«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Որտեղ է թաքնված մեր պետական գենը (ողբ առ պետականության կարոտ)

Որտեղ է թաքնված մեր պետական գենը (ողբ առ պետականության կարոտ)
25.03.2016 | 08:29

Կատուների հոգում շնավախ կա խորունկ,
Մինչ շները վաղուց մոռացել են նրանց...
Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ

ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ՏՔՆԱՆՔ
(ֆարս մաժոր)
Դժվա՜ր, կասեի անգամ դժնդակ օրեր են ապրում Օվալաձևի իշխան-երեսփոխանները, դշխո-երեսփոխանները և, վերջապես՝ մանդատակիր-մականունավոր-պատգամախոսները և, չմոռանանք, Օվալաձևի չորրորդ դասը՝ պետականամետ-հայրենանվեր, անկողմնակալ-վերերկրային շեփորները, դրոշները և թմբուկները։ Յուրաքանչյուր շեփոր և դրոշ, նաև ցանկացած թմբուկ ձայնարկում է ազգափրկիչ և պետականակերտ գաղափարները։ Մնում է, որ դրանք կիրառվեն կյանքում։ Թե չէ 2017-ին Օվալաձևում կբազմեն (իմա՝ կկքանստեն) բացառապես օլիգարխները, օրենքով գողերը, թմրաբարոններն ու Երևանյան լճի առափնյա հատվածի կուրտիզանուհիները։ Այո՛, ծանր է նրանց (իմա՝ ներկա երեսփոխանաց) քաշած բեռը, տաշած քարը նրանց ընկած է գետնին, ինչ անեն և ինչպես, որ և՛ պայքարեն մենաշնորհների դեմ, և՛ սրբությամբ պահպանեն մենաշնորհատերերի շահերը։ Այսինքն, այսօր հայոց օրենսդիր մարմինը, ներող եղեք, նմանվում է... ոչ, սա էլ թող որոշի արգո ընթերցողս։ Մի խոսքով, պատգամավորը ողջ աշխարհում պատգամավեր է։ Մեր մանդատակիրների ճնշող մասը, սակայն, պատգամաբեր է։ Այսինքն, նրանք ընտրողների պատգամներն ավերակում են դահլիճում նստելուն պես։ Իհարկե, նրանք, անկախ կամքից, հանրային խաժամուժի շահերն են պաշտպանում։ Ասենք այսպես, ում շահերն է Օվալաձևում շահում, պահում, դիցուք, օլիգարխը։ Կամ էլ թեկուզ ՑՌՈՒ-ի խոսնակը, ԳՌՈՒ-ի գաղափարախոսը, Մոսադի... լավ, բավ է, զի ամեն բան վաղո՜ւց հանրահայտ է։ Այսօր ժամանակն է հայտնաբերել, թե որտեղ է թաքնվել յոթդարյա երկունքի արդյունք 3-րդ հանրապետությունը։ Շատերն են համոզված, որ պետությունը պետք է փնտրենք պետականակործան վարկային վրաերթերում և մենաշնորհատիրական բարեգործության մուղամներում։
Բայց սա չէ վերջը, դեռ կան ինչ-ինչ հույսեր։ Զորօրինակ, հանրապետական եզակի ուղղամիտ պատգամավոր, օծյալ արցախահայ տիար Համլետը Հարությունյան պարբերաբար հայտարարում է, որ անհամատեղելի են պետականությունը և մենաշնորհատիրակալությունը։ Ինձ համար խիստ անսպասելի օլիգարխիայի դեմ արտահայտվեց փորձառյալ իշխանամետ արգո Խոսրովը Հարությունյան, ով ներկայացրեց սոցիալական պետություն ստեղծելու հիմնադրույթները։ Կեցցե՛ք, և հրավիրվում եք մեր լեռնակապույտ լճերի արևելյան հրվանդանը՝ ազգապետափրկչական ճաշկերույթի։
Մի խոսքով, բազմագույն իշխանապաշտներ, դեղին քարտ հրամցնելով, միաժամանակ զվարթ սրտով փաստում ենք, որ իշխանական գվարդիայում մանուշակների փնջեր են հյուսվում և ցայտաղբյուրներն են անո՜ւշ կարկաչում։ 2017-ի խորհրդարանում ոնց որ թե պատգամաբերն է դառնալու դրության տերը։
Մի խոսքով, որտե՞ղ ես, հայոց պետություն, չէ՞ որ որդան կարմիր երդիկդ եմ փնտրում սրտով կարոտակեզ։

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ
(պատմական զբոսանք. պամֆլետ)
Մի խոսքով, որտե՞ղ ես, հայոց պետություն, ես որդան կարմիր երդիկդ եմ փնտրում սրտով կարոտակեզ ու հոգով փոթորկուն։ Հայոց պետական գենը, վստահ եղեք, շեղված-խեղված է։ Եվ սա այն պարագայում, երբ մեր շինարար և ստեղծարար, մեր մարզական և գյուտարար գենն ալիքվում և նորանոր տաղանդներ է պարգևում աշխարհին, էլ Փարաջանով ու Փելեշյան, էլ Գուրզադյան և Մերգելյան, էլ Սարյան և Քոչար, նաև Իսահակյան ու Չարենց։ (Խնդրում եմ, նկուղից բերեք ձեր դպրոցական հուշաթրթիռ խաղալիք գլոբուսը, պտտեցրեք այն և օտարի աչքով փորձեք գտնել Հայաստանի Հանրապետությունը։ Գտա՞ք։ Իսկ այժմ փորձեք կռահել, հարկավ, օտարական կռահմունքով, թե ինչ հրաշքով է այս մի բուռ հողը դառնում շախմատային գերտերություն)։
Լավ, բավ է, այժմ էլ փորձենք հասկանալ, թե ինչու է հայոց պետականության գենը շրջադարձվում և հախուռն հակադարձվում իրեն ծնած և սնած ժողովրդին։ Ահավասիկ, հրովարտակում եմ, որ 3-րդ հանրապետության պետականությունը կախաղան բարձրացվեց նրա հերոսների զույգ ձեռքերով։
Բայց քանի որ վերոնշյալ երկաթագիր հրովարտակը խիստ վերամբարձ, մի քիչ էլ վերջնագրային է հնչում, թույլ տվեք զուգահեռվել ոխերիմ դրկից, կիսալուսնային դահճապետության Թուրքիայի պատմության հետ։
«Այն բանից հետո, երբ Ալլահն իմ որդիներից մեկին սուլթանություն պարգևի, հարկ է նրա եղբայրներին սպանել հանուն փադիշահությունում կարգուկանոնի պահպանման։ ՈՒլեմների մեծամասնությունը դա թույլատրելի է համարել։ Հետևաբար պետք է այդպես էլ վարվել» (Օսմանյան տիրակալ Մեհմետ 2-րդ Նվաճող, 15-րդ դար)։
Ի դեպ, այս դժոխային, բայց պետականակերտ օրենքը գործեց մինչև 18-րդ դարը։ Նույնքան բարբարոսաբար էին վարվում կաշառասուն պետական պաշտոնյաների հետ։ Տեսեք, աշխարհակալ Սուլեյման 1-ին Սքանչելու կառավարման տարիներին ամեն լուսաբացին նրա պալատ էին հասնում 40 հանցագործ պետծառայողների գլուխներ։ (Լեզուս պապանձվի, քիչ էր մնում բղավեի, թե Սուլեյմանի տարոսը մեզ)։

3-րդ հանրապետությունը ծնվեց և գրեթե անմիջապես էլ ելուզակվեց հայկական ընդարձակ և բարեբեր լեռնաշխարհի կենսաբեր հյուսիսում։ 3-րդ հանրապետության ծնունդն օրհնված էր, հերոսները դուրս էին եկել խորհրդային կյանքի մթին նրբանցքներից և վերադարձել էին գաղութատիրության պատվար ճամբարներից։ 1988-1990 թթ. Նավասարդյանը Աշոտ, Գորգիսյանը Մովսես, Զոհրաբյանը Ռազմիկ, Հայրիկյանը Պարույր և այլք, շատերի աչքին անտես, նախապատրաստում էին Հայաստանի անկախացումն ու Արցախի ազատագրումը՝ զինված դիմակայությամբ։ Նրանք դիմակայեցին։ Նրանք հաղթեցին։ Նրանք սանձեցին խորհրդահայության հոգում ծվարած հնազանդ ստրուկին, և ժողովրդին վերադարձրին իր օրինական հպարտությունն ու արժանապատվությունը։ Հսկայական էր անկախական-քաղբանտարկյալների դերը հանրապետության կայացման գործում։
Անուրանալի է քաղբանտարկյալների դերակատարումը։ Կարապի լճի հարևանությամբ տեղակայված կուսակցության շտաբ-կայանից դուրս էին ելնում զինավառ անկախականները մետաղե ձողերով, սալաքարերով և խաղաղ ցույցերի բռնաճնշման այլ գործիքներով։ Ճերմակ վերնաշապիկ և սև փողկապ. սա էր անկախական ենթասպաների գլխավորությամբ ՀՀՇ-ական ահաբեկչության դեմ ընդվզած ժողովրդի ողն ու կողը փշրողների հանդերձանքը։
Պերմի գաղութներում Աշոտը Նավասարդյան և այլք քաղաքական կամքի և արիության խորհրդանիշներ էին և համասովետական ընդդիմադիր ճակատի կողմից արժանացան «Հայկական պատ» պատվատիտղոսին։
«Հայկական պատը» փլուզվեց, ինչ եք կարծում, ենթարկվելով Լևոնի դավերի՞ն։ Բնավ։ «Հայկական պատը» վրիժառությամբ տոգորված խարխլեց ժողովրդավարական-իրավական պետություն ստեղծելու հայոց հույսը։ Ափսո՜ս, հազար ափսոս։
Պերմի և Արցախի դափնեկիրները չարաչար պարտվեցին սոցիալական պատերազմում։ Նրանք վրեժ լուծեցին, իրենց կորսված երիտասարդության վրեժը, որն ուղղված էր կայսրական ռեժիմի դեմ։ Ռեժիմն անգո էր, բայց հրապարակում էր ռեժիմի մեկ այլ զոհը, հայ ժողովուրդը։ Եվ հենց նա էլ դարձավ անզուգական մի թիրախ, որը գնդակոծվեց անբավ չարությամբ և անհագուրդ ախորժակով։
Այսպիսով, ինչպես վերականգնենք հայոց պետականության զոհաբերված գենը։ Իսկ սա հույժ անհրաժեշտ է, զի հանրապետությունը, ըստ էության, բաժան-բաժան է եղել վարչական, տնտեսական, զինվորական, ոստիկանական, քաղաքական, գավառական և աղանդավորական մենաշնորհատիրությունների միջև։
Օվալաձևում արդյոք այս ահարկու զարհուրանքը չե՞ն զգում։ Եվ եթե նրանք (և այլք) շարունակելու են հանրապետության վերջնագրային խորտակման իրենց անլուր ընթացքը, ապա Պուտինի ձևավորվող նոր կայսրության ծայրագավառ Հայաստանն արդյոք դարձյալ և վերստին կծնի՞ իր հերոսներին, ովքեր դարձյալ և վերստին կվերածվեն հակահերոսների։ Չէ, այս անգամ այլ մշակույթ ի հայտ կգա։ Չէ՞ որ Վլադիմիրի որդի Վլադիմիրը բավականին բազմանշանակ հայտարարել է. «Նրանք, ովքեր մոռացել են Խորհրդային Միությունը, սիրտ չունեն, նրանք, ովքեր փորձում են այն վերականգնել նախկին տեսքով, գլուխ չունեն»։
Ինչ կկատարվի մեր «անսիրտ և անգլուխ» հանրապետության հետ կրեմլյան կայսրության կազմում։ Գուցե պետականության գե՞նը ծլարձակի, միգուցե այն, ընդհակառակը, վերջնականապես քո՞ւն մտնի։

ՇՆԱՎԱԽԸ ԿԱՏՎԻ ԳՈԳՈՒՄ
(վերջնագիր)
Է՜հ, պոետ պատվելի, Սարուխան Հուր-աչյա, սարսափելի է, երբ կովկասյան գամփռ-գելխեղդը վերածվում է փափկամազիկ փիսոյի։ Գուցե կայսրական շնավախից են մեր վերնախավերում պետությունը շփոթել խաղատան հետ։ Եվ խելքի չեն գալիս ահա 25 տարի։ Սրա վերջը ի՞նչ է լինելու։ Գուցե, այնուամենայնիվ, հերոսներով և հակահերոսներով ի մի գանք և մեր տունը վերաշինենք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ