Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պուտինի զարմանալի մետամորֆոզները

Պուտինի զարմանալի մետամորֆոզները
22.06.2016 | 00:27

Ֆիասկո ապրելով հակառուսական պատժամիջոցների հարցում, Վլադիմիր Պուտինը որոշեց Եվրոպայի համար անսպասելի փոխել քաղաքականությունը՝ Die Welt-ում գրում է Էդուարդ Շտայները: Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում խոսվեց նաև Ռուսաստանի ու Եվրամիության ոչ այնքան պարզ հարաբերությունների մասին: Համաժողովում էր ոչ միայն ռուսական էլիտան:

Պետերբուրգում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, թվային էկոնոմիկայի և տեղեկատվական հասարակության եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը: Երբ երկու տարի առաջ սահմանվեցին հակառուսական պատժամիջոցները, ԵՄ ներկայացուցիչները չէին մասնակցում Պետերբուրգի ամենամյա տնտեսական համաժողովին, այս անգամ էլ շատերը դեմ էին իր մասնակցությանը՝ նշեց Ժան-Կլոդ Յունկերը: Արդեն իր ներածական խոսքում Պուտինը հերթական անգամ ցույց տվեց, որ սիրում է թափով գործեր: Նա հայտարարեց, որ հունիսին սկսվում է «Եվրասիական տարածքի» ստեղծումը, որի անդամ կդառնա Չինաստանը: Հիմա Եվրասիական միության կազմում միայն հետխորհրդային հանրապետություններ են: Պուտինն անսպասելի կոչ արեց ԵՄ երկրներին միանալ «Եվրասիական գործընկերություն» նախագծին:


Հավաքվածներն այնքան անակնկալի եկան անսպասելի առաջարկից, որ չգիտեին՝ ծափահարել, թե ոչ: Բիզնեսի ու քաղաքականության ներկայացուցիչները չափազանց լավ գիտեն, որ նախ պետք է հաղթահարել բոլորովին այլ դժվարություններ: ՌԴ նախագահն ասաց, որ ինքը պատրաստ է ընդառաջ գնալու ԵՄ-ին՝ փոխադարձ պատժամիջոցների պարույրից ելքի որոնումներում: ԵՄ-ն մնում է Ռուսաստանի կարևորագույն առևտրական գործընկերը: Տնտեսական համաժողովը Նևայի ափերին խոշորագույն միջոցառում է ռուսական տնտեսական կյանքում, արդեն 20 տարի Սանկտ Պետերբուրգում հավաքվում են գլոբալ քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: Այս անգամ Հյուսիսային մայրաքաղաք էին եկել 600 ռուսական և 500 արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ 60 երկրներից: Երկամյա ընդմիջումից հետո ընդլայնված կազմով եկել էին եվրոպացիներն ու ամերիկացիները: Արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչները բողոքում էին Ռուսաստանում բիզնեսի կրճատումից՝ մի կողմից, պատժամիջոցների պատճառով, մյուս կողմից՝ ռուսական տնտեսության շարունակվող ռեցեսիայի: Սանկտ Պետերբուրգ նրանք եկել էին՝ հասկանալու՝ ո՞ւր է փչում քամին:

Համաժողովը դարձավ հանդարտ վերադարձ, զգույշ հետախուզություն՝ ինչ է կատարվում և ինչ սպասել ապագայում: Զգուշություն Պետերբուրգում դրսևորեցին նախ և առաջ գերմանական բիզնեսի ներկայացուցիչները: Ըստ շշուկների՝ նրանց հստակ հրահանգ էր տրված Բեռլինից՝ սուսուփուս մնալ և չցցվել: Հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանը շեշտը դնում է ներկրման փոխարինումին: Ռուբլու կուրսի անկումը, որ հանգեցրեց հողի, ապրանքների, ծառայությունների էժանացմանը, Ռուսաստանից արտահանումը առավել գրավիչ է դարձնում: Գերմանիայի տնտեսությունը կարող է տանուլ տալ այլ պետությունների, որ Սանկտ Պետերբուրգում քաղաքական աջակցություն ստացան: Իտալական ընկերությունները մի քանի պայմանագրեր ստորագրեցին, երբ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին մի հարցազրույցում քննադատեց հակառուսական պատժամիջոցները: Թարմություն բերեց ռուս-գերմանական համագործակցության հեռանկարների քննարկումը նոր ոլորտում, որին տոն տվեց եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը: Նա Ռուսաստանին հրավիրեց մասնակցել տվյալների ու տեղեկատվության ընդհանուր համակարգի ստեղծմանը:

ԵՄ-ն ռուս գործընկերներին առաջարկում է մասնակցություն անվտանգության և տվյալների անվտանգ փոխանակման կառույցին, կամ հասարակության թվայնացմանը «Ինդուստրիա 4.0» պլատֆորմի վրա: Նման նախագծերը, կարծում է TUI զբոսաշրջային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կլաուս Մանգոլդը, կարող են դառնալ անհրաժեշտ կամուրջ ՌԴ-ԵՄ հարաբերություններում: Ոչ պակաս կարևոր թեմա, որ ԵՄ-ն քննարկեց Սանկտ Պետերբուրգում, էներգետիկ համագործակցությունն էր: Եվրահանձնաժողովի նախագահը այդ թեման Պուտինի հետ քննարկեց փակ դռների հետևում: Գաղտնիք չէ, որ ռուսներն օր առաջ են ուզում սկսել նոր Nord Stream 2 գազատարի շինարարությունը: Հայտնի չէ՝ առաջընթաց եղա՞վ Nord Stream 2-ի հարցում: Հայտնի է, որ պատժամիջոցների վերացման հարցում առայժմ առաջընթաց չկա: Յունկերը բացորոշ հասկացրեց, որ պատժամիջոցների հանումը ուղղակի կապված է Մինսկի համաձայնագրերի կատարման հետ: Հիմա գնդակը ռուսական խաղադաշտում է: Այս հարցում Ռուսաստանն իր տեսակետն ունի՝ ԵՄ-ն ամենասկզբից պարում էր ամերիկացիների դուդուկի տակ՝ հայտարարեց Վլադիմիր Պուտինը:
Էդուարդ ՇՏԱՅՆԵՐ, Die Welt


Հ.Գ. Ինչ դժվար ընտրության առաջ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փաստորեն խոստումնալից, հեռանկարային համաժողովից անմիջապես հետո հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, եռակողմ ձևաչափից հեռու պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ չհանդիպելով նրանց, կամ փորձել առաջ տանել սեփական ծրագիրը, կամ՝ Վիեննայի բանակցություններում կայացած համաձայնությունները, քայլ, որ անիմաստ էր դարձնում սանկտպետերբուրգյան հանդիպումը, որ նախապես ծրագրված էր անցկացնել Փարիզում: Որքան էլ տարօրինակ է, անգամ ծավալուն տեղեկատվության առկայությամբ, հնարավոր չէ ասել՝ ո՞ր ճանապարհն ընտրեց Պուտինը, որ թե հայկական կողմն է հանդիպումը որակում հաջողված, թե ադրբեջանական: Եվ սա արդեն ոչ միայն պուտինյան մետամորֆոզ է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ