երկրի նախագահին ո՞վ պիտի մխիթարի, եթե ոչ բարեկամը՝ «Ստադ դը Ֆրանսի» ֆիասկոյից հետո, անգամ առանց Ռոնալդուի ու ընդդեմ մեկ գոլով Ֆրանսիային չեմպիոնությունից զրկած Էդերի:
ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովը Նյուպորտում էր, 2014-ի սեպտեմբերին, համարյա երկու տարի անց՝ հուլիսի 8-9-ը, Վարշավայի գագաթնաժողովը բարդ մարտահրավերների ու սպառնալիքների պատասխանը պիտի տար, որ գլոբալացվող աշխարհում նվազելու միտումներ չունեն: Վարշավան ալյանսի համար նաև առերեսման պահ էր ԵՄ-ի հետ՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից հետո: Կար ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը: Եվ, իհարկե, Ռուսաստանի՝ մի քանի օր առաջ ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին համարյա թշնամի ու իր անվտանգության սպառնալիք հայտարարեց՝ համարժեք պատասխանի իրավունք վերապահելով:


Պաշտոնապես ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում սև կատուն անցավ Կիևից: Հազիվ թե ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառ դարձավ Պուտինի. «Պետք լինի, երեք ժամում Կիև կմտնենք» ռեպլիկը: Դա առիթն էր: ՆԱՏՕ-ն Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում չորս գումարտակ կտեղակայի (1000-ական զինվորով): 4000 զինվորը պաշտպանություն չեն, խորհրդանիշ են ՆԱՏՕ-ի ներկայության, որ մեկի դեմ ագրեսիան ագրեսիա է բոլորի դեմ, բայց դա գրված է ՆԱՏՕ-ի կանոնադրությունում: Բոլոր դեպքերում՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Ռուսաստանը ՆԱՏՕ-ից բացատրություններ է ակնկալում` այն գործողություններից հետո, որոնց նպատակն է խախտել ուժերի հավասարակշռությունը, Եվրոպայում կյանքի կոչել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը»: Մինչ այդ ՌԴ նախագահի մամլո խոսնակն էր հույս հայտնել, որ կհաղթեն առողջ բանականությունն ու քաղաքական կամքը՝ դիմակայությունից խուսափելու համար: Դմիտրի Պեսկովն ընդգծել էր՝ ՌԴ-ին ամենևին դուր չեն գալիս ՆԱՏՕ-ի ընդարձակման ու ռազմական հզորացման ծրագրերը իր սահմանների մոտ. «Մենք եղել ենք և բաց կմնանք երկխոսության համար, սակայն միայն այն դեպքում, երբ դա կլինի փոխշահավետ և երկու կողմերի հետաքրքրությունները հաշվի առնող»: Պեսկովը պահանջել էր, որ դաշինքը դադարի խոսել ՌԴ-ից բխող վտանգների վերաբերյալ. «Հիմա, երբ Եվրոպայում տասնյակ մարդիկ են զոհվում, Մերձավոր Արևելքում՝ հարյուրավոր, խոսել Ռուսաստանի վտանգավորության մասին անհեթեթություն է և վկայում է կարճատեսության մասին»:

«Եթե նրանք թշնամու կերպարը ստեղծում են, որ հակառուսական հիստերիա սերմանեն, այդ ֆոնին նորանոր ռազմաօդային ու ցամաքային ուժեր տեղակայեն՝ քայլ առ քայլ մոտենալով ռուսական սահմաններին, անշուշտ, դժվար կլինի որևէ հենք գտնել արդյունավետ փոխգործակցության համար»,- ասել էր ՌԴ նախագահի մամլո խոսնակը:

Ի պատասխան Վարշավայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմ չի ուզում, սակայն անելու է ամեն ինչ՝ պաշտպանելու անդամ պետությունների անվտանգությունը: «Մենք Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չենք տեսնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների նկատմամբ։ Ռուսաստանի հետ մենք ռազմավարական գործընկերություն չունենք, ինչին ձգտում էինք սառը պատերազմից հետո։ Մենք հիմա նոր իրավիճակում ենք, որը տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ենս Ստոլտենբերգը ԵՄ-ի ղեկավարության հետ ստորագրեց հռչակագիր` գագաթնաժողովի արդյունքներով, որտեղ նշված է՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության: Դաշինքի անդամ երկրները առճակատվել են անվտանգության բազմաթիվ մարտահրավերների, որոնցից են Ռուսաստանի գործողությունները, հատկապես ՈՒկրաինայում, որ խարխլել են Եվրոպայում ընդունված օրենքները, այնուամենայնիվ՝ «ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ինչ-որ երկրի համար: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ բովանդակալից երկխոսության, որ պարզ քննարկենք մեր դիրքերը և, առաջին հերթին, նվազագույնի հասցնենք ռազմական միջադեպերի ռիսկերը, օգտագործելով փոխադարձ թափանցիկ միջոցներ»:


Ռուսաստանի համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը, որի մասին հայտարարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՆԱՏՕ-ի «բաց դռները» իսկապես բացելու մեծ ցանկություն ունեն Մոլդովան ու Վրաստանը:
Վարշավայում անդրադարձներ եղան համաշխարհային քաղաքականության շատ հարցերի, բայց գագաթնաժողովի գունապնակը թողնենք շահառուներին, մեզ համար ինչո՞վ էր կարևոր Վարշավայի հարթակը: ՈՒղղակի ու անուղղակի հարցեր կային: Անուղղակին ՆԱՏՕ-ՌԴ հարաբերություններն են, որ Վարշավայից հետո ավելի են սրվելու, թեպետ երկուստեք չեն փակելու երկխոսության դուռը: Հայաստանի համար ստեղծվում է երկիմաստ ու վտանգավոր վիճակ՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանը հրապարակային ու ռեալ քաղաքականության դաշտում ՀԱՊԿ-ից որևէ աջակցություն չի ստանում՝ լինելով կառույցի հիմնադիր անդամներից մեկը: Անգամ ՀՕՊ պայմանագիր կնքելով ՌԴ-ի հետ:

Եթե ինձ առարկեն զենքի գնման առումով, այդ հարցն արդյունավետ լուծվում է երկկողմ հարաբերությունների մակարդակում: Ապացույցը՝ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն են և փաստը, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ: Ձևական առումով ՀԱՊԿ-ը եկավ փոխարինելու Վարշավյան պակտին, որ ստեղծվել էր ի հակակշիռ ՆԱՏՕ-ի և դադարեց գոյություն ունենալ ԽՍՀՄ-ի փլուզումով: Որևէ գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ի առանցքը Ռուսաստանն է, և ՀԱՊԿ անդամ որևէ երկրի համար կարևոր են ոչ թե միմյանց հետ հարաբերությունները, այլ ՌԴ-ի, և դա կառույցի ամենախոցելի կողմն է, որ ռազմաքաղաքական դաշինքը վերածում է քաղաքական ճնշման գործիքի: Եթե ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունները դուրս են գալիս երերուն երկխոսության ափերից ու վերածվում առճակատման, ի՞նչ կարգավիճակում է հայտնվելու ՀԱՊԿ անդամ ու ՆԱՏՕ-ի գործընկեր Հայաստանը: Պաշտոնապես «թշնամի՞» է դառնալու ՆԱՏՕ-ին՝ որևէ պատճառ չունենալով հակամարտել դաշինքի հետ, որ ապահովում է իր անվտանգության համակարգի այլընտրանքային բաղադրիչը, ներկայացնում է ողջ Արևմուտքը, ներառյալ ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիան ու հենց ԵՄ-ն:


ՈՒղղակի հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, թեպետ ՆԱՏՕ-ն չի զբաղվել և մտադիր չէ զբաղվել կոնֆլիկտի կարգավորմամբ: Նման մակարդակի գագաթնաժողովներում ավանդաբար ավելի շատ իրադարձություններ լինում են «շրջանակներում»՝ ինչպես համապարփակ ձևակերպվում է: «Շրջանակներում» Վարշավայում Հայաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նրանք միմյանց չհանդիպեցին, ինչպես Նյուպորտում էր, որ վկայում է բանակցային գործընթացի օրակարգի տարբերությունները: Վիեննայից առաջ ու Վարշավայից առաջ Բաքուն ամբողջ ձայնով Մինսկի խմբից պահանջում է սուբստանցիոնալ բանակցություններ և ամբողջ ձայնով Հայաստանից պահանջում իր 20 %-ը, աշխարհից էլ՝ Հայաստանի վրա ճնշում գործադրել, որ հանձնի տարածքներն ու չստանա ոչինչ: Ամբողջ աշխարհից միայն Ռուսաստանն է լսում Բաքվի ձայնն ու համաձայն է նրա հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վարշավայում գագաթնաժողովի մեկնարկին կոչ արեց նվազեցնել լարվածությունը. «Կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը, հասնել հակամարտության խաղաղ կարգավորման»: Ասաց՝ ՆԱՏՕ-ն սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին։ ՆԱՏՕ-ի ամփոփիչ կոմյունիկեն արձանագրեց. «Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերների՝ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերում անկախ և ինքնուրույն ընտրություն կատարելու իրավունքին: Մենք հավատարիմ ենք և աջակցում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայում հակամարտությունների խաղաղ կարգավորման ջանքերին՝ հիմնվելով նշված սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին հաստատված բանակցային շրջանակներում կառուցողական քաղաքական կամք ցուցաբերել հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Իլհամ Ալիևը ազդարարեց, որ «Ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է Ադրբեջանի տարածքի ազատումն օկուպացիայից»: Սերժ Սարգսյանը հակադարձեց. «Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»: Փաստացի՝ Վարշավայում նորից բախվեցին տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, և հաղթեց ուժի չկիրառման սկզբունքը: Սա հրապարակային մակարդակով, իսկ այսբերգի չերևացող մասում վերահաստատվեցին բանակցային գործընթացում Վիեննայի իրավունքները՝ համաձայնությունները, որ ձեռք էին բերվել Վիեննայում, որոնց իբր շարունակությունը դարձած Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումը սեպարատ բանակցություն էր՝ Ալիևի սուբստանցիոնալ նպատակները կյանքի կոչելու փորձ: Վարշավան ասաց՝ ոչ: Բաքուն պարտավոր է ընդունել շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայումը:

Բոլորվին պատահական չէ, որ Վարշավայում հանդիպելով Էրդողանին՝ Ալիևը հույս էր հայտնել, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու կնպաստի Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի առաջընթացին: Ջեյմս ՈՒոռլիքը սեղմ արձանագրեց. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մերժում են պատերազմը ու նվիրված են բանակցություններին»: Օբամա-Պուտին հեռախոսազրույցից հետո Ջոն Քերիի ասելիքը պարզ էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը 2017-ին Բրյուսելում է լինելու: Առանց Բարաք Օբամայի: 2017-ի հունվարից նա Սպիտակ տանը չի լինի, մինչ այդ բավարար ժամանակ ունի կազմակերպելու Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում՝ Մինսկի խմբի համանախագահներից նա միակն է այդ գործում ձեռնպահ մնացել: Հավարտ պաշտոնավարման Բարաք Օբաման և Ջոն Քերին կգերադասեն ոչ թե «հանդիպում իբրև հանդիպում», այլ «հանդիպում՝ արդյունք» բանաձևը, իսկ դա նշանակում է, որ Վիեննայի ու Վարշավայի մեղեդիները նախերգանքն են, այս փուլի վերջերգը դեռ չի գրվել: Սա ի դեպ, իսկ ամենակարևորը՝ երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ «Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը», նկատի ունի, որ Բաքուն չի՞ ճանաչի, ու դա ստատուս քվոն երկարացնելու հիմք է, թե՞ պատրաստ է ճանաչել ԼՂՀ անկախությունը կամ պատերազմել հանուն խաղաղության: Մոսկվան բոլոր ալիքներով կասկածի տակ է դնում Փարիզի հանդիպումը, օրակարգն ու նպատակը: Վարշավան ակնհայտ դարձրեց նախօրեին ծավալված գործողությունների արդյունքը՝ Պուտինն ու Ալիևը փորձեցին խաղարկել ոչ միայն Կազանի սկզբունքները, նաև խաղի մեջ մտցնել Թուրքիային, հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի լուծումը տարածաշրջանին զարգացման հնարավորություններ կտա՝ բացելով փակ հաղորդակցուղիներն ու սահմանները: Համը հանեց Ալիևը՝ ԼՂՀ-ին ինքնավարություն տալու Նախիջևանի խիստ անհաջող օրինակով: Հարցը պտտվում է ՌԴ-Արևմուտք հակասությունների կարուսելում: Գուցե ելքը թե Մադրիդը, թե Կազանը մոռանա՞լն է:

Դիտվել է՝ 1431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ