ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ինչո՞ւ Ֆրանցիսկոս պապը Ադրբեջանում «վաղեմի քրիստոնեական արմատներ գտավ»

Ինչո՞ւ Ֆրանցիսկոս պապը Ադրբեջանում «վաղեմի քրիստոնեական արմատներ գտավ»
09.07.2016 | 09:54

Ամփոփելով Հայաստան իր այցը և անոնսելով առաջիկա այցը Վրաստան ու Ադրբեջան, Հռոմի Ֆրանցիսկոս պապը շեշտադրումներ արեց՝ նա ասաց, որ Հայաստան է այցելել իբրև եղբայրության և խաղաղության ուխտավոր և ընդգծեց, որ Հայաստանը «առաջին երկիրն է, որ քրիստոնեություն ընդունեց IV դարի սկզբում, ժողովուրդ, որ իր երկար պատմության ընթացքում մարտիրոսությամբ վկայեց քրիստոնեական հավատը»: Կովկասյան երկու հանրապետությունների վերաբերյալ պապը այլ տեսլական ունի: Radio Vaticana-ն նշում է, որ Վրաստանում ու Ադրբեջանում կաթոլիկները կազմում են սակավ փոքրամասնություն մուսուլմանական ու ուղղափառ համայնքների համապատկերում: Այցի հրավերը Ֆրանցիսկոս պապն ընդունել է երկու պատճառով:

Ինչպես ինքն է ճշտել՝ առաջին, որ «ընդգծի հինավուրց քրիստոնեական արմատները այս հողերում, բնականաբար, մյուս կրոնների և մշակույթների հետ երկխոսության ոգով»: Երկրորդ, որ «ամրապնդի հույսը և ճանապարհը դեպի խաղաղություն»: Կովկասը բարդ տարածաշրջան է, որտեղ ԱՄՆ-ի կաթոլիկ Crux պորտալի կարծիքով՝ նորաթուխ առաջնորդները հաճախ կանգնում են արքաների ու մարտիրոսների դամբարանների վրա՝ արդարացնելով իրենց ներկա լեգիտիմությունը, իսկ դարավոր վիրավորանքները մինչև այսօր որոշարկում են տարածաշրջանային փոխհարաբերությունները: Այդ պատճառով այստեղ ուշադիր լսում են խոսքերն ու ուշադրություն են դարձնում նյուանսներին, հատկապես՝ արտաքին աշխարհի, հաղորդելով, գուցե, չափազանցված նշանակություն սեփական պետականության կառուցման գործում: Այդ առումով՝ հետաքրքիր է՝ ինչպես է Սուրբ Աթոռը բնորոշում հիմա Կովկասում հակամարտող երկու ուժերին՝ Երևանին և Բաքվին: Եթե Հայաստանը անվանվել է «առաջին երկիր, որ քրիստոնեություն է ընդունել», Ադրբեջանը՝ պարզապես «վաղեմի քրիստոնեական արմատներ ունեցող»:

Սակայն Բաքուն ունի իր վարկածը: agioiritikovima.gr պորտալին տված հարցազրույցում Հունաստանում Ադրբեջանի դեսպան Ռահմանը 2013-ին ասել է, որ հինավուրց Ադրբեջանն է առաջինը քրիստոնեություն ընդունել Կովկասում: «Դա անվիճելի փաստ է, որ հաստատում են ոչ միայն կովկասյան-ալբանյան, այլև հայկական հեղինակները: Քրիստոնեության տարածման ամենասկզբից Կովկասյան Ալբանիայում մինչև անկախ եկեղեցական կազմակերպություն դառնալը՝ Ալբանական եկեղեցու ամենակայուն կապը արտաքին քրիստոնեական աշխարհի հետ եղել է Երուսաղեմի եկեղեցու հետ: Դա բացատրվում է ոչ միայն նրանով, որ Ալբանական եկեղեցին հիմնել են Երուսաղեմից եկած առաքյալներ Բարդուղիմեոսն ու Ելիսեյը, այլև՝ Ալբանիայում հիմնավորված հուդայականներով-նազորեականներով, հրեա քրիստոնյաներով: Ալբանիայի հարևանությունը Վրաստանի, Հայաստանի ու Պարսկաստանի հետ պայմանավորել են Ալբանական եկեղեցու կապը Վրացական, Հայկական, Սիրո-Պարսկական եկեղեցիների հետ: Ալբանական եկեղեցու ղեկավարները մասնակցել են տեղական ժողովներին հայ և վրացի եպիսկոպոսների հետ: Բայց, բացի արևելյան եկեղեցիների հետ կապերից, որ բնորոշ է ամբողջ քրիստոնեական աշխարհին և համարյա բոլոր եկեղեցիներին, Ալբանական եկեղեցին իրականացրել է ևս մեկ կապ, որ բնորոշ է միայն իրեն և բխել է ալբանական կառավարիչների արտաքին քաղաքականությունից ու Կովկասյան Ալբանիայի ռազմավարական վիճակից: Պովոլժիեի ու Հյուսիսային Կովկասի ռազմաշունչ ցեղերի հետ լավ հարաբերություններ հաստատելու, նրանց պարբերական արշավանքները կասեցնելու համար Ալբանական եկեղեցին նրանց մոտ է ուղարկել քրիստոնյա քարոզիչների՝ փորձելով նրանց քրիստոնեական հավատի բերել, հավատակից ու դաշնակից դարձնել»:

Դեսպանի վարկածով՝ հինավուրց քրիստոնեական Ադրբեջանի աշխարհագրությունը սկսվել է հարավում Երուսաղեմից ու Պարսկաստանից, հարավ-արևելքում հասել է Հյուսիսային Կովկաս և Պովոլժիե հյուսիս-արևելքում: Կովկասյան Ալբանիայի կառավարիչները և Ալբանական եկեղեցու ղեկավարները միշտ որոնել են Բյուզանդիայի աջակցությունը: Ժամանակակից Ադրբեջանի կրոնական-քաղաքական աշխարհագրությունը այլ է: Սրբազան Ռամազան ամսի իֆտարի արարողության առիթով ելույթում՝ հունիսի կեսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծեց, որ «Ադրբեջանը մուսուլմանական աշխարհի անբաժանելի մասն է: Ադրբեջանը վիթխարի հեղինակություն ու հարգանք ունի մուսուլմանական աշխարհում: Ռամազանի առիթով մուսուլմանական երկրների դեսպանների հետ ավանդական հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ անդրադարձանք այդ խնդիրներին: Ես նշեցի, որ մենք պետք է ամրապնդենք իսլամական համերաշխությունը, որ մուսուլմանական աշխարհում կատարվող գործընթացները, այդ գործընթացների մի մասը անհանգստացնում են մեզ: Ադրբեջանը վիթխարի և հետևողական աշխատանք է կատարում իսլամական համերաշխության ամրապնդման համար: Ադրբեջանը մեծ աշխատանք է կատարում աշխարհում իսլամական արժեքների քարոզչության համար, հատկապես Եվրոպայում, կազմակերպում է ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, երաժշտական-գեղարվեստական միջոցառումներ: Ադրբեջանը մուսուլմանական առաջին երկիրն է, որ իր ցուցահանդեսն է կազմակերպել Վատիկանում»:

Հունիսի սկզբին Ադրբեջանի նախագահն ասում էր. «Ադրբեջանը շատ լուրջ պայքար է մղում իսլամաֆոբիայի դեմ, որ գլուխ է բարձրացնում տարբեր երկրներում: Տարբեր մակարդակներում, ամենաբարձր մակարդակներում մենք բացահայտ ներկայացնում ենք մեր տեսակետը այս հարցով, դատապարտում ենք իսլամաֆոբիան և օրինակ ենք տալիս»: Սակայն «իսլամաֆոբիայի հետ պայքարում» Բաքուն ոչ այնքան օրինակ է տալիս, որքան քայլում է Անկարայի ոտնահետքերով: Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո ելույթում ընդգծեց, որ Եվրամիությունը ուշացնում է Թուրքիայի անդամակցությունը իսլամաֆոբիայի պատճառով: 2014-ի սեպտեմբերին Թուրքիայի Կրոնական գործերի վարչության ղեկավար Մեհմեդ Հորմեզը մեղադրեց Եվրոպային մզկիթների ու մուսուլմանական համայնքների վրա հարձակումների աճի մեջ և քննադատեց Վատիկանին ու ԵՄ մյուս քրիստոնեական համայնքներին, որ չեն կանխում մուսուլմանների վրա հարձակումները:

Եթե Ադրբեջանը իրեն համարում է իսլամական աշխարհի մաս և հենվում է Թուրքիայի վրա, մի սյուժե է, բայց եթե Բաքուն իրեն համարում է Կովկասյան Ալբանիայի ժառանգորդ, նրա ճանապարհն այնքան էլ չի համընկնում օսմանների ժառանգների ճանապարհի հետ, որ գրավեցին Կոստանդնուպոլիսը: Չի բացառվում, որ հենց դա էր ակնարկում Ֆրանցիսկոս պապը, խոսելով Ադրբեջանի «վաղեմի քրիստոնեական արմատների» մասին:


Վատիկանյան պատմաբան, պրոֆեսոր Ալբերտո Մելոնին New York Times-ին բացատրելով պապի «աշխարհի դիֆերենցված, աշխարհաքաղաքական քարտեզի» գաղտնիքները, ասել է, որ Ֆրանցիսկոսը սովորություն ունի «սկսել ոչ մեծ երկրներից նախքան ավելի մեծ ուժերին դիմելը»: Մելոնիի խոսքով՝ նրա այցը Կովկաս կարելի է դիտարկել իբրև «նախնական մոտեցում Մոսկվային», որ ռեալ պրոբլեմն է Վատիկանի՝ պետք է վճռել, թե ինչ անել Ռուսաստանի ու Չինաստանի՝ մեր դարի մեծ գերտերությունների հետ: Սկզբում պապը ծրագրում էր Վրաստանն ու Ադրբեջանը ներառել այցի ծրագրում, հետ այդ երկրներ այցերը հետաձգեց: Թերևս Սուրբ Աթոռը որոշել է դադար վերցնել, իմաստավորել Հայաստանում լինելու փորձը և քննարկել Ադրբեջանի արձագանքը՝ նախքան առաջարկը, որից նրանք այդքան էլ հեշտությամբ չեն կարող հրաժարվել: Ի՞նչ է պապն առաջարկելու և աշխարհաքաղաքական ի՞նչ ենթատեքստում: Մշուշը աշնանը կցրվի:

Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ, REGNUM


Հ.Գ. Նախ՝ Կովկասյան Ալբանիայի մասին, այսինքն՝ Աղվանքի: Ադրբեջանը վաղուց է փորձում խեղաթյուրել պատմությունը և հնարովի փաստերով «հաստատել» Կովկասում իր տեղաբնիկ լինելը՝ իբրև հետնորդ հյուսիսային և հարավային Ադրբեջանում երբևէ բնակված հայտնի էթնիկ ցեղերի՝ աղվանների, մարերի, ատրպատականցիների: Ադրբեջանը համառորեն զարգացնում է երկու ներհակ տեսակետներ: Մեկը՝ Հայոց Արևելից կամ Աղվանից կողմերը հանդիսացող ՈՒտիքն ու Արցախը ոչ թե Մեծ Հայքի նահանգներ են, այլ, ի բնե Բուն Աղվանքի մաս կազմելով, բնակեցված են եղել աղվաններով: Մյուսը՝ ոչ վաղ անցյալում կովկասյան թաթարներ անվամբ հայտնի, այժմ ադրբեջանցի վերանվանվածները ոչ թե եկվոր թյուրքերի, այլ աղվանների օրինական ժառանգներ են: Եվ արցախյան իշխանատոհմերի էթնիկ պատկանելությունը նենգափոխելով՝ նրանց հռչակում է աղվաններ, այսինքն` ադրբեջանցիներ: Պատճառն ու նպատակը Արցախի նկատմամբ ադրբեջանական նկրտումները հիմնավորելն է: Ակնհայտ է, որ Հռոմի պապի այցի ընթացքում Իլհամ Ալիևը ներկայացնելու է այս տեսակետները, գուցե նաև հայտարարելու է, որ աղվանների մի մասը մուսուլման է եղել՝ Մուհամեդի ծնվելուց մի քանի հարյուր տարի առաջ: Ինքնին հասկանալի է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ներկա Ադրբեջանի ու Վրաստանի պատմությանը անտեղյակ չի մեկնի տարածաշրջանային այցի, ոչ էլ ի դեմս Ալիևի պատմության ուսուցչի կարիք կունենա կամ կդառնա նրա պատմության ուսուցիչը:

Սակայն կա այցի քարոզչական կողմը՝ Բաքուն, օգտագործելով Հռոմի պապի այցը, փորձելու է աշխարհին պատմել իր «հազարամյա» պատմությունը, ներկայացնել «աշխարհագրությունը» ու քաղաքական շահաբաժին ստանալ «քրիստոնեական անցյալից» ու Կովկասյան Ալբանիայի «իրավահաջորդը» լինելուց: Քարոզչությունն արդեն սկսված է՝ այլապես ռուսական REGNUM-ում չէր հայտնվի agioiritikovima.gr պորտալին Հունաստանում Ադրբեջանի դեսպան Ռահմանի 2013-ին տված ինչ-որ հարցազրույց իր պատմական փաստերի աղավաղված ցնդաբանությամբ: Բաքուն պատրաստվում է այցին և դիմակայությանը խաղաղության ու հույսի ճանապարհին վերաբերող առաջարկին, որ հենց այնպես մերժել չի կարող: Անգամ Իլհամ Ալիևն է հասկանում, որ Հռոմի պապը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ չէ և հնարավոր չէ նրա ասածները կամ նրան ասածները աղավաղել: Ստացվում է, որ եթե Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցի առանցքում ցեղասպանությունն էր, Ադրբեջան այցի առանցքում լինելու է Ղարաբաղը, իսկ դա նշանակում է, որ մեզ համար նրա այցը նույնքան կարևոր է լինելու, որքան Հայաստան գալն էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ