Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ավարտվե՞ց Ռուսաստանի «սրբազան պատերազմը»

Ավարտվե՞ց Ռուսաստանի «սրբազան պատերազմը»
20.03.2016 | 13:21

Ոչինչ ավելի կանխատեսելի չէ քաղաքական որոշումներին հաջորդող տնտեսական հետևանքներից: Երբ Մոսկվան հայտարարեց Սիրիայից հեռանալու մտադրության մասին, սիրիական լիրան 20% անկում ապրեց: Այդ փաստը լավագույնս բացատրում է, թե Ռուսաստանի որոշումից ով ավելի շատ տուժեց: Կարևոր չէ՝ ինչու՞ Մոսկվան անակնկալ որոշում ընդունեց, թեպետ մի քանի ամիս առաջ իր միջամտությունը Սիրիայում անվանում էր «սրբազան պատերազմ»: Կարևոր չէ՝ նրա հեռանալը մարտավարակա՞ն, թե՞ ռեալ քայլ է: Սակայն շատ կարևոր է, որ Մոսկվան աննախադեպ հարված հասցրեց Ասադի վարչակարգին: Հարվածի մասշտաբները, արդյունավետությունն ու հետևանքները հստակ կերևան, երբ ամբողջ ուժով աշխատի Ժնևի բանակցային գործընթացի «աղացը»: Ռուսներն աջակցում էին իրենց դաշնակից Ասադին, ինչպես ոչ մեկի: Անկասկած, Մոսկվան ու Դամասկոսը Սիրիայում կատարված հանցագործություններում հանցակիցներ են: Ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ նրանք հարվածներ էին հասցնում չափավոր ընդդիմությանը՝ իրական ահաբեկիչների համընդհանուր խնդությունը հարուցելով: Սակայն հիմա ակնհայտ է, որ Մոսկվան մտադիր չէ ծանրաբեռնել իրեն ճգնաժամի բարդություններով, որ արդեն հինգ տարին է բոլորում, նույնիսկ եթե մի այդքան էլ տևի: Ռուսները, վերջիվերջո, ցանկացան վերջ դնել այդ սուր խնդրին: Թեպետ ճգնաժամի նրանց լուծումը տարբերվում է սիրիական ընդդիմության տեսլականից, բայց և նույն չափով տարբերվում է իշխող վարչակարգի դիրքորոշումից, որ վերջին ժամանակներս մոռացել է, որ սկզբունքորեն չի կարող ոչինչ վճռել, սակայն իրեն պահում է ինչպես ռեալ, այլ ոչ թե ստվարաթղթե պետություն, որ իրականում ոչինչ չունի, բացի երկրի տարածքի մեկ քառորդից: Դա են պերճախոսությամբ վկայում Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի խոսքերը, որ ռուսական արջին ավելի մեծ զարմանք պատճառեցին, քան վարչակարգի թշնամիներին: Մոսկվան սկսել է ուղղել իր ողբերգական սխալը, որ գործեց վեց ամիս առաջ, երբ առանց հատուկ բացատրությունների միջամեց սիրիական ճգնաժամին: Ռազմական գործողությունների դաշտում վիճակը վկայում է, որ ռուսական միջամտությունը շոշափելի արդյունքներ չտվեց: Թեպետ Մոսկվան կապում է զորքերի դուրսբերումը նշված ծրագրի կատարման հետ, նվազագույյնը՝ գոնե մի մասի: Եթե նայենք ճշմարտության աչքերին, Մոսկվային ևս 30 տարի պետք կլիներ իր ծրագրերը կատարելու համար, նույնիսկ եթե հաջողվեր Ասադին թողնել իշխանության ղեկին: Միջամտելով՝ Մոսկվան սկսեց հարվածել չափավոր ընդդիմադիրներին, այլ ոչ թե ահաբեկիչներին, որ սպասելի էր: Նա ծրագրել էր փոխել մարտադաշտում ուժերի հավասարակշռությունը, բայց չստացվեց: Եվ հիմա Պուտինը, որ առաջ հայտարարում էր, թե իր նպատակը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարն է, այսօր այդ թեմայից խուսափում է, քանի որ ստիպված կլինի ընդունել, որ նպատակը չի իրագործվել նույնիսկ 1%-ով:
Բաշար Ասադը և նրա կողմնակիցները կարծում էին, որ ռուսական ռազմական միջամտությունը կփոխի խաղի կանոնները և իրենք հարկադրված չեն լինի վճարել: Սակայն նրանք հաշվի չէին առնում, որ աշխարհաքաղաքական ու տնտեսական գործոնները թույլ չեն տա Մոսկվային մտածածն անել թուլացած վարչակարգի փոխարեն: Հիմա բոլոր հայացքներն ուղղված են Ժնևի բանակցություններին և ընդդիմության պատվիրակությունը այնքան էլ չի հետաքրքրում բոլորին, թեպետ միշտ համընդհանուր ուշադրության կենտրոնում էր: Այսօր իրավիճակը արմատական փոխվել է: Ընդդիմությունը հնարավորություն է ստացել բանակցությունները վարել իր օգտին՝ մեկ առ մեկ փակուղի մտցնելով իշխանությանը: Հիմա համաշխարհային հանրությունը հետևում է սիրիական վարչակարգի գործողություններին, հատկապես ռուսների ֆենոմենալ վերջին քայլից հետո: Բոլորին հետաքրքրում է՝ ի՞նչ է թաքցնում Մոսկվայի այդ որոշումը: Ի՞նչ նպատակ ուներ Մոսկվան, երբ վճռում էր հանել զորքերը Սիրիայից, պարզ կդառնա Ժնևի բանակցություններում: Ակնհայտ է, որ այդ իրավիճակը ռեալ շանս է տալիս խաղաղության հասնելու և վերջին հինգ տարում առաջին շանսն է:
Սալման ադ Դաուսար, Asharq Al Awsat


Հ.Գ. Արաբական մամուլի գնահատականը, համեմատության մեջ, առանձնապես չի տարբերվում արևմտյան մամուլի գնահատականներից: Ռուսական զինուժի դուրսբերումը նրանք միասին համարում են բանակցություններում մեկնարկային հավասար հնարավորությունների ստեղծում: Եվ միասին էլ ենթադրում են, որ, այնուամենայնիվ, ՌԴ նախագահը պահուստում ինչ-որ քայլ ունի, որ նորից անակնկալի է բերելու բոլորին՝ ինչպես Սիրիա մտնելն ու Սիրիայից դուրս գալն էր: Իսկ անակնկալ, թերևս, չկա: Կա հստակ ծրագիր՝ Մոսկվան գործում է ոչ թե հանուն Բաշար Ասադի շահերի, այլ՝ իր, իսկ իր շահերը պահանջում էին լինել համաշխարհային քաղաքականության թեժ կետերում՝ ահա և մտան Սիրիա՝ ստանալով բոլոր քաղաքական դիվիդենտները, ցուցադրելով ռազմական հզորությունը, ոչ թե խոսքով, այլ գործով համոզելով, որ Ռուսաստանին կարող են G 8-ից, անգամ G 20-ից դուրս դնել իրենց քաղաքական որոշումներով, բայց իրական քաղաքականության մեջ չեն կարող հաշվի չնստել: Իվերջո, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մերձավոր Արևելքից հեռացած Ռուսաստանը այդ տարածաշրջանում իր շահերը վերականգնելու մեծ գործընթացում կատարեց հերթական քայլը՝ դրական, թե բացասական, իրադարձությունների զարգացումը ցույց կտա: Չմոռանանք, որ Սիրիայում շահերի բախման հետևանքով Մոսկվան կորցրեց վերջին մի քանի տարիների իր լավագույն գործընկերոջը՝ Անկարային, բայց ամեն ինչ կարող է վերադառնալ ելակետ, երբ դրվում է Սիրիայի միասնականության, թե մասնատման հարցը: Պատահական չէ, որ տեսակետներն այս հարցում փոփոխական են, և կոնֆլիկտում ներգրավված բոլոր պետություններն օգտագորում են քրդերին ու քրդական հարցը: Ժնևի բանակցությունները պիտի պատասխանեն նաև այդ հարցին՝ ի՞նչ է լինելու քրդերի հետ: Սիրիան՝ Սիրիա, բայց քրդերը թե Իրաքում, թե Սիրիայում, թե Թուրքիայում իրավիճակ փոխող գործոն են՝ տիրապետելով թե քաղաքական, թե ռազմական ուժի: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ նախագահի ու արտգործնախարարի հետ որոշակիության իր մասը կբերի թե Սիրիայի հարցում, թե տարածաշրջանի ընդհանուր զարգացումներում: Քերին ու Պուտինը չեն կարող չքննարկել Թուրքիայի հարցը, իսկ ածանցյալ՝ նաև Ադրբեջանի դերի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ևս կարող է լինել նրանց օրակարգում՝ ի վերջո պետք է հասկանալ՝ ով ինչ է ուզում ու ինչպես է տեսնում հարցի լուծումը, որ կաշկանդում է տարածաշրջանի տնտեսական ծրագրերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ