ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Էրդողանը ձգտում է անսահմանափակ իշխանության

Էրդողանը ձգտում է անսահմանափակ իշխանության
14.05.2016 | 08:51

Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անցյալ շաբաթ վռնդեց վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ում ինքն էր շատ բծախնդիր ընտրել: Ակներևաբար՝ նա իր համար ճանապարհ է բացում դեպի անսահմանափակ միանձնյա կառավարում, որին ձգտում է երկու տարի, երբ վարչապետի պաշտոնը փոխեց նախագահի պաշտոնով՝ գրում է Դևիդ Գարդները Financial Times-ում:

Ողջամտությունը հուշում է, որ Էրդողանն իրեն շրջապատում է հավատարիմ մարդկանցով: Բայց նա, ում վտարեց, հենց հավատարիմ էր: Նա լրացրեց նախագահի նախկին մերձավորների երկար ցուցակը, որ վերջին երկու տարում վտարվել են տևական զտումների հետևանքով՝ դա դառնում է ստանդարտ քաղաքական գործընթաց:
Վերջին ժամանակներս նախագահի ու վարչապետի միջև բազում տարաձայնություններ են ծագել՝ Կենտրոնական բանկի անկախության հարցը, քուրդ ապստամբների հետ բանակցությունները, լրագրողների ու գիտնականների ձերբակալությունները, ԵՄ-ի հետ Դավութօղլուի կնքած միգրացիոն գործարքը: Սակայն բոլոր պատճառներին գերակայում է մեկը, որի մասին մի քանի շաբաթ խոսում է «էրդողանականների» խմբակցությունը, որ դուրս է մղում հավատարիմների հին գվարդիային՝ Էրդողանը շարժվում է դեպի գործադիր նախագահական ամենազորության և կողքին այլևս տեղ չկա մրցակից ուժի կենտրոնի, նույնիսկ ամենաերերուն: Հատկանշական է, որ Էրդողանի նախկին ընկերները հեռացան գործանականում լուռ, նույնիսկ փառաբանելով իրենց առաջնորդին:

Զարմանալի չէ, որ նա խրամատավորվելով նորօսմանական ոճով իր դղյակում, որ չորս անգամ գերազանցում է Վերսալի տարածքը, սեփական կամքով կտրված է քննադատական տեղեկատվության նվազագույն հոսքից կամ հետադարձ կապից, և չի զգում սահմաններ իր իշխանության առաջ: ԱԶԿ-ի բարոնները, ինչպես Էրդողանի նախկին տեղակալ Հուսեյն Չելիկը, բողոքում էին, որ իրենց նախորդած քեմալական էլիտան երկրում իրեն տիրոջ պես էր պահում՝ ընտրված խորհրդարանի հետ վերաբերվելով ինչպես իր բնակարանի վարձակալների, որոնց երբ ուզի՝ կվտարի: Հիմա, երբ նախագահ Էրդողանն է իրեն պահում իբրև երկրի տեր, ասես Թուրքիան իր վոտչինան է, նրանք այլևս ասելիք չունեն:


Դևիդ ԳԱՐԴՆԵՐ, Financial Times
Հ.Գ. Փաստորեն, Արևմուտքը դեռ չի հասկանում, որ Էրդողանը պատրաստվում է իրեն այդպես պահել ոչ միայն Թուրքիայում, որը իր վոտչինան է, եթե թուրքերը այդպես են ուզում, այլ՝ հենց Արևմուտքի: Թե՞ հասկանում է: Թուրքիայի քաղաքացիների վիզաների ազատականացման գործընթացի կանգառը, որի պատճառն անվանվում է ԵՄ չափանիշներին չբավարարելը, մասնավորապես Էրդողանի հրաժարվելը օրենսդրության ներդաշնակեցումից՝ հակաահաբեկչական օրենքը փոխելուց, իրականում Արևմուտքի պատասխանն է երկրի առաջին դեմքին հեռացնելուն: Խորհրդարանական Թուրքիայի ղեկավարը վարչապետն էր և Արևմուտքը հանգիստ հարաբերվում էր Ահմեդ Դավութօղլուիի հետ՝ գերադասելով հաշվի չառնել, որ նա Թուրքիայի առաջին դեմքն էր ըստ Սահմանադրության, իրական առաջին դեմքը արարողակարգային իրավասություններ ունեցող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է: Ահա և Էրդողանը վերականգնեց «արդարությունը», հիմա նա կնշանակի տեխնիկական վարչապետ՝ մինչև Սահմանադրությունը փոխելը և երկիրը նախագահական դարձնելը, որտեղ ինքը կմնա ցկյանս նախագահ: Արևելքում այդպես է ընդունված: Արևմուտքի «պատասխանը», իհարկե, հանուն Դավութօղլուի պայծառ անձի չէ, ոչ էլ ի պաշտպանություն նրա, այլ թույլ, դեռ չձևակերպված դիմադրություն է Էրդողանի միապետությանը: Այս ընթացքով՝ Բրյուսելն ինքն իրեն շուտով կհարցնի՝ իսկ ի՞նչ տարբերություն Էրդողանի ու Ասադի միջև:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ