«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչի մասին պետք է մտածեն եվրոպացիները մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչական ակտերից հետո

Ինչի մասին պետք է մտածեն եվրոպացիները մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչական ակտերից հետո
01.04.2016 | 00:57

Աշխարհը քննարկում է այս տարվա մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչական ակտերը, աշխարհը կարեկցում է, աշխարհը վշտացած է, ցնցված, զայրացած։ Բոլոր զոհվածների, շարքային բելգիացիների կորուստը անչափ ցավալի է։ Ես եղել եմ Բելգիայում, շփվել եմ հենց շարքային ֆլանդրների` ֆլամանդացիների հետ. հենց նրանք էլ բելգիացիներն են, Բելգիայի բնակչության կորիզը։ Անչափ սիրալիր ու բարի մարդիկ են և ոչ մի մեղք չունեն, որ իրենց երկիրը ներառված է ՆԱՏՕ-ի կազմում կամ արևմտյան ինչ-ինչ ինտեգրացիոն կառույցներում։ Այնպես որ, պետք է կարեկցել ու ցավակցել զոհվածների ընտանիքներին, սատարել հարյուրավոր վիրավորներին։

Բայց դրա հետ մեկտեղ անհնար է չմտորել. իսկ այդ ինչի՞ հետ իբր «հանկարծ» գործ ունի Եվրոպան` իբր գերքաղաքակիրթ Հին աշխարհը։ Ահա մարտի 23-ին գերմանացի վերլուծաբան-փորձագետ Ալեքսանդր Ռարը արձանագրել է. «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը եվրոպական երկրներում ստեղծել է բազմաթիվ բջիջներ, որոնք պլանաչափորեն զարգացել են և ինչ-որ պահի ակտիվացել։ «Ահաբեկչության դեմ պայքար է ազդարարվում, սակայն մեր քթի տակ նման ակտեր են կատարվում։ Պետք է ճշմարտությունն ասել. ԻՊ-ն «Ալ-Քաիդա» չէ, քարանձավային թալիբներ չէ, այլ լուրջ ուժ` կեղծ պետական կազմավորման տեսքով, որն իր շոշափուկներն է տարածել Եվրամիության երկրներում, ինչպես նաև, հնարավոր է, ԱՄՆ-ում։ Նրա հնարավորություններն այնպիսին են, որ թույլ են տալիս նման մարտահրավերներ Արևմուտքին, և դա փաստ է»,- հայտարարել է Ռարը։ Բայց հետո նա սկսում է «պոչ խաղացնել», երևի չցանկանալով ճշմարիտ պատճառներն ասել։ «Խնդիրն այն չէ, որ ինչ-որ մարդիկ ահաբեկչական ակտեր են կատարում։ Բանը զուգահեռ հասարակությունների առաջացումն է, որոնք սկսում են հակամարտել։ Այստեղ համալիր մոտեցում է պետք, որը թույլ կտար ավելի խոր մակարդակով լուծել խնդիրը»,- ամփոփել է գերմանացի քաղաքագետը։ Թեև լավ է արդեն այն, որ Ռարը հստակորեն տեսնում է տարբերությունը աշխարհում ահաբեկչության ինտենսիվ տարածման խնդրի և, ասենք, Սիրիայից գաղթած փախստականների խնդրի միջև։ «Այնքան էլ կոռեկտ չէ անմիջական կապեր փնտրել Մերձավոր Արևելքի երկրներից գաղթած փախստականների հարցի հետ. ահաբեկչական ակտերի հետևում հիմնականում կանգնած են մարդիկ, որոնք երկրորդ, երրորդ սերունդների հպատակագրված քաղաքացիներ են։ Բնականաբար, այդ թեմայով բանավեճերն անպայման կսրվեն, բայց արժե հիշեցնել, որ երբ մի 15 տարի առաջ ահաբեկչություններ էին կատարվում Մոսկվայում, եվրոպական շատ լրատվամիջոցներ ու քաղաքական գործիչներ համանման արձագանք էին հնչեցնում, կոչ էին անում ավելի կոշտ պայքար մղել ահաբեկչության դեմ, համատարած մատնանշելով չեչենական հետքերը։ Այդ տեսակետը սխալ էր, այն սխալ է նաև հիմա»,- խոստովանում է պարոն Ռարը։ Որոշ մեկնաբաններ էլ օգտագործում են «ահաբեկչական պատերազմ» բնորոշումը։ Այո, կարծես թե։ Բայց երբ, ինչպես հիշում է Ռարը, Ռուսաստանում դպրոցներ, ծննդատներ, թատրոններ էին զավթվում, երբ պայթյուններ էին թնդում ռուսական քաղաքներում, ինչո՞ւ այն ժամանակ ոչ ոք Արևմուտքում չէր խոսում «ահաբեկչական պատերազմի» մասին, դրա փոխարեն խնդրի էությունը նենգափոխելով Ռուսաստանում «մարդու իրավունքների և ազատությունների մասին» զազրախոսությամբ։ Ավելին, պաշտպանության տակ էին առնում ահաբեկիչներին` ինչպես արևմտյան «իրավապահ» կազմակերպությունների, այնպես էլ Արևմուտքի երկրների պետությունների ղեկավարների ու խորհրդարանների մակարդակով, էլ չենք խոսում հոգեկան հիվանդների բուծարանների մասին` ամեն տեսակի եվրախորհրդարանների տեսքով։ Հա, էլի պատերազմ, բայց այն Փարիզից ու Բրյուսելից չի սկսվել, ահա թե որն է հարցը։ Համաշխարհային քաղաքակրթությանը պատերազմ հայտարարել է հենց Արևմուտքը` ճիշտ այն օրը, երբ ռմբակոծեց Հարավսլավիան և աղմուկի ծածկույթի ներքո երկրից պոկեց Կոսովոն և Մետոխիան, այնտեղ ստեղծելով ահա այսպիսի ֆունդամենտալիստ մոլագարների կեղծ պետություն։ Իսկ Լիբիան ու Մերձավոր Արևելքը և Եվրոպայում կատարվող ներկայիս ահաբեկչական ակտերը պատերազմի սոսկ շարունակությունն են։ Ավելին, նրանք ձգտում էին պատերազմ սանձազերծել Ռուսաստանի հետ` միլիարդներ ծախսելով Հյուսիսային Կովկասում վահաբիզմի «ներդրման» վրա։ Միլիարդներ ծախսեցին Թուրքիան, Սաուդյան Արաբիան, նաև Արևմուտքի երկրները` «ազատ իչկերներին» աջակցելու վրա, այնտեղ ուղարկելով ամեն տեսակի «Սև արաբների», թուրքական բանակի ու անվտանգության ծառայության իբր «պաշտոնաթող» զինծառայողների, «Բոզ գուրդ»-ի ¥«Գորշ գայլեր»¤ ֆաշիստների և այլոց։ ՈՒղղակի Ռուսաստանը ժամանակին (թեև, իմ կարծիքով, զգալի ուշացումով) տապալեց Ելցինին, և հարբեցողին փոխարինելու եկածները բավական արագ ճնշեցին ահաբեկչության օջախը Կովկասում։ Բայց չէ՞ որ դա ամենաիսկական «խալիֆայություն» էր, և Սիրիայից ու Իրաքից շատ առաջ։ Պարզապես այն կոչում էին «Կովկասի իմարություն» (չեչեներեն` էմիրություն)։ Այնպես որ, պատերազմը վաղուց է արդեն ընթանում... Էլ չեմ խոսում այն մասին, որ Արևմուտքի բուծած ու սնուցած սրիկաների առաջին հարվածները իրենց վրա ընդունեցին Հայաստանն ու Արցախը 1990-94 թթ.։
Ահա թե ինչու եվրոպացիները բրյուսելյան ահաբեկչական ակտերի վշտին զուգընթաց պետք է միտք անեն, թե ովքեր են իրենց ղեկավարները, որ «կառավարվող ահաբեկչությունն» օգտագործում են ինչ-ինչ քաղաքական նպատակների հասնելու համար` լինի դա Մերձավոր Արևելքում, Բալկաններում, թե նախկին ԽՍՀՄ-ի տարածքում և այլն։ Միտք անեն նաև, թե ինչ է պետք անել` կտրելու առասպելական հրեշի գլուխները և թույլ չտալու, որ աճեն նորերը։ Օրինակ, հեռարձակման է պատրաստվում «Russia Today» հեռուստաալիքով վավերագրական մի ֆիլմ, որը փաստերով և իրական փաստաթղթերով կներկայացնի Թուրքիայի ու նրա հատուկ ծառայությունների կապը ԻՊ-ի ահաբեկիչների հետ, Անկարայի կողմից այդ նորահայտ ֆաշիստներին օգնության ցուցաբերման ամբողջ շղթան։ Արդյոք իրենց հարց տալի՞ս են ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքացիները, թե ինչու են իրենց «կուռքերը»` ի դեմս նույն ՆԱՏՕ-ի ու Եվրամիության, այդքան հանդուրժող միջազգային ահաբեկչությանն աջակցելու` Թուրքիայի կողմից պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող քաղաքականության նկատմամբ, սկսած նույն Արցախից ու Հյուսիսային Կովկասից, Բալկանյան Բոսնիայից ու Հերցեգովինայից, Կոսովոյից ու Մետոխիայից և վերջացրած «յուրային» քրդերով, Սիրիայով ու Իրաքով։ Կարելի՞ է մտածել, օրինակ, որ Թուրքիայի ամենատարբեր կառավարությունների նման գործունեության նկատմամբ ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարության (իսկ դա, անշուշտ, ԱՄՆ-ն է ու նրա Պենտագոնը) հանդուրժողականությունը նշանակում է, որ Անկարան իրականացնում է հենց այն քաղաքականությունը, որ ձեռնտու է ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին կամ էլ «պատվիրված է» նրանց կողմից։
ՈՒշադիր լսենք, թե ինչ են հաղորդում բելգիական լրատվամիջոցները ձերբակալությունների ու կասկածյալների որոնման մասին տեղեկությունների հետ մեկտեղ։ Այդ հաղորդումներում հետքերը տանում են Սերբիայից պոկված Կոսովո-Մետոխիայի երկրամասում ամերիկացիների ստեղծած ալբանական մուսուլմանական կեղծ պետություն։ Բելգիայի մայրաքաղաքում պայթյունները տեղի ունեցան այն բանից չորս օր հետո, երբ ձերբակալվեց անցած տարվա նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական ակտերի ենթադրյալ կազմակերպիչներից մեկը։ ՈՒստի բրյուսելյան պայթյունների «ալբանա-կոսովյան հետքը» ուղիղ տանում է 1999 և 2008 թվականներ, երբ Արևմուտքը ինքն իր ձեռքով նախադրյալներ ստեղծեց, որ ալբանացի իսլամիստներն ընկնեն «Թուրքիայի չափավոր իսլամիստների», իհարկե, նաև Սաուդյան Արաբիայի` Արևմուտքի մեկ այլ «հավատարմագույն դաշնակցի» ազդեցության և վերահսկողության տակ։ Մի անգամ առիթ ունեցել եմ լսելու ամերիկյան Կառնեգի հիմնադրամի փորձագետներից մեկին, իբր` ինչո՞ւ են բոլորը մոռանում, որ «իսլամական պետություն» բառակապակցությունն ու երևույթը սկիզբ են առել հենց... Իրանից։ Հասկանալի է, թե ինչ հետևություն են այդ կապակցությամբ ուզում աշխարհին պարտադրել այդ հիմնադրամի տարատեսակ փորձագետները. իբր` ահաբեկչությունն Իրանից է սկսել «աշխարհում իր շրջագայությունը»։ Դա Իրանի նկատմամբ «նոր հին» ռազմավարություն է այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան։ Իսկ որոշ ժամանակ առաջ այդ խմբին փորձում էր միանալ նաև Սաուդյան Արաբիան, որը վերջերս որոշել է ¥և հասկանալի է, թե ում թելադրանքով¤ «ահաբեկիչներ» հայտարարել աշխարհի բոլոր շիադավաններին։ Այս կապակցությամբ կուզեի հիասթափեցնել. ավաղ, առաջինն «իսլամական պետություն» ստեղծել են ոչ թե Իրանում, այլ... անգլիացիները` Հնդկաստանում, հրահրելով այդ երկրի պառակտում հենց դավանական հայտանշանով և տասնամյակներով ապահովելով Պակիստանի ու Բանգլադեշի «մարմրող» պատերազմն ընդդեմ Հնդկաստանի Հանրապետության։ Իսկ Իրանը իր իսլամական հեղափոխության գրեթե առաջին օրերից դարձավ արտասահմանից սպառնացող ահաբեկչական հարձակումների օբյեկտ և ահաբեկչության դեմ պայքարի առավել կոշտ ու հետևողական մարտիկ։
Չգիտես ինչու լռության է մատնվում այն փաստը, որ բրյուսելյան ողբերգությունից մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել ԵՄ անդամ պետությունների ղեկավարների առջև և կոշտ կերպով «հանդիմանել է» նրանց, թե եվրոպացիները չեն հասկանում, որ «խեղճ Թուրքիան» իր վրա է ընդունում միջազգային ահաբեկչության հարվածները։ Բայց եթե «ձեզ մոտ պայթի», ապա Եվրոպան անմիջապես կհասկանա, թե ինչ զրկանքներ ու զոհեր է կրել Թուրքիան։ Եվ, ընդ որում, որպես ահաբեկչության վայր ուղղակի մատնանշել է հենց Բրյուսելը։ Դա եղել է սիրիացի փախստականների խնդրի շուրջ ԵՄ-ի հետ Անկարայի սակարկության կապակցությամբ. ինչպես հայտնի է, Եվրոպան, այնուամենայնիվ, որոշել է 3 մլրդ եվրո տալ թուրքերին «անօրինական ներգաղթյալներին» ԵՄ երկրներից Թուրքիա վերադարձնելու դիմաց։ Եվ հենց այդ ժամանակ էլ եվրոպական լրատվամիջոցները նշեցին. թուրքերի ախորժակը մեծանում է ժամ առ ժամ, նրանք հիմա պահանջում են 6 մլրդ եվրո, իսկ հեռանկարում միտք ունեն ԵՄ-ից «քաշել» 20-30 մլրդ եվրոյի չափ գումար։ Հետաքրքիր է, ե՞րբ է «լուսավորյալ Եվրոպան» տեսնելու, որ բրյուսելյան ահաբեկչությունը, որի հեղինակները Բրյուսելի օդանավակայան էին եկել կոսովյան համարանիշներ ունեցող ավտոմեքենաներով, Եվրոպային Էրդողանի բացահայտ շանտաժը, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի և այլ երկրների դեմ ահաբեկչության խրախուսմանը Թուրքիայի բազմամյա մասնակցությունը նույն հանցավոր շղթայի փոխկապակցված օղակներն են։ Օրինակ, Սիրիայում արդեն ոչ միայն պաշտոնական Դամասկոսը կամ քրդերը, այլև «ամենաչափավոր ընդդիմադիրներն» են վկայում, որ թուրք-սիրիական սահմանի Աֆրինից ու Ազզազից մինչև Դեյր Զոր ընկած տեղամասը ¥որտեղ, ի դեպ, բրյուսելյան ողբերգությունից մեկ օր առաջ Սիրիայի կառավարական զորքերը գլխովին ջախջախեցին ԻՊ զինյալներին¤ Թուրքիային և իսլամիստ ծայրահեղականներին պետք է հենց նրա համար, որ Իրաքից ու Սիրիայից «նավթի քարավաններն» անարգել անցնեն Թուրքիա, իսկ հակառակ ուղղությամբ գան զինյալների, զինամթերքի ու տեխնիկայի նորանոր հոսքեր։
Մեր կարծիքով, ժամանակն է, որ Արևմուտքը կողմնորոշվի և ինքը հստակորեն ասի` Թուրքիան իր արտքաղաքական նպատակներին հասնելու համար պետական ահաբեկչություն իրականացնող երկիր է։ ՈՒ թող ոչ ոքի չխաբեն թուրք քաղգործիչների ակնարկները, թե վերջերս ահաբեկչական ակտեր են եղել նաև Թուրքիայում` Անկարայում ու Ստամբուլում, որոնցից մեկը թուրքական իշխանությունները ողորմածաբար վերագրել են ԻՊ-ի զինյալներին և ոչ թե քրդերին։ Դասական սխեմա է` եթե Եվրոպայում ահաբեկչական ակտերի կազմակերպման մասնակից որևէ մեկն ուզում է իրենից վանել մասնակցության կասկածները, ապա մտածում է, որ ոչ ոք տաք գլխով չի մեղադրի նրան, ով նախորդ օրն ինքն է կարծես ահաբեկչական հարձակումների ենթարկվել։ Թեև, այնուամենայնիվ, արժե հիշեցնել. Թուրքիայում կատարված վերջին ահաբեկչությունների ժամանակ զոհերի մեծ մասը եղել է օտարերկրյա զբոսաշրջիկ, մասնավորապես` Գերմանիայից և Իսրայելից։ Անկարայի ահաբեկչությունը, ի վերջո, «հանգեցրեց» այն բանին, որ կանցլեր Անգելա Մերկելը, ուրեմն և` ԵՄ-ն, դարձան զիջող, և թուրքերը ստացան փողերը։ Ստամբուլինը ոչ այն է` ինչ-որ բան է կանխում, ասենք, Էրդողանի հերթական փորձը «հաշտվելու» Իսրայելի հետ, ոչ այն է` ինչ-որ բան է ամփոփում, ասենք, այն, որ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Մոսկվայում բանակցել է ¥մարտի 15-17-ին¤ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, դատելով ըստ ամենայնի, համաձայնել է սիրիական խնդրի կարգավորման գործընթացի ռուսական մեկնությանը, այսինքն, ապրիորի մերժել է թուրքական մոտեցումները։
Թուրքիայի ժամը եկել է։ Ընդ որում, ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի համար։ Ասենք, ո՞վ չգիտե, որ հենց Անկարան է աջակցում ույղուր ահաբեկիչներին Չինաստանում։ Իսկ ահա «Life Nens» հեռուստաալիքի մարտի 23-ի հաղորդագրությունը. իրենց «Քյաջի ալ-Բիրու» խմբավորման զինյալներ անվանող 16 կանայք պատրաստություն էին անցել Թուրքիայի տարածքում և եվրոպական երկրներով դեռ փետրվարի վերջին Ռուսաստան էին մեկնել ահաբեկչական ակտեր կատարելու համար։ Մահապարտ ահաբեկչուհիների մասին լուրը հայտնի է դարձել ՌԴ ուժային կառույցներին, և նրանց տվյալները ուղարկված են բոլոր մասնագիտացված մարմիններին։ Մի խոսքով, Թուրքիայի ճակատագրի որոշման «X ժամը» և՛ Եվրոպայի, և՛ Չինաստանի, և՛ Ռուսաստանի համար այլևս չի կարող հետաձգվել։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ