ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Երեք տաք ազդանշան մեկ շաբաթում՝ Անկարայից Մոսկվա

Երեք տաք ազդանշան մեկ շաբաթում՝ Անկարայից Մոսկվա
16.06.2016 | 08:34

Վերականգնելու համար Մոսկվայի հետ հարաբերությունները, որ լարվել են ինքնաթիռային ճգնաժամից հետո, Անկարան մեկը մյուսի հետևից երեք ծայրահեղ կարևոր քայլ արեց: Կարևորագույնն արեց նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Հունիսի 12-ին, Ռուսաստանի օրվա կապակցությամբ, Էրդողանը շնորհավորական ուղերձ հղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշելով. «Մաղթում եմ, որ շուտով Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները արժանի մակարդակի դուրս գան»: Վերջին մեկ շաբաթում Անկարան արեց երեք կարևոր քայլ ինքնաթիռային ճգնաժամից հետո Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը վերականգնելու ուղղությամբ: Habertürk-ի տվյալներով՝ խոսքը երեք քայլերի մասին է:


1. Էրդողանն արեց առաջին ծայրաստիճան կարևոր քայլը
Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի ազգային տոնի առիթով Էրդողանը Պուտինին շնորհավորական ուղերձ հղեց. «Ամբողջ թուրք ժողովրդի անունից ի դեմս Ձեզ շնորհավորում եմ բոլոր ռուսաստացիներին Ռուսաստանի օրվա առիթով, մաղթում եմ, որ շուտով Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները արժանի մակարդակի դուրս գան»: Երկու երկրների լարված հարաբերությունների պատճառով երկու նախագահները չէին հանդիպում և միմյանց շնորհավորական ուղերձներ չէին հղում: Վարչապետ Բինալի Յիլդիրիմը նույնպես շնորհավորական ուղերձ հղեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:


2. Նոր դեսպան Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարությունը նոր դեսպան է նշանակել Մոսկվայում՝ Հուսեին Դիրիոզին, որ Թուրքիայի դեսպանն էր Բրազիլիայում: Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Դիրիոզը, որ նախկինում ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն էր, արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական է եղել Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի օրոք: Մոսկվայում նոր դեսպանի նշանակումը մեկնաբանում են իբրև «նոր սկիզբ Ռուսաստանի հետ հարաբերություններում»:


3. Մեծ մասնակցություն ընդունելությանը
Անցած շաբաթ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը դեսպանատանը ընդունելություն էր կազմակերպել: Երկրների լարված հարաբերությունների պատճառով չէր մասնակցում կառավարությունը ներկայացնող նախարարը, այնուհանդերձ, Թուրքիայի ԱԳՆ-ից մասնակցում էին տեղակալի օգնականը և երեք գլխավոր տնօրենները: Ընդունելությանը ներկայացված էին զինվորականները՝ բրիգադային ծովակալների մակարդակով: Անցած տարի 1915-ի իրադարձություններում Ռուսաստանի դիրոքորոշման պատճառով թուրք պաշտոնյաներն ընդունելությանը չմասնակցեցին: Այս տարի Անկարայում ՌԴ դեսպանը լրագրողների հետ զրույցում գոհունակություն հայտնեց ընդունելությանը մասնակցության մակարդակից և հասկացրեց՝ «Մեր հարաբերությունները կարևոր են»:
Բահար ԲԱԿԻՐ, Habertürk, Թուրքիա


Հ.Գ. Անկարայի երեք «ծայրաստիճան կարևոր» քայլերին Մոսկվան հրապարակավ չպատասխանեց: Միայն ՌԴ նախագահի մամլո խոսնակն ասաց, որ նամակը ստացել են: Պուտինը սպասում է ներողության ու փոխհատուցման՝ խփված ինքնաթիռի դիմաց: Բեռլինից նեղացած Էրդողանը նետվում է Մոսկվայի գիրկը, բայց խփված ինքնաթիռը պատրվակ էր, ռուս-թուրքական հարաբերությունների վատացման պատճառը Սիրիայի հարցում տարակարծություններն են, և տարածաշրջանային մի քանի խնդիրներ, որոնց լուծումները Մոսկվան ու Անկարան տարբեր են տեսնում: Այնուհանդերձ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վերականգնումը, գուցե ոչ նախկին ծավալով ու մթնոլորտով, իսկապես կարճ ժամանակի հարց է: Մոսկվայի հետ կոնֆլիկտում կուտակած փորձը Անկարան այժմ կարող է օգտագործել Բեռլինի հետ փոխհարաբերություններում: Միանգամից մի քանի արտաքին «թշնամի» ունենալը Էրդողանի համար արդեն ուժերից վեր է՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնն էլ բարեկամների մեջ չէ: Իսկ Մոսկվան միշտ էլ գնահատել է Թուրքիայի աշխարհագրական դիրքը ու աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ