«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նրանք արդեն վճռել են՝ ով է հաղթելու

Նրանք արդեն վճռել են՝ ով է հաղթելու
22.03.2016 | 12:14

Կիրակի օրը Ղազախստանում խորհրդարանական ու տարածքային ընտրություններ էին: Ազատ ընտրությունների մասին խոսք իսկ չկա՝ 75 տարեկան նախագահ Նուրսուլթան Նազարբաևը միայնակ կառավարում է երկիրը՝ գրում է Libération-ը:
Տարեվերջին նշանակված ընտրությունները ժամկետից առաջ անցկացնելը սովորական մարտավարություն է, որի նպատակն է թույլ չտալ ընդդիմությանը կազմակերպվել՝ գրում են Լորանս Դեֆրանուն և Գաբրիել Պորնեն: Արևելյան լեզուների և մշակույթների ինստիտուտի պատմաբան, Ղազախստանի գծով մասնագետ Կատրին Պուժոլը կարծում է, որ այս անգամ պատճառն այլ էր. «Իշխանությունը զգուշանում է սոցիալական խնդիրներից: Ժամկետից շուտ ընտրությունները թույլ են տալիս ուժեղացնել գործադիր իշխանությունը նախքան փոթորկի նախազգուշացումը, որ վերլուծաբանները կանխատեսել են սեպտեմբերին: Խորհրդարանական ու տարածքային ընտրությունների միավորումը, բացի այդ, թույլ է տալիս տնտեսել միլիարդավոր տենգեներ»: Նավթի գնանկումը ծանր հարված էր մի երկրի համար, որի եկամուտները սեփական ընդերքից են գալիս: Ղազախստանի պետական ինստիտուտները ստեղծվել են արևմտյան մոդելով, այդքանով նմանությունն ավարտվում է: Երկրում թույլատրված են միայն յոթ կուսակցություններ, օրենքները հաստատում է Սենատը, որի անդամներին նշանակում է նախագահը, Մեջլիսը վերահսկում է նախագահական «Նուր Օթան» կուսակցությունը: Քաղաքացիները պատրանքներ չունեն: «Կարծում եմ՝ նրանք արդեն վճռել են՝ ով է հաղթելու, այս ընտրությունները պետք են, որ մադկանց ցույց տան, որ իրենք իշխանություն ունեն»՝ ասել է Աստանայի բնակիչներից մեկը: Ավտոկրատ վարչակարգը փակում է բոլոր քննադատների բերանը, ընդդիմադիրները հայտնվում են բանտերում կամ ստիպված են հեռանալ երկրից: Թեպետ մանևրի ազատություն Ղազախստանում ավելի շատ կա, քան Կենտրոնական Ասիայի այլ երկրներում, չարժի բացահայտ հայտարարել ընդդիմադիր լինելու մասին: Նրանք, ովքեր փորձել են, խնդիրներ են ունեցել ոստիկանության հետ, նրանց թերթերը փակվել են: Պետք է ընդունել կոնսենսուսի թվացյալությունը և օգտագործել կողմնակի ճանապարհները՝ խոսքը տեղ հասցնելու համար՝ կարծում է Կատրին Պուժոլը: Երկրի քաղաքացիներն անգամ մասնավոր զրույցներում են հրաժարվում իշխանությանը քննադատելուց: Այնուամենայնիվ, այս ընտրությունները բացարձակապես անօգուտ չեն, թեկուզ այն պատճառով, որ կարող են նպաստել քաղաքական դասի ինչ-որ չափով երիտասարդացմանը: Կատրին Պուժոլը նկատում է, որ շատ բարեփոխումներ հայտարարվել, բայց դեռ չեն իրագործվել, հակաճգնաժամային օրենքները բնակչության համակրանքը չեն վայելում: Պուժոլը համոզված է, որ Ղազախստանում ընտրովի պաշտոնները շատ կարևոր են. «Պատգամավորը համարյա թե Նազարբաևի տեղական ռեինկարնացիան է»: Նա վստահ է, որ եթե ընտրությունները կայանային ավելի խոր ճգնաժամի պայմաններում, «Նուր Օթանի» արդյունքները կտրուկ անկում կունենային: «70 %-ից ցածր արդյունքը նշանակում է վստահության անհավանական վախճան»՝ արձանագրում է Պուժոլը: Քանի դեռ երկիրը աճ ուներ, Նազարբաևի ընտանիքի ֆենոմենալ հարստացումը համարվում էր կողմնակի հետևանք: Բայց ճգնաժամի ժամանակ քննադատությունը առավել հաճախ է հնչում և վերաբերում է ոչ միայն նախագահին ու նրա տիկնոջը: Նախագահի դուստրերից մեկն ամուսնացած է երկրի երկրորդ հարուստ բիզնեսմենի հետ, նրա քույրն արդեն փոխվարչապետ է, իսկ ընտրություններից հետո կարող է դառնալ խորհրդարանի նախագահ: Անկասկած, նրա հայրը, որ առողջության հետ խնդիրներ ունի, հոգ կտանի, որ նա գլխավորի երկիրը:
Լորանս ԴԵՖՐԱՆՈՒ, Գաբրիել ՊՈՐՆԵ, Libération


Հ.Գ. Ինչո՞վ ժողովրդավարության հաղթանակ չէ, երբ երկիրը կին է գլխավորում: Տրիումֆ, որի համար ղազախները կփառաբանեն Նուրսուլթան Աբիշևիչին, ինչպես ընդունված է նրանց երկրում: Պարտադիր չէ, որ Նազարբաևի դուստրը դառնա նախագահ, ընտրություններից առաջ հայր Նազարբաևն ակնարկել էր, որ երկրում կարող են կառավարման կարգի փոփոխություններ լինել և ավելի շատ լիազորություններ կտրվեն կառավարությանն ու խորհրդարանին: ՈՒ՝ ի՞նչ: ԵԱՏՄ-ում Սերժ Սարգսյանի նվիրական ոտնահետքերո՞վ: Լիովին հնարավոր է, որովհետև ԵԱՏՄ-ում ոչ մի նշանակություն չունի կառավարման կարգը, կարևորը կառավարողի կամքն է, իսկ ընտրությունները կատարվում են նախագահականում նշանակումով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ