ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լեռնային Ղարաբաղ. Ելքի որոնում

Լեռնային Ղարաբաղ. Ելքի որոնում
22.04.2016 | 12:21

Ավստրիայի Լյուդվիգ Բոլցմանի անվան՝ պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտի գիտաշխատող Քրիստոֆ Բենեդիկտերը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը կարելի է լուծել տարածքների համամասնական բաժանմամբ՝ էթնիկ-տարածքային սկզբունքով: Իր տեսակետը նա ներկայացրել է Die Presse թերթում:


Ապրիլի սկզբին Ադրբեջանին ու Հայաստանին սահմանակից Լեռնային Ղարաբաղի դեֆակտո պետությունում սկսվեցին 1994-ից հետո ամենաարյունոտ կռիվները, որ երկու կողմից 80 մարդու մահվան հանգեցրին: Ադրբեջանին չհաջողվեց տարածքը գրավել, սակայն հարձակումը մի նպատակի հասավ՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը նորից գլխավորեց կոնֆլիկտների ցանկը, որ անհրաժեշտ է կարգավորել: Բայց արևմտյան երկրները գործնականում որևէ լծակ չունեն, որ կոնֆլիկտը լուծեն երկու կողմերի շահերը բավարարելով: Գործը լրջորեն բարդացնում է, որ որոշումների սովորական մոդելները կիրառելի չեն արևմտադեմոկրատական հեռանկարի տեսակետից: Թեպետ Ադրբեջանի պահանջը՝ իր կազմում ներառել խորհրդային նախկին ինքնավարությունը, թվում է հիմնավորված միջազգային իրավունքի տեսակետից, նույնքան լեգիտիմ են անկախության Լեռնային Ղարաբաղի հավակնությունները: Առավել ևս, որ Ադրբեջանը երբեք այդ տարածքներին չի տիրապետել անկախությունից հետո:

Ավելին՝ Լեռնային Ղարաբաղն ըստ էության ժողովրդավարական պետական կազմավորում է, որտեղ կանոնավոր անցկացվում են ազատ ընտրություններ: Ադրբեջանը համարվում է ավտորիտար պետություն, որ ժողովրդավարական ազատությունների տարբեր գնահատականներով Սաուդյան Արաբիայի ու Իրանի հետ նույն աստիճանին է հայտնվում: Այդ պատճառով կոնֆլիկտի լուծում կարող էր դառնալ էթնիկ-տարածքային համամասնական բաժանման սկզբունքը: Տարածքը պետք է բաժանել՝ ելնելով այն փաստից, որ 1990-ին, պատերազմից առաջ Լեռնային Ղարաբաղում ապրում էին 70 % հայեր և 22 % ադրբեջանցիներ (մնացած 8 %-ը այլազգիներ էին, այդ թվում՝ քրդեր): Նման որոշումը, որքան էլ անսովոր հնչի, եղել է Կիպրոսում խաղաղության հաստատման ծրագրի հիմքում, որ ՄԱԿ-ն առաջադրել է 2002-ին: Առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում այս սկզբունքը մեջտեղից հանում է անայլընտրանք սկզբունքը՝ կամ Ղարաբաղը կդառնա Ադրբեջանի մաս, կամ Ղարաբաղ չի լինի ընդհանրապես: Ադրբեջանի ու 22 %-ով փոքրացած Ղարաբաղի միջև նոր սահմանի հաստատումից հետո հարցը, որ հիմա դարձել է փորձաքար, բանակցություններում շատ ավելի հեշտ կլինի լուծել: Այդ դեպքում Ադրբեջանը կկարողանար վերադարձնել իր տարածքների մի մասը, իսկ Ղարաբաղը չէր հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, որը կապահովի հայ բնակչության անվտանգությունը:

Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց քաղաքականությունն ու տնտեսությունը ուղղել պաշտպանությունից ու Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքից դեպի այլ ուղղություն:
Քրիստոֆ ԲԵՆԵԴԻԿՏԵՐ, Die Presse


Հ.Գ. Ինչ հեշտ է, չէ՞, ավստրիացի գիտաշխատողի համար լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Բայց ընդունեք, որ ռացիոնալ հատիկ կա նրա առաջարկած տարբերակում: Եվ գուցե տարբերակը գործեր, եթե չլինեին գերտերությունների շահերը: Եթե բարեկամները լինեին բարեկամներ, թշնամին՝ սոսկ թշնամի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ