Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Թշնամին գտնված է՝ հաղթանակը լիակատար

Թշնամին գտնված է՝ հաղթանակը լիակատար
03.05.2016 | 12:11

Իսկզբանե ասեմ՝ չէի ուզում գրել այս տողերը, աղոտ հույսեր ունեի, որ բանականությունը լրատվական դաշտում իսպառ գլխատված չէ և հերթական հնարովի սենսացիայով իբրև խաղալիք մի քիչ կխաղան ու նոր խաղալիք կգտնեն: Տասնյակ նման փուչիկներ են փչվել ու պայթել՝ անհեթեթության վրա հնարավոր չէ փաստարկներ կառուցել ու հրճվել սեփական եզրակացությունների ճշմարտությամբ: Փաստորեն հաշվի չէի առել ոչ միայն լրագրական դաշտում բանականության ձևախեղումների ծավալն ու մակարդակը, այլև՝ սոցցանցերի, որտեղ բոլոր պարապներին առաջնորդում է մի պայծառ նպատակ՝ գտնել հնարավորինս հայտնի մեկին, տզրուկի պես կպչել նրա անվանը ու նշանավորել սեփական գոյությունը: Հաշվի չէի առել նաև մեկ այլ հանգամանք՝ երբ մարդը որոշում է, որ ինքը կույր է, ոչինչ տեսնել չի ուզում, երբ ուզում է խուլ լինել, չի լսում ոչինչ, փոխարենը մեծ հաճույքով պատմում է իր «տեսածն» ու «լսածը»: Հերմինե Նաղդալյանի՝ Աժ փոխնախագահի ընտրովի պաշտոնից կամ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի տաժանակիր աշխատանքից հրաժարական պահանջողները գոնե հինգ րոպե մտածում են՝ ի՞նչ և ինչո՞ւ:

Սովորական հարցազրույցի սովորական հարցի սովորական պատասխանը, որտեղ որևէ հայտնագործություն, բացահայտում, անակնկալ կամ իրականության խեղաթյուրում չկա, ինչպե՞ս ու ինչո՞ւ է վերածվում մի կաթիլ մեղրի պատմությանը, որտեղ բոլորն ուզում են բերան քաղցրացնել:

Բանակցությունների բովանդակությո՞ւն է բացահայտվել, Հայաստանում կամ Ղարաբաղում կա՞ր մեկը, որ չիմանար, թե ինչ են իրենցից ներկայացնում Մադրիդյան սկզբունքները ու ինչի՞ վերաբերյալ են բանակցությունները: Հերմինե Նաղդալյա՞նն էր բանակցում, թե՞ Մադրիդյան սկզբունքների հեղինակն է նա: Եթե մարդը խոսում է բանակցությունների մասին, ինչու՞ ու ի՞նչ նպատակով է նրա խոսքը վերագրվում քառօրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակին, որից հետո «մի թիզ հողը» դարձել է պատմական արժեք հատկապես նրանց համար, ովքեր հայրենասեր են ժամանակի ավելցուկից, պարապությունից ու մեկ էլ՝ պարզ մարդկային, ավելի ճիշտ անմարդկային չարակամությունից: Ովքեր միշտ շատ հարմար, տաքուկ ու ապահով անկյուններում նստած դատողություններ են անում իրադարձությունների, մարդկանց ու արժեքների մասին՝ չնչին պատկերացում չունենալով՝ ինչն ինչոց է ու ով ով է: Կան կարծրատիպեր, որոնցով աշխարհը շատ հասկանալի է ու պարզ, դատողություններ անելը՝ հեշտ ու անհրաժեշտ: Ու հենց նրանց ձայնն է բարձր, որովհետև ոչ մի խելոք մարդ ոչ ժամանակ, ոչ նյարդեր չի վատնի՝ նմաններին իրենց տեղը ցույց տալու համար, այդ պատճառով նրանք ամեն տեղ են ու ամեն տեղ աղտոտում են՝ ինչ կարողանում են:


Բոլորովին մտադիր չեմ պաշտպանել Հերմինե Նաղդալյանին, այս մի քանի օրվա անցուդարձում ոչ թե նա պաշտպանության կարիք ունի, այլ պաշտպանության կարիք ունի հասարակությունը՝ հասարակության մեծ հատվածը այն փոքր հատվածից, որ իր ձևախեղված, աղավաղված ու մարդկային ստորագույն որակներով թելադրված պատկերացումները փորձում է պարտադրել մեծամասնությանը, իսկ մեծամասնությունը իր գործով է զբաղված ու արժանի չի համարում անհեթեթություններին անդրադառնալ: Հենց Հերմինե Նաղդալյանին պիտի բացատրություններ տրվեն, ոչ թե նա բացատրի, թե ինչ է ասել ու ինչու: Ցեխարձակողներից քանի՞սն են եղել Ստրասբուրգում, պատկերացում ունե՞ն, թե ԵԽԽՎ-ն ի՞նչ է, ինչպե՞ս է աշխատում, ի՞նչ շահեր ունի, ի՞նչ խնդիրներ են լուծվում: Հեռվից հեռու դատել հեշտ է, դատապարտել՝ ավելի հեշտ: Երբեմն ինձ իսկապես թվում է, որ ադրբեջանական լոբբին ամենաուժեղը գործում է Հայաստանի լրատվական դաշտում, այլապես ոչ մի հոդաբաշխ բացատրություն չկա ոչ անուղեղ հարցերի, ոչ անուղեղ եզրակացությունների համար, որ հիմքում ունեն ոչ թե փաստը, այլ՝ ամեն ինչում ամենքին մեղադրելու սեփական անբացատրելի ցանկությունը: Եվ Հայաստանում, և Ղարաբաղում, որտեղ վերջերս նույնպես ուռռա հայրենասիրությունը շոուի մաս է դառնում, երբ պետք է խոսել ու տեսակետ հայտնել, բայց ժամանակ չկա թեման պարզելու: Ցավալի է:

Հասարակական այս էներգիան ոչ թե ինքնաոչնչացումի, այլ իմաստ ու նպատակ ունեցող գործի պիտի նպատակաուղղվի: Աբսուրդն էլ սահման է ունենում: Զզվելի է, երբ իրականությունը փոխարինվում է ստով ու իրական խնդիրները լուծելու փոխարեն սկսում են հերյուրել ու պայքարել իրենց հորինվածքի համար, թե դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հասկանալի է, որ բոլոր այդ «անկեղծ» ու պատվիրված-պատվիրակված պոռթկումների հետևում ոմանց անզոր ու թուլամորթ զայրույթն է՝ ասելիք ունեք, գնացեք Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին ասեք, նրանցից էլ առաջ Ռոբերտ Քոչարյանին ու Վարդան Օսկանյանին, թե ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով, ի՞նչ նպատակով են բանակցել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Ու ընդհանրապես կարող եք Լևոն Տեր-Պետրոսյանին էլ հարցնել՝ ինչպե՞ս եղավ, որ հրադադարից հետո ստեղծված Մինսկի խումբը պատերազմում հաղթողին ու պատերազմում պարտվածին դրեց կշեռքի հավասար նժարների վրա: Իսկ եթե չեք կարող, շնորհակալություն հայտնեք Հերմինե Նաղդալյանին, որ ձեզ այսքան շիփ-շիտակ ու ճշմարիտ հայրենասեր լինելու շանս տվեց, թե չէ ձեր տեղն ո՞վ էր իմանալու:

Դիտվել է՝ 4983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ