Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Նորից՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը

Նորից՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը
16.06.2016 | 23:31

Հունիսի երկուսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն արձանագրած բանաձևից հետո քչերն էին սպասում, որ Կոստանդնուպոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ գրի Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Գուցե ինքն էլ իրենից չէր սպասում: Բայց մի տասը օր էլ չէր անցել աղմկահարույց նամակից՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նորից սկանդալի կենտրոնում է՝ նա կայցելի Հայաստան՝ հաղորդել է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը: Հունիսի 15-ին կմեկնի Ռուսաստան և Եզրաս սրբազանի հետ կգա Հայաստան` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին:


ՈՒ տեղեկատվությունից անմիջապես հետո հայտնվում են երկու իրարամերժ հայտարարություններ՝ մեկը նամակի տեսքով: Պոլսո պատրիարքական Աթոռի կրոնական ժողովը հունիսի 13-ին Էրդողանին ուղղված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակի մասին հայտարարել է. «Թուրքիայի Հայոց պատրիարքական Աթոռն իր պատմության ընթացքում ջանացել է բարյացակամ հարաբերություններ մշակել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև առավելագույն ջանքերն է գործադրել` չանտեսելու երկրի հանրային կարծիքի զգայություններն այն նյութերի առնչությամբ, որոնք հետաքրքրում են երկրի հանրությանը»: Կրոնական ժողովը նիստի հայտարարության մեջ նշել է, որ հին ավանդույթների համաձայն` իրենք կարծիք չեն հայտնում քաղաքական և իրավական հարցերի շուրջ: Համայնքի անունից խոսելու պարտականությունը աթոռակալ սրբազան պատրիարքինն է, բայց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, և այդ պարտականությունը ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Սույն պարտականության գիտակցությամբ և համայնքային հաստատությունների մի շարք վարիչների ու առաջատար բարերարների ներկայացրած պահանջին ընդառաջելով` նա գրի է առել նամակը Գերմանիայի խորհրդարանի որոշման կապակցությամբ: Սրբազան հայրը հետևել է Աթոռին ծառայած նախկին աթոռակալ պատրիարքների և բարձրաստիճան հոգևորականների օրինակին: Սակայն որպեսզի ապագայում ողջ պատասխանատվությունը չընկնի միայն պատրիարքական Աթոռի վրա, ճիշտ ենք համարում, որ նման արտահայտությունները գրի առնվեն լայնանիստ խորհրդակցական հանդիպումներով` հաշվի առնելով որոշ զգայությունները:


Տխրությամբ ենք հետևում, թե ինչպես նամակի պարունակության մասին քննադատությունները, գերզգայունության պատճառով անցնելով քննադատության սահմանները, հասել են նախատինքի, սպառնալիքի և նվաստացման մակարդակի: Մեր համայնքի անդամներին հորդորում ենք ցուցաբերել խղճամիտ և սառնարյուն կեցվածք, ինչպես նաև գիտակցաբար մոտենալ սույն նամակին` նկատի առնելով մեր երկրում տիրող քաղաքական ու ընկերային իրողությունները 100 տարի առաջ օսմանցի հայերի ենթարկված Մեծ եղեռնի կապակցությամբ»,- ասել են Պոլսո պատրիարքարանից:

Հայտարարությունը, իհարկե, կիսահարկադրական քայլ է՝ ինչպիսին էր Էրդողանին ուղղված նամակը, որ իբր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր գրել: Էրդողանի աշխատակազմից թելադրվածության պարագան ակնհայտ է նամակի ամեն մի տողից, պատրիարքական ընդհանուր փոխանորդն ուներ ընտրություն՝ ստորագրել նամակը, կամ՝ պատրաստվել հրաժարականի, նա ընտրեց առաջինը: Առավել ևս, որ պատրիարքի առողջական վիճակի բարելավումը գրեթե անհնար է և Էրդողանի աջակցությունը նրան պետք է՝ պատրիարք դառնալու համար՝ ինչ վերաբերմունք էլ ունենա ու չունենա հայ համայնքը:


Եվ որքան էլ Հայ առաքելական եկեղեցին փորձեց չեզոքություն պահպանել ստեղծված իրավիճակում, չեզոքությունը խախտեցին Թուրքիայի հայ համայնքի անդամները՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Հայաստան այցի դեմ իրենց վրդովմունքը արտահայտելով, որ ԱԺ նիստում բարձրաձայնեց Նաիրա Զոհրաբյանը: Նամակի հեղինակները դիմում են ՀՀ պատկան մարմիններին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատասխանատուներին, «որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիայի հայության և ընդհանրապես հայության արժանապատվությունը վարկաբեկելով՝ թուրքական կառավարության քարոզչական գործիքն է դարձել»: «Հորդորում ենք Աթեշյանին զերծ մնալ հավաքական հայտարարություն անել հայության անունից և ոտք չդնել Մայր Աթոռի սրբազան տարածք: Մենք չենք համարում նրան մեր հոգևոր առաջնորդ, նա պաշտպանում է թուրքական պետության շահերը և ընտրված չէ մեր քվեներով»,- ասված է նամակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալների ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի պապի Հայաստան այցելության օրերին միայն վկայելու է մեր եկեղեցու միասնությունն ու ուժը՝ հակառակ քաղաքական, անձնական ու կրոնական հարցերում տարաձայնությունների: Այո, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վիրավորել է բոլոր հայերիս, այո, նրա նամակը Թուրքիայի նախագահին նախատինք է և որևէ հայ, ինչ հանգամանքներ էլ լինեին, չպիտի նման տողեր գրել, բայց դա չի նշանակում, որ նրա առաջ պիտի փակվեն Մայր Աթոռի դռները, դա միայն կուրախացնի Էրդողանին ու այն թուրքերին, ում նպատակը հայերի երկպառակությունն է՝ որտեղ էլ լինեն: Թուրքերը չպիտի իրենց նպատակին հասնեն՝ հայերի ձեռքով: Ոչ մի անգամ: Թող գա ու թող Մայր Աթոռի սրբազան տարածքում գոնե հոգու խորքում ապաշխարի, և պետք չէ նոր քարեր ձգել նրա վրա՝ քրիստոնյան պիտի ներել կարողանա:

Դիտվել է՝ 1249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ