«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հովիկ Աբրահամյանի նորանոր աֆորիզմները

Հովիկ Աբրահամյանի նորանոր աֆորիզմները
17.03.2016 | 10:18

Ի՞նչ է կատարվում վարչապետի հետ: Երեկ խորհրդարանում համարյա խոհական ու գրեթե փիլիսոփա վարչապետ էր պատասխանում լրագրողների հարցերին, պատասխաններն էլ համարյա աֆորիզմներ էին ու գրեթե մարգարեություններ: Օրինակ՝ ճի՞շտ է, որ լարված են իր և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է՝ թե վարչապետի ու նախարարների հարաբերությունները չեն կարող լարված լինել՝ վարչապետը վարչապետ է, նախարարը՝ նախարար: Ո՞Ւմ մտքով կանցներ: Այսինքն՝ հենց լարվեն, դիմում կգրեն՝ կգնա՞ն: Չգրեն՝ հրամանո՞վ կազատվեն:
Պարզվեց նաև՝ վարչապետը ողջունում է ցանկացած անձի, ով ցանկություն կհայտնի կուսակցություն հիմնելու: Հետաքրքիր է, իսկ ողջույնի մեջ մտնո՞ւմ է ֆինանսավորում, թե չէ ով ասես կարող է ողջունել: Հետո ինչ: Պարզվեց նաև, որ նա ոչինչ չգիտի Օսկանյանի ստեղծելիք կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի կապի մասին, որը, իհարկե, եթե ճիշտ է, վատ է, որովհետև վկայում է, որ վարչապետը պաշտոնաթող է եղել քաղաքական դաշտում, մանավանդ երբ հայտարարում է. «Դա ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում»: Սա ցնցող հայտարարություն է՝ Հովիկ Աբրահամյանին չի հետաքրքրում՝ կուսակցություն ստեղծվում է, թե ոչ, ում համար ու ինչքանով: Բայց չգիտես պայծառատեսությունը, թե հումորը հերիքում է ասելու. «Որքան շատ կուսակցություններ մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այնքան դրանք ավելի թափանցիկ և լավը կլինեն»: Պատկերացնո՞ւմ եք՝ արդարադատության նախարարությունում գրանցված բոլոր կուսակցությունները մասնակցեն՝ ինչ թափանցիկ ընտրություններ կունենանք:
Երեկվա հայտնությունների գլխավորը դա չէր, գլխավոր մեսիջը՝ ապրիլի 7-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցը Հովիկ Աբրահամյանի հրավերով չէ, հաջորդ օրը ԵԱՏՄ վարչապետերի խորհրդի նիստ է Երևանում, բայց ամբողջ մի օր շուտ է Երևան գալու ՌԴ վարչապետը: Վարչապետը լրագրողներին հիշեցրեց, որ գազի գնի հետ կապված որոշում չկա, բայց քննարկում կա. «Հանրապետության նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հետ, քննարկել են, հիմա նախարարությունները, «Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի շուրջ բանակցություններ են իրականացնում»: Ո՞Ւմ մտքով կանցներ, եթե վարչապետը չասեր: ԵԱՏՄ տարածքում էներգակիրների առևտուրը ռուբլիով իրականացնելու հարցն էլ Երևանում վարչապետերի խորհրդի նիստում կքննարկվի:
Վարչապետը չդիմացավ ու պարզապես փայլեց անկեղծությամբ՝ հայտարարելով. «Ոչ ոք իրավունք չունի կառավարությանը գնահատականներ տալու։ Մենք մեկ թիմ ենք և աշխատում ենք մեր կառավարության և ժողովրդի համար։ Եթե նախագահը օգնում է մեզ բանակցություններում, դա չի նշանակում, որ կառավարությունը ապաշնորհ է։ Կառավարությունը շատ լավ է աշխատում և կաշխատի»: Ասում եմ, չէ, մտքի փայլատակումներն առանձին-առանձին աֆորիզմներ են, իսկ ամենադաժան փայլատակումը հնչել է անդիմադրելի ժպիտով: Երբ հարցրել են, թե 2017-ից ի՞նչ է անելու, մի քանի ամիս առաջ իր աներեր ապագայի մասին վստահ հայտարարություններ անող վարչպետը երեկ պատասխանել է. «Հիմա պիտի ապրենք մինչև 17 թվականը, հետո կտեսնենք»: Պարզվում է` տանն անպայման կլինի, «մնացած հարթակներում կորոշենք միասին»: Միասին՝ ո՞ւմ հետ, լրագրողների՞: ՀՀԿ փոխնախագահի հույսը լրագրողնե՞րն են, թե՞ զուտ անգլիական հումորն արթնացել է նրա մեջ ու երեկ ծփում էր խորհրդարանում՝ շատ լուրջ, համարյա հանդիսավոր պատասխանների տեսքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Տարօրինակ չէ՞ր, որ երեկ պատգամավորներն էլ նրան հարց չունեին տալու, կարծես ամեն օր վարչապետ են տեսնում: Կամ էլ՝ պատգամավորներն առաջինն են հասկացել, որ վարչապետը ոչ մի հարցի էլ չի պատասխանի, ոտքի տակի հողը կրճատվել, մի կանգնելու տեղ է մնացել, ու հիմա խնդիրը՝ ունեցածը վերականգնելն է, որովհետև այդպես այլևս «հարթակներ» չեն մնա, որտեղից ասվի, որ նախարարները նախարարներ են, վարչապետը՝ վարչապետ, ոչ ոք իրավունք չունի կառավարությանը գնահատական տալու և տեղնուտեղը ինքը իրեն հերքել՝ հայտարարելով, որ կառավարությունը շատ էլ լավ է աշխատում և այլն, և այլն: Պատգամավորներին էլ հետաքրքրում է՝ Հովիկ Աբրահամյանի զուտ անգլիական հումորը կվերածվի զուտ անգլիական հեռանալո՞ւ, թե՞ իսկապես՝ վարչապետը վարչապետ է ու նրան ոչինչ չի հետաքրքրում, բայց այդ հարցի պատասխանը նրանք Հովիկ Աբրահամյանից ստանալ չեն կարող:

Դիտվել է՝ 1652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ