«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սիրիա. Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը «համաձայնե՞լ են իրար մեջ»

Սիրիա. Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը «համաձայնե՞լ են իրար մեջ»
22.03.2016 | 00:27

Ընդամենը մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ ռուսական բանակի Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հայտարարեց Սիրիայից ռուս զինծառայողների մի մասի դուրսբերումն սկսելու իր որոշման մասին, իսկ աշխարհում այնպիսի իրարանցում է, և այնպիսի ենթադրություններ են արվում, որ ակամա սկսում ես մտածել. մի՞թե երկրի երեսին ուրիշ ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում, որ աշխարհը շնչակտուր նետվում է «քննարկելու» այն որոշումները, որոնք, մեծ հաշվով, վերաբերում են միայն երկու մարդու և երկրի` Պուտինին ու Բաշար Ասադին, Ռուսաստանին ու Սիրիային։ Չէ՞ որ ռուս զինծառայողները Սիրիայում էին հենց սիրիական պետական ղեկավարության հրավերով և ոչ թե մնացած աշխարհի։
Չգիտես ինչու, հետաքրքրվողների մեծ մասին մի հարց է «անհանգստացնում»՝ իսկ ի՞նչ է դա նշանակում։ Ասենք, ինչ-որ մեկն այդ մարդկանց բացատրեց, թե ինչ է նշանակում Պուտինի որոշումը։ Հետո՞, մի՞թե այլ հարցեր չեն առաջանա։ Համոզված եմ` կառաջանան, ընդ որում, ավելի շատ և ավելի պակաս կանխատեսելի պատասխաններով, քան «Իսկ ի՞նչ է դա նշանակում» հարցի պատասխանն է։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է՝ ոչ ոք չի մասնակցել Սիրիայում իրականացվող առաքելության մասնակի սահմանափակման վերաբերյալ որոշման մշակմանը, Պուտինը որոշումն ընդունել է միանձնյա։ Իսկ հիմա «աջ ու ահյակ» ազատություն են տալիս իրենց հիվանդագին և բուռն երևակայությանը. տեսա՞ք, ռուսները վախեցան պատժամիջոցներից, ռուսներն ուզում են «սիրաշահել Ամերիկային», «ահա թե ինչ է նշանակում, որ ռուսներին այցելել է Հենրի Քիսինջերը» և մեկը մյուսից անհեթեթ այլ «մեկնաբանություններ»։ Կամ մի ուրիշ ցնդաբանություն. «պարզվում է», Պուտինի որոշումն անակնկալ է եղել ոչ միայն Արևմուտքի, այլև... Սիրիայի և Իրանի համար։ Անշուշտ, ԱՄՆ-ի շփոթմունքը, օրինակ, Ռուսաստանի Գերագույն գլխավոր հրամանատարի որոշման բարձրաձայնումից հետո նկատելի էր բոլոր նրանց, ովքեր ուշադրությամբ հետևում էին Սպիտակ տան և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղարների բրիֆինգներին։ Վկայակոչում էին «անիրազեկությունը», իբր, մենք չենք տեսել, չենք կարդացել։ Մեծ Բրիտանիայի շփոթմունքն ավելի մեծ էր. ո՞նց կլինի, անգլիական հետախուզությունը «քափ-քրտինք կտրած» Լիբիայի քաղաքացիներից «սիրիացի ընդդիմադիրներ» էր պատրաստում Հորդանանի տարածքով Սաուդյան Արաբիայի վայ-ռազմիկների հետ Սիրիա նետելու համար։ ՈՒ հանկարծ այսպիսի, ռուսները կասեին` «облом»։
Թուրքերն էլ իրենց տագնապն ունեն, թեև Ռուսաստանի որոշման մասին ծպտուն չի հանում նաև Անկարան։ Եվ այստեղ պետք չէ վկայակոչել այն, որ վերջերս թուրքական մայրաքաղաքում հերթական դաժան ահաբեկություններն են կատարվել. տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ... Ոչ, թուրքերն ուղղակի չեն կարողանում կողմնորոշվել. արժե՞ հիմա հյուսիսից ներխուժել Սիրիա, թե՞ ոչ։ Չէ՞ որ նրանք խոստացել են ԱՄՆ-ին, նույնիսկ իր տարածքում, Սիրիայի սահմանից ոչ հեռու, ինչ-որ հատուկ հետախուզական կենտրոնի ստեղծմանն են գնացել։ Եվ նույնիսկ դադարեցվել են հարձակումները սիրիացի քրդերի վրա. երևի ամերիկացիները արդեն շատ են «խնամակալության տակ առել», ինչը ևս վատ կասկածներ է ծնում, իհարկե, քրդերի վերջնական ճակատագրի առնչությամբ։ Բայց թուրքերը իրենց մաղձը թափելու համար միշտ ունեն և՛ «սեփական» քրդերին, և՛ իրաքցի։ Ահա իրաքցի քրդերին հերթական անգամ մարտի 13-14-ին ռմբակոծեցին ինչպես հարկն է։ Իսկ «սեփական քրդերի» հարցում առհասարակ ավելորդ տեղը դեսուդեն չեն ընկնում. «մաքրել են» Սիրիայի սահմանի մերձակա Ջիզրե քաղաքավանը, տեսակադրերը ներկայացնում են քաղաքացիական շենքերի հսկայական ավերածություններ, և միայն ենթադրել կարելի է, թե քանի հարյուր զոհ են տվել քրդերն այդ բնակավայրում։ Իսկ հերթն արդեն «պարետային ժամինն» է (այսինքն` պատժիչ գործողություններինը) մեկ այլ քաղաքում` Շիրնակում։ Մի խոսքով, թուրքերն առանց Պուտինի էլ շատ անելիք ունեն, չէ՞ որ քրդերին պետք է ցեղասպանել գոնե մասամբ...
Արդյոք Իրանում և Սիրիայում նման որոշում սպասո՞ւմ էին Ռուսաստանից։ Համարձակվեմ հայտարարել՝ այո։ Ավելին, Ռուսաստանի ղեկավարը նույնիսկ (միջնորդավորված) իր որոշումը պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների միջոցով համաձայնեցրել էր Դամասկոսի ու Թեհրանի հետ, իսկ Իրանի դեպքում` անգամ երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հոսեյն Դեհղանի մակարդակով։ Պաշտպանության նախարարները, թեկուզև Ռուսաստանի և Իրանի, իրենց պատասխանատվության ոլորտների կարևորությամբ հանդերձ, այնքան բարձրաստիճան պաշտոնատար անձինք չեն, որ նույն Դեհղանին ընդուներ (փետրվարին) անձամբ Պուտինը, իսկ Շոյգուին (դարձյալ փետրվարին` Դեհղանի Թեհրան վերադառնալուց ընդամենը երկու օր հետո)` Իրանի նախագահ Հասան Ռոհանին և այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին։ Ո՞Ւմ միջոցով կարող էր ծանուցվել Բաշար Ասադը, այնքան էլ կարևոր չէ։ Չէ՞ որ պարզ է, որ Սիրիան Ռուսաստանի ու Իրանի կրտսեր գործընկերն է ներկա իրադրությունում. ընդունենք՝ իրանական կողմի միջոցով է ամեն ինչ համաձայնեցվել Սիրիայի ղեկավարության հետ։ Հիշենք նաև այաթոլլահ Խամենեիի խորհրդական, Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթիի բազմանշանակ ակնարկը, որը նույն փետրվարին հայտարարեց, որ եթե Սիրիայում խաղաղություն հաստատվի, ապա հակաահաբեկչական գործողությունները կարող են տարածվել Իրաքի և Եմենի վրա։ Ի դեպ, նույն օրը` 2016 թ. մարտի 14-ին, Ռուսաստանը սկսեց իր սպառազինությունների ուղղակի մատակարարումները Իրաքի քրդերին, և դա օրինաչափ է։
Ինչպես մարտի 15-ին ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանը որևէ մեկին դուր գալու համար չէ, որ զորքերը հանեց Սիրիայից։ Եվ դա ճիշտ է։ Մնացած աշխարհն ուզում է թեկուզ տրաքի, բայց փաստը մնում է փաստ։ Բայց ինչո՞ւ պետք է «տրաքեն» Սիրիան ու Իրանը։ Դեռ մինչև Պուտինի որոշումը Դամասկոսից տեղեկություններ էին ստացվել, որ Ռուսաստանն ու Սիրիան ամենաբարձր մակարդակով (այսինքն` երկու երկրների նախագահների) «պայմանավորվել են Սիրիայից հանել Ռուսաստանի ՌՏՈՒ խմբավորման հիմնական մասը»։ Այստեղ ի՞նչն է «անակնկալ» Դամասկոսի համար։ Ցանկալի է, որ Ռուսաստանի «թուլության և դատապարտվածության» մասին անհեթեթ ենթադրությունների ջատագովները նեղություն կրեն ապացուցելու իրենց անհիմն վարկածները, թե, իբր, Սիրիան «իրազեկված չի եղել» Պուտինի որոշման մասին։ Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա այնտեղ տարբեր խոր շերտեր կան, որոնց մասին առիթ կլինի խոսելու։ Բայց` առանձին։ Իսկ այսպես` ներկայացնենք Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շատ հանգիստ արձագանքը Կանբեռայում իր ավստրալացի պաշտոնակցի հետ բանակցությունների ժամանակ. «Իրանը ողջունում է Ռուսաստանի որոշումը։ Այն փաստը, որ Ռուսաստանը հայտարարել է իր զորքերի մի մասը հետ կանչելու մասին, ցույց է տալիս, որ նրանք զինադադարի պահպանման համար ուժի դիմելու հույժ անհրաժեշտություն չեն տեսնում։ Դա ինքնըստինքյան պետք է դրական նշան լինի։ Հիմա մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ է լինելու»։ Բայց Արևմուտքի արևով երդվողներին դառնացրեց Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամհանին: «Սիրիայից զորքերի դուրսբերումը պլանավորված և կոորդինացված էր նախապես, դա միանգամայն սպասելի էր»,- Շահմանիի խոսքերն է մեջբերում «Իրանի Իսլամական Հանրապետության ձայն» պետական հեռուստառադիոընկերությունը։
Սենսացիան պայթեց։ Ես նկատի ունեմ ԱՄՆ-ի ու Արևմուտքի չվճարվող (իսկ գուցե և վճարվո՞ղ) փաստաբանների սին ջանքերը (ընդ որում նաև բուն Ռուսաստանի քաղաքացի)՝ ապացուցելու, թե իբր Մոսկվան որոշումն ընդունել է առանց համաձայնեցնելու իր դաշնակիցների հետ և ելնելով իր «թուլության» գիտակցումից։ Իհարկե, դեռ շուտ է հետևություն անել, բայց ես կհիշեցնեի հետևյալ փուլերը. նախ, զինուժի դուրսբերումը նոր-նոր է սկսվել, աշխարհը Սիրիայից Վորոնեժի մարզ մի երկու-երեք ավիաօղակի վերադարձ է տեսել միայն։ Թե էլի քանի ինքնաթիռ տուն կվերադառնա, ներեցեք, ո՛չ Պուտինը, ո՛չ Շոյգուն ոչ ոքի պարտավոր չեն «զեկուցելու»։ Երկրորդ, հիշեցնեմ, մինչև ռուսական Су-24 ռմբակոծչի դեմ թուրքական սադրանքը Սիրիա էր մտցվել ինչ-որ քանակի մարտական ավիատեխնիկա։ Եվ Су-24-ի հետ կապված միջադեպից ու երկու ռուս զինծառայողի զոհվելուց հետո միայն խմբավորումն ուժեղացվեց, այդ թվում նաև՝ հեռաթիռ ռազմավարական ավիացիայի հաշվին։ Երրորդ, «Калибр» գերճշգրիտ թևավոր հրթիռների փորձարկումը, որոնցով ահաբեկիչներին ու թուրքամետ հանցագործներին հրթիռակոծում էին թե՛ Կասպից, թե՛ Միջերկրական ծովերի ինչպես սուզանավերից, այնպես էլ վերջրյա ռազմանավերից, ցույց տվեցին, որ, ըստ էության, ռուսները նույնիսկ կարող են ամբողջ Թուրքիան հողին հավասարեցնել առանց «գործի դնելու» ռազմական ավիացիան։ Չորրորդ, Պուտինի այն խոսքերից հետո, որ դուրսբերման որոշումը չի վերաբերում ռուսական ՌԾՈՒ-ի Տարտուսի բազային և Լաթաքիայի Հմեյմիմի (ՌՏՈՒ) բազային, և որ այդ բազաները կպահպանեն թե՛ իրենց զորախմբերը, թե՛ իրենց գործառույթները, բացի այդ կշարունակեն գործել «նախկին ռեժիմով», անկեղծ ասած, հարց առաջացավ. բա էլ ի՞նչ են դուրս բերում։ Մի 10-20 հատ «ավելորդ ինքնաթիռներ» իրենց անձնակազմերո՞վ։ Պուտինի որոշման հրապարակումից մեկ օր անց նախարար Լավրովը մեկ անգամ ևս հավաստեց՝ այո, ավիահարվածներն ու մյուս ուժային մեթոդներն ընդդեմ «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների կշարունակվեն։
Իրոք, ինչ-որ «անհասկանալի» բան է կատարվում այնտեղ՝ Ռաքքայում, վահաբականների կողմից իրենց հանցավոր «խալիֆայության» մայրաքաղաք հռչակված քաղաքում։ Սիրիական զորքերն ու աշխարհազորայինները պատրաստվում են ազատագրելու Պալմիրա-Թադմորը։ Շարունակվում է Հալեպի «մաքրումը» ահաբեկիչներից։ Սպասվում է Դեր-Զորի ապաշրջափակման լայնածավալ գործողությունը։ Թվարկումը կարելի է շարունակել։ Եվ, ի վերջո, ինչպես ասում են, ինչպես հանել են, այնպես էլ կմտցնեն, եթե մի բան պատահի. 2015 թ. սեպտեմբերին մի 2-3 օրում չէ՞ր, որ Սիրիայում հայտնվեցին ռուսական ինքնաթիռներն ու օդաչուները։ Հիշեցնենք՝ Իրանի և իրանական Համադանի ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքի բարյացակամ աջակցությամբ։ ՈՒրեմն, քանի որ ռուսական ռազմատիեզերական ուժերը շարունակում են մնալ Հմեյմիմում, բացի այդ, օրակարգից հանված չէ Դեր-Զորի և Էլ-Ղամշլիի «արանքում» ռուսական ՌՏՈՒ-ի երկրորդ բազայի հարցը, ապա նրանք միանգամայն անայլընտրանք այսուհետ ևս կշարունակեն ոչնչացնել և՛ ահաբեկիչներին, և՛ բոլոր նրանց, ովքեր օգնության կգան նրանց` Սիրիայի սահմանների որ կողմից էլ դա ձեռնարկվելիս լինի։ Եվ, վերջապես, հինգերորդ, պարզվում է, ՌԴ ՌՏՈՒ զինծառայողների և ավիատեխնիկայի մի մասի դուրսբերումից հետո Սիրիայում գտնվող հ-400 «Триумф» զենիթահրթիռային համալիրների մարտկոցները մնում են։ Իհարկե՝ սպասարկող զինվորական անձնակազմով հանդերձ։ Առավել ևս, Սիրիայի ափերի մոտ է մնում նաև Ռուսաստանի ՌԾՈՒ-ի միջերկրածովյան խմբավորումը, որի ռազմանավերի թվում կան այնպիսիք, որոնց վրա տեղակայված են հ-300 М «Форт» զենիթահրթիռային համալիրի ծովային «վարկածի» մարտկոցներ։
Վերը շարադրվածում չեմ տեսնում ո՛չ Սիրիային և Իրանին Պուտինի մատուցած «տհաճ անակնկալ», ո՛չ Ռուսաստանի «թուլություն», ո՛չ էլ, առավել ևս, փաստարկներ հօգուտ անմիտ մարդկանց այն նոր բարբաջանքի, թե իբր «Պուտինը հանձնել է Սիրիան»։ Բացի այդ, մի բան էլ հիշեցնեմ։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի նախագահն էր խոսում հենց այն մասին, որ զորքերը մտցնում է սահմանափակ ժամանակով։ Իսկ թե որքա՞ն` կորոշեն Ռուսաստանն ու Սիրիան և ոչ թե ԱՄՆ-ը կամ, ասենք, ՈՒկրաինան ու Հայաստանը և այլն։ Լուրեր էին հասնում լայն լսարանին, թե իբր աշնանը Պուտինը ծրագրել է Սիրիայից զինծառայողներին հանել մոտավորապես մարտի վերջերին։ Դե, մարդը որոշել է, որ կարելի է և մարտի կեսերին, ի՞նչ զարմանալու բան կա այստեղ։ ՈՒշադրություն դարձնենք. հայտարարությունն արվեց մարտի 14-ին, այսինքն, երբ Ժնևում վերսկսվեցին Սիրիային նվիրված հաշտության բանակցությունները` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի միջնորդությամբ, և Սիրիայի օրինական իշխանությունների հետ առանց նախապայմանների բանակցությունների թեզիսի բացահայտ առաջնայնությամբ։ Բացի այդ, Սաուդյան Արաբիան համաձայնել է բանակցություններին սիրիացի քրդերի առանձին մասնակցությանը. Թուրքիան սիրիական ուղղությամբ մի փոքր մարտ ևս տանուլ տվեց։ Իհարկե, մարտի 14-ի հետ այլ դրվագներ էլ են կապված, որոնք պակաս հետաքրքրական չեն, քան «կրքերի բորբոքումը» Սիրիայից ռուսական զորքերի հանման (չհանման) թեզիսի շուրջ, բայց այդ մասին էլ մեկ ուրիշ անգամ։
Մինչդեռ ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Սիրիայից սեփական զինուժի մասնակի դուրսբերման մասին Պուտինի որոշման համարյա նախօրյակին` մարտի 10-ին, Ռուսաստանի նախագահը Մոսկվայում հանդիպում ունեցավ իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ։ Այն մասին, որ նախագահները խոսել են նաև Սիրիայի մասին, վկայում է Ս. Սարգսյանի հայտարարությունը. «Եվ ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ և իմ մյուս ելույթներում, մեկ անգամ ևս բարձրաձայնում եմ, որ մենք հաստատակամորեն պաշտպանում ենք Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական հարցում։ Եվ իհարկե, մենք ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որ դուք ձեռք եք բերել ԱՄՆ-ի հետ մարտական գործողությունների դադարեցման շուրջ. դա կարող է դառնալ այդ հարցի քաղաքական լուծման բանալի»։ Ես հեռու եմ այն մտքից, թե Պուտինը Հայաստանի նախագահին «տեղյակ է պահել» նախատեսվող որոշման մասին, թեև ամեն ինչ հնարավոր է։ Բայց, քանի որ Հայաստանի իշխանությունների հետ «Սիրիայի վերաբերյալ» թեկուզ ինչ-որ բան քննարկում են, ապա պետք է օգտագործել այդ մեծ հնարավորությունը և, վերջապես, թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Թուրքիային հասկանալ տալ, որ հայկական հարցում ամեն ինչ չէ, որ կախված է Վաշինգտոնի և Անկարայի ներքին «համաձայնեցումներից»։ Տա Աստված, որ Սերժ Սարգսյանը տեղին օգտագործի Պուտինի հետ (ի դեպ, նաև Իրանի ու այլ երկրների ղեկավարների, ասենք, Հունաստանի) իր շփումները` հիշեցնելու, որ Մոսկվային է պատկանում այն նախաձեռնությունը, որ ներռուսական բանակցություններում ներկայացված լինեն բոլոր ազգերն ու կրոնական դավանությունները, ուրեմն և` քրիստոնյաները։ Դա լրիվ տեղին կլինի։ Թե՛ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հռչակագրից հետո, թե՛ ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից քրիստոնյաների, այդ թվում` հայերի և ասորիների, ինչպես նաև եզդիների և Մերձավոր Արևելքի այլ կրոնական փոքրամասնությունների դեմ ԻՊ ահաբեկչական խմբավորման հանցագործությունների մարտի 16-ի միահամուռ դատապարտումից հետո, դրանք ճանաչելով որպես «ցեղասպանություն»։ Իրենց «սովորության համաձայն», Ամերիկայի կոնգրեսականները նորից ծպտուն չհանեցին Թուրքիայի առնչությամբ։ Ի՞նչ արած, մենք սովոր ենք դրան, բայց իսկը ժամանակն է, որ հայ ազգի իրական բարեկամների աջակցությամբ հայ խաղաղապահները Կոսովոյից և Աֆղանստանից «տեղափոխվեն» Սիրիայի հայաբնակ շրջաններ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ