«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեծ խզում, որ ծնում է միայնակների ամբոխ

Մեծ խզում, որ ծնում է միայնակների ամբոխ
25.03.2016 | 01:25

Նպատակ ունի՞ պատմությունը: Ֆրենսիս Ֆուկույաման ասում է՝ այո, պատմությունը շարժվում է մեկ առաջ, մեկ՝ հետ, հասարակությունը չի կարող մշտապես վերադառնալ իր զարգացման նախընթաց փուլին: Գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում ամերիկացի քաղաքագետը պատասխանելով Միխայիլ Տումանի և Թոմաս Ասհոյերի հարցերին՝ անդրադարձել է արդի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրներին: «Ի՞նչ դեր ունի Գերմանիան Եվրամիությունում» հարցին Ֆուկույաման պատասխանում է, որ ամերիկացիները չեն հասկանում՝ ինչո՞ւ են գերմանացիները հակված օրդոլիբերալիզմին: ԱՄՆ-ը ճգնաժամը սկսվելուց հետո վերադարձել է տնտեսության Կեյսիական տարբերակին: Ֆուկույաման այն կարծիքին է, որ իրավիճակը հիմա նույնքան վտանգավոր է, որքան անցյալ դարի 30-ական թվականներին էր, նա բաժանում է համընդհանուր զարմանքը Գերմանիայի վարած քաղաքականությունից: Ֆուկույաման ուզում է, որ կանցլեր Անգելա Մերկելն ավելի հաճախ խոսի գոյություն ունեցող պրոբլեմների մասին: Եթե մարդիկ միգրանտների գալով վախենում են հանցագործության աճից, կանցլերը պետք է պրոբլեմը հրապարակային քննարկի: Շենգենյան գոտին չի կարող գործել, եթե ԵՄ արտաքին սահմանները պաշտպանված չլինեն: Ֆուկույաման համոզված է, որ Մերկելն ունի ծրագիր, բայց նոր միայն պիտի սկսի իրագործել: Պետք է ճշգրիտ իմանալ՝ ո՞վ է գալիս ԵՄ, Եվրոպան առավել խիստ ընտրություն պետք է կատարի քաղաքական փախստականների ընտրության չափանիշների մեջ: «Պատմության ավարտը» գրքում Դուք կանխատեսում էիք, որ կոմունիզմի կործանումից հետո լիբերալ ժողովրդավարությունն այլընտրանքը կորցնում է: Պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ: Ինչո՞ւ պատմությունը չավարտվեց, այլ վերադարձավ» հարցին Ֆրենսիս Ֆուկույաման պատասխանում է՝ իմ թեզը պիտի հասկանաք Հեգելի ու Մարքսի փիլիսոփայութան մեջ: Ես նկատի ունեի մոդեռնացման գործընթացը, օրինակ, երբ ագրարային երկրները դառնում են ինդուստրիալ հանրություններ: Ի՞նչ է լինելու մոդեռնացումից հետո: Առաջադեմ ինտելեկտուալները պնդում էին, որ պատմության վերջում կոմունիզմն է լինելու: Նրանց համար կոմունիզմը մարդկության զարգացման բարձրագույն ձևն էր: Ես համարում էի սխալ: Իմ կարծիքով՝ պատմական զարգացումն ավարտվում է կապիտալիստական, լիբերալ ժողովրդավարության ձևով: Առաջվա նման ես դա եմ համարում ճիշտ: Միակ երկիրը, որ լուրջ մարտահրավեր է նետում այս թեզին, Չինաստանն է: Պեկինը միակ այլընտրանքն է լիբերալ, կապիտալիստական ժողովրդավարությանը: Չինաստանը տեխնիկական ու տնտեսական առաջընթաց է ապրում՝ մոդեռնացվելով առանց ժողովրդավարության: Ինչո՞ւ է այդպես: Կա՞ն մշակութային պատճառներ: Ֆուկույաման չի կարծում, որ Չինաստանը կայուն ու երկարաժամկետ համակարգ ունի: Մարքսիստները համոզված էին, որ տեխնիկատնտեսական զարգացումը բոլոր դեպքերում նպաստում է մոդեռնացմանը, անկախ պատմական խաղացողներից: Իսկ Ֆուկույամայի կարծիքով՝ առանց մարդկային կամքի, առանց ժողովրդավարության համար պայքարի ու առանց անհատների ոչինչ չի ստացվի: Նա կարծում է, որ գործող անձինք են առաջվա պես վճռական դերը կատարում: Մոդեռնացումը ինքնին վտանգված չէ: Ասիական երկրների փորձը ցույց է տալիս, որ չկան ֆունդամենտալիստներ ոչ Չինաստանում, ոչ Կորեայում, ոչ այլ պետություններում: Պարզապես մարդիկ ստացել են աշխատանք և տեխնոլոգիական առաջընթացի առավելություններից օգտվելու հնարավորություններ: Ֆունդամենտալիստական շարժումներն ուժեղ են այնտեղ, որտեղ մարդիկ ուզում են մոդեռնացում, բայց հաջողության չեն հասնում: Մերձավոր Արևելքում մարդիկ ունեն հեռուստացույց և ինտերնետ, նրանք տեսնում են, որ աշխարհի այլ մասերում իրենցից լավ են ապրում: Զարգացած աշխարհում խնդրահարույց են այն մարդիկ, ովքեր առավելություններ չեն ստանում գլոբալացումից: Որտեղ մոդեռնացումը լիարժեք գործում է, ստեղծում է սեփական լեգիտիմությունը:

Ֆուկույաման դրական զարգացման օրինակներ է բերում Լատինական Ամերիկայից, ձախ շարժումները Էկվադորում, Վենեսուելայում, Արգենտինայում փորձում են օգտագործել պոպուլիստական քաղաքականությունը: Այդ փորձերի մեծամասնությունը ավարտվում է լիակատար ձախողումով: Արգենտինայում, Վենեսուելայում, Բոլիվիայում մարդիկ ընտրեցին կենտրոնամետ դեմոկրատներին: Մոդեռնացումը ստեղծում է աճ, իսկ աճը զարգացնում է միջին խավը, որն ավելի մեծ քաղաքական մասնակցություն է պահանջում: Այդ պատճառով առավել հարուստ երկրները, որպես կանոն, առավել ժողովրդավարական են: Այդ ուղղությամբ շարժում կա, բայց դա անխուսափելի չէ և կախված է քաղաքական գործիչներից ու նրանց որոշումներից: Ֆուկույաման կարծում է, որ Ասիան սխալ ուղղությամբ է շարժվում: Չինաստանը, Ճապոնիան ու Կորեան այսօր շատ ավելի ազգայնական են, Հնդկաստանը նույնպես ազգայնականությանն է տուրք տալիս: Նա նույն կարծիքին է, որ Ասիան կարող է բախվել ավելի մասշտաբային կոնֆլիկտների և այդպես էլ չի յուրացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը: Ասիան Եվրոպայից բոլորովին լավը չէ. երբ Ռուսաստանը գրավեց Ղրիմը, Չինաստանում շատերն էին հարց տալիս՝ ինչո՞ւ մենք նույնը չենք անում Թայվանում: «Ձեր «Պատմության ավարտը» գրքից հետո մենք ականատես եղանք էթնիկ ու կրոնական կոնֆլիկտների վերադարձին, Դուք թերագնահատե՞լ էիք այդ հնարավորությունը» հարցին Ֆուկույաման պատասխանել է՝ իմ գրքում ես հղում էի անում «վերջին մարդու» մասին Նիցշեի տեսակետին: Մարդ, որ ապրում է առանց կոնֆլիկտների, առանց ոգեշնչումի: Նա գրել էր, որ ժամանակակից լիբերալ դեմոկրատիան սկզբունքային խնդիր ունի՝ առաջարկում է տնտեսական հաջողություններ և անվտանգություն, բայց չի ստեղծում հպարտություն, համակեցություն կամ նույնականություն: Իսկ դա ֆունդամենտալ մարտահրավեր է լիբերալ ժողովրդավարությանը: Ովքե՞ր են այն երիտասարդները, որ կռվում են Իսլամական պետության զինյալների շարքերում: Նրանք ինտեգրված չեն և համերաշխություն զգում են իրենց հանրության մեջ: Դա շատ ուժեղ գրավչություն ունի: Պատմության ավարտ ասելով՝ Ֆուկույաման նկատի է ունեցել լիբերալ ժողովրդավարությունից ավելի լավ այլընտրանքի բացակայությունը: Պատմության ավարտը չի հետաձգվում, սակայն ռեալություն չէ շատերի համար: Իսկ հիմա մարդկությունը շարժվում է սխալ ուղղությամբ:
Այսպես: Սա մի մարդու կարծիք է՝ ԱՄՆ-ում ծնված ու բնակվող ճապոնացի Ֆրենսիս Ֆուկույամայի, որ հանդգնել է մտածել պատմության ավարտի և վերջին մարդու մասին: 1992-ին: Ճանաչման համար պայքարի մարդկային մոդելը Ֆուկույաման միջազգային ասպարեզ է տեղափոխում՝ ճանաչման համար պայքարը հնարավորություն է տալիս տեսնել միջազգային քաղաքականության ներսը: Ճանաչման տենչը, որ մի ժամանակ հանգեցրել էր արյունոտ մենամարտերի մարտիկների միջև, տրամաբանորեն տանում է դեպի իմպերիալիզմ և համաշխարհային կայսրության ստեղծում: Լիբերալ դեմոկրատիայի հաղթանակը բերում է «պատմական» կոնֆլիկտների ավարտ պետությունների միջև՝ հասարակարգի արմատական ոչ մարտունակությունը ակնհայտ է, անսովոր խաղաղ հարաբերություններում միմյանց հետ՝ նրանք միմյանց չվստահելու և գերիշխելու պատճառներ չունեն: Նրանք ունեն համընդհանուր հավասարության իրավունքների միատեսակ սկզբունքներ, ուստի հիմքեր չկան միմյանց լեգիտիմությունը վիճարկելու: ՈՒժի դիրքերից քաղաքականությունը կորցնում է նշանակությունը: Լիբերալ-դեմոկրատական պետությունների գործակցության հիմնական աղբյուրը տնտեսությունն է: Սակայն դա չի նշանակում, որ միջազգային կոնֆլիկտները մեկընդմիշտ անհետանում են: Լիբերալ դեմոկրատիայի հաղթական քայլերթի ժամանակ աշխարհը ժամանակավորապես բաժանված կլինի երկու մասի՝ պատմական և հետպատմական: Հետպատմականը կներառի լիբերալ ժողովրդավարությունները, պատմականը երկար տարիներ կոնֆլիկտների ասպարեզ կլինի. այնպիսի երկրները, ինչպես Իրաքն ու Լիբիան, կներխուժեն իրենց հարևանների տարածքները և արյունոտ պատերազմներ կմղեն: Պատմական աշխարհում ազգային պետությունը մնում է քաղաքական նույնականացման գլխավոր կենտրոն: Պատմական ու հետպատմական պետությունների միջև հնարավոր են կոնֆլիկտներ՝ կպահպանվի էթնիկ և ազգային հողի վրա բռնության աճող մակարդակը՝ այդ ազդակները իրենց չեն սպառում և հետպատմական աշխարհում: Պաղեստինցիները և քրդերը, սիկխերը և թամիլները, իռլանդացի կաթոլիկները և վալիացիները, հայերն ու ադրբեջանցիները կուտակելու են ու փայփայելու իրենց վիրավորանքները: Օրակարգում են մնում ահաբեկչությունը, ազգային-ազատագրական պատերազմները: Աշխարհների միջև մեծ կոնֆլիկտներ չեն լինի, մեծ կոնֆլիկտների համար պետք են մեծ պետություններ, որ պատմության շրջանակներում են, բայց նրանք հեռանում են պատմական ասպարեզից: Պատմական ու հետպատմական աշխարհները միմյանց հետ քիչ են փոխգործակցելու և զուգահեռ են գոյություն ունենալու: Նավթը, իմիգրացիան և անվտանգության հարցերը կարող են հնարավոր շփման կետեր լինել:
«Մեծ խզում» գրքում Ֆուկույաման, համեմատելով Արևմուտքի զարգացած երկրների տվյալները, պարզեց, որ 1960-ականների կեսերից կտրուկ ուժեղացել են բացասական երևույթները՝ ընտանեկան հարաբերությունների խարխլման, հանցագործության աճի և մարդկանց վստահության անկման պատճառով: Բազմանում են տարատեսակ հանցագործությունները, թափառաշրջիկությունը, հարբեցողությունը, կտրուկ նվազում է ծնելությունը, աճում են ամուսնալուծությունները: Գլխավորը՝ մարդկանց անվստահությունն է միմյանց, միաժամանակ՝ հասարակական ինստիտուտների նկատմամբ: Ֆուկույաման դա անվանում է մեծ խզում՝ կյանքում կողմնորոշման կորուստ, անցումայնություն, երբ հին նորմերը ձևախեղված կամ ոչնչացված են, իսկ նորերը չկան: Հասարակությունը հատվածավորվում է՝ վերածվելով միայնակների ամբոխի: Բայց դա հավերժ չէ: Պատմության ավարտը վկայում է, որ պատմությունն ավարտ չունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ՈՒ ի՞նչ: Կապիտալիզմի հաջողությունը տարբեր հասարակություններում որոշում են ոչ թե ֆինանսական գործոնները, այլ վստահությունը: Հենց վստահությունն է ապահովում հասարակության տնտեսական բարեկեցությունը: Որպեսզի բիզնեսը ընտանիքի սահմաններից դուրս գա, տարբեր ընտանիքներ ու ձեռնարկություններ պետք է վստահեն միմյանց: Ընտանիքները և պետությունը կան ժամանակակից բոլոր ընկերակցություններում: Մնացած խմբերը, որ այս հասկացությունների միջակայքում են, տարբեր հասարակություններում տարբեր են: Վստահությունը ընտանիքի սահմաններից դուրս և առանց պետության օգնության՝ մարդկանց միավորվելու ունակությունն է: Ֆուկույաման անվանում է մշակութային առանձնահատկություն: Նրա գնահատականով՝ հաջողակ ընկերակցությունները (ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա) բնութագրվում են վստահության բարձր մակարդակով: Նվազ հաջողակները (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա) նման են միմյանց՝ բիզնեսը վարում են ընտանիքները կամ պետությունը, իսկ միջին մակարդակի ասոցիացիաները զարգացած չեն: Այս ամենը այսպես է ու այսպես չէ, կյանքը սքանչելի անակնկալ է, որ կարող է անեն ինչ փոխել ու երբեք չես կարող ասել՝ դեպի որ կողմ: Բելգիան ահաբեկչությունների թիրախում, Օբաման՝ Կուբայում ու Արգենտինայում, Քերին Մոսկվայում, «Նոր Հայաստանը» իշխանափոխություն է անում, ԱԺ-ում Ընտրական օրենսգիրքն են քննարկում, պայմաններ են առաջադրում իրար ու մեղադրանքներ՝ միայնակների ամբոխին, մեծ խզման այս ու այն կողմերում: Ֆուկույաման չգտավ վերջին մարդուն, և պատմությունն էլ չավարտվեց: Բայց միշտ էլ գտնվում են միայնակների մեջ ավելի միայնակներ, որ մտածում են ընդհանրական մարդկության մասին և փորձում սանդուղքին ավելացնել իրենց աստիճանը՝ դեպի վերև, թե դեպի ներքև, որոշում է մարդը, որ ունի վերուվարելու ազատություն: Միշտ անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը գա ու մի քանի սերնդի կուտակած փորձը դասդասի, ամփոփի ու անվանի, որպեսզի իրեն հաջորդողները անցնեն նոր աստիճանի:

Դիտվել է՝ 1971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ