«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Կաղ» Ալիևը և «ծեծված» Էրդողանը

«Կաղ» Ալիևը և «ծեծված» Էրդողանը
14.03.2016 | 10:46

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նորից պատրաստվում է Բաքու մեկնել: Այցը նախատեսված է մարտի 15-ին, եթե ոչինչ չխանգարի՝ ինչպես անցած անգամ: Էրդողանը մեծ պատվիրակությամբ Բաքվում պիտի լիներ փետրվարի 18-ին, բայց հարկադրված էր այցը հետաձգել Անկարայում ահաբեկչության պատճառով: Report-ի տվյալներով՝ այցի ընթացքում կանցկացվի Ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որտեղ կքննարկվեն «երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում», իրավիճակը տարածաշրջանում և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Խորհրդի նախորդ չորս նիստերը տեղի են ունեցել որակապես այլ աշխարհաքաղաքական, քաղաքական ու տնտեսական պայմաններում: Անկարայի Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության եվրասիական քաղաքականության փորձագետ Քերիմ Խասը համոզված է, որ քանի դեռ Իրանը պատժամիջոցների տակ էր, Ադրբեջանը Թուրքիայի համար դեպի Կասպիական, այնտեղից էլ Միջիան Ասիա միակ միջանցքն էր: Բաքվի համար Անկարան միակ հուսալի գործընկերն էր Մերձավոր Արևելք դուրս գալու, Մոսկվային շրջանցող քաղաքականություն, հատկապես էներգետիկ, կառուցելու համար: Խասն ընդգծում է, որ փաստացի դեռ վերջերս գործող ռուս-թուրքական ալյանսը նկատելիորեն ամրապնդում էր Ադրբեջանի դիրքերը: Ոչ միայն Անդրկովկասում, այլև Ռուսաստանի հետ հարաբերություններում, թեպետ Ռուսաստանի ու Թուրքիայի շահերի անհամաչափությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտներում, Անդրկովկասում, Սևծովյան-Կասպյան ավազանում ակնհայտ էր: Բայց Իրանի պատժամիջոցներից ձերբազատվելը, ապա թուրք օդաչուների հարձակումը սիրիական օդային տարածքում գտնվող ռուսական ռմբակոծչի վրա կտրուկ փոխեցին իրավիճակը Մեծ Մերձավոր Արևելքում: Գլխավորը՝ նկատելիորեն թուլացրին Ադրբեջանի դիրքերը: Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի ռազմաքաղաքական ալյանսը Սիրիայի հարցում, որտեղ միասին դիմակայում են սեփական սցենարը խաղարկելու Թուրքիայի փորձերին, իսկ Ադրբեջանը շարունակում է ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ, Բաքուն հայտնվում է աշխարհաքաղաքական աքցանի միջև՝ հյուսիսից Մոսկվայի և հարավից Թեհրանի միջև: Արևմտյան ուղղությամբ՝ ղարաբաղյան կոնֆլիկտն է և բարդ հարաբերությունները Հայաստանի հետ: Հավելեք անկլավային Նախիջևանի Ինքնավար Հանրապետության աշխարհագրական-քաղաքական վիճակի վատացումը՝ Ադրբեջանի միակ շրջանի, որ սահմանակցում է Թուրքիային: Տեղի է ունենում տարածաշրջանի ուժերի հավասարակշռության հզոր տեղաշարժ, որ պահանջում է անհապաղ ամբողջ շարք քաղաքական որոշումներ ընդունել գլխավոր խաղացողներից: Այդպես էլ կա, երբ դիտարկում ենք դիվանագիտական նոր «աստղերի շքերթը» և գործողությունների հետաքրքրահարույց ալգորիթմը: Էրդողանի Բաքու այցի հետաձգումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի վերջին մեկնեց Թեհրան: Բաքվի շատ ԶԼՄ-ներ այցը որակեցին «պատմական», որ վկայում է «Բաքվի ու Թեհրանի միջև որակապես նոր հարաբերությունների ձևաչափի ձևավորման մասին»: Կողմերը ասես սառնարանից հանեցին տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման սառեցված նախագծերը և սկսեցին տրցակներով ստորագրել: Բաքվի ԶԼՄ-ները ուշադրություն դարձրին, որ այաթոլա Ալի Համենեին և Ալիևը «առաջին անգամ բանակցում էին իրենց համար մայրենի ադրբեջաներենով»: Բաքվեցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը կարծում է, որ Իրանի մերձեցումն Արևմուտքի հետ բնավ չի նշանակում, որ «Թեհրանը պատրաստ է նահանջել իր տեսակետներից տարածաշրջանային խնդիրների լուծումներում»՝ նկատի ունենալով Իրաքը, Աֆղանստանը, Սիրիան, Լիբիան, Եմենը: Նրա կարծիքով՝ «կան այլ ճգնաժամային հարցեր, որտեղ Թեհրանն ունի իր հատուկ կարծիքը», և՝ իր մերձավորարևելյան քաղաքականության որոշ ուղղություններում անխուսափելիորեն բախվելու է Անկարայի շահերի հետ: Այդ պատճառով Իրանը Ադրբեջանի նկատմամբ գործում է պրագմատիկ, ուժեղի դիրքերից և փաստացի փորձում է նրան դուրս բերել «Թուրքիայի գրկից»՝ անկեղծորեն ակնարկելով, որ երկու երկրների համար «իրանաադրբեջանական հարաբերությունները կարող են դառնալ ոչ թե արտաքին քաղաքական ռազմավարության, այլ՝ ներքինի պրոբլեմ»:
Գործում է և Ռուսաստանը, ում համար Ադրբեջանը կորցնում է Թուրքիայի հետ կապող օղակի նշանակությունը: Վերջերս աշխատանքային այցով Մոսկվայում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Բաքու էին մեկնել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Իհարկե, երկու երթուղիները տարբեր ուղղվածություն ունեին, մանրամասների մասին հայտնի չէ, բայց նրանք հարուցեցին ադրբեջանական քաղաքական գործիչների տեղեկատվական չհիմնավորված հայտարարություններ՝ սովորական արևելյան կոլորիտով: Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների Բաքվի կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլին հայտարարեց, որ Ռուսաստանը իբր «ցանկանում էր ստանձնել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հատուկ կարգավիճակ, բայց Հայաստանը հրաժարվել է, իսկ Ադրբեջանը համաձայնել»: Նա հավանաբար չի գուշակում որ Անդրկովկասում դեռ նոր են գրվում ռապսոդիայի նոտաները, որը հնչում է միայն նոր աշխարհաքաղաքական բեմում: Իսկ հիմա փորձերն ու մանևրներն են: Կողմնակի դա է հաստատում և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, նա նշել է, որ «ղարաբաղյան կոնֆլիկտը այդպես էլ կարգավորված չէ», այդ հարցը «հանում են միջազգային շատ ֆորումների օրակարգից», իսկ ԵՄ-ն և Արևմուտքը «քամահրական վերաբերմունք» են ցույց տալիս: Նրա տեղեկություններով, օրինակ, ԵԽԽՎ-ն ստանում է հրահանգներ տարբեր նախարարություններից՝ դուք պետք է նախաձեռնեք ինչ-որ քայլ, բայց «միթե իրավունքը կարող է այդպիսին լինել»: Մամեդովը նկատում է, որ Ադրբեջանի գոյության 25 տարիներին «չեն խոսել և չեն սիրում խոսել միջազգային իրավունքի մասին: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մեր ամենակարևոր պրոբլեմն է: Ոչ ոք չի ուզում օգտագործել միջազգային իրավունքը այդ առնչությամբ»: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձառու քաղաքագետ է և պետք է հասկանա, որ այդպես լինում է երկու դեպքում՝ կամ արդեն կա լուծում, որի մասին դեռ բարձրաձայն չեն խոսում, կամ լուծումը հետաձգվում է այլ ժամանակների:
Իսկ Էրդողանը Ադրբեջան կթռչի բավականաչափ տրորված միջազգային ԶԼՄ-ներում ու ծեծված: Times-ը գրում է. «Միջազգային ասպարեզում Էրդողանը կորցրել է աջակցությունը բոլորի, ում առաջ կարող էր համարել դաշնակիցներ, իսկ երկրի ներսում նրա մեթոդները սկսել են նույնիսկ նրա սեփական կուսակցության զայրույթը հարուցել»: Այս տեսակետից՝ Ադրբեջանի համար բավականաչափ բարդ է մանևրելը՝ դժվար է միանգամից խզել հարաբերությունները Թուրքիայի հետ, ժամանակ է պետք, որպեսզի Անկարայից հեռանալիս հավասարակշիռ հարաբերություններ պահպանի Իրանի ու Ռուսաստանի հետ: Այլապես կարող է ջրասույզ լինել համաշխարհային քաղաքականության ձախողակի հետ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Անեծք կա Էրդողանի Բաքու այցի վրա՝ երեկ նորից Անկարայի կենտրոնում պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 75-ը վիրավորվել է։ Հազիվ թե Էրդողանը մեկնի Բաքու: Հիմա նորից նա կամ վարչապետը կհայտարարեն, որ ահաբեկչության պատասխանատուն քրդերն են, նույնիսկ երբ ԻՊ-ը կամ ահաբեկչական այլ խմբավորում ստանձնի պայթյունների պատասխանատվությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ