ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շողշողում են մեդալները, շքանշանների հրավառություն է, տիտղոսների հանդես

Շողշողում են մեդալները, շքանշանների հրավառություն է, տիտղոսների հանդես
20.05.2016 | 08:47

ԿՇԵՌՔՆԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔ
(նախաքննություն)


Պետք է հայտարարել կշեռքների զորահավաք և կշռել բարձրաստիճան սպայակազմի շքանշաններն ու մեդալները, ասպետական սրերն ու անվանական ժամացույցները: Պատերազմող երկիրը, ինչ խոսք, պարտավոր է հաշվել-կշռել իր թանկարժեք մետաղների ամբողջ պահուստը: Եվ ուղղել պատերազմի կարիքներին: Մի խոսքով, այսօր՝ 2016-ի մայիսի 20-ին, եկեք կշռենք մեդալներն ու սրերը, շքանշաններն ու անվանական նվերները, հետո դրանցում պարունակվող ոսկին և արծաթն առանձնացնենք: Առանձնացնենք, գրավադրենք որևէ գրավատանը և ձեռք բերված գումարով ամրապնդենք մեր բանակը:

Այս աննախադեպ կշռահավաքը տնտեսականից զատ, նաև բարոյական ներուժ ունի: ՈՒշի ուշով եկեք հաշվենք հայոց հաղթական բանակի բարձրագույն սպայակույտի «կրծքազարդերի» տեսականին: Գեներալական յուրաքանչյուր առյուծասիրտ-կուրծք թանգարան է արևի ու լուսնի ¥ինչու չէ, նաև կիսալուսնի¤ տակ: Շողշողում են մեդալները, շքանշանների հրավառություն է, տիտղոսների հանդես: Մեր գեներալները բրեժնևյան դարաշրջանի ծնունդ են և, անկասկած, նրանք էլ զավեշտալի զգացումներ են ունեցել, կայսրության դեյուրե տիրակալ, բայց դեֆակտո խեղկատակ «թանկագին Լեոնիդ Իլյիչի» վարքի հանդեպ: Այս Իլյիչը եթե ապրեր 100 տարի, նրա համար, հավանաբար, նոր հագ ու կապ կհորինվեր, և «Լյոնյան» շքանշաններն ու աստղերը կփակցներ նաև մեջքին, կկախեր ականջներից և այլն: Բայց չէ՞ որ նա համաշխարհային տրամաչափի կայսրերից մեկն էր, վաղաժամ զառամած, հակված դեպի ալկոհոլն ու հոգեմետ դեղերը... Ձեզ ի՞նչ պատահեց, հարգարժան զորավարներ:

Մի խոսքով, ճիշտ ժամանակն է ձերբազատվելու բրեժնևյան ախտանիշից: Սա ոչ միայն պատվաբեր չէ մարտական անցյալ, վերքեր և հուշեր ունեցող ներկա գեներալների համար, այլև հղի է անպատմելի հետևանքներով: Չէ՞ որ ձեզ, բազմաշքանշանակիր պատկառելի այրեր, կարելի է մեղադրել պատմության բռնակեղծման մեջ: Եվ ահա թե ինչու: Արցախում X-ը մարտնչել է երեք տարի, գյուղեր է ազատագրել, գերիներ է վերցրել և զինընկերներ է կորցրել: Փառք ու պատիվ: Սակայն մի՞թե նրա համար բավարար չէին ազատագրված տարածքների բնակչության օրհնանքը և մայր հողի սուրբ հիշողությունը... Եվ ահա թե ինչու: Երբ բեռնատարի «շոֆեր տղեն» հանկարծ դարձավ գեներալ, բանը բանից տվեց-անցավ: Ահավոր է: Նա հավատաց, որ պատմության ընտրյալն է, որ Կարմիր Վարդանի և Նժդեհի հետևորդն է, Բաղրամյանի կաթնեղբայրը: Արցախում նրա ազատագրածը մի քանի շեն էր, որքան էլ նվիրական, բայց և այնպես մի քանի բուռ հողատարածք:
Ազատագրական մարտերում շատերն ընկան անհիշատակ: Խաղը շահեց հենց այս շահառու դասը: Եվ պճնվեց մեդալների այն հսկա խրձով, որոնք իսկապես վաստակելու համար առնվազն պետք էր ազատագրել Մուշն ու Վանը, Եռագույնը ծածանել Դիարբեքիրում, Արդահանում և Սասունում: Վերջապես «արյան ծով» դարձնել Իսթամբուլը:
Մի խոսքով, հենց այսօր պետք է հանձնել շքանշանամեդալային շողշողուն ավելցուկը՝ պահպանելով իրականում վաստակածը՝ 1 շքանշան, 2 մեդալ և ուրիշ ոչինչ: Հա, չմոռանամ, թերևս նաև մի քանի գովասանագիր:
Եթե գեներալական դասը կամովին չհանձնի մեդալների այս հունձքը, ապա նա կդառնա անկախական Քաջ Նազարի նախատիպը և հետո ժողովուրդը սուր եղանով կհնձի մետաղաձույլ այս մոլախոտը՝ տեսանելի ապագայում:

ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ՋԻՊԱՊԱՏՈՒՄ
(նախաքննություն)


Նշանավոր խոհագիր-երգիծաբան Նալբանդյանը՝ Վարուժան, իր «Ռազմաշնչառություն» էսսեում մի տող է քարագրել, որն էլ սիրով արտագրեցի. «Կյանքը ծակ դույլ է, որի միջից կաթկթում է գինին»: Սա նշվում է հենց այնպես, ոմանք կարող են այն արհամարհել, մյուսները գուցե մի քանի օր մտորեն ծակ դույլի և կաթկթացող գինու մասին:

Մի գեներալական ջիպ վաճառելով 1 զրահատանկ հնարավո՞ր է գնել: (Ասում են, որ, այո): Քանի՞ ջիպ է ՊՆ-ի հրապարակում կայանված: Մի հարյուր, հազար հիսուն հատ: Իսկ քանի՞ հատ կա այս գեներալական «զինատեսակ»-ից վերջիններիս անձնական հաշվեկշռում: Վստահ եղեք, 500-1000 նմուշ: Ընդ որում, երկու դեպքում էլ ջիպի պահպանման հոգսը քաշում ենք մենք, ինչպես հորովելյան լեգենդար եզն էր քաշում ծանր գութանը, երբ երկիրը տնքում էր խաշնարածների լծի տակ:

Ինչո՞ւ են գեներալները երեկ էլ, այսօր էլ շրջում միայն ջիպերով: Այս «գոռոզամիտ» շարժակազմը չէ՞ որ հիմնականում ծառայում է հաստաքսակների դասին: Երկրաթալան բանկի նախագահին վայե՞լ է երթևեկել միջին դասի մեքենայով, չէ՞ որ բանկային աշխարհում նման բան ընդունված չէ: Նմանապես միջին դասի շարժակազմը անհարիր է թմրաբարոնի կիսաթմրած մարմնի համար: Բայց չէ՞ որ մարտական գեներալի մեքենան պիտի տեսքով և բնույթով զանազանվի բանկիրին և թմրաբարոնին սպասարկող շարժակազմերից:
Հայոց բանակի գեներալների համար ջիպ-մեքենան, ըստ էության, կենսական անհրաժեշտություն է: Եվ շա՜տ է ներդաշնակ նրա կուրծքը նախշազարդող մեդալների անտառին: Չէ՞ որ խիստ անհարմար, ես կասեի՝ անպատվաբեր, բան կստացվի, եթե, դիցուք, պորտն ի վեր շքանշանված և մեդալավորված զորավարը երթևեկի խորհրդային արտադրության զինվորական մեքենայով: Բայց գուցե փորձե՞նք:

Ապրիլյան Գողգոթայի օրերին (նաև այսօր) գեներալական շարժակազմերը շարասյուներով էին հասնում սահման: Հասնում էին, կառանվում էին պատերազմական գործողություններից անվտանգ հեռավորության վրա, գեներալն իջնում էր, դիպուկ նշանառությամբ մի փունջ հայհոյանք էր ուղղում հանդեպ թշնամին, հետո երկու բուռ կոնֆետ էր շաղ տալիս հայ վիրավոր զինվորների մահճի շուրջ և ինքնագոհ ու հաղթական վերադառնում էր Երևան:
Ի դեպ, գեներալական մեդալահորդան և ջիպերի վտառները հավասարակողմ եռանկյան ստորին հատվածներն են: Վերին ծայրին գեներալի դղյակն ու պանդոկն են, բաղնիքն ու շուկան, և այլն, և այլն: Մի խոսքով՝ նրա երազանքի հայրենիքը:

Գեներալը (միամիտ չլինենք) ազգային վերազարթոնքի և շատ այլ արարչական գործընթացների առաջնադիրքում է: Եթե սահմանամերձ անտառաշատ սարը մի օր հանկարծ «սափրվում է», ապա գործում խառն է գեներալի մատնեմատը: Զորավո՜ր է զորավարի մատնեմատը:
Օրերս Սևանում էի: Ցավը սրտումս նկատեցի, որ լճափնյա գեներալական շատ դղյակների ապագան մթագնած է, լճի ջրերը բարձրանում ու սպառնում են դղյակահիմքերը սասանել: Սակայն շուտով սփոփվեցի, անսասան են լճից դեպի հյուսիս դիրքեր փորող գյուղացիներն ու 50 մետրը մեկ դիրքավորված զինվորները:
Մի խոսքով, գեներալի մատնեմատը կոշտուկավոր բթամատ է: Այս կոշտուկն է այս վեհ դասի ներաշխարհի... զանգակատունը:
Իսկ ես սրտիս մեջ իմ արորդի գեներալն ունեմ: Անունը՝ Արմենակ: Ազգանունը՝ ՈՒրֆանյան: Զինվորական կոչումը՝ կապիտան: Ես նրան եմ ապավինում:

ԴԱՏԱՎՃԻՌ
Պարոնայք գեներալներ և գեներալիկներ, հողմաղացը անողոք է, նրա յուրաքանչյուր պտույտն էլ դաժան հիշեցում է: Չէ՞ որ տակավին երիտասարդ այր, դուք և՛ արյուն եք թափել, և՛ ընկեր եք թաղել, և՛ շարքային զինվորի հետ մի կտոր հաց եք կիսել: ՈՒ հենց այսօր մեկնեք դիրքեր: Դիրքերում ինչ-որ բա՞ն է փոխվել: Ձեզ մնում է ոտքից գլուխ վերափոխվել: Այսինքն՝ հագնել ֆիդայական հին զգեստը և սկսել կյանքը Ա կետից: Ամենայն բարիք:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ