«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիան դադարեցրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ հանուն ինչի՞

Թուրքիան դադարեցրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ հանուն ինչի՞
13.03.2016 | 13:49

Անկարայի բարձր շրջանակներում լուրեր են պտտվում, որ նախագահ Էրդողանի՝ Բաշար Ասադին տապալելու ձգտումների մեջ անձնական վիրավորանքը կարևոր տեղ ունի: Երբ Սիրիան ու Թուրքիան սերտ հարաբերություններ ունեին, Ասադներն ու Էրդողանները իրենց հանգիստը միասին էին անցկացնում: Ասում են, որ հետո Ասադի կինը՝ Ասման, ամուսնուն էլեկտրոնային փոստով նամակ է գրել և խնդրել ամուսնուն դադարեցնել համատեղ հանգստի ավանդույթը: Իբր Ասման գրել է, որ նրանք լեզուների չեն տիրապետում, Էրդողանը բրածո է, որ կյանքում միայն մեկ գիրք է կարդացել, իսկ նրա կինը միայն մեկ հետաքրքրություն ունի՝ արշավ դեպի խանութները: Նամակը հայտնվել է թուրքական հետախուզության ձեռքում: Մնացածը, արդեն գիտեք, պատմություն է: Բայց Ասադը վերապրեց՝ ռուսների շնորհիվ: Նոյեմբերին թուրքերը խփեցին ռուսական ինքնաթիռը, որ խախտել էր օդային սահմանը 17 վայրկյանով: Նախագահ Վլադիմիր Պուտինն այն մարդը չէ, որ ներում է վիրավորանքը: Նա կարդացել է մեկ գրքից ավելի, խոսում է մեկից ավելի լեզուներով և նա իր գործողությունները ծրագրում է:
Առայժմ Ռուսաստանի վրեժը սահմանափակվում է Թուրքիայի արտահանման կտրուկ կրճատումով: Ռուս զբոսաշրջիկների բացակայության պատճառով միայն Անթալիայում, որ նրանց սիրած հանգստավայրն էր, 400 հյուրանոց հանվել է վաճառքի: Բացի այդ՝ Ասադը իրեն կվերադարձնի Ալեպոն: Իսկ Ռուսաստանը սկսել է աջակցել քրդերին, որ ձգտում են իրենց պետությունը ստեղծել, որի սահմանը կանցնի Տիգրիս գետով, որը հոսում է Թուրքիայի տարածքի խորքերը:
Դա մեկնաբաններին կարող է ստիպել հիշել 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմները և Կովկասում ու Բալկաններում նրանց փոխհարաբերությունների այլ դրվագներ: Բայց մեր ժամանակներում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները նվազագույնը կոռեկտ էին, եթե ոչ ջերմ: Այո, ցարիզմի օրոք պետական այրերը ցանկանում էին գրավել Կոստանդնուպոլիսը (Ցարգրադը), բայց երբ նրանք հասկացան՝ ինչ պրոբլեմներ են ծագելու, Ռուսաստանը հետքայլ արեց: Ավելի լավ է լինի թույլ Թուրքիա, որին կարելի է վերահսկել ինքնավար Հայաստանի միջոցով, կամ էլ Քրդստանի, քան անգլիացիների ղեկավարած բեռը՝ անհանգիստ Հունաստանի տեսքով: 1833-ին ռուսական զորքերը թույլ չտվեցին եգիպտական-սիրիական զորքերին գրավել Ստամբուլը: Երբ 1920-ին վերջնականապես փլուզվեց Օսմանյան կայսրությունը, և բրիտանացիները սկսեցին հանդես գալ Հունաստանի ու Հայաստանի կողմից, պաշտպանելով նրանց շահերը, ռուսները շտապեցին օգնել թուրքերին: Իրականում շատ կասկածելի է, որ Թուրքիան ընդհանրապես կարող էր գոյություն ունենալ առանց այդ ժամանակ Մոսկվայից ստացած օգնության: Ստամբուլի Թաքսիմ հրապարակի ազգային հուշակաթողն ունի չորս հայտնի արձաններ, Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքինը բոլորից նկատելին է: Բայց ամենազարմանալին՝ այդ չորսից մեկը Թուրքիայում խորհրդային առաջին դեսպան Սեմյոն Արալովն է: Նա համագործակցում էր թուրք ազգայնականների հետ, որ 1919-ին ցանկություն հայտնեցին Ռուսաստանի հետ գործնական կապեր հաստատել և դիմակայել արևմտյան դաշնակիցների Անատոլիայի հետ կապված ծրագրերին: 1920-ի ամռանը սուլթան Մեհմեդ VI-ի ներկայացուցիչը ստորագրեց Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր Մեծ Հայաստանի, Մեծ Հունաստանի ու Քրդստանի ստեղծումը, իսկ սուլթանը պետք է դառնար անհասկանալի էմիրաթի կառավարիչը: Պայմանագիրը բախվեց հզոր դիմադրության, որին աջակցեց Ռուսաստանը: Պայմանագրի ստորագրման ժամանակ Մոսկվայում հանդիպեցին արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը և Անկարայի ներկայացուցիչ Ալի Ֆուատ փաշան: Նրանք պայմանավորվեցին, որ ռուսները հրաժարվում են Հայաստանից, իսկ թուրքերը մոռանում են Ադրբեջանը: Հետո թուրքերը ստացան ոսկի և զենք, որ օգնեց նրանց թշնամիներին ջախջախել: Կողմերից յուրաքանչյուրը անվստահություն ուներ Արևմուտքի նկատմամբ: Եվ յուրաքանչյուրը դեմ էր իսլամի առավել վայրենի դրսևորումներին: Աթաթուրքը (ոչ հրապարակավ, բայց մասնավոր զրույցներում) իսլամը համարում էր «նեխող դիակ՝ մեր վզից կախված»: Նրա կինը նամակագրական կապ ուներ Ռուսաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար Անատոլի Լունաչարսկու քրոջ հետ և նրա հետ էր խորհրդակցում՝ ինչպես գրագետ դարձնել թուրք գյուղացուն:
1929-ին Ստալինը որոշեց արտաքսել Տրոցկուն, բայց չէր կարողանում գտնել մի երկիր, որը նրան կընդուներ, միայն թուրքերը համաձայնեցին: Տրոցկին Թուրքիայում ապրեց չորս տարի (առաջինը նրան այցելեց բելգիացի լրագրող Ժորժ Սիմենոնը և գրեց, որ Տրոցկին Սելին է կարդում): Բայց ամեն ինչ շրջվեց, երբ 1945-ին Ստալինը ցարական փաստաթղթերի փոշին մաքրեց: Նա աջակցեց հայերին և պահանջեց նրանց վերադարձնել Թուրքիայի արևելքի երեք նահանգները: 1947-ին Թուրքիան աջակցություն ստացավ Մարշալի ծրագրով, իսկ ավելի ուշ միացավ մաքսերի ու առևտրի գլխավոր համաձայնագրին և անդամակցեց ՆԱՏՕ-ին, որ նրան բազում օգուտներ բերեց: Ստալինի ժառանգորդ Նիկիտա Խրուշչովը ընդունեց սովետական քաղաքականության սխալները, բայց արդեն ուշ էր ալյանսները վերակառուցել: Այնուամենայնիվ, դրանից հետո էլ սովետաթուրքական հարաբերությունները երբեք վատ չեն եղել: Իսկ երբ Թուրքիայի վարչապետը 1965-ին դարձավ Սուլեյման Դեմիրելը, սկսվեց խելամիտ համագործակցություն: Իհարկե այդ ժամանակ ոչ ոք ինքնաթիռներ չէր խփում: Ինքնաթիռը խփելու հիմքերը առայժմ ձևական են: Թուրքական ինքնաթիռները հաճախ են խախտում Հունաստանի օդային տարածքը՝ առանց ճակատագրական հետևանքների: Ռուսական ինքնաթիռի վայրկենական խախտման արձագանքը այլ պատճառների արտացոլում է: Ռուսները իսլամի դեմ պատերազմներում հաղթում են այն ժամանակներից, երբ Իվան Ահեղը 1571-ին գրավեց Կազանը: Ընթացիկ վիրավորանքներն ու դժգոհությունները հավելվեցին պատմական հավակնություններին և դադարեցրին ռուս-թուրքական համագործակցությունը, որ հատկապես վերջին 15 տարիներին մեծ օգուտ էր տալիս երկու կողմերին:
Նորման ՍԹՈՈՒՆ, The Financial Times, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Իհարկե, զուտ անգլիական հումոր է, որ սիրիաթուրքական հարաբերությունները փչացրել է Ասմա Ասադը, որովհետև Էրդողանը գիրք չի կարդում, իսկ նրա կինը սիրում է խանութները: Կա շատ ավելի ազդեցիկ պատճառ՝ արաբական գարունը, որի ժամանակ հեռու-մոտիկ բոլոր պետություններին թվաց, որ արևը ծագում է հենց իրենց երկրից ու իրենց ջերմացնելու համար: Առաջին հայացքից Սիրիան այդ շղթայում ամենաթույլ կետն էր, որ տրվեց քաղաքացիական պատերազմի, բայց Իրաքի ու Լիբիայի համեմատությամբ՝ Սիրիայի իշխանությունը դեռ դիմակայում է: Ռուս-թուրքական հարաբերությունները վատացան հենց սիրիական հողի վրա, որտեղ շահերի անմիջական բախում եղավ, հետևանքը դարձավ խփված ինքնաթիռը, որի պատճառը Պուտինը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ՝ Անթալիայում Անկարայի համար «շատ նուրբ հարցում» համաձայնության գալով՝ հակառակ միջազգային նորմերի: Նկատո՞ւմ եք, որ տարածաշրջանից դուրս գտնվող, բայց տարածաշրջանում գործող բոլոր պետությունները միշտ «սխալվում են» ի վնաս Հայաստանի ու հայերի: Գերմանացիները: Անգլիացիները: Ֆրանսիացիները: Ռուսները: ՈՒ եթե այսօր ոմանք որոշել են «ուղղել» սխալները, ինչո՞ւ չեն սկսում հենց Հայաստանից: Թեպետ հենց Հայաստանն է, որ չի խփում իր օդային տարածքը հատած թուրքական ինքնաթիռները կամ ուղղաթիռները:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ