Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հայ ազգը մայիսին պետք է միայն հաղթի

Հայ ազգը մայիսին պետք է միայն հաղթի
06.05.2016 | 00:33

Թևակոխեցինք մայիս՝ մեր հաղթանակների ամիս: Մեր բախտն է այդպիսին, շատ բաներ մեզ հենց մայիսին է հաջողվում: Սկսած 1918-ից, եթե խոսելու լինենք նորագույն պատմության ժամանակների մասին: Շատ անգամ եմ հրապարակավ հարց տվել թե՛ ինձ, թե՛ մեր հասարակությանը. ինչո՞ւ է, ի վերջո, մայիսի 28-ը ևս, կարծես, փոքր-ինչ նեղ նշանակությամբ տեղ գտել Հայաստանի արդի պատմության մեջ: Սա պատմության անվի պտույտ է, ուրիշ ոչինչ: Մեկ անգամ ևս համառոտակի հիշեցնեմ այն մասին, թե ինչ նշանակություն ունեցավ 1918-ի մայիսը մեր ժողովրդի համար: ՍԱՐԴԱՐԱՊԱՏ... Սարդարապատի հաղթանակը համընդհանուր ոգևորություն առաջ բերեց, կտրուկ փոխեց թե՛ բանակի, թե՛ ժողովրդի տրամադրությունը: Պարտություն կրելով Սարդարապատի ճակատամարտում, թուրքերը թարմ ուժեր նետեցին Բաշ-Ապարանի ռազմաճակատ, նպատակ ունենալով հյուսիսից հարված հասցնել Երևանին: Երևանի զորախմբի հրամանատարությունը Բաշ-Ապարանի շրջան ուղարկեց վեցհազարանոց մի ջոկատ՝ գեներալ Դրաստամատ Կանայանի (Դրո) հրամանատարությամբ: Մայիսի 26-27-ի մարտերում Դրոյի ջոկատը ջախջախիչ հարված հասցրեց հակառակորդին: Թուրքական զորքերը հետ շպրտվեցին Բաշ-Ապարանից արևմուտք: Չորս օր շարունակվեցին մարտերը Ղարաքիլիսայի (Վանաձոր) համար, որը թուրքերը գրավեցին շոշափելի թվային գերակշռության շնորհիվ: Նրանց օգնեցին նաև Ղարաքիլիսայում գտնվող երեք հազար ռազմագերի ասկյարները: Թուրքերը գազանային հաշվեհարդար տեսան քաղաքի ու շրջակա գյուղերի հայ բնակչության հետ: Սակայն Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում հայերի ցուցաբերած ուժեղ դիմադրությունը թուրքերին ստիպեց դադարեցնելու առաջխաղացումը: Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի մոտ հայ ժողովրդի տարած մայիսյան հաղթանակները ձախողեցին Անդրկովկասի հայերին ոչնչացնելու թուրքերի մտադրությունը:

Մեր նախնիները այն ժամանակ փրկեցին մեզ՝ հայերի ներկա սերնդին: Բոլորս միասին մեկ անգամ ևս միտք անենք. հիմա մենք, ահա արդեն ավելի քան 20 տարի, Անկախության օրը նշում ենք սեպտեմբերի 21-ին: Բայց հայ ժողովրդի ճակատագրում իր պատմական նշանակությամբ համեմատելի՞ է, արդյոք, այդ ամսաթիվը 1918-ի մայիսի 28-ի հետ: Ո՛չ: Կշեռքի մի նժարին ռազմական հաղթանակն է Հայաստանի պատմական տարածքների 9/10 մասը զավթած դարավոր թշնամու նկատմամբ, մյուսին այդ ժամանակ արդեն փլուզված ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրն է միայն: Իհարկե, 1991 թ. սեպտեմբերի 23-ի հանրաքվեի արդյունքների հիման վրա էլ հենց հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունեց «Հայաստանի պետական անկախության մասին հռչակագիրը»: Չեմ վիճում, սա էլ տոն է: Բայց սա այն անկախությունը չէ, սա 1918-ի անկախությունը չէ, որը փրկեց ազգը և թույլ չտվեց, որ, ինչպես ասել է բրիտանացի պատմաբան Ք. ՈՒոլքերը, «Հայաստան բառը պահպանվի միայն իբրև աշխարհագրական տերմին»: ՈՒստի թե՛ պատմականորեն, թե՛ բարոյապես շատ ավելի արդարացի կլինի, եթե մենք վերստին Հայաստանի Հանրապետության Անկախության օրը նշեինք մայիսին և ոչ թե սեպտեմբերին:


Այնուհետև մեր կրկնակ տոնը՝ Մայիսի 9-ը: 1945-ի մայիսի 9-ը և 1992-ի մայիսի 9-ը: Նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը: Այն ո՞վ էր ասել և ասում, թե «դա մեր պատերազմը չէր»: ՈՒրեմն և «մեր հաղթանակը չէ՞ր»: Ո՞Ւր է հապա ձեր խիղճը: Հայաստանում հազար անգամ է գրվել, թե որքան զինվորներ ու սպաներ է տվել մեր ոչ ստվարաթիվ ժողովուրդը խորհրդային բանակին, որքան հայեր են ֆաշիզմի դեմ կռվել Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում ու Հարավսլավիայում: Ստիպված եմ մեկ անգամ էլ հիշեցնել. դա հենց մե՛ր պատերազմն էր, հետևաբար, դա մե՛ր հաղթանակն էր: 1941-ին ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ թուրքերը, ինչպես և ճապոնացիները, սպասում էին Ստալինգրադում Հիտլերի հաղթանակին, որպեսզի պատերազմի մեջ մտնեին որպես Գերմանիայի դաշնակից:

Այնպես որ, արևելյան ճակատում գերմանական զորքերի ցանկացած, անգամ տեղային, պարտություն, գերմանական ֆաշիզմի ջախջախմանը հայ ռազմիկների ցանկացած մասնակցություն ամեն շարքային հայի համար նշանակում էր նաև փրկություն նոր ազգային աղետից: Հանրահայտ է, որ, Բեռլին-Անկարա-Տոկիո առանցքի պլանների համաձայն, հենց Թուրքիան պետք է զավթեր Անդրկովկասը: Խորհրդային Հայաստանի հետ սահմանին այն ժամանակ կանգնած էր թուրքական 28 ընտիր դիվիզիա, որոնք սպասում էին Ստալինգրադի ճակատամարտի ելքին և պատրաստ էին ներխուժման: Առավել ևս ցավալի է, որ անցյալ տարի, երբ աշխարհը նշում էր Հաղթանակի 70-ամյակը, Հայաստանում որոշել էին «մի կողմ մնալ» «Անմահ զորագունդ» համաշխարհային ակտից: Ըստ երևույթին, մեր իշխանություններն ուզում են, որ հայերի գալիք սերունդներն էլ Հայրենական մեծ պատերազմն ընկալեն որպես «մեծ ամերիկացիների հաղթանակ»: Այն ամերիկացիների, ովքեր տակները լցրել էին ոչ միայն գերմանական զորքերի, այլև Ճապոնիայի ահից: Լավ է, որ գոնե այս տարի, ասում են, Հայաստանում, այնուամենայնիվ, կանցկացվի «Անմահ զորագունդ» ակցիան:


1992-ի մայիսի 9-ը: Վերջապես, ազատագրվեց մեր հնամյա Շուշին: Օրը դարձավ նաև ԼՂՀ-ի պաշտպանության բանակի կազմավորման փաստացի ամսաթիվը: Բազմիցս եմ գրել, հիմա էլ կրկնեմ. մեր հայրենակիցներն առանձնակի գուրգուրանքով են վերաբերվում Մայիսի 9-ին: Դա ոչ միայն հուշ է ադրբեջանցի ուլտրաազգայնամոլների դեմ մղված պատերազմի օրերի ու զոհերի մասին, որն իրեն դաժանորեն հիշել տվեց 2016-ի ապրիլի 2-5-ին, այլև, համոզված եմ, ամբողջ հայության հարգանքի տուրքն է Մեծ հայրենականի տարիներին խորհրդային զենքը փառքով պսակած և խորհրդային բանակի հրամկազմի բարձր մակարդակը հաստատած նշանավոր հայրենակիցների հիշատակին: Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ մարշալներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խուդյակովը (Խանփերյանց), Ագանովը, ծովակալ Իսակովը, օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ստեփանյանը (երկու անգամ բարձրագույն կոչման արժանացած ծովային վեց օդաչուների մեջ միակ հայը) և խորհրդային բանակի շատ ու շատ փառաբանված սպաներ ծնունդով արցախցի են: Համեմատության համար ասեմ, որ ամբողջ Միջին Ասիան, ամբողջ Անդրկովկասը ոչ մի մարտական մարշալ չեն տվել: 1992-ի մայիսի երկրորդ կողմը՝ Հայաստանից Արցախ Լաչինի մարդասիրական միջանցքի բացումը:

Երևի ոմանց համար սա այլևս հաղթանակ չէ: Եվ իզուր: Մեր ջահելներն ու փորձառու զինծառայողները, կյանքի գնով կասեցնելով ամերիկյան սադրանքը, որ 2016 թ. ապրիլին իրագործվեց ադրբեջանցի ասկյարների ու թուրք վարձկանների ձեռքով, ձեզ բոլորիդ, կարճ հիշողություն ունեցողներիդ, արագ հիշեցրին, թե ազգի համար ինչ են նշանակում 1992-ի մայիսի ռազմական հաղթանակները: Եվ կհիշեցնեն: Ոմանք ուզում են «միջազգային զորքերի տեղակայման» և «այս հողերը մերն են, իսկ, այ, նրանք մերը չեն» դատարկ խոսակցություններով «շոկային թերապիայի» ենթարկել մեր ազգին, ինչը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին, Թուրքիային և Ադրբեջանին: Չի ստացվի, տիկնայք և պարոնայք, ավելի շուտ դուք ձեր հոգին կավանդեք ծերությունից, քան նման բան տեղի կունենա:


Բայց շատ ավելի քիչ են հիշում և գրում մեր մեկ այլ մայիսյան հաղթանակի մասին. խոսքս 1994-ի մայիսի մասին է, երբ մայիսի 5-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի խորհրդարանի, ՌԴ Դաշնային ժողովի ու ԱԳՆ-ի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաքում ստորագրվեց Բիշքեկի հաշտության արձանագրությունը: Դա առաջին միջազգային փաստաթուղթն է՝ ինքնուրույն ստորագրված անկախ Արցախի կողմից՝ ի դեմս Արցախի գերագույն խորհրդի նախագահ Կարեն Բաբուրյանի։ Ըստ էության, այդ պահից էլ սկսվել է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը, որն ընդհատվեց 1997-ին և մինչև օրս մնում է «սառեցված»։ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, և նրանց խնամակալ ԱՄՆ-ը կարող են ճաքել կատաղությունից, բայց այն ժամանակ ստորագրելով Բիշքեկի հաշտության արձանագրությունը, թեկուզև «ուշացումով» (մայիսի 8-ին), հենց ինքը Ադրբեջանն է ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը։ Ավելին, քանի որ Բիշքեկի ամփոփիչ փաստաթուղթը ստորագրել են ոչ միայն Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը, այլև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վ. Շումեյկոն, վեհաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղարար խմբի ղեկավար Մ. Շերիմկուլովը (ղրղզական խորհրդարանի ղեկավարը) և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավար Մ. Կրուտովը, ապա փաստորեն ԱՊՀ մասնակից երկրների միջխորհրդարանական վեհաժողովն էլ է ընդունել Արցախի անկախությունը։


Կարող եմ հիշեցնել, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի «անունից» այն ժամանակ Բիշքեկի արձանագրությունն ստորագրել է նաև ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը։ Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ է ճանաչել Արցախը որպես անկախ հանրապետություն։ Ինչո՞ւ է կարևոր այս ամենը հատկապես 2016-ի մայիսին հիշեցնելը, և բոլորին։ Իհարկե, առաջին հերթին այս տարվա ապրիլի չորս ողբերգական օրերի պատճառով։ Չէ՞ որ այն ժամանակ՝ 1994-ին, նույնպես կատաղի մարտեր էին ընթանում (ըստ էության, 1993-ի դեկտեմբերից մինչև 1994-ի ապրիլի վերջը)։ Կրելով կենդանի ուժի և տեխնիկայի շատ մեծ կորուստներ, Ադրբեջանն ստիպված էր խաղաղություն և կրակի դադարեցում փնտրել։ Իսկ ի՞նչ է, մի՞թե 2016-ի ապրիլին ինչ-որ բան այնպես չի եղել, ինչպես 1994-ին։ Բաքվում արևմտյան երկրների դեսպանությունների տվյալներով, մեր թշնամիները տվել էին 2,5-3 հազար սպանված, էլ չենք խոսում վիրավորների մասին։ Եվ հենց Բիշքեկի արձանագրությունից հետո ԼՂՀ իշխանությունները որպես ինքնուրույն (անկախ) երկիր մասնակցեցին երկրորդ միջազգային փաստաթղթի՝ 1994-ի մայիսի 12-ից կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրմանը։


Այսպիսով, հակառակ կարգավորման «ճամփեքով առաջ ընթանալու» մեր իշխանությունների և արևմտամետների պատրաստակամությանը, հարկավոր է ստիպել թե՛ միջնորդներին, թե՛ Ադրբեջանին ու նրա դաշնակիցներին... վերադառնալու 1994 թ. մայիս։ Այսինքն, այն իրավիճակին, երբ Արցախ-ԼՂՀ-ի պաշտոնական անձինք և պատվիրակությունները բացարձակապես ինքնուրույն մասնակցում էին բանակցություններին ու մյուս միջոցառումներին։ Եվ միանգամայն ինքնուրույն ստորագրում կամ չէին ստորագրում ամեն տեսակի «Մադրիդյան սկզբունքներ», «Կազանի փաստաթղթեր» և այլն, և այլն։ Մենք անսահմանափակ քաղաքական մանևրի և «տարածքների հանձնման» հնարավորություններ երբեք չենք ունեցել։ Իսկ հիմա դրանք չկան առհասարակ։ Մենք ունենք «ոչ մի քայլ հետ» իրավիճակ։ Իսկ ահա մեր ոսոխը պետք է անվերապահորեն ու անզիջում հետ շպրտվի 1994 թ. մայիսի իր քաղաքական դիրքերը։ Հայոց հաղթանակների մայիսի:


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ