Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Սուբստանցիոնալ փախո՞ւստ, թե՞ համապարփակ լուծում

Սուբստանցիոնալ փախո՞ւստ, թե՞ համապարփակ լուծում
20.05.2016 | 01:04

Հին հունական դիցարանն ունի պատերազմի, բայց ոչ խաղաղության աստված: Արեսը պատերազմի ու ռազմարվեստի ահեղ աստվածն էր, անգամ Աթենասը, որ պատկերվում էր ձիթենու ճյուղը ձեռքին ու իմաստուն բուի հետ, իմաստնության ու հաղթական պատերազմի աստվածուհին էր: Ինչո՞ւ հնագույն քաղաքակրթությունը չէր գնահատում խաղաղությունը: Ինչո՞ւ մարդկությունը շարունակեց հենց այդ ավանդույթները: Եվ անգամ Պաբլո Պիկասոյի պատկերած խաղաղության աղավնին՝ ձիթենու ճյուղը կտուցին, գիշատիչ թռչուն է:

Մենք ապրեցինք բուռն երկուշաբթի ու տեղեկատվական բում՝ հաջորդ օրը: Վիեննան հաստատվեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման քարտեզին: ՈՒ ի՞նչ եղավ Վիեննայում: Տասնյակ հայտարարություններ ապրիլի 16-ից մինչև այսօր, որ նախորդեցին ու հաջորդեցին մեկ գլխավոր հանդիպման՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների: Արդյունքի երաշխավորվածության նկատառումով՝ Ջոն Քերիի, Ջեյմս ՈՒոռլիքի, Սերգեյ Լավրովի, Իգոր Պոպովի, Արլեմ Դեզիրի, Պիեռ Անդրիոյի, Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի, Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Մինչ այդ՝ նախագահների հանդիպումները Ֆեդերիկա Մոգերինիի ու Ջոն Քերիի հետ (նկատեցի՞ք, որ Լավրովի հետ հանդիպում չեղավ), որոնց ընթացքում էլ պարզվում էր՝ կհանդիպե՞ն Սարգսյանն ու Ալիևը (պաշտոնապես նրանց հանդիպման տեղեկատվություն չկար, թեև պարզ էր, որ հանդիպելու են):

Ո՞րն էր արդյունքը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները վերահաստատել են՝ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»: Միջնորդները պնդել են 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերի պահպանման կարևորությունը: Երեք նախարարները հայտարարել են. «Նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը»: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը զգալիորեն ընդլայնելու շուրջ և պայմանավորվել են շարունակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց տվյալների փոխանակումը: «Նախագահները համաձայնեցին հաջորդ հանդիպման հարցում, որն անցկացվելու է հունիսին` կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում` նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ»:


Փորձենք հասկանալ՝ ո՞րն է ռեալ արդյունքը:


1. Հրապարակված որևէ տեղեկատվության մեջ չգնահատվեց ապրիլյան քառօրյա պատերազմը և հստակ չսահմանվեց, որ դա Ադրբեջանի ագրեսիան էր ԼՂՀ-ի դեմ: Չեղան հասցեական հայտարարություններ:
2. Ստեփանակերտը որևէ մակարդակով ներկայացված չէր Վիեննայում, մինչդեռ ընդունված որոշումները կատարողն է լինելու:
3. Պայմանավորվածությունները հաստատող որևէ փաստաթուղթ չստորագրվեց, ինչը վտանգում է պայմանավորվածությունների կատարումը:
4. Հրապարակված տեղեկատվությունից հասկանալի չէ՝ ի՞նչ է նշանակում «ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմ»: Տեխնիկա՞, մարդի՞կ, ովքե՞ր են ստացված տվյալները գնահատելու, ովքե՞ր են տեղակայելու: Գերմանիա՞ն՝ իբրև ԵԱՀԿ նախագահող երկիր, Ֆրանսիա՞ն, թե՞ ԱՄՆ-ը, Ռուսաստա՞նը: Համատե՞ղ:
5. Ի՞նչ է հետևելու հրադադարի խախտմանը: Լինելո՞ւ են պատժամիջոցներ, թե՞ սոսկ արձանագրելու են ու սպասեն հաջորդ խախտմանը:

6. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները վերահաստատել են՝ «հակամարտությունը չունի ռազմական լուծում», և միջնորդները պնդել են 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերի պահպանման կարևորությունը՝ ի՞նչ սահմաններում: Մինչապրիլյա՞ն, թե՞ ներկա: Քննարկվե՞լ է այս հարցը:
7. Կա՞ն երաշխիքներ, որ Բաքուն չի հրաժարվելու պայմանավորվածություններից: Ի՞նչ է այդ դեպքում լինելու:


Մայիսի 18-ին ANS-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու առնչությամբ ասաց. «Անջեյ Կասպրշիկի լիազորություններում զգալի փոփոխություններ չեն կարող լինել: Դա Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այդ առիթով պարտավորություն չենք ստանձնել»: Իսկ ի՞նչ են ասելու ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի մասին: Որ չե՞ն լսել, չե՞ն տեսել, չգիտեն՝ ո՞վ է: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաստատել է՝ երկու երկրների նախագահները պարտավորվել են հարգել հրադադարը, ջանքեր գործադրել փոխադարձ վստահության հաստատման համար, հունիսին վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը համապարփակ լուծում գտնելու համար: «Նրանք դրսևորեցին քաղաքական կամք` ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու ու տարածաշրջանի ողջ բնակչության համար օգտակար քայլերի դիմելու համար: ԱՄՆ-ը պատրաստակամ է աջակցել կողմերին: Սա շատ դրական հանդիպում էր ու ճիշտ ուղղությամբ քայլ: Այժմ բոլորը պետք է ջանասիրաբար աշխատեն` իրենց ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար»,- ասել է Քիրբին: Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը հայտարարել է. «Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները, ինչը թույլ է տվել վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն ապրիլի 2-5-ի արյունալի բախումներից հետո»: Նա ևս նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ընթացքում պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, հայտարարել են հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառության մասին, համաձայնել են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը ոգեշնչված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպմամբ՝ Trend-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը. «Երկու նախագահներն էլ պարտավորվել են պահպանել հրադադարի համաձայնագիրը, ակտիվացնել վստահության ամրապնդման կարևոր միջոցները, որ կարող է հանգեցնել համապարփակ կարգավորման»: Հայտարարություն հայտարարության վրա է անում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը. «Ինձ ոգեշնչում է հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմության մասին երկու նախագահների հավաստումը, հունիսին բանակցությունների նոր փուլ սկսելու նրանց պատրաստակամությունը: Գերմանիան, որպես 2016-ին ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, ամբողջությամբ սատարում է համանախագահների հետ աշխատանքը: Մենք նաև աշխատանք կտանենք անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ»:


Իսկ Ռուսաստա՞նը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Վիեննայի հանդիպումում «զուսպ լավատեսության հիմք է» տեսել։ Իսկ ՌԴ նախագահը հարցին անդրադարձավ Անվտանգության խորհրդի նիստում, որից հետո ի հայտ եկավ Մամեդովի՝ Վիեննայի պայմանավորվածությունները հերքող հայտարարությունը: ՌԴ արտգործնախարարն էլ, մինչ գործընկերները ոգևորված էին, սթափ արձանագրում էր. «Մենք նպատակաուղղված ենք գործը ավարտին հասցնելու և շարժվելու առաջ դեպի հակամարտության լիակատար կարգավորում: Թերևս, հաշվի առնելով կողմերի միջև իրավիճակի լարվածությունը, հարկ կլինի դա անել փուլ առ փուլ: Կարգավորման առաջին փուլի համաձայնեցման հնարավորությունները կան՝ ձևակերպվել են Ռուսաստանի միջնորդությամբ, որը գործել է համանախագահների ընդհանուր մոտեցումների շրջանակներում և ստացել է մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների աջակցությունը: Մենք հիմքեր ունենք կարծելու, որ հայկական և ադրբեջանական կողմերը տրամադրված կլինեն ձևակերպելու փոխզիջումը, իսկ մենք ամեն կերպ կաջակցենք»:

Այսինքն, շրջանը պտտվելու է ու վերադառնալու ելակետ, որտեղ կազանյան սկզբունքներն են՝ տարածք-կարգավիճակ-հանրաքվե եռանկյունում, որտեղ առաջին կետում տարածքն է, երկրորդ, երրորդը կարող են տեղափոխվել: Ոչ միայն քառօրյա պատերազմը, անցած տարիները ակնհայտ են դարձրել, որ այլևս այդ սկզբունքները չեն կարող կոնֆլիկտ կարգավորել, որ Իլհամ Ալիևի ոչ մի խոսք, ստորագրություն, միջնորդների ու միջազգային քաղաքական էլիտայի ներկայություն երաշխիք չեն, որ պայմանավորվածությունները կկատարվեն: Բաքուն կոնֆլիկտը հանգեցնում է տարածքի հարցի, Երևանն ու Ստեփանակերտը՝ կարգավիճակի: Բաքուն պատրաստ չէ կարգավիճակի հարց քննարկել, բայց պատրաստ է նորից կրակել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ինչ անելը քննարկելու և այլընտրանքներ որոնելու փոխարեն Երևանն այս օրերին թվաբանական հաշվարկների մեջ է՝ ինչպե՞ս 200-300 քառակուսի մետրը դարձավ 800 հեկտար: Ո՞րն է կարևոր՝ մեկ զինվորի կյա՞նքը, թե՞ մեկ քառակուսի մետր հողը: ՈՒ ի՞նչն է խանգարում վերջապես ասել, որ մեկ քառակուսի մետր հողը և մյուս մետրերը (հեկտարները) հետ բերելը կանխեց ոչ թե ևս մեկ ¥մի քանի¤ զինվոր կորցնելու մտահոգությունը, այլ Մոսկվան: Որ Մոսկվան ոչ միայն իբրև ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, չկանխեց Բաքվի ագրեսիան, այլև չորս օր ժամանակ տվեց իր ցանկացած հարցերը լուծելու, իսկ հետո ստիպված էր միջամտել ու կանգնեցնել պատերազմը, որովհետև հայկական բանակը գետնով տվեց նրա՝ Բաքվին տված խոսքը: Որ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները նույնքան ու ավելի սպասեցին, որ Երևանում ու Ստեփանակերտում հասկանան՝ ո՞վ՝ ո՞վ է ու ով՝ ինչ է անում, և հետո միայն ասպարեզ եկան՝ Մոսկվային, ինչպես ռուսական լրատվամիջոցներն են գրում՝ «զրկելով ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման նախաձեռնությունից» և առաջարկելով հրադադարի նոր պայմանագիր: Հի՞մքը: 1994-ի պայմանագիրը չի պահպանվում մասնավորապես՝ խաղաղապահների տեղակայման մասով: Ի՞նչ է անում Ադրբեջանը: Առաջարկում է սուբստանցիոնալ բանակցություններ, որոնք կապված չեն սկզբունքների և հայտարարությունների հետ, այլ կոնկրետ են և իբրև առաջին կետ, ինչպես ենթադրում եք, ունեն «հայկական զինված ուժերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքից»: Բաքուն հույս ունի, որ այդ առաջարկը պիտի ձևակերպվի իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություն: Սուբստանցիոնալ բանակցությունների գաղափարը Ալիևի պատասխանն է Վիեննային, թեև բնավ էլ նոր չէ, նորից, դարձյալ, վերստին ու կրկին է: Եթե Արևմուտքը համապարփակ լուծման կողմնակից է, Ռուսաստանը, առերես համաձայնություն տալով, փորձում է վերադարձնել նախաձեռնությունը՝ բնականաբար, Բաքվի միջոցով: Երևանն ի՞նչ է անում: Երկուշաբթի մերժեց ԱԺ օրակարգում ԼՂՀ ճանաչման օրինագիծը ներառել: Ստեփանակերտը համամիտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշմանը, որ բացառում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելը, պնդում 1994 թ. և 1995 թ. հրադադարի համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը և հայտարարում է. «Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները եռակողմ ձևաչափով»։ ՈՒ այս ամենից ելնելով՝ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Հայաստանի պատմության մեջ չի մտնի իբրև հող հանձնած նախագահ, բայց պարտավոր է դառնալ վարչապետ՝ ո՞վ կարող է բանակցել ԼՂ հարցով, եթե ոչ նա, որ Ալիևի հետ արդեն 20 անգամ հանդիպել է: Խաղաղության աստված աշխարհն այդպես էլ չունեցավ, և անգամ Պաբլո Պիկասոյի պատկերած խաղաղության աղավնին՝ ձիթենու ճյուղը կտուցին, գիշատիչ թռչուն է:

Դիտվել է՝ 1982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ