Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Լեռնային Ղարաբաղը չի վերադառնա Ադրբեջան և չի միանա Հայաստանին

Լեռնային Ղարաբաղը չի վերադառնա Ադրբեջան և չի միանա Հայաստանին
10.07.2016 | 20:02

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վարշավայում ՆԱՏՕ-ի սամիթի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը՝ Վաշինգտոնում բրիֆինգի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Նրա խոսքով՝ պետքարտուղարը նորից հայտարարել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին: Քերին նաև հաստատել է ԱՄՆ աջակցությունը բանակցություններին, որ տանում են դեպի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համապարփակ կարգավորում: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Վաշինգտոնը չունի կոնֆլիկտի կարգավորման իր սցենարը: Հիշեցնեմ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ եռակողմ հանդիպում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախագահների խորհրդակցությունների արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ արձանագրվել է փոխըմբռնում մի շարք հարցերում, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել կարգավորման մեջ առաջընթացի համար: Փաստաթղթում բառացի նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատեցին Վիեննայում մայիսի 16-ին հայ-ադրբեջանական սամիթում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ուղղված կոնֆլիկտի գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նախագահները պայմանավորվեցին, մասնավորապես, մեծացնել կոնֆլիկտի գոտում ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն հայտնեցին շփման գծում վերջին ժամանակներս զինադադարի ռեժիմի պահպանումից: Կայացավ հիմնավոր մտքափոխանակություն կարգավորման էական կողմերի վերաբերյալ, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի կարգավորման մեջ առաջընթացի համար: Նախագահները նշեցին Լեռնային Ղարաբաղի հարցով իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել հանդիպումները այդ ձևաչափով՝ իբրև լրացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, որ հրավիրված էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին»: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Կարպանտիեի խոսքով՝ «չարժի Պետերբուրգի հանդիպումը դիտարկել առանձին ենթատեքստով և մեկնաբանել իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկի ազդեցության մեծացում ղարաբաղյան գործընթացում»:

«Մինչ այդ Վիեննայում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները,-ընդգծել է Շարպանտիեն:- Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները տրամաբանական շարունակությունն են երկու երկրների նախագահների Վիեննայի սամիթի: Ամեն անգամ ակտիվանում է Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը: Տարօրինակ կամ զարմանալի ոչինչ չկա: Գտնում եմ, որ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները նախագահների հանդիպումները շարունակելու մասին կարևոր նախաձեռնություն են»:

Հավելեմ՝ թեպետ հիմա հակամարտող կողմերը կոնֆլիկտի կարգավորման առարկայական քննարկումների փոխարեն ավելի շատ խոսում են առաջնագծում զինադադարի պահպանման անհրաժեշտության և վստահության մեխանիզմների ստեղծման մասին, բայց ֆրանսիացի դիվանագետի խոսքով, «դա ոչնչից լավ է»: Նորից հայտնվում են կարևոր նյուանսներ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Վիեննայում ոչինչ չի ստորագրել, իսկ Սանկտ Պետերբուրգում, կարծես, ամեն ինչ ստորագրել է, քանի որ հերքումներ չհետևեցին: Եթե խոսենք ձեռբերված համաձայնությունների կատարման մասին, նրանք պետք է կատարվեն պայմանավորվածություններին համապատասխան, որ պնդում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսում հաղորդեց, որ «Սանկտ Պետերբուրգում սկսվել են սուբստանտիվ բանակցություններ» և «այս պահին աշխատանք է տարվում կոնֆլիկտի կարգավորման փաստաթղթի վրա»:

Տրամաբանորեն՝ Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգից հետո կողմերն առաջին հերթին պետք է ինչ-որ համաձայնագրով ձևակերպեին ձեռքբերված պայմանավորվածությունները շփման գծում մոնիտորինգի համակարգի ստեղծման և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի ընդլայնման մասով: Սակայն նա հայտարարեց, որ իր գրասենյակի լիազորությունների ընդլայնման աշխատանքները «ճշտումների փուլում են» և ինքը ճշգրիտ ժամկետը կարող է նշել, երբ դա տեղի ունենա՝ ընդգծելով, որ դա «կախված է մի շարք մանրամասներից»: Ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում միջազգային դիտորդների հայտնությունը ոչ միայն «բալկանացնում է» խնդիրը, այլև ստեղծում է իրադարձությունների բազում տարբերակներ: Այս առումով լիքը խոսելիք կա: Այդ պատճառով հարց է ծագում՝ «Ի՞նչ է Վարշավայում քննարկել ԱՄՆ պետքարտուղար Քերին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ»: Կարծում եմ՝ խոսքը ձեռքբերված պայմանավորվածությունների գործնական իրականացման մասին է, հակառակ դեպքում քննարկումը Քերիի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կորցնում է իմաստը: Առավելևս որ Պուտինից հետո Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպում է նախապատրաստում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ՝ ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ «ժամանակն է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի բանակցությունները փոխադրել այլ մակարդակ», որովհետև «արդեն բավարար չէ, որ նախագահները կամ ԱԳ նախարարները ժամանակ առ ժամանակ հանդիպում էին»:


Ժամանակ առ ժամանակ իբրև միջնորդներ հանդես են գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները, ԱՄՆ-ը աշխատում է միայն իր համանախագահի և պետքարտուղարի մակարդակով: Շշուկներ կան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է անձամբ միանալ բանակցային գործընթացին մինչև իր լիազորությունների ավարտը: Բայց այս փուլում «այլ մակարդակի» ժամանակն է, եթե նկատի ունենանք, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, ինչպես գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաղորդեց, կընդունվի կոմյունիկե, որտեղ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերին կոչ կարվի «նվազեցնել լարումը և զերծ մնալ բռնություններից»: Այս առումով զարմացնում է Բաքվի որոշ փորձագետների դատողությունների տրամաբանությունը, որ «ՆԱՏՕ-ի նման հայտարարության փաստը դրական պահ են գնահատում», նրանք չգիտես ինչու վստահ են, որ «Բրյուսելը հայտարարությունից կանցնի կոնկրետ գործերի, կոնկրետ քայլերի, որոնց հիմքում միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերն են», որ նախատեսված չէ Վիեննայի ու Պետերբուրգի համաձայնություններով:

Ավելին՝ այդ համաձայնությունները հիմա լրացուցիչ լեգիտիմություն են ստանում, որ ի հայտ է բերում որոշակի նյուանսներ Բաքվի ու Երևանի քաղաքական դիմակայության մեջ:
«Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Կարավաևի կարծիքով, արտահայտված «Կովկասի լրաբեր» պորտալում, «Երևանի ու Բաքվի համար միշտ կարևոր է եղել այլընտրանք գտնել կարգավորման գոյություն ունեցող գործընթացին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կամ ցույց տալ, որ որոնվում է»: Փորձագետը գտնում է, որ «Բաքվի համար այլընտրանքի որոնումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում միշտ դիվանագիտության կարևոր խնդիր է եղել»: Ադրբեջանն իրոք ցանկանում էր խմբագրել Մադրիդյան սկզբունքները, որ բանակցային գործընթացի հիմքում են, փոխել ԵԱՀԿ ՄԽ կազմը կամ ընդհանրապես լուծարել, երկխոսությունը տեղափոխել «ծանրակշիռ այլընտրանքի» մակարդակ: Բոլոր այդ ջանքերը Վարշավայի ՆԱՏՕ-ի սամիթում հասան իրենց գագաթնակետին, որտեղ Հայաստանը ներկա էր իբրև ՀԱՊԿ անդամ և ալյանսի գործընկեր, որտեղ հաստատվեց կոնֆլիկտի կարգավորման Վիեննայի ու Պետերբուրգի սցենարը:

Դա նշանակում է, որ հետայսու կոնֆլիկտն ուժային միջոցներով լուծելու Ադրբեջանի սպառնալիքների հնարավորությունները կամ փորձերն այնպես անել, ինչպես եղավ ապրիլի սկզբին, կտրուկ նվազում են մի իրավիճակում, երբ չընդունվեց կոնֆլիկտի իր վարկածը: Սա շատ կարևոր պահ է, եթե չբացառենք, որ ՆԱՏՕ-ն որոշակի հանգամանքներում կարող է նախաձեռնել իր ներկայության ընդլայնում Անդրկովկասում: Հանուն օբյեկտիվության նշեմ, որ Բաքվում դա սկսել են հասկանալ ու գիտակցել: Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն Haqqin.az պորտալում նախազգուշացնում է, որ «ղարաբաղյան պրոբլեմը կվերածեն պաղեստինյանի և ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել է», «ղարաբաղյան կոնֆլիկտում կարող են փոխվել ձևաչափերը, պահանջները, մոտեցումները, բայց էությունը կմնա նույնը՝ Ղարաբաղը չի վերադարձվի Ադրբեջանին և չի տրվի Հայաստանին»: Ճիշտ է, Բաքուն ու Երևանը՝ Ստեփանակերտի հետ, կարող են քաղաքական կամք գտնել ինքնուրույն բանակցային գործընթաց սկսելու: Բայց հիմա շատ դժվար է դա պատկերացնել:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ով ինչի, ռուսները՝ ամերիկացիների մասին: Թվում է՝ ԱՄՆ-ը չլիներ, ռուսները հնարելու էին այդ պետությունը, որ պայքարեն նրա դեմ՝ ազնիվ հայրենասիրական ու անձնազոհ պայքարով: Արտաքին թշնամի հնարելու և քաղաքականությունը այդ առանցքով կառուցելուց հեշտ ոչինչ չկա: Հեշտ ու անարդյունավետ: Ամբողջ քաղաքական միտքն ու տնտեսական ներուժը ուղղել «թշնամուն» գետնելուն անպատասխանատու և անխելամիտ է: Յուրաքանչյուր երկիր պիտի ունենա իր խաղը, ոչ թե հակախաղով զբաղվի, ինչը մեծ հաջողությամբ անում ենք նաև մենք՝ չունենալով մեր խաղը: Վարշավան ևս կայացավ՝ ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի հարթակում էին թե Հայաստանի, թե Ադրբեջանի նախագահները, նրանք միմյանց չհանդիպեցին: Նրանց հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ստատուս քվոն կփոխի ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծումը, Ալիևը հանդիպեց Էրդողանին ու ասաց՝ Լավրովի այցը առաջ կմղի բանակցությունները:

Իսկ ռուսները հիմա էլ Հարավային Կովկասում են ՆԱՏՕ-ի դեմ պայքարում՝ ներքաշելով իրենց փոխադարձ հաշիվներում Հայաստանին, որ խնդիր չունի ՆԱՏՕ-ի հետ: Միաժամանակ՝ ակտիվացնում են Թուրքիային, իբրև ԼՂ հարց լուծող: Ու հետո էլ ասում են՝ թող բոլորը հեռանան, երեքով մնան՝ Երևանը, Ստեփանակերտը, Բաքուն: Այսքան տարի ի՞նչ էին անում, ինչո՞ւ չէին թողնում հարցը լուծվի: Այս պատմությունը շատ նմանվում է ռուսական բիլինայի, որի հերոսին ասում են՝ գնա այնտեղ՝ չգիտեմ որտեղ, բեր՝ չգիտեմ ինչ: Նա գնում է ու բերում: Բայց բիլինաների ժամանակներն անցել են, հերոսները հեռացել: Ու ի՞նչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ