Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ադրբեջանի ու Հայաստանի կոնֆլիկտի պատային վերջաբանը քիչ հավանական է

Ադրբեջանի ու Հայաստանի կոնֆլիկտի պատային վերջաբանը քիչ հավանական է
07.05.2016 | 11:44

Մեծ քաղաքականությունը հաճախ են համեմատում շախմատի հետ: Եթե խոսքը կոնֆլիկտային իրավիճակի մասին է, ինչպես ղարաբաղյան կարգավորման գոխընթացը, որ 20 տարուց ավելի է ձգվում, ակնհայտ է, որ իրավիճակն այդ ուղղությամբ քաղաքական-դիվանագիտական տեսակետից գնահատվում է իբրև պատային: Ակնհայտ է, որ գլխավոր խաղացողների՝ Ադրբեջանի ու Հայաստանի, ներկա իրավիճակում միակ նպատակը միմյանց մատ հայտարարելն է: Վարպետները գիտեն, որ դա տարբեր միջոցներով է հնարավոր անել, բայց հակառակորդի արքան և հարձակվող խաղացողի ֆիգուրներից մեկը պիտի որոշակի դիրքերում լինեն: Հասկանալի է, որ արքայից ու մատ հայտարարող ֆիգուրից բացի, կարևոր է մյուս ֆիգուրների դասավորությունը: Պարտիայի հեռանկարը հասկանալ հնարավոր է՝ ելնելով խաղատախտակին ֆիգուրների նպատակային դասավորությունից: Ունենալով նման գնահատական՝ մենք կարող ենք կառուցել իրադարձությունները, որ տեղի են ունենում «ղարաբաղյան շախմատային խաղատախտակին»: Ղարաբաղում ապրիլի 2-5-ի պատերազմից հետո Երևանը քայլ արեց՝ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ կքննարկի ԼՂՀ-ի ճանաչման մասին օրինագիծ: Նախաձեռնությունը պատկանում էր ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և ՀԱԿ-ի պատգամավոր Հրանտ Բագրատյանին: Այս ակցիան հենվում է պատմական անալոգիաների վրա: 2008-ի օգոստոսին Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի ագրեսիայից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Դա վրացական մատ էր: Այս դեպքում Երևանի գործողությոնները բազմաքայլ իմաստ ունեն: Առաջին՝ Երևանը այդպիսով Ադրբեջանի գործողությունները որակեց ագրեսիա: Երկրորդ՝ Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ԼՂՀ ճանաչման օրինագիծը կընդունվի Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիայի դեպքում: Երրորդ՝ Երևանը հասկանում է, որ իր առաջարկած իրադարձությունների ընթացքը կարող է փլուզել բանակցային ողջ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ պատճառով Երևանը որոշակի աստիճանով առաջարկեց Բաքվին «ֆիգուրի զոհաբերության» մանևր, քանի որ Բաքուն ինքն էր հարձակվում ու վարկաբեկում Մինսկի խմբին: Չորրորդ՝ Երևանի քայլը Բաքվին ստիպեց հայտարարել բանակցային գործընթացը շարունակելու անհրաժեշտության կամ նրա ձախողման մասին: Ինչպես ենթադրվում էր՝ Բաքուն արձագանքեց: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը աբստրակտ մեղադրեց Հայաստանին «բանակցային գործընթացը կործանելու, ստատուս քվոն պահպանելու» ձգտման մեջ, որ՝ «հայկական կողմը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իր համար միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, բանակցային գորխընթացը ոչինչ չարժեն»: Այնուհանդերձ, Մամեդովը ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչ էր անում «անպայման վերաբերմունք արտահայտել այդ հարցի նկատմամբ»: Համանման հայտարարությամբ հանդես եկան Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը և բաքվեցի այլ քաղաքական գործիչներ: Շախմատում արքայի և նավակի (ԵԱՀԿ ՄԽ) տեղափոխությունը կոչվում է փոխանակում: Ադրբեջանը այլ դաշտ (ԵԱՀԿ ՄԽ) անցնելու մանևր է իրականացնում: Փոխանակումը համարվում է արքայի քայլ (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև), այլ ոչ թե նավակի (ԵԱՀԿ ՄԽ): Իրականում այդպես էլ կա:


Հետևում է ևս մեկ քայլ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայով նորություններին՝ դա Հայաստանը չի քննարկում: Դա խորհրդարանի երկու պատգամավորի առաջարկ է: Եվ Հայաստանի կառավարությունը իրենց օրենքներով, ինչպես իրենք են բացատրում բոլորին, կրքերը հանդարտեցնելով, պետք է օրինագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնի: Ես տագնապի կոչնակ չէի հնչեցնի և խուճապի չէի մատնվի»: Պարզ է, որ խուճապի մեջ Մոսկվան, Փարիզը, Վաշինգտոնը և, իհարկե, Երևանը չեն, այլ՝ Բաքուն: Լավրովը սահմանում է բանակցությունների օրակարգը՝ «Ներկա պահին գլխավոր խնդիրը հրադադարի ցանկացած խախտումների կասեցումն է, նոր զոհերից խուսափելը և հրադադարի պահպանման գործուն մեխանիզմների մշակումը», որ «պահանջում է մեծ ուշադրություն» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և, իհարկե, կոնֆլիկտի կողմերի: Լավրովը, խոսելով հրադադարի ցանկացած խախտում կասեցնելու անհրաժեշտության մասին, նոր զոհերից խուսափելու մասին, հիշեցրեց, որ դրա տակ «ստորագրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մի հինգ տարի առաջ, երբ այն ժամանակվա մեր նախագահ Դմիտրի Մեդվեդևը, նրանց հավաքել էր»: «Նրանք կողմ էին միջադեպերի հետաքննության, վստահության ամրապնդման մեխանիզմի ստեղծմանը: Առաջարկեցին ԵԱՀԿ-ին դրանով զբաղվել և ԵԱՀԿ ներկայացուցիչները այդ ծրագրի մի քանի տարբերակներ ներկայացրին,-ճշտեց ՌԴ ԱԳ նախարարը:- Բայց, ցավոք, այդ փուլում 2012-ին գործն առաջ չգնաց: Հիմա մենք ուզում ենք, որ կողմերը դրան վերադառնան, ԵԱՀԿ գերմանական նախագահությունն ուզում է ակտիվություն դրսևորել, և մենք խրախուսում ենք այդ ցանկությունը»:


Եթե այս թեզիսները թարգմանենք շախմատային լեզվի, փոխանակումից հետո կատարվում է էնդշպիլային մանևր՝ դիրքի ծրագրված ուժեղացումով: Հարձակումը շարունակվում է, հարձակման գործընթացը ենթադրում է փոխանակումներ: Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարեց. «Մենք կիսում ենք և խրախուսում ենք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տեսակետը, որ պետք չէ խուճապի մատնվել Լեռնային Ղարաբաղի անօրինական ռեժիմը ճանաչելու երկու պատգամավորների նախաձեռնության առիթով»: Նա նաև ճշտեց, որ «հայտնի է կոնֆլիկտի լուծման ճանապարհային քարտեզը»:


Անկեղծ ասած՝ «ճանապարհային քարտեզի» մի քանի տարբերակներ են հայտնի: Եթե Հաջիևը նկատի ունի Կազանում, 2011-ի ամռանը ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկածը, որի մասին հիշեցնում է նաև Լավրովը, այդ տարերակի հիմքում այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներն» են, որ ենթադրում են հրաժարում ուժի կիրառումից, զորքերի դուրս բերում այսպես կոչված «անվտանգության գոտուց» (ԼՂՀ տարածքին կից), այնտեղ խաղաղարար ուժերի տեղակայում և Ղարաբաղի կարգավիճակի որոշում հանրաքվեում: Վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg-ին հարցազրույցում ասում էր, որ «Կազանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունների ժամանակ հայկական կողմը համաձայնել էր զորքերը դուրս բերել 5 շրջաններից՝ տարածաշրջանում խաղաղապահների հետագա տեղակայումով», «բայց ադրբեջանական կողմը նոր պայմաններ առաջադրեց»: Ստացվում է՝ հիմա Բաքուն, որ հայտարարում է, թե ապրիլի 2−5 –ի պատերազմում Ղարաբաղում «ջախջախիչ հաղթանակ» է տարել, վերադառնում է Կազանի սցենարին: Ուրեմն՝ ինչի՞ համար էին պատերազմում:


Առաջին՝ Բաքուն բացառում է Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին: Երկրորդ՝ Վիշեգորոդյան խմբի և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ «կոնֆլիկտի կարգավոումը պետք է կատարվի ՄԱԿ-ի հայտնի չորս բանաձևերի հիման վրա» (որ չկա Կազանի «ճանապարհային քարտեզում») և «Ադրբեջանը զիջումների չի գնա իր տարածքային ամբողջականության հարցում»: Դա «ճանապարհային քարտեզի» գործողության մեջ դնելու հարցին հեռավոր ու մշուշոտ հեռանկար է տալիս:
Շախմատային լեզվի թարգմանած՝ դա նշանակում է, որ Ադրբեջանը այս փուլում «ղարաբաղյան պարտիան» ձգտում է պատային իրավիճակում ավարտել: Բայց որպես կանոն, պատային վիճակը ծագում է շախմատային պարտիայի այն փուլերում, երբ խաղատախտակին քիչ ֆիգուրներ են մնացել և արգելափակված են: Բայց ցանկանալը բնավ չի նշանակում նպատակին հասնել: Բաքվի առաջ իրադարձությունների ընթացքը ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության օրոք առավել բարդ պրոբլեմներ է դնելու՝ առավել խոր մտքով ու մտահղացումով, որպեսզի քաղաքական շախմատը նարդիով չփոխարինի, որտեղ բախտը բերելն է կարևոր: Երկար չենք սպասի:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Շեշտակի ավարտ է, չէ՞՝ պարտիան ավարտվում է շախմատիստի փոփոխությամբ՝ խաղի մեջ է մտնում ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան, իսկ Բեռլինի նախագահությունը սկսվել է հունվարին և տևելու է վեց ամիս, բայց ու՞մ փոխարեն և ու՞մ կողմից: Բայց հարցեր հարցը դա չէ՝ ինչու՞ Լավրովը իր ողջ դիվանագիտական պերճախոսությամբ, որ ներառում էր հիշողությունը, ասպարեզ եկավ՝ հանգստացնելու Ադրբեջանին: Նրան մտահոգում է միայն Բաքու՞ն, որ հանկարծ մի մազ չճերմակի Ալիևի իմաստուն գլխի՞ն: Իսկապե՞ս անակնկալ էր Մոսկվայի համար ՀՀ կառավարության նիստում ԼՂՀ ճանաչման օրինագիծը: Թե՞ անակնկալ էր, որ Երևանը, այնուամենայնիվ, կարող է անել նման քայլ, որ բխում է ստեղծված իրավիճակից, բայց չի բխում Մոսկվայի շահերից: Իվերջո, թե Բաքուն, թե Մոսկվան միշտ էլ Հայաստանի հետ նարդի են ՛՛խաղացել՛՛, բայց զառ պահելով ու մեղմ ասած՝ դաղալությամբ, որ բոլոր իրավունքները տալիս է համարժեք վարքագծի: Իսկ պատային վերջաբանը պետք է Մոսկվային, որ շարունակի զենք վաճառել Ադրբեջանին, և հայտարարի, եթե ինքը չանի, ԱՄՆ է մտնելու այդ շուկա, թեպետ ԱՄՆ-ը և ԵՄ-ն զենքի վաճառքի հարցը լուծում են ոչ թե նախագահի, այլ՝ խորհրդարանների մակարդակով և կոնֆլիկտի կողմերին առայսօր զենք չեն վաճառել, և կաշկանդի Հայաստանին զենք չմատակարարելով ու քաղաքական կապերով՝ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի պես կառույցներում, որոնց օգտակար գործողության գործակիցն աշխատում է միայն Ռուսաստանի, բայց բնավ Հայաստանի համար: Պատային իրավիճակի հեղինակը փաստացի Մոսկվան է, որ չի ուզում կորցնել Անդրկովկասը ՆԱՏՕ-ի արդեն անզսպելի շրջափակման մեջ և կառավարելի քաոսի ռազմավարությունը, որի համար ԱՄՆ-ին այդքան դատափետում էր արաբական աշխարհում, հիմա ինքն է կիրառում, նույն պայմանով՝ կառավարիչն ինքն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ