Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Խաղաղության աղավնիները՝ երկնքում և երկրի վրա

Խաղաղության աղավնիները՝ երկնքում և երկրի վրա
24.06.2016 | 00:55

Այսօր Հայաստան եկավ Հռոմի պապը, նրա այցը մի քանի օրով հետին պլան է մղում երեկվա, այսօրվա ու վաղվա մյուս իրադարձությունները: Պոնտիֆիկոսը եկավ իբրև ուխտագնաց, ինչպես Նոյը, որ ջրհեղեղից հետո մի քանի աղավնի ուղարկեց, մինչև մեկը վերադարձավ ձիթենու մատղաշ տերևով: Մեկնումից առաջ նա ևս Խոր վիրապից Արարատ աղավնիներ է ուղարկելու: Որքան ավելի կծառայեր նա խաղաղությանը (պապի տիտղոսներից մեկն էլ՝ Ծառաների ծառան է, որ գալիս է առաջին պապ Պետրոս առաքյալից), եթե որոշեր ինքն իրենից խիզախ լինել ու Ղարաբաղ գնալ՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում առ Աստված աղոթք ուղղելու: Պապական այցի նշանակությունը որևէ երկիր երբևէ չի գերագնահատվել. այդ երկիրն ինքնաբերաբար հայտնվում է ոչ միայն կաթոլիկ, այլև ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետում: Եվ ուրեմն՝ բարի գալուստ:

Որքան էլ սքանչելի է իրադարձությունն իր բոլոր իմաստներով, Հռոմի պապը գալիս ու գնում է, իսկ մեր խնդիրները՝ մնում:
Հունիսի 20-ին, Նևայի ափերին ևս մի հանդիպում եղավ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Նախօրեին նա անցկացրել էր սանկտպետերբուրգյան ամենամյա տնտեսական համաժողովը, որին մասնակցում էին թե եվրոպացիները, թե ամերիկացիները, համագործակցության համաձայնագրեր էր կնքել Իտալիայի հետ՝ հակառակ պատժամիջոցների արգելքի, միջազգային քաղաքական ու տնտեսական էլիտային շոկի էր մատնել՝ առաջարկելով ԵՄ-Եվրասիական տարածք համագործակցություն, հայտարարելով, որ շուտով կմիանա Չինաստանը: Պուտինի՝ մեծ դիվանագետի, մեծ տնտեսագետի, մեծ քաղաքագետի, մեծ նվաճողի տիտղոսներին պակասում է մեծ խաղաղարարի տիտղոսը: Բայց ուզո՞ւմ է նա խաղաղարար լինել Հարավային Կովկասում:


Հանդիպումների շարքում առաջինը նրան հանդիպած ՀՀ նախագահը բանջարանոցային ապրանքաշրջանառության «զգայուն» հարցերը շրջանցելով՝ ասաց. «Ես կանգ չեմ առնի երկկողմ հարցերի օրակարգի վրա: Մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մյուս ղեկավարներին այն ուշադրության, ջանքերի համար, որ հատկացնում եք այս հարցին: Բայց, ցավոք, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում: Եվ մենք, իհարկե, շատ ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, այսինքն` հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծենք: Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցությունների անցկացման համար»:

Հետո Կոնստանտինովյան պալատում Պուտինն ընդունեց Իլհամ Ալիևին, որ հայտարարեց. «Ես շնորհակալ եմ Ձեզ հանդիպում անցկացնելու նախաձեռնության համար և այն կառուցողական դերի, որ Ռուսաստանը խաղում է կարգավորման գործընթացում: Կոնֆլիկտը ձգձգվում է, ինչպես հայտարարել են ՌԴ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է: Մենք ամբողջությամբ աջակցում ենք այդ հայտարարությանը: Բայց որպեսզի փոխվի ստատուս քվոն, պետք է սկզբում ապաօկուպացնել Ադրբեջանի տարածքները, որ ավելի քան 20 տարի օկուպացված են: Այսօր մենք հանգամանալից կխոսենք այդ մասին, մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի կառուցողական դինամիկա հաղորդել բանակցային գործընթացին, որ վերջին երկու տարիներին գործնականում չէր վարվում»:


Միայն երկու դրվագների համադրումն ինքնին ամեն ինչ ասում է՝ ով ինչպես է տեսնում հարցի լուծումը, ումից ինչ է ակնկալում: Կա ևս մի նրբերանգ՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել պետերբուրգյան տնտեսական համաժողովի համար ու ասել. «Ադրբեջանն ակտիվ մասնակցում էր համաժողովին և հատկապես հաճելի է, որ Ձեր մասնակցությամբ փաստաթուղթ ստորագրվեց Ադրբեջանում խոշորագույն էներգետիկ օբյեկտի ստեղծման մասին, որը մասնակի ֆինանսավորվելու է ռուսական բանկից» ու մխիթարել է ՌԴ նախագահին, որ ապրանքաշրջանառության անկումը ժամանակավոր է՝ «Մենք ծավալները վերականգնելու և մեծացնելու ճանապարհներ ենք որոնում:

Մենք ակտիվ գործակցում ենք էներգետիկ ոլորտում, լավ հեռանկարներ կան տրանսպորտային համագործակցության մեջ: Մեր հարաբերությունները և Ռուսաստանը, և Ադրբեջանը որակում են ռազմավարական գործակցություն: Հույս ունեմ շուտով Ձեզ տեսնել Ադրբեջանում»:

Արժի՞ համեմատել ԵԱՏՄ անդամ Հայաստանի և ԵԱՏՄ չանդամ Ադրբեջանի փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ: Սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպումը բազում հանդիպումների շարքում առանձնահատուկ էր՝ հրապարակավ թե՛ հայկական կողմն էր գոհ, թե՛ ադրբեջանական: «Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել»՝ հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը: «Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Ադրբեջանը դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգի բանակցությունների արդյունքները»: «Հուսով ենք, որ հանդիպումը որքան կարելի է արագ հնարավորություն կստեղծի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի համար»,- հայտարարեց Էլմար Մամեդյարովը:

Հանդիպման պաշտոնական արդյունքը երեք նախագահների համատեղ հայտարարությունն էր: Նրանք «վերահաստատեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը», համաձայնեցին «ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը», «գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ», նաև՝ «կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում»:


«Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի: Համանախագահները հրավիրված էին ներկա գտնվելու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման եզրափակիչ հատվածին»:
Փաստորեն՝ Պետերբուրգը ոչ թե Վիեննայի շարունակությունն է, այլ զուգահեռ գործընթաց, ոչ միայն այն պատճառով, որ Նևայի ափերին պայմանավորվել են հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակի ավելացման, բայց ոչ հրադադարի խախտման մեխանիզմների մասին: Ամենահետաքրքիրը սկսվեց հետո՝ դեսպանների մակարդակով: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն հայտարարեց, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ողջունում է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպման արդյունքը, և պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարեց՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ Վիեննայում շարունակվում են աշխատանքները:

«Վստահության մեխանիզմների ձևավորումը մեզ համար առանցքային և կարևոր նշանակություն ունեցող հարց է։ Սա այն հարցն է, որի շնորհիվ հնարավորություն է տրվում վտահության մեխանիզմների հաստատմանը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնումը, սահմանի ողջ երկայնքով հսկողության մեխանիզմների ներդրումը թույլ կտան նաև բացահայտել ապրիլին քառօրյա պատերազմի իրադարձությունների դրվագները»,- ասաց դեսպանը, որ առանձին խոսակցության թեմա է, նաև շեշտեց, որ ԵԱՀԿ-ն շարունակում է աշխատանքները մեխանիզմները կյանքի կոչելու համար։ Այս շրջագծում օրինաչափ է, որ Պետերբուրգում Մինսկի խմբի համանախագահներին հանդիպեց միայն ՀՀ նախագահը: Ալիևը նրանց ասելիք չուներ:


Պետերբուրգի հանդիպումներից հետո համանախագահների հայտարարություն չեղավ: Հետո ի հայտ եկան բոլոր կողմերին բավարարած հանդիպման նոր մանրամասներ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ANS-ին տված հարցազրույցում ասաց, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել փուլային եղանակով. «Նախ հայկական կողմը հանձնում է հինգ շրջանները, ապա՝ ևս երկու շրջան, և միջանցք է բացվում, այնուհետև որոշվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Կողմերը նման համաձայնության են եկել»:

Նրան անմիջապես հակադարձեց ՀՀ ԱԳ նախարարն անձամբ և ասաց, որ Նովրուզ Մամեդովը երբեք չի մասնակցել որևէ բանակցության, Պետերբուրգի գագաթնաժողովը բացառություն չէր, նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։ Դա փաստարկ չէ. Մամեդովը այն պաշտոնյան է, որ կարող էր փոխանցել իրեն հաղորդվածը: Բոլորովին այլ հարց է, որ հայ-ադրբեջանական հոգեբանական-տեղեկատվական պատերազմը երբեք չի դադարում, Մամեդովը մասն է նյարդերի խաղի, որի մասին գիտի Նալբանդյանը, բայց հարկ է համարում բացատրել. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, առաջին հերթին դրա հիմքում պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։ Պետերբուրգի գագաթնաժողովում հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:

Նա ընդգծել է, որ այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահ կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախ և առաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995-ի զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։ Լավ, հետո՞: Ի՞նչ է լինելու հաջորդ փուլում: Գիտի՞ Նալբանդյանը: Կամ՝ ինչո՞ւ Պետերբուրգի հանդիպումից հետո նախագահների հայտարարության մեջ խոսք չկա շփման գծում հրադադարի վերահսկողության մեխանիզմների տեղակայման մասին, Կասպրշիկի թիմի կարողությունների ընդլայնումը անորոշ ձևակերպում չէ՞՝ «երբ»-ի, «ինչպես»-ի առումով, եթե բանակցությունները շարունակվելու են՝ ի՞նչ օրակարգով, ե՞րբ և որտե՞ղ է լինելու հաջորդ հանդիպումը՝ երբ Պուտինը անհրաժեշտ համարի՞: ՌԴ նախագահը երաշխավորո՞ւմ է, որ Ալիևն այդ ընթացքում նոր պատերազմ չի սկսի, ու ի՞նչ է դա վկայում: Stratfor-ը Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին գրեց. «ՌԴ ակնհայտ նպատակը Ղարաբաղյան հակամարտությունը կառավարելի ճգնաժամի վերածելն է, որտեղ Մոսկվան կլինի հաշտարար դատավոր: Այս ռազմավարությունը երկակի գործառույթ ունի՝ զսպել այլ արտաքին ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի և Արևմուտքի ազդեցությունը, և վերահաստատել Մոսկվայի կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի համար»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ընդհանրական անորոշության մեջ միակ որոշակին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնաց Ստեփանակերտ: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Սա ընդհանուր այց է: Պետերբուրգի հանդիպումների հետ առանձնապես կապ չունի»: Եթե այդպես է, ավելի լավ չէ՞ր Ֆրանսիա գնար՝ ֆուտբոլը տեղում կտեսներ: Օլանդին էլ հետը, կհարցներ՝ Շարպանտիեն ի՞նչ էր ասում:

Դիտվել է՝ 1906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ