Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Մադրիդյան սկզբունքների քառորդ դարն ավարտվեց

Մադրիդյան սկզբունքների քառորդ դարն ավարտվեց
03.05.2016 | 01:30

Ապրիլի 1-5-ի պատերազմից մեկ ամիս անց բանակցություններն ընդհատված են, Մոսկվայում կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը չի պահպանվում՝ Բաքուն շարունակում է կրակել ծանր զինատեսակներից և հայտարարում է, որ հայկական կողմն է խախտում հրադադարը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ ապրիլի 5-ից տարածաշրջանում էին ու խոստացան մեկ շաբաթից վերադառնալ, ակնհայտորեն չունեն իրավիճակի հանգուցալուծման ծրագիր և սպասում են, որ կողմերն իրենք պարզեն հարցերը: Ասպարեզում Ռուսաստանն է, բայց Մոսկվայում մտահոգ չեն, որ Բաքուն խախտում է Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը: Նրանք գերադասում են Բաքվի հետ դիվանագիտական թեթև մարտերը՝ ապացուցելու, որ նոր, առանձնահատուկ առաջարկ չունեն:

Զուգահեռ Մոսկվան ավելի զուսպ ու քաղաքակիրթ բառապաշարով է փորձում հաստատել, որ պիտի շարունակի Ադրբեջանին զենք վաճառել: Փաստարկը նույնն է՝ մենք չվաճառենք, Թուրքիան կվաճառի, բայց կատարվում է անհեթեթ հավելում՝ եթե մենք զենք ենք վաճառում, չի նշանակում, որ մեծ ծավալով տալիս ենք պահեստամասեր, դա զսպման բաղադրիչ է: Սա սուտ է, որ կասկածի տակ է դնում միլիարդավոր դոլարներ ծախսող Բաքվի տրամաբանության ունակությունը՝ զենքը գնում են, զինամթերքը ո՞չ, ինչի՞ համար է մետաղի թանկարժեք ջարդոնը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձրաձայնեց պայմանները, որոնց կատարման դեպքում Հայաստանը պատրաստ է բանակցել: Նախ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, ապա՝ հասցեական հայտարարություններ, և երրորդ՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Բաքուն անմիջապես հայտարարեց, որ Հայաստանը միակողմանի դուրս է գալիս բանակցություններից: Թեպետ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ ասել էր, որ Հայաստանը բանակցություններից դուրս չի գալիս և շարունակում է հարցի լուծումը տեսնել խաղաղ, բանակցությունների ճանապարհով: Բաքուն գնաց իր ինքնատիպ ճանապարհով ու ասպարեզ նետեց հերթական այսբերգը՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասաց. «Միայն գագաթն է երևում, բայց ոչ ոք չգիտե, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի առաջարկները հետաքրքիր են նաև մեզ համար: Մեզ առաջարկում են հակամարտության փուլային կարգավորում»: Նա նորից վստահեցրեց, որ Ադրբեջանը կողմ է խաղաղ բանակցություններին, համապարփակ համաձայնագրին, բայց «դրա համար արդյունքներ են պետք»: Հասկանալի է, որ երբ այս հայտարարությունները հնչում էին 45 երկրների լրագրողների համար, իսկ նրանց տարել էին շփման գիծ՝ ապացուցելու, որ հայկական կողմն է խախտում հրադադարը ու ավերում է խաղաղ բնակավայրերը՝ Մամեդյարովը պիտի ասեր, որ Բաքուն համոզված է՝ խնդիրը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով: Նա պատասխանատու է, որ Բաքուն տանուլ է տալիս դիվանագիտական ու տեղեկատվական պատերազմը՝ հակառակ հատկացված նորանոր միլիոնավոր նավթադոլարներին ու իրեն պարտավորված է համարում աշխարհին ներկայացնել «ճշմարտությունը», բայց նա եղած-չեղածը դիվանագետ է և պատասխանատու չէ, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը զինուժը տեղակայում է բնակավայրերում՝ կենդանի վահան դարձնելով քաղաքացիական բնակչությանը, առավել ևս, լինելով դիվանագետ, պարտավոր է այդ մասին չխոսել: Այնուամենայնիվ, նա իրեն պարտավորված է համարում ասելու. «Եթե ինչ-որ մեկը Երևանում մտածում է, որ պայմաններ առաջ քաշելով կարող է շարունակել բանակցային գործընթացը և պահպանել ստատուս քվոն, սխալվում է»: Փուլային կարգավորման տարբերակի մասին Մոսկվան պաշտոնական մակարդակում լռում է, հայկական կողմից պատասխանեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը. «Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախ և առաջ ճանաչելու է ԼՂՀ անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու ԼՂՀ-ի հետ սահմանների հստակեցման շուրջ»:

Գուցե ա՞յդ պատճառով է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անվերջ ականջ սղոցում, որ Հայաստանի տեսակետները համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետներին՝ առանց փակագծեր բացելու:
Հեռուստահարցազրույց տվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և հայտարարեց. «Վերադարձ անցալին չի լինելու, այդ թվում նաև՝ հողերի հետ կապված: Լիազորությունները, ներկա վիճակի հետ կապված, հողերի հետ կապված, վերապահված են միայն ու միայն ժողովրդին»: Նաև բացատրեց. «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մենք փորձելու ենք ազդել հավանական բանակցային գործընթաց սկսելու դեպքում, որ Արցախը լինի գործընթացի լիարժեք կողմ: Այս պահի դրությամբ, մենք չենք տեսնում այդպիսի հնարավորություն, որովհետև այն, ինչ իրեն թույլ է տվել Ադրբեջանը, որևէ կերպ չի խոսում, որ մոտ ապագայում մենք վերադառնալու ենք բանակցային սեղան»: Հիմնական իրադարձություններն այսպիսին էին, որո՞նք են հիմնական եզրակացությունները.


1. Միջազգային փորձագիտական միտքը դեռ հստակ պատասխան չի տվել, թե ինչու Բաքուն հենց ապրիլի առաջին օրը սկսեց պատերազմը, թեպետ որևէ կասկած չկա՝ ո՞վ է նախահարձակ եղել: Տարբեր տեսակետների թվում նշվում է տարբերակ, որ Բաքվի հարձակումը մասն է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական մեծ խաղի, որի վերջնանպատակը տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոխելն է: Հիշո՞ւմ եք՝ բուռն ռուսասերների հրճվանքը անցած նոյեմբերից հետո, երբ թուրքերը խփեցին ռուսական կործանիչը Սիրիա-Թուրքիա սահմանին, որ շուտով Պուտինը Արարատը Թուրքիայից խլելու ու մեզ է տալու։ Չտվեց՝ չէր էլ տալու, բայց երբ Սիրիայում հիմնական խաղն ավարտվում էր, տեղ էր պետք՝ խաղը շարունակելու: Թույլ օղակ համարվեց Ղարաբաղը: Այնքան թույլ, որ քաղաքական ու ռազմական հաշվարկի հիմք էր դարձել՝ Բաքուն կգրոհի, Ստեփանակերտ կհասնի, Կրեմլը կհագնի խաղաղարարի քղամիդը ու կկատարի իր հիմնական ու մշտական առաքելությունը ամբողջ աշխարհում՝ քրիստոնյաների պաշտպանությունը, որի ընթացքում, սակայն, քրիստոնյաների թիվն անշեղ նվազում է: Լեհական Biznes Alert-ի կարծիքով՝ տարածաշրջանում իրավիճակը լավ զգացողի համար «դժվար է բացատրել, թե ինչու Ադրբեջանը որոշեց հարձակվել հենց հիմա»: Բաքվի նւՏ.az թերթը գրել էր՝ «Հայկական կողմի համար իմաստ չկա իր զինվորներին ուղարկել մերձակա շրջաններ»: ԱՄՆ-ի National Interest-ը արձանագրում է. «Ամենալուրջ խախտումը կատարելով 1994-ի հրադադարի համաձայնագրի, որ ստորագրվել է պատերազմից հետո, ադրբեջանական բանակը ապրիլի 2-ի լուսաբացին հարձակման դիմեց մի քանի ուղղություններով և հետ մղեց Ղարաբաղի հայկական ուժերին՝ պայմաններ ստեղծելով լայնածավալ կոնֆլիկտի համար, որի մեջ կարող են ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Այդ դեպքում Սև ծովից մինչև Կասպից ծով կստեղծվի քաոսի ու տառապանքի կամար, իսկ պատերազմը կվերածվի ամենամեծ կոնֆլիկտին Եվրասիայում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»:
2. Ռուս ռազմական փորձագետները պնդում են՝ ադրբեջանական կողմը, զորքերի տեղակայումից դատելով՝ որոշել է լոկալ խնդիր լուծել՝ շոշափել շփման գիծը՝ «Օհանյանի պաշտպանության գիծը»՝ «անվտանգության գոտին» Ղարաբաղի շուրջ: Ինչո՞ւ են ռուսները պնդում, որ Ադրբեջանը մեծ պատերազմի նպատակ չուներ, ի՞նչ գիտեն Բաքվի ծրագրերը: Մեծ, թե փոքր՝ Ադրբեջանը նպատակ ուներ փոխել ուժերի դասավորությունը և նոր մեկնակետից սկսել բանակցությունները՝ պարտվե՞լ եք, դե վճարեք: Ինչո՞ւ ոչ ոք հաշվի չէր առնում, որ Ղարաբաղը չի պարտվելու: Իր համար գլխավոր խնդիրը լուծեց և Իլհամ Ալիևը՝ հաղթական զեկույցները 400-մետրանոց ականապատված գոտին անցնելու, մի քանի բարձունքներ գրավելու մասին նրա վարկանիշը սեփական երկրում բարձրացրին այնքան, որ ոչ մի Պանամայի օֆշորային սկանդալ, մանաթի արժեզրկում, սոցիալական բողոք այլևս նրան չեն տեղաշարժի պապենական գահից: Համենայն դեպս՝ առաջիկայում:
3. Բաքուն ձախողվեց թե՛ տեղեկատվական, թե՛ դիվանագիտական պատերազմում:
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը ի լուր աշխարհի տրտնջում է. «Ներկա իրավիճակում միջազգային կառույցների լռությունը հիմք է տալիս ասելու, որ նրանք բոլոր ջանքերն ուղղել են Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի անվտանգությունն ապահովելուն և հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում ստատուս քվոն պահպանելուն»: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները խոչընդոտեցին ԵԽԽՎ-ում հայ-ադրբեջանական գոտում լարված իրավիճակի մասին բանաձևի ընդունմանը»: Ավելին՝ «ՄԱԿ-ը ևս այդ կետը թողել է, տվյալ հարցը ոչ մի անգամ չի բարձրացվել Անվտանգության խորհրդում: ՄԱԿ-ը և մյուս միջազգային կազմակերպությունները լռում են, միջազգային իրավունքի մասին ոչ ոք չի հիշում»: Այսինքն՝ արդեն Բաքուն դժգոհ է անգամ ՄԱԿ-ից, որի անցյալ դարում ընդունած բանաձևերը դրոշ դարձրած՝ տասնամյակներով պահանջում է «օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերում:
ՈՒ ի՞նչ: Հայաստանը առաջադրել է բանակցային գործընթացի վերսկսման պայմաններ, որոնք կա՛մ պետք է կատարվեն, իսկ դա ժամանակ է պահանջում, կա՛մ մերժվեն, ինչը Բաքուն արդեն արել է, այդ թվում առարկելով, որ «կոնֆլիկտի գոտում տարատեսակ մոնիտորների ու սարքերի տեղակայումը նշանակում է, որ անջատողական վարչակարգը լեգիտիմության նշաններ է ստանում», լռում են և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք միշտ կողմերին բանակցելու կոչ են անում, Բաքուն դադարեցրեց բանակցել ու սկսեց կրակել, Հայաստանը պայմաններ է դնում բանակցությունները վերսկսելու համար, Ստեփանակերտը բանակցությունները համարում է անհրաժեշտ, բայց շեշտում է՝ վերադարձ անցյալին չի լինելու: Սա է պատկերը՝ ոչ ամբողջական, այսբերգի միայն գագաթն է երևում, իսկ հիմքը ջրի տակ է: Պետք չէ «Տիտանիկ» դառնալ՝ փորձարկելու ո՛չ այսբերգը, ո՛չ Լաբրադորյան հոսանքները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ապրիլյան քառօրյա պատերազմը ավարտվեց, բայց մայիսին ևս շփման գծում կրակում են, ոչ մի երաշխիք, որ X պահից Բաքուն չի համարի, որ Մոսկվայում կրակի դադարեցման համաձայնագիրը ուժը կորցրել է, ասենք, կհայտարարի, որ Լավրովը չկատարեց խոստումը, Շոյգուն շարունակում է հայերին զենք տալ, օրինակ՝ երկու տարի առաջ տանկային բիաթլոնում շահած տանկը, ուրեմն ինքն ազատ է հարցը ռազմական ճանապարհով լուծել: Եվ՝ ընդհանրապես, ո՞վ պետք է ապահովի «երաշխիքները, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ»: ԵԱՀԿ Մինսկի խո՞ւմբը, նրանք երբեք պատերազմի կոչ չեն արել, իսկ Բաքուն հարձակվեց: Միջազգային կառույցնե՞րը: Նրանք չունեն հարցի լուծման մանդատ, կարող են իրենց լավագույն մտադրությունները կամ հարցի պատկերացումը հավաստող հայտարարություններ անել: Մնում է հայկական բանակը, որ X պահից պաշտպանվելու միակ երաշխիքն է, և հայկական դիվանագիտությունը, որ պիտի բացառի X պահը և սկսի ինքնուրույն գործել՝ վերջապես ձեռքից ցած դնելով Սմոլենսկյան հրապարակում գրված ծածկագիրը: Ինչքա՞ն կարելի է նույն քարի վրա գայթել, նորից ճանապարհ ընկնել՝ նույն քարի վրա գայթելու համար: Բայց բանակը ուժեղ է թիկունքով, որտեղ ոչ թե պիտի Ընտրական օրենսգիրք ընդունելու խաղեր խաղան հին ու նոր կուսակցություններով, կեղծ սնանկացումներով, այլ սովորեն խրամատ կառուցել՝ ուղղակի ու փոխաբերական իմաստներով: Իսկ ընդհանրապես, հարցի լուծումը նոր սկզբունքներն են, որ կարտահայտեն նոր իրավիճակը քառօրյա պատերազմից հետո՝ Մադրիդյան սկզբունքների քառորդ դարն ավարտվեց:

Դիտվել է՝ 1971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ