Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                

Երեք ամիս անց՝ ի՞նչ փոխեցին Պանամյան փաստաթղթերը

Երեք ամիս անց՝ ի՞նչ փոխեցին Պանամյան փաստաթղթերը
07.07.2016 | 09:01

Արդեն հանդարտվել են կրքերը, հուզումները, մտադրությունների հռչակագրերը, որ հարուցեց «Պանամյան փաստաթղթերի» սկանդալը՝ 2016-ի ապրիլի 3-ին Ժուռնալիստական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) և 110 մեդիագործընկերների նախաձեռնությամբ: Le Monde-ը փորձել է պարզել՝ տեղեկատվության արտահոսքը երեք ամսում ի՞նչ հետևանքներ ունեցավ:

Le Monde-ը և 108 այլ խմբագրություններ 76 երկրներում, որ միավորվել են ICIJ-ում, հնարավորություն են ստացել ծանոթանալու վիթխարածավալ տեղեկատվության, որ լույս է սփռում օֆշորային ֆինանսների և հարկային դրախտի անծանոթ աշխարհի կյանքի վրա: ՈՒսումնասիրվել են 11,5 միլիոն ֆայլեր Mossack Fonseca պանամական փաստաբանական ընկերության արխիվից, որ մասնագիտացած է օֆշորային ընկերությունների սպասարկմամբ 1977- 2015 թթ.: Խոսքը տեղեկատվության ամենամեծ արտահոսքի մասին է, որ երբևէ ստացել են ԶԼՄ-ները: Պանամական փաստաթղթերը ի հայտ բերեցին հազարավոր անանուն ընկերություններ, որ պատկանում են պետությունների ղեկավարների, միլիարդատերերի, մարզիկների, հանրահայտ մարդկանց, որ գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ և դիմել են օֆշորներին՝ թաքցնելու իրենց ակտիվները:


Ի՞նչ եղավ հայտնի անհատներին
Ֆրանսիայում
Ֆրանսիայի բյուջեի նախկին նախարար Ժերոմ Կյուզակն արդեն հետաքննության տակ էր, երբ պանամական փաստաթղթերը նոր պատմություն ավելացրին Սեյշելյան կղզիներում նրա օֆշորային ընկերության սկանդալին: Սկանդալից տուժեցին հանրապետական պատգամավոր Պատրիկ Բալկանին, Մարին Լե Պենի համախոհ և ծայրահեղ ձախերի նախկին ղեկավար Ֆրեդերիկ Շատիյոնը, արդյունաբերող Ժերար Օտաժոնը, Médipôle Partenaires կլինիկաների խմբի նախագահ Մարսել Էրմանը:


Իսլանդիայում
Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Դավիդ Գյունլեյգսոնը՝ կնոջ անունով գրանցված օֆշորային ընկերության գոյությունը թաքցնելու պատճառով, հրաժարական տվեց:


Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ընդունեց, որ բաժնետոմսեր է ունեցել հոր օֆշորային ընկերությունում՝ Բրեկզիտի հանրաքվեից հետո հրաժարականից առաջ:


Արգենտինա
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հրավիրվել է դատարան:


Իսպանիա
Արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարար Խոսե Մանուել Սորիան ապրիլի 15-ին հրաժարական տվեց:


ՈՒկրաինա, Ռուսաստան, Ադրբեջան, Մարոկկո, Չինաստան
Ոչինչ կամ համարյա ոչինչ չանհանգստացրեց ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, չնայած նա օֆշորային ընկերություն էր ստեղծել այն պահին, երբ ուկրաինական զորքերը լուրջ հարձակման էին ենթարկվում Դոնբասում: Բացահայտումները որևէ ազդեցություն չունեցան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի, Մարոկկոյի արքա Մուհամեդ VI և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման ալ Սաուդի, Չինաստանի իշխանական էլիտայի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որ խառնված էին սկանդալին:


Ո՞րն էր միջազգային արձագանքը
G 20-ի երկրներ
Պանամական փաստաթղթերը համոզեցին G 20-ի երկրներին վերականգնել հարկային օազիսների համաշխարհային սև ցուցակը, որ անվավեր էին հայտարարել 2011-ին: Եվրամիությունը նույնպես կարող է իր ցուցակը կազմել:


Ի՞նչ կատարվեց Պանամայում
Պանամայի կառավարությունը բուռն արձագանքեց՝ հայտարարելով, որ հզոր երկրները իրենց նկատմամբ ինտրիգներ են հյուսում: Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան նույնիսկ սպառնաց Ֆրանսիային պատասխան դիվանագիտական գործողություններ ձեռնարկել իր երկիրը ֆրանսիական սև ցուցակում ներառելու հայտարարությունից հետո: Mossack Fonseca փաստաբանական գրասենյակը փակված է, ամբողջ աշխարհում կասեցված է նվազագույնը վեց գրասենյակների գործունեությունը և ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
Մաքսիմ ՎՈԴԱՆՈ, Ժերեմի ԲԱՐՈՒԽ, Աննա ՄԻՇԵԼ, Le Monde


Հ.Գ. «Խեղճ» Միհրան Պողոսյան, մարդը հրաժարական տվեց ԴԱՀԿ-ի պետի պաշտոնից, հետաքննության տակ է, իսկ ֆրանսիացիները նրան նույնիսկ չեն էլ հիշատակել: Հետո էլ ասում են՝ հայի բախտ չկա, կա հայի խելք: Իսկ ընդհանրապես օֆշորները որպես ֆինանսական գործիք անօրինական չեն և միջազգային ֆինանսական կառույցները նախ պիտի օֆշորային գործարքի իրավական գնահատականը տան, խոսքը չի վերաբերում օֆշորում հայտնված ֆինանսների ծագմանը: Սկանդալը երեք ամիս անց գրեթե մարել է, բայց ոչ մի երաշխիք, որ քաղաքական նկատառումներով նոր բռնկումներ և նոր պաշտոնանկություններ չեն լինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ