Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Իրան-ԱՄՆ. Վիեննայի համաձայնագրի արդյունքներից հիասթափությունն աճում է

Իրան-ԱՄՆ. Վիեննայի համաձայնագրի արդյունքներից հիասթափությունն աճում է
24.05.2016 | 00:21

Մենք արդեն նշել ենք, որ Ադրբեջանի ապրիլյան քառօրյա արկածախնդրությունը ժամանակավորապես չնկատելու տվեց 2016 թ. ապրիլին տեղի ունեցած այլ կարևորագույն գործեր ու փաստեր: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի ապրիլի 19-ին Նյու Յորքում կայացած հանդիպումը ո՛չ քչացրեց իրանա-ամերիկյան հարաբերություններում եղած խնդիրները, ո՛չ էլ դրանցում դրական բան ավելացրեց, թեև մի օգուտ, այնուամենայնիվ, տվեց: Հայտարարված լինելով որպես Համատեղ համապարփակ գործողությունների պլանի (ՀՀԳՊ) գծով պայմանավորվածությունների, այսինքն, այսպես կոչված, իրանական ատոմի վերաբերյալ Վիեննայի համաձայնագրերի իրականացման հարցի քննարկում և սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու հարցի շուրջ մտքերի փոխանակություն, այդ հանդիպումը ցույց տվեց, որ Վիեննայի համաձայնագրերի ոգին Թեհրանում և Վաշինգտոնում միանգամայն տարբեր կերպ են հասկանում:

ՈՒ, երևի, շատ շուտով նույնիսկ տարածաշրջանում Իրանի հարևանները կսկսեն զգալ, որ իրանական տերությունը «հոգնել է» ամերիկացիներից ու նրանց պնդերեսությունից:
Այդ հանդիպման ժամանակ Քերիի թեթև նյարդայնությունը միանգամայն բացատրելի էր: Զարիֆի հետ հանդիպումից անմիջապես հետո ԱՄՆ-ի պետքարտուղարը պետք է թռչեր Կահիրե և Էր-Ռիադ, ընդ որում, սաուդցիների մոտ ուղևորությունը ապրիլի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Միացյալ Թագավորություն կատարելիք այցի գլխավոր փորձն էր: Ե՛վ պետդեպարտամենտը, և՛ Սպիտակ տան աշխատակազմը անակնկալ էին պատրաստել (այդ մասին՝ ստորև) Պարսից ծոցի միապետների համար, բայց, այնուամենայնիվ, Քերին կցանկանար դրա համար լավ «փաթեթավորում» ապահովել: Օրինակ, սաուդցիներին ու նրանց դաշնակիցներին հաղորդել, որ Թեհրանը պատրաստ է որոշ չափով նվազեցնելու Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը և երկրի ներսում մեղմացնելու նրա հակառակորդների հանդեպ վերաբերմունքը: Բայց չստացվեց: Այսօրվա դրությամբ ամերիկյան և իրանական կողմերի ցանկացած երկխոսություն բախվում է մի առանցքային խնդրի. խոսքը ՀՀԳՊ-ի տառի ու ոգու պահպանման, այն պարտավորությունների կատարման մասին է, որոնք պաշտոնապես և ոչ պաշտոնական պայմանավորվածությունների մակարդակով կողմերը ստանձնել էին Վիեննայում: Եվ ինչքան շատ ժամանակ է անցնում այն բանից հետո, ինչ Զարիֆն ու Քերին իրենց ստորագրություններն են դրել համատեղ պլանի տակ, այնքան ավելի հստակ է դառնում, որ դրա իրագործումը կողմերը մի փոքր տարբեր կերպ են պատկերացնում: Այսօրվա դրությամբ կողմերից յուրաքանչյուրը՝ Օբամայի կողմնակիցները՝ ԱՄՆ-ում, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կուրսի հետևորդները՝ Թեհրանում, անբավարարվածություն է զգում այն բանից, որ Վիեննայի համաձայնագրերի հետ կապված ակնկալիքները չեն արդարացել:


Համապատասխանաբար մեծանում է նաև ՀՀԳՊ-ի քննադատությունը, և Վաշինգտոնի ձգտումը՝ ոչ այնքան ռևիզիայի ենթարկելու այն (սա դժվար բան է, որովհետև ամփոփիչ համաձայնությունների ձեռքբերման գործին, բացի ԱՄՆ-ից, մասնակցել են և՛ Լոնդոնը, և՛ Փարիզը, և՛ Բեռլինը, և՛ Պեկինը, և՛ Մոսկվան), որքան հընթացս նոր պահանջներ ձևակերպելու Թեհրանի հասցեին, որոնք հնարավորություն կընձեռեին ոչ միայն սաբոտաժելու Վիեննայի համաձայնագրերի կատարումը, այլև հակաիրանական նոր պատժամիջոցներ պլանավորելու, ոչ մի կապ չունի ՀՀԳՊ-ի իրականացման հետ: Եվ Իրանը հիանալի հասկանում է ԱՄՆ-ի ներկա խաղը. այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի շրջապատի բոլոր պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններով անլուծելի խնդիրներ են առաջադրում Վաշինգտոնին Իրանի մի շարք հարևանների՝ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դաշնակիցների, ստիպում են նյարդային ցնցումներ ունենալ: Հենց այսպես կարելի է գնահատել այն փաստը, որ հենց Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յաղիա Սեյեդ Սեֆևին խոսք բացեց իրանա-թուրքական հարաբերությունների առաջիկա լիամասշտաբ վերանայման մասին, Թուրքիայում անմիջապես «հրաժարական տվեց» վարչապետ Դավութօղլուն: Իսկ արևմտյան մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե Անկարայում «ազատել են» Իրանին նյարդայնացնող գլխավոր անձին՝ «Ամերիկայի մարդուն»:


Այսօրվա դրությամբ, Իրանը լիովին ու բարեխղճորեն կատարել է Վիեննայի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների մի մասը: Իսկ ի՞նչ է նա ստացել դրա դիմաց՝ նավթի ազատ արտահանում և արևմտյան բանկերում գտնվող իր 50 միլիարդ դոլար ակտիվներն օգտագործելու հնարավորություն: Ըստ էության, այսքանը: Կարող են առարկել՝ իսկ արևմտյան ընկերությունների հետ կնքված բազմաթիվ պայմանագրե՞րը, համատեղ տնտեսական նախագծերի վերաբերյալ պայմանավորվածություննե՞րը: Այս ամենը, իհարկե, կա: Բայց կա նաև մի նրբություն, այն է՝ եվրոպական բիզնեսի մեծ զգուշավորությունը, եվրոպացիների կողմից համագործակցության ծավալների նվազեցումը, ներդրումների հարցում ցուցաբերվող ծայրաստիճան զսպվածությունը: Երեք պատճառով. նախ, հետևելով Վաշինգտոնի վարքագծին, արևմտյան շատ ընկերություններ հետևություն են անում, թե նախկին պատժամիջոցների հնարավոր վերականգնման և նորերի սահմանման հարցում բնավ էլ դեռևս վերջակետ դրված չէ, ուրեմն և Իրանի հետ գործարքների համար բազմամիլիոն տուգանքները ցանկացած պահի կարող են վերադառնալ: Երկրորդ՝ Թեհրանի հետ առևտրային գործընկերության համար ամերիկյան ֆինանսական հաստատությունների օգտագործումը եվրոպական և ասիական բիզնեսի համար առաջվա նման արգելված է: Այդ հաստատությունների օգտագործումն արգելված է նաև իրանցի ձեռնարկատերերին: Եվ, վերջապես, երրորդ. այդպես էլ դեռևս հանված չեն իր առևտրային գործընկերների հետ Իրանի վերջնահաշվարկները դոլարով կատարելու վրա ԱՄՆ-ի դաշնային գանձապետարանի դրած սահմանափակումները: Հենց դրա համար էլ 2016-ի ապրիլին Թեհրանը, ինչը միանգամայն կանխատեսելի էր, վերադարձավ իր նավթն ու գազը ոչ ամերիկյան դոլարով վաճառելու գաղափարին:


Թեհրանի հետ համագործակցության ոչ մի արգելք չեղարկված չէ նաև ԱՄՆ-ի ընկերությունների համար, բացառությամբ գյուղմթերքների, գորգերի ներմուծման և քաղաքացիական ավիացիայի հատվածի: Թեև ամերիկյան բյուրոկրատներն այստեղ վերապահումների ու պայմանների այնպիսի պարիսպ են դրել, որ այդ բացառությունները բացահայտ ձևական բնույթ են կրում. ավելի հեշտ է առհասարակ հրաժարվել Իրանից ստացվող առաջարկներից, քան ձևակերպել թույլտվության բոլոր փաստաթղթերը: Ի հավելումն այս ամենի, ԱՄՆ-ի գանձապետարանի «բարյացակամ» աշխատակիցները չեն հոգնում ամերիկյան ու եվրոպական ձեռնարկատերերին քաղաքավարությամբ նախազգուշացնելուց, որ իրանական բանկերը «անհուսալի» են, որ հիմքեր կան ենթադրելու, թե նրանք մասնակցություն ունեն ահաբեկչություն ֆինանսավորելուն և փողեր լվանալուն: Մի խոսքով, «մենք ձեզ, իհարկե, արգելել չենք կարող, բայց մտածեք հետևանքների մասին. հանկարծ ու ակամա խառնված կլինեք մի այնպիսի բանի, ինչն անխնա պատժվում է»:


Իրանի հին Նոր տարվա՝ Նովրուզի տոնի նախօրեին հանդես գալով Մեշհեդում, այաթոլլահ Խամենեին այսպես է բնութագրել ստեղծված իրավիճակը. «Մենք բարեխղճորեն պահպանում ենք համաձայնագրերի պայմանները, բայց մեր բանկային համակարգը, ժողովրդին պատկանող իրանական ակտիվները վերադարձնելու մեր ջանքերը, միջազգային ֆինանսական ծառայություններից մեր բիզնեսի օգտվելը շարունակում են մեծ խնդիր լինել»: Ըստ էության, Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ֆինանսական պատժամիջոցները պահպանվել են գրեթե լրիվ ծավալով, և ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իրավիճակը: Արդյունքում, տնտեսական զարգացումը դժվարություն է ապրում, իսկ պատժամիջոցների հետևանքով առաջացող ճգնաժամային երևույթները մեծ դժվարությամբ են հաղթահարվում, այն էլ՝ ոչ միշտ: Նախագահ Ռոհանիի վարչախմբի խոստումները՝ երկրում դրամարժեզրկումը պահել տարեկան 13 %-ի վրա, հասնել տնտեսության 5 % աճի, կրճատել գործազրկությունը, որն այսօր կազմում է 11 %, իսկ երիտասարդության շրջանում՝ ավելի շատ, իրանական հասարակության կողմից շատ հոռետեսորեն են ընդունվում, քանի որ սոցիալ-տնտեսական իրողությունները այլ բան են ասում:


Այս ամենին Վաշինգտոնը ծայրաստիճան ցինիզմով է արձագանքում, իսկ ամերիկյան պաշտոնատար անձանց հայտարարությունների էությունը հանգեցվում է հետևյալին. իր բոլոր դժվարությունների համար մեղավորն ինքը Թեհրանն է և ուրիշ ոչ ոք: «Բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ իրեն անվտանգ է զգում, որտեղ վստահ է գործընկերների հուսալիությանը, և որտեղ խաղի թափանցիկ կանոններ են գործում»,- ապրիլին հայտարարել է Օբաման, պատասխանելով Իրանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու դժվարությունների և ֆինանսական պատժամիջոցները չեղարկել չցանկանալու մասին հարցին: Ավելին, Սպիտակ տան ներկայացուցիչները բացահայտորեն ասում են, որ ՀՀԳՊ կնքումը չի նշանակում, թե երաշխիք կա, որ Թեհրանին թույլ կտրվի լրիվ ծավալով վերադառնալ համաշխարհային տնտեսություն: Իսկ Իրանի հետ բանկային կապերի վրա ամերիկացիների սահմանած սահմանափակումների չեղարկումը և միջազգային ֆինանսական հաստատություններից (նկատենք, գտնվում են ԱՄՆ-ի հսկողության ներքո) օգտվելու նրա հնարավորությունը առհասարակ տեխնիկապես չեն մտնում Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների ծրարի մեջ, ինչը, պարզ ասած, խարդախության նման մի բան է: Եվ եթե արդեն բաց խոսենք, ապա դա ուղիղ գծով տանում է դեպի Վիեննայի ոգու «հուղարկավորություն»:


Թեհրանի միջուկային գործի փակումը ուժեղ հարված էր ամերիկյան վերնախավի հակաիրանական շրջանակներին, որից նրանք արագորեն ուշքի եկան և փոխարինող գտան. է՛լ բալիստիկ հրթիռների փորձարկումներ, է՛լ մարդու իրավունքների խախտումներ և, իհարկե, միջազգային ահաբեկչությանը աջակցություն՝ ի դեմս «Հըզբոլլահի»: Ճիշտ է, Վաշինգտոնում դեռևս չեն հնարել, թե ինչպես պետք է համատեղել վերջին հանգամանքը այն բանի հետ, որ հենց այդ շարժումն է նույն Սիրիայում անզիջում պայքարում ահաբեկչական այն խմբավորման մարդասպանների դեմ, որոնց ԱՄՆ-ն էլ է համարում ամբողջ աշխարհին սպառնացող վտանգ: Մեծ հաշվով, եթե միայն Վաշինգտոնը անկեղծորեն ցանկանար, տարածաշրջանային կայունության ամրապնդման և երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով կառուցողական երկխոսությունը Թեհրանի հետ միանգամայն հնարավոր կլիներ: Սակայն ԱՄՆ-ի կառավարող շրջանակները ամեն բան անում են, որ նման բան չլինի: Ավելին, նրանք իրենց գործողություններով ուղղակի խանգարում են բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս այդ երկխոսության օգտին: ՈՒստի և Իրանում հետևություն են անում. ամերիկյան կառավարող վերնախավը Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ոչ մի պլան չունի:


Հիմա ժամանակն է ասելու այն անակնկալի մասին, որ Օբաման ապրիլին բերել էր Էր-Ռիադ: Նա սաուդցիների միջոցով Պարսից ծոցի միապետներին հաղորդեց, որ «տարածաշրջանում իրանական ազդեցության տարածման» դեմ իրենց պայքարը այսուհետ ևս ամերիկյան աջակցություն կստանա: Հենց սա էլ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի իրական մտադրությունների մեխն է: Շարունակելով Իրանը ներկայացնել որպես տարածաշրջանային և միջազգային սպառնալիք, առաջադրելով նորանոր պահանջներ, ԱՄՆ-ի հակաիրանական շրջանակներն ու նրանց դաշնակիցները ամեն պատրվակով ձգտում են պահպանել հին պատժամիջոցներն ու ավելացնել նորերը: Նպատակը Իրանի տնտեսական զարգացումը կանխելն է, թշնամական օղակը նրա շուրջ սեղմելը, ներքին անկայունություն հրահրելը, երկրի վարչակարգը փոխելն ու Իրանը մասնատելը: Ահա թե ինչու են Թեհրանում շարունակում պետությունն ու բնակչությանը նախապատրաստել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ԱՄՆ-ի հետ գլոբալ դիմակայության նոր ալիքների: Եվ հենց սա պետք է հաշվի առնեն Հայաստանի իշխանություններն ու բոլոր քաղաքական ուժերը. «սիրո շրջանը» իրանա-ամերիկյան հարաբերություններում ավարտվել է:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ