«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հովիկ Աբրահամյանը փախցրեց «առաջին գիշերվա իրավունքը»

Հովիկ Աբրահամյանը փախցրեց «առաջին գիշերվա իրավունքը»
01.04.2016 | 01:02

Գազի գնի շուրջ Հայաստանում ամիսներ շարունակվող էպոպեան կարծես թե մոտենում է հանգուցալուծման։ Օրերս դա հաստատեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հայտարարելով, թե գազի գինը հաստատ իջնելու է, բայց թե որքան, առայժմ պարզ չէ։ Իհարկե, այլ մանրամասներ ՀՀ վարչապետը չներկայացրեց, սակայն հայկական մամուլը, փորձագիտական շրջանակները միանգամից արձագանքեցին, թե գազի նոր սակագնի մասին հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կարվի ապրիլի 7-ին, երբ Երևան ժամանի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Նկատենք, որ Մեդվեդևը Հայաստան է գալիս ոչ միայն հայաստանյան ղեկավարության հետ հանդիպման համար կամ հայ-ռուսական հարցերի համատեքստում, այլև որ մասնակցի ապրիլի 8-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպմանը։ Եվ լավ լուրը, ըստ ամենայնի, կհանրայնացվի այդ օրերին։
Այն, որ հայկական կողմի նախաձեռնությամբ գազի գնի իջեցման թեմայից հայաստանյան և, ինչու ոչ, ռուսաստանյան իշխանական շրջանակները փորձելու են լուրջ PR սարքել, կասկած չկա։ Եվ այժմ հավանաբար մտածում են՝ ինչ փաթեթավորմամբ այն ներկայացնել։ Հաշվի առնելով, որ բավականին լուրջ, երբեմն բաց, երբեմն էլ քողարկված մրցակցություն, խանդի տեսարաններ կան ՀՀ նախագահի և վարչապետի աշխատակազմերի միջև, ուստի նախագահականում ամեն ինչ անում են, որ այս թեմայից ակնկալվող դափնիները հանկարծ ու հանկարծ Հովիկ Աբրահամյանին բաժին չհասնեն։ ՈՒստի, ամենայն հավանականությամբ, այդ մասին կհայտարարվի Սերժ Սարգսյանի ներկայությամբ կամ վերջինիս հետ հանդիպման ընթացքում։ Թերևս չի բացառվում նաև գազի գնի շուրջ որոշակի պայմանագրերի ստորագրում էներգետիկայի կամ գազի ոլորտի պատասխանատուների ներկայությամբ։ Այսինքն՝ ամեն դեպքում իշխանության վերին էշելոններում ներիշխանական նկատելի մրցակցության պայմաններում յուրաքանչյուրը ձգտում է գազի գնի իջեցման դափնիները իրեն վերագրել:
Այս առումով Հովիկ Աբրահամյանը, առաջինը հայտարարելով բոլորին շատ հետաքրքիր թեմայի մասին, փաստորեն, «առաջին գիշերվա իրավունքը», անուամենայնիվ, փախցրեց Սերժ Սարգսյանից՝ նախագահին թողնելով ընդամենը թվերի ճշգրտման մասը:
Բնական է՝ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների շեմին ցանկացած քայլ, սկսած շախմատի հավակնորդների մրցաշարից, վերջացրած բնակչության և երկրի համար շատ ավելի կենսական նշանակություն ունեցող գազի գնով, ընկալվում է նաև որպես PR-ի հարմար առիթ։ Այդ իսկ պատճառով իշխանության տարբեր թևեր այս հարցում բավականին նախանձախնդիր են և չեն ցանկանում թույլ տալ, որ միավորները հակառակ կողմին անցնեն։ Այս տեսանկյունից տվյալ դեպքում Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո դափնիները լավագույն դեպքում կիսվեցին նախագահական և վարչապետական նստավայրերի միջև։ Այստեղ, իհարկե, շատ կարևոր է նաև՝ արդյոք գազի գնի իջեցումը կվերաբերի՞ բնակչությանը մատակարարվող գազի սակագնին, ինչը շատ ավելի արդիական է 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ։ Եվ եթե նման որոշում լինի, բնականաբար, ՀՀ իշխանական ուժերից յուրաքանչյուրը կփորձի վերմակն իր կողմը քաշել։
Գազային թեման, իր բոլոր արտաքին քաղաքական և ներքաղաքական նրբերանգներով հանդերձ, 2015 թ. վերջից սկսած բավականին ինտենսիվորեն զարգանում էր։ Մասնավորապես, հայ գործարարները, որ մինչ այդ գրեթե ոչ մի ծպտուն չէին հանում գազի գնի վերաբերյալ, վարչապետ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում հանկարծ սկսեցին դժգոհել, թե քանի որ գազի գինը շատ բարձր է, չեն կարողանում արտադրություն կազմակերպել, ուստի հրապարակավ խնդրեցին հենց գործադիրի ղեկավարին զբաղվել այդ հարցերով։ Վերջինս էլ խոսք տվեց՝ նույնիսկ հայտարարելով, թե այդ թեմայով նամակ է գրել ռուսաստանցի իր գործընկերոջը։ Երկար ժամանակ այս առումով նորություններ չկային։ Անգամ ՀՀ նախագահի վերջին այցից հետո էլ ՀՀ էներգետիկայի նախարարի շուրթերով հայտարարվեց, որ առայժմ բան չկա ասելու։ Միևնույն ժամանակ ՀՀ վերնախավում վերջին ամիսների ընթացքում զգուշորեն փորձեցին ռուսական գազային ուղղությանը որոշակի այլընտրանքային տեսլականներ ստեղծել։ Անընդհատ տեղեկատվական արտահոսքեր էին լինում, թե Հայաստանն ինչ-ինչ բանակցություններ է սկսում Իրանի հետ՝ այնտեղից ռուսականին համարժեք կամ նույնիսկ ավելի էժան գնով գազ ստանալու համար։ Մամուլը ողողվեց հարցի լուծման տարաբնույթ պարզ և բարդ տնտեսաքաղաքական սխեմաներով ու տարբերակներով։ Օգտագործվում էին նաև իրական տարածաշրջանային գործընթացները, երբ Իրանը և Վրաստանն ինչ-որ փուլում կարծես թե որոշել էին Իրանից գազ արտահանել Վրաստան Հայաստանի տարածքով։ Այդ մասին հայտարարում էին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչը Հայաստանում մեծ հույսեր էր արթնացնում և Ռուսաստանի վրա ներազդելու բավականին անսպասելի նոր ռեսուրսներ բերում։ Օրինակ, Իրանի գազի ազգային ընկերության (National Iranian Gas Company) ներկայացուցիչ Ալի Ռեզա Քամելին հայտարարել էր, որ պայմանավորվածության համաձայն՝ Իրանը պետք է գազը հասցնի մինչև Հայաստանի սահման, իսկ Վրաստանը այն ստանա հայ-վրացական սահմանին:
Սակայն հետաքրքիր էր, որ այս «մեծ խաղի» ամբողջ ընթացքում ՀՀ իշխանություններն անընդհատ շեշտում էին, թե այդ մասին բոլորովին էլ տեղյակ չեն։ Այսինքն՝ այն տպավորությունն է, թե Հայաստանն այդ գործընթացին ներգրավված չէ կամ եթե անգամ ներգրավված է, ապա թեմայի շուրջ բոլոր իրավունքները վերապահել է երրորդ կողմին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին, որը Հայաստանում գազատարի իրական տերն է։
Հատկանշական է, որ այս ամենը տեղի էր ունենում տարածաշրջանում բավականին լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին։ Մասնավորապես, ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ Հայաստանի նշանակությունը և գործոնը, ըստ էության, աշխարհաքաղաքական համատեքստում բավականին մեծացան։ Ամենահետաքրքիրն այն է, որ դա տեղի ունեցավ որոշ դեպքերում նույնիսկ անկախ Հայաստանից։ Հանգամանքների բերումով Ռուսաստանի համար բավականին մեծացավ ՀՀ դերը, ընդ որում՝ առաջին հերթին ռազմաքաղաքական տեսակետից։ Վերջին ամիսներին ռուս-թուրքական հարաբերությունների սրման պայմաններում Հայաստանը քաղաքական ֆորպոստից, կարելի է ասել, այսօր արդեն վերածվել է ՌԴ-ի ռազմական հենակետի։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում գտնվող ռուսական բազան վերջին ամիսներին զգալիորեն ամրապնդվել է թե՛ ռազմական տեխնիկայի և ժամանակակից զինատեսակների առումով, թե՛ ռուսական զորքի քանակի տեսակետից։ Հայաստանն ակամա մտավ ռուս-թուրքական հակամարտության մեջ, ընդ որում՝ որպես պոտենցիալ ռազմաճակատային կողմ, որն ինչ-ինչ զարգացումների դեպքում կարող է ուղղակի մասնակցություն ունենալ։ Այս առումով Հայաստանը, թերևս, միակ երկիրն է, որ անվերապահորեն իր աջակցությունը ցուցաբերեց Ռուսաստանին Թուրքիայի հետ հարաբերություններում: Սա առավել ցայտուն կերպով առանձնացրեց պաշտոնական Երևանը Ռուսաստանի ԵԱՏՄ այլ կարևորագույն գործընկերների՝ Բելառուսի և Ղազախստանի՝ նույն խնդրի շուրջ, մեղմ ասած, չեզոք դիրքորոշման ֆոնի վրա: Եվ սա այն պարագայում, որ ԵԱՏՄ այդ երկու հիմնադիրների սույն «երկչոտ» վարքագիծը միշտ ավելի մեծ փոխհատուցման էր արժանանում ՌԴ-ի կողմից, քան ավելի կախյալ Հայաստանի դեպքում: Թերևս դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ Ռուսաստանը սկսել է «քաղցր աչքով» նայել Հայաստանին։ Ի վերջո, ՀՀ-ն դարձել է ԵԱՏՄ-ում Բելառուսի և Ղազախստանի ինքնագործունեությանը հակակշռող գործոն։
Հայաստանն այս պայմաններում թեկուզ և պասիվ կերպով փորձեց խաղարկել իրանական գազի թեման։ Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանում միաժամանակ դրեց նաև ռազմական հենակետ դառնալու դիմաց ՀՀ-ին որոշակի գին վճարելու հարցը, քանի որ Հայաստանում ոչ բոլորն են ոգևորված, որ երկիրը պետք է ներգրավվի ռուս-թուրքական քաղաքական կամ առավել ևս ռազմական բախումներում։ Այս թեման արդիական է նաև այն տեսակետից, որ Հայաստանում բավականին դժգոհ են, որ ՀՀ ղեկավարությունը, այնուամենայնիվ, չի կարողանում լուրջ սակարկություններ անել և Ռուսաստանից առավելագույնը պոկել, ինչպես դա անում են ԵԱՏՄ մյուս գործընկերները՝ Բելառուսը, Ղազախստանը, անգամ Ղրղզստանը։ Ավելին, նույնիսկ ԱՊՀ տարածքի՝ ԵԱՏՄ չմտնող երկրներն են ներկայիս պայմաններում լրջագույն զիջումներ կորզում Ռուսաստանից։ Օրինակ, հենց վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը զիջել է ՈՒզբեկստանի մոտ 850 միլիոն դոլարանոց պարտքը։ Այս անգամ, սակայն, կարծես թե ՀՀ-ի կողմից ՌԴ-ի առջև հստակ դրվել է «ամեն ինչի համար պետք է վճարել» հարցը։
Ի դեպ, Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի գնի իջեցման փաստը մի այլ հետաքրքրական նրբերանգ էլ ունի: Գազի գնի իջեցումն ինչ-որ չափով ակնարկ է, որ անկախ նրանից, թե ինչ է խոսվում հայկական իշխանությունների մասին ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում, ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, լուրջ կամ իրենց համար ճակատագրական խնդիրներ ՌԴ իշխանությունների հետ չունեն։ ՌԴ կողմից իրականացվող քայլերը, ըստ էության, ամրապնդում են ՀՀ գործող իշխանություններին։
Ինչևէ, նոր-նոր երևան եկող Սարգսյան-Պուտին հանդիպման պտուղներից է նաև այն, որ շարունակվում է նոր սպառազինության մատակարարումը ՌԴ-ի կողմից (այդ մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը), ինչպես նաև կա կայուն հեռանկար, որ այդ գործընթացը լինելու է շարունակական։ Որպես Սարգսյան-Պուտին հանդիպման արդյունք, հավանաբար, պետք է ընկալել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ՌԴ նախագահի խոսնակի բավականին թափանցիկ ակնարկները՝ ուղղված Ադրբեջանին։ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ԼՂ-ի իրավիճակի կարգավորմանը պարբերաբար խանգարում են հակամարտության կողմերից մեկի դիրքորոշման անվերապահ հայտարարությունները, ինչպես նաև իրավիճակը կարգավորելու համար զենքի կիրառման կողմերի պատրաստակամությունը: Ի դեպ, նաև ուշագրավ է, որ ապրիլի 11-ին՝ Մեդվեդևի այցից հետո, Թբիլիսիում տեղի է ունենալու 4 երկրների (Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան) էներգետիկայի նախարարների հանդիպում։ Քննարկվելու են էներգետիկ համագործակցության հարցեր, և չի բացառվում, որ գազի դիվերսիֆիկացիայի առումով այստեղ նույնպես նոր հեռանկարներ բացվեն։ Սակայն պարզ է, որ Ռուսաստանին ավելի ձեռնտու է Հայաստանին մի քանի տոկոսով էժան գազ վաճառել՝ հաշվի առնելով, որ Հայաստան եկող գազի ծավալները ռուսաստանյան չափանիշներով, իհարկե, համեմատաբար չնչին են, քան տարածաշրջանում խախտել գազի մատակարարման էներգետիկական բալանսը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ