Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պատերազմական գործոնը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ ներքաղաքական ուժերի ապագա դասավորության վրա

Պատերազմական գործոնը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ ներքաղաքական ուժերի ապագա դասավորության վրա
06.05.2016 | 08:31

Որքան էլ իշխանական շրջանակներն ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո չեն փորձում ծագած հասարակական լրջագույն հուզումներին վերահսկելի ընթացք հաղորդել` վերադարձնելով երկրի ներքաղաքական և հասարակական կյանքը մինչպատերազմյան ստանդարտներին, այնուհանդերձ, պատերազմի գործոնի ազդեցությունը շարունակում է զգացվել: Պարզապես դժվար է թաքցնել, որ քառօրյա պատերազմը վեր հանեց հասարակական լուրջ դժգոհությունների ալիք, որոնք իրենց արտահայտությունն են գտնում հասարակական և քաղաքական անցուդարձի բոլոր ասպարեզներում` սկսած խոհանոցային խոսակցություններից, վերջացրած շատ դեպքերում իրենց մակարդակով այդ խոսակցություններից չտարբերվող բանավեճերով:

Անկասկած, մարտական գործողությունների ժամանակ ընդհանուր նպատակի շուրջ մոբիլիզացված հասարակությունն այժմ իշխանությունից, արդարացիորեն և վճռական, առաջացած հարցերի պատասխաններն է պահանջում: Ընդ որում, հասարակության կոնսոլիդացված այդ հատվածը չի պատրաստվում սահմանափակվելու հերթական անգամ զուտ բացատրություններ լսելով, թե ինչու այսպես եղավ, այլ կոնկրետ մեղավորներին պատժելու պահանջ է դնում: Այս առումով, վերջին օրերին պաշտոններից ազատված բարձրաստիճան զինվորականների «զոհաբերությունը», կարծես, միտում ուներ նաև որոշ չափով դժգոհության «գոլորշի բաց թողնելու», քանի որ այդ գեներալների անունները և ղեկավարած ոլորտներն առավել հաճախ էին դառնում ամենասուր քննադատության թիրախ: Հետաքրքրական է, որ նրանցից ոմանք դեռևս վերջին պատերազմական գործողություններից առաջ էին մեղադրվում և, ինչպես պարզվեց, ոչ անհիմն, գրեթե սաբոտաժի մեջ:
Ինչևէ, ինչպես նշեցին որոշ լրատվամիջոցներ, դժվար թե ամեն ինչ վերջանա միայն այս երեք մեղավորներով, ավելի «խոշոր ձկների» պաշտոնանկ անելու և նույնիսկ պատասխանատվության ենթարկելու հարցն ընդամենը ժամանակի հարց է: Թեև այս առումով, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի «դանդաղ շտապելու» ավանդական վարքագիծը, լավատեսության հիմքերը խիստ կասկածելի են թվում:


Ամեն դեպքում, գուցե այս համատեքստում կարելի է դիտարկել նաև մինչ վերջերս անխորտակելի թվացող ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի պաշտոնանկությունը և պանամական օֆշորային հայտնի գործի շուրջ քրեական գործի հարուցումը: Իհարկե, այս գործի կապակցությամբ, ինչպես միշտ, տարբեր վարկածներ են շրջանառվում: Շատերի կարծիքով՝ սա պարզապես յուրահատուկ «դժբախտ պատահար է», և Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալը, ի դժբախտություն իրեն, ծագեց հենց այն ժամանակ, երբ բորբոքված հասարակությունն ուղղակի հարցեր էր ուղղում իշխանություններին, թե ուր են կորել սմերչների և այլ գերժամանակակից զինատեսակների փողերը: Մի խոսքով, եթե մինչ այդ, որպես կանոն, ԴԱՀԿ հայտնի պետը հայտնվում էր ճիշտ վայրում և ճիշտ ժամանակին, ապա այս անգամ հակառակն էր, նա հայտնվեց ոչ ճիշտ վայրում և ոչ ճիշտ ժամանակին և, որ ամենակարևորն է, ոչ այն ցուցակում: Միևնույն ժամանակ քաղաքական վերլուծաբաններից ոմանք ավելի շատ հակված են «պրոզաիկ» բացատրությունների. իշխանական թիմի անդամը պարզապես խախտել է թիմային խաղի կանոնները կամ, պատկերավոր ասած, միջիշխանական հարաբերությունների «ֆեյեր փլեյը»։


Ստեղծված պայմաններում չի բացառվում, որ արտաքին քաղաքական հնարավոր և սպասվող ճնշումներին դիմակայելու նպատակով հասարակական հենարան ապահովելու համար իշխանական վերնախավը զերծ չի մնա նաև քիչ թե շատ տեսանելի այլ զոհաբերություններից: Մյուս կողմից, վերջին օրերին իր շարունակությունն ունեցավ ապրիլյան պատերազմական օրերին ծագած Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև քաղաքական ֆլիրտը: Մասնավորապես, ՀՀ առաջին նախագահն այցելեց ԼՂՀ, որտեղ ընդգծված բարձր մակարդակի ընդունելության արժանացավ ԼՂՀ քաղաքական ամբողջ վերնախավի կողմից: Եվ ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին ասաց այն, ինչ նրանից ակնկալում էին լսել այսօրվա իշխանությունները, շեշտելով, որ վերջիններս Լեռնային Ղարաբաղի այսօրվա իրադարձությունների շուրջ ամեն ինչ ճիշտ են անում: Իհարկե, գործող և առաջին նախագահների այս ընդգծված միակարծությունը, մի կողմից՝ Արցախի շուրջ հասարակական ուղերձ է պարունակում, սակայն, մյուս կողմից, Տեր-Պետրոսյանի ներգրավվածությունը ղարաբաղյան բանակցային գործընթացներում նաև որոշակի մտահոգության առիթ հանդիսացավ քաղաքական և հասարակական որոշ շերտերի համար, քանի որ առայժմ պարզ չէ, թե ինչի վրա է հիմնված գործող և նախկին նախագահների համագործակցությունը, և ամենակարևորը՝ նշանակո՞ւմ է արդյոք, որ նրանց պատկերացումները Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհների շուրջ 1998 թվականի համեմատ այդ աստիճանի մոտեցել են: Եվ վերջապես, արդյոք Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը ապագայում կիսելո՞ւ են պատասխանատվությունը, այդ թվում նաև՝ հասարակության մոտ ոչ այնքան պոպուլյար լուծումների համար: Ամեն դեպքում, պարզ է, որ առաջին նախագահն այս գործընթացներով փորձում է վերականգնել ներքաղաքական գործոն լինելու իր կորցրած դիրքերը: Հավանաբար հեռու չեն ճշմարտությունից այն կանխատեսումները, որ այս ամենի արդյունքում բոլոր քաղաքական հաշվարկներից դուրս գրված ՀԱԿ-ը, որոշ պայմանավորվածությունների շրջանակներում, իր ապահովված տեղերը կունենա ապագա խորհրդարանում: Միևնույն ժամանակ, բնականաբար, որոշակի հեռանկարներ են բացվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի համար արտաքին ասպարեզում: Առնվազն աճում է նրա գործոնը՝ որպես հայաստանյան կողմի բանակցային ռազմավարության և մարտավարության վրա անմիջականորեն ներազդող գործչի և, ինչու ոչ, գուցե բանակցությունների «ոչ շարքային մասնակցի»:


ՈՒշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական դիրքավորումների և սակարկությունների ֆոնին։ Իհարկե, պարզ է, որ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում էին դեռևս սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից սկսած։ Նույնիսկ որոշակիորեն ուրվագծվեց ու փաստացի ստեղծվեց ապագա իշխանական կոալիցիան։ Սակայն պատերազմը, ինչպես միշտ, իր լուրջ, գուցե առայժմ չերևացող կարգավորումներն է մտցնում։ Եվ ամենագլխավորը՝ պատերազմը ևս մեկ անգամ ցցուն դարձրեց իրական և գործունյա ընդդիմության պակասի խնդիրը։ Դա առավել ակնառու դարձավ, երբ պատերազմից հետո ձևավորված բողոքական հասարակությունը հերթական անգամ ստիպված էր ապավինել իր ուժերին՝ «անտեր մնալով» քաղաքական դաշտում: ՈՒ թեպետ պատերազմն ու դրա հետևանքները զգալի ազդեցություն են թողնում քաղաքական գործընթացների վրա, ռեալ այլընտրանքի բացակայության պայմաններում դա կարծես բացարձակապես չի ազդում իշխանությունների՝ վերարտադրվելու վճռականության վրա։ Ընտրական օրենսգրքի քննարկումները դրա վառ ապացույցն էին։ Ամբողջ խնդիրն այն է, որ ռեալ, ուժեղ ընդդիմության բացակայության պարագայում ամեն ինչ փաստացի թողնված է իշխանության քմահաճույքին։


Բոլոր ուժերն այսօր զբաղված են քաղաքական պրոցեսները պատերազմի պրիզմայով դիտարկելու գործով։ Դա նկատելի է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության վարքագծում։ Մարգինալացված որոշ ընդդիմադիր ուժեր, որոնք որևէ իշխանական ձևաչափում այլևս չեն դիտարկվում, փորձում են պատերազմի վրա որոշակի դիվիդենդներ շահել։ Դրա ապացույցն էր վերջին խորհրդարանական քառօրյայում նոմինալ ընդդիմադիրների սուր պայքարը միմյանց միջև։ Հիշենք, թերևս, Նիկոլ Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի, Զարուհի Փոստանջյանի ելույթները և այդ ֆոնին՝ Վահրամ Բաղդասարյանի հեգնանքը՝ բա հիմա մենք ո՞նց ենք անելու, որպեսզի ձեզ բարիշացնենք, մեզ ախր ընդդիմություն է պետք։ Այս համայնապատկերում ընդդիմադիրները, որոնք իրենց համար լուրջ հեռանկարներ չեն տեսնում, ավելի ագրեսիվ ու արմատական են պահում։ Ընդդիմադիր այն ուժերը, որոնք որոշակի պայմանավորվածություններ ունեն իշխանությունների հետ ինչ-ինչ ձևաչափերի շուրջ, ավելի լոյալ են և հանդուրժող, փորձում են իրենց տեղն ապահովագրել համագործակցության ձևաչափերում։ Այս պարագայում բոլորովին էլ զարմանալի չէ դաշնակցության կեցվածքը, որը բավականին օրիգինալ առաջարկություններով է հանդես գալիս։ Նույն՝ կաշառք չվերցնելու շուրջ ջենթլմենական պայմանավորվածության առաջարկը ռոմանտիկայի ժանրից է։
Այնպես որ, քաղաքական գործընթացները շատ ավելի ակտիվորեն են ընթանում հենց պատերազմի ֆոնին, որը, շատ դեպքերում, կատալիզատոր դարձավ ապագա քաղաքական զարգացումների համար։


Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, ով Ղարաբաղի հարցով փորձում է վերակենդանանալ քաղաքական դաշտում, Ռոբերտ Քոչարյանը կարծես չի շտապում քայլեր անել, թեև որոշ հանգամանքներ ակնարկում են նրա չերևացող ներկայությունն այս գործընթացներում։ Բավականին ակտիվ են երկրորդ նախագահի վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցները, կադրերը և քաղաքական ռեսուրսները։ Պարզապես, շատերը նրա համար որևէ հեռանկար չեն տեսնում, քանի որ համարում են՝ Ռոբերտ Քոչարյանը չունի քաղաքական հենարան։ Նրա քաղաքական հենարան «Բարգավաճ Հայաստանը» մասնատված, թույլ վիճակում է, Դաշնակցությանը ճիշտ ժամանակին սկսեց տիրություն անել Սերժ Սարգսյանը։ Սակայն, այսուհանդերձ, եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկություն ունենա, ու եթե հանկարծ Մոսկվայում որոշեն դուրս գրել Սերժ Սարգսյանին, ապա չի բացառվում նաև, որ բազմաթիվ «եթե»-ների հանրագումարում Ռոբերտ Քոչարյանը վերադառնա։ Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանի հենարանը դառնա նույն հանրապետական կուսակցությունը։ Փաստ է, որ քաղաքական հենարանները Հայաստանում շատ փոփոխական են, և եթե աշխարհաքաղաքական քամիները փոխեն իրենց ուղղությունը, ապա հնարավոր են նույնիսկ առաջին հայացքից ամենաանկանխատեսելի սցենարները։ Այնպես որ, բավականին ակտիվ քաղաքական գործընթացներ են Հայաստանում։ Ճիշտ է, չի կարելի ասել, թե դրանք որակյալ են՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի և անձերի որակները։


Ակտիվ քաղաքական զարգացումներում պարբերաբար բարձրաձայնվում է տարածքների զիջման հարցը։ Թեև ավելի ուշ այդ հարցադրումները հերքվում են, դրանց շուրջ պարզաբանումներ են արվում, սակայն չի կարող պատահականություն լինել այն, որ տարածքներ զիջելու մասին հայտարարություններ արվում են ԱԺ փոխնախագահի մակարդակով։ «Բլումբերգին» տված հարցազրույցում նույնպես Սերժ Սարգսյանն ասել է, որ 2011-ին պատրաստ էին ԼՂՀ համապատասխան կարգավիճակի դիմաց զիջելու ազատագրված տարածքները։ Սա նորություն չէ, պարզապես հիմա ավելի բաց է խոսվում Մադրիդյան սկզբունքների կազանյան ճանապարհային քարտեզի մասին։ Հայաստանի իշխանական համակարգի դրվածքը, իշխանական քաղաքական գործիչների ոչ ինքնուրույն լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ տեղի է ունենում հասարակական կարծիքի որոշակի զոնդաժ՝ գուցե նաև արտաքին աշխարհին ինչ-ինչ բաներ հասկացնելու համար։ Նույն միջազգային հանրությանը ցույց է տրվում, որ հայ հասարակությունը դեմ է արցախյան տարածքների զիջմանը։


Ամեն դեպքում, թեև այս պահին իշխանության կողմից ներքին դաշտում իրավիճակը բավականին վերահսկելի է, այնուամենայնիվ, Արցախի հարցի շուրջ հնարավոր զարգացումները, մասնավորապես, իշխանությունների վրա սպասվող արտաքին ճնշումները, կարող են շատ կտրուկ փոփոխությունների, ներքաղաքական տրանսֆորմացիաների պատճառ դառնալ, թվացյալ ֆավորիտները՝ աութսայդերները և՝ հակառակը, մինչ այժմ քողարկված, թվացյալ պասիվ գործիչներն անսպասելիորեն կարող են մղվել առաջին պլան։ Արտաքին ազդեցությունների նկատմամբ ՀՀ իմունիտետը շատ ցածր է, ուստի պատերազմական գործոնը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ ներքաղաքական ուժերի ապագա դասավորության վրա։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3118

Մեկնաբանություններ