«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նույնականացում, բայց ո՞ւմ հետ

Նույնականացում, բայց ո՞ւմ հետ
11.03.2016 | 01:12

Նկատե՞լ եք, որ ամսի 3-ը նշանակալից է դառնում մեր պատմության մեջ. 1998-ի փետրվարի 3-ին հրաժարական տվեց առաջին նախագահը, 2013-ի սեպտեմբերի 3-ին երրորդ նախագահը հայտարարեց, որ Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը, 2016-ի մարտի 3-ին կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի նախագծին: Թող չթվա, թե երրորդ 3-ը նշանակությամբ զիջում է առաջին երկուսին: Դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո Հայաստանը անցավ խորհրդարանական կառավարման և նոր նշանակություն տվեց ոչ միայն խորհրդարանին, այլև խորհրդարանի ընտրությանը: 2017-ի ընտրությունները խոստանում են դառնալ ոչ միայն իշխանության համար պայքարի բարձրակետ, այլև գաղափարական պայքարի ասպարեզ, որտեղ միմյանց են բախվելու Հայաստանի ապագայի վերաբերյալ երկու տեսակետներ: Իրական ընտրությունը կայանալու է նրանց միջև, ովքեր Հայաստանի ապագան փորձում են կապել անկախության մաս-մաս վաճառքով՝ ֆինանսական աջակցության և գետնաքարշ գոյության հետ՝ ապավինելով կայունության և անվտանգության հիմնավորությունը չարդարացնող երաշխիքներին, և նրանց միջև, ովքեր Հայաստանի ներկան ու ապագան տեսնում են իրական ու ամբողջական անկախության հաստատման մեջ ու զարգացման եվրոպական մոդելին անցման: Փաստացի՝ 2017-ի ապրիլին Հայաստանում նորից միմյանց ուժերն են չափելու Արևմուտքն ու Ռուսաստանը: Բոլորը դա հասկանում են, թեպետ աշխատում են չխոստովանել՝ եզրակացություններից խուսափելու համար:
Կառավարությունը մարտի 3-ին ԸՕ-ի նախագիծը ներկայացրեց ԱԺ և հրապարակեց իր կայքում: Մինչև այսօր բարձրաձայնած բոլոր առարկությունները ունեն մեկ հիմք՝ անվստահություն իշխանության կազմած փաստաթղթի և իշխանության կազմակերպելիք գործընթացի նկատմամբ: Անվստահության հիմքը նախորդ ընտրությունների փորձն է: Այս անգամ իշխանությունը փորձում է ի սկզբանե կասկածները ցրել: Կառավարության նիստում «ՀՀ ընտրական օրենսգրքի» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը փաստել էր. «Եթե այսօր մենք հավանության արժանացնենք այս փաթեթը, կազդարարենք հանրային քննարկումների սկիզբը, որոնք տեղի կունենան ԱԺ-ում, կառավարության և այս նախագծերի փաթեթը մշակած աշխատանքային խմբի ակտիվ ներգրավմամբ: Սա ընդամենը հենք է, որը հնարավորություն է տալիս սկսել հանրային քննարկումները»: Բուռն քննարկումների տեղիք տվեցին այդ «հենքի» ներկայացման ժամկետն ու ձևը: Հակառակ նախագահի հրամանագրում նշված ժամկետի, մինչև մարտի 1-ը նախագիծը չներկայացվեց ԱԺ, բայց ուղարկվեց Վենետիկի հանձնաժողովին, և հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում փետրվարի 22-ին առաջինը զետեղեց նախագիծը: Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում բացատրում էր, որ պատճառը ժամանակի սղությունն էր, և ԱԺ ներկայացվող տարբերակը տարբերվում է Վենետիկի հանձնաժողովին ներկայացվածից: Տհաճ սկիզբ էր վստահություն ներշնչելու համար, բայց կարևորը, ընդունեք, ոչ այնքան ձևը, որքան բովանդակությունն է: Բովանդակության մասով ընդդիմության հիմնական առարկությունները վերաբերում են և՛ ընտրակարգին, և՛ քվեարկության ձևին: Նրանց կարծիքով` նոր ԸՕ-ի նախագծով ԱԺ ընտրություններն անցկացվելու են ոչ թե համամասնական ընտրակարգով, այլ մեծամասնականով համամասնականին ձայն բերելու միջոցով: Եթե գործող օրենսգրքով մեծամասնականին ձայն էր տալիս քաղաքացին, բայց համամասնականին այլ կուսակցություն էր ընտրում, այս դեպքում ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական և մեկ տարածքային ընտրացուցակ, այսինքն՝ ընտրողին հնարավորություն չի տրվում քվեարկելու որևէ կուսակցության թեկնածուի օգտին՝ առանց այդ կուսակցությանը ձայն տալու (67-րդ հոդվածի 3-րդ կետ):

Իշխանությունն առարկում է, որ առաջարկվողը ոչ թե մեծամասնական, այլ վարկանիշային համամասնական քվեարկություն է, որ աշխարհում հայտնի է որպես բաց ցանկերի քվեարկություն, հայկական տարբերակում՝ կիսաբաց:
Ընդդիմադիրների պնդմամբ՝ իշխանություններն անտեսել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները՝ քվեարկած անձանց ցուցակների մատչելիություն, վարչական ռեսուրսի արգելում, արդյունքների բողոքարկման ընթացակարգի վերանայում: Սահմանադրական հանրաքվեից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը փաստել էր՝ քվեարկած անձանց ցուցակների հրապարակումն արգելված չէ միջազգային իրավունքով, կիրառվում է շատ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում։ Նախագծում պահպանվում են գործող սահմանափակումները՝ քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, տեսանկարահանումը կամ որևէ եղանակով արտատպումն արգելվում է։ Ընդդիմադիրները պնդում են՝ նպատակը կրկնակի քվեարկություններն ու լցոնումն է։ Հանրաքվեից հետո ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը որպես առաջնային հանձնարարական ընդգծել էր՝ ընտրության արդյունքները բողոքարկելու ժամկետները պետք է վերանայվեն՝ ապահովելով դիմումի քննությունը։ ԸՕ-ի նախագծում փոփոխություն չկա։ Չի կատարվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մեկ այլ առաջնային հանձնարարական՝ արգելել քարոզարշավին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունն ու վարչական ռեսուրսի կիրառումը։ Լրագրողներն անթույլատրելի են համարում նոր ԸՕ-ի դրույթը, որ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ և զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ: Նրանք վստահ են, որ իշխանության համար դժվար չէ իր մարդկանց լրագրողի վկայականով ընտրատեղամաս մտցնելը՝ փակելու կամ սահմանափակելու իսկապես լրագրողների ու դիտորդների մուտքը ընտրատեղամաս: Չի բացատրվում նաև 8 թիվը, ինչո՞ւ հենց 8, ոչ 7 կամ 9: Չի բացառվում, որ քննարկումներից հետո թիվը մեծացվի՝ հանուն արգելքի պահպանության, որը հակառակն է ընտրության գործընթացի թափանցիկության պահանջի: Փորձագետների մասնագիտական առարկությունների տեղիք է տվել նաև ընտրողների էլեկտրոնային գրանցումը: Ըստ նախագծի՝ ընտրողներին գրանցելու է տեղամասում գտնվող հատուկ մասնագետը՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, որը ճշտելու է՝ քաղաքացին ընդգրկվա՞ծ է ընտրողների ցուցակում, չի՞ քվեարկել: Եթե ընտրողը քվեարկի կենսաչափական անձնագրով կամ նույնականացման քարտով, համակարգչի էկրանին կերևա նրա նկարը: Եթե համակարգը ընտրողին ճանաչի ու տա քվեարկելու իրավունք, ավտոմատ տպվելու է քվեարկության թերթիկը: Բայց եթե ցուցակներից չհանվեն մահացած և երկրից հեռացած մարդկանց անունները, չի արտացոլվի իրական ընտրողների թիվը: Նախագիծը էլեկտրոնային է դարձնում միայն գրանցման փուլը, որը էական արդյունքի չի բերի, եթե տեղամասերի տվյալները ցանցով կապված չլինեն: Բացի այդ՝ նշվում է հոգեբանական գործոնը, հատկապես տարեցների համար քվեարկության գործընթացը բարդ է ու մանվածապատ: Քաղաքացիական հասարակությունը պահանջում է քվեարկած անձանց ցուցակների հրապարակում, տեղամասերից ուղիղ հեռարձակում ու մատների թանաքոտում։ Ըստ Սահմանադրական դատարանի որոշման, սակայն, ցուցակների հրապարակումը գաղտնիության սկզբունքի խախտում է։ Հիշեցնեմ՝ փաթեթը ԱԺ-ն պիտի ընդունի մինչև 2016-ի հունիսի 1-ը: Իշխանությունը նախատեսում է, որ ԸՕ-ի նախագծի հիմնական քննարկումները կլինեն ԱԺ-ում, կհրավիրվեն լսումներ, նախագիծը կքննարկվի շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Մարտի կեսերին Հայաստան են գալու Վենետիկի հանձնաժողովի փորձագետները:
Այսքանը՝ իբրև հարցի պատմություն, բայց կա պատմության «պատմությունը»: Բացահայտորեն ՀՀԿ-ն փորձում է լեգիտիմություն ապահովել 2017-ի համապետական ընտրություններում և բացառել հետընտրական զարգացումները, որ նախագահական ուղիղ ընտրությունների վերացումով տեղափոխվում են խորհրդարանական դաշտ: 2017-ին իշխանությունը հայտնվելու է խոցելի վիճակում՝ ելնելով տնտեսական վիճակից ու քաղաքական զարգացումներից: Հենց այդ վիճակի լիցքաթափման նպատակն ունեն կառուցվածքային ու կադրային կատարվող փոփոխությունները: Քաղաքական դաշտի վերադասավորումներով չի ստեղծվում իշխանության համար անվտանգ վիճակ, երբ ում էլ ընտրեն ու չընտրեն, շահում է ՀՀԿ-ն իր դաշնակիցներով: Ընտրությունների լեգիտիմության ապահովումը իշխանության համար գերխնդիր է դրսից կախվածությունը սահմանափակելու և հետագա գործողություններում ազատություն ունենալու համար: Բայց առաջանում է խնդիր ՀՀԿ-ի ներսում: Նախ՝ ոչ բոլորին է ձեռնտու, որ այլևս պահանջարկված չի լինի ընտրակեղծարարության իրենց ծառայությունը, ուրեմն և հետագայում անպրոբլեմ կյանքը: Հետո՝ անկախությունը նրանց ստվար հատվածի համար ապրիորի խնդիր է, որ բնավ իրենց ծրագրերում չէ՝ նրանք ի սկզբանե փորձելու են դրսի աջակցությամբ արգելակել ընտրության լեգիտիմացման որևէ գործընթաց, որի հաջողությունը կարող է իրենց հեռացնել ԱԺ-ից ու քաղաքական կյանքից: Իսկ առանձնապես բուռն դիմադրության դեպքում նրանց «կպատժի» ՀՀԿ նախագահը: Եթե անգամ ՀՀԿ-ին հաջողվի հաղթահարել ներքին դիմադրությունը, կա ռուսական դաշտում գործող ընդդիմության խնդիրը: ԱԺ վերադառնալու հավակնությունները իրականության վերածելու համար նրանք ապավինում են ՌԴ իշխանության տարբեր թևերի աջակցությանը, այլապես մանդատի հետ կորցնելու են կուսակցությունը: Փաստացի ՀՀԿ-ն հայտնվել է ճամփաբաժանին. կամ ընտրում է հերթական կեղծված ընտրությունների տարբերակն ու անխուսափելի հետընտրական գործընթացները, որոնք լեգիտիմության որևէ պատրանք չեն թողնում, կամ զտում է իր շարքերը, կայացնում իր պարագայում հեղափոխական որոշում ու գնում ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների: Իհարկե, կանխավ քաղաքական դաշտում ապահովելով հաղթանակի նախադրյալները: Որևէ կուսակցություն կամավոր քաղաքական ինքնասպանության հակումներ դեռ չի դրսևորել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ընտրական գործընթացի հավաստիության հնարավորություն կտա էլեկտրոնային համակարգի ներդրումը, եթե ոչ միայն առաջին փուլը, այլև ամբողջ ընտրությունը կատարվի ID քարտերով, որոնք նույնականացումը կատարում են մատնահետքով, մատնահետքը կեղծել ոչ մի ընտրակեղծարարի դեռ չի հաջողվել: Դեկտեմբերի 6-ից առաջ Հայաստանում կար 2554000 ընտրող, ID քարտ ունեն 620000-ը: 1,9 միլիոն ընտրողին ID քարտով ապահովելը ոչ միայն ֆինանսական ու տեխնիկական, այլև առաջին հերթին քաղաքական որոշում է։ Նույնականացման քարտի համար գանձվում է 3000 դրամ, պետք է 5,4 միլիարդ դրամ։ Եթե իշխանություններն այդ գումարը հայթայթում են միջազգային կառույցներից կամ գտնում են ինքնուրույն, ստանում են լեգիտիմ ընտրության հնարավորություն: Հարց՝ իսկ պե՞տք է այդ գնով լեգիտիմությունը, եթե վտանգում են իշխանություն մնալու հնարավորությունը: Կամ՝ ի վիճակի՞ է գործող ընդդիմությունը այս հարցում իշխանության հետ կոնսենսուսի գալ, եթե իրեն ևս այդ լեգիտիմությունը զրկում է մանդատից ու արտաքին ազդեցության գործոնն օգտագործելու հնարավորությունից: Ստացվում է՝ 2017-ի ապրիլին խորհրդարանական ընտրություններով Հայաստանը հանձնում է բազմակի քննություն՝ իշխանությունը իր հերթին, ընդդիմությունը՝ իր, իսկ ընդհանրության մեջ Հայաստանի Հանրապետությունը կամ կորցնում է անկախության մնացած մասը, կամ ամբողջացնում է անկախությունը՝ լեգիտիմ իշխանության ձևավորումից բխող արդյունքներով: Նույնականացման ժամանակն է՝ կամ հետխորհրդային տարածքի, կամ՝ դեպի Եվրոպա վերադարձի հետ: Խաչմերուկում դեգերողներին վերջ-առաջ ոտատակ են տալիս: Մանավանդ եթե իրենցը չէ խաչմերուկը: Մեջս Կասանդրան չի խոսում, բայց ակնհայտ է՝ իշխանություն-ընդդիմություն կոնսենսուս չի կայանալու, ուրեմն և ID քարտերով էլեկտրոնային ընտրության տարբերակը չի ընդունվելու, պարզապես իշխանությունը քարտ բլանշ է ստանալու հասարակությանն ասելու՝ ես ազնիվ եմ, ընդդիմությունը տապալեց լեգիտիմ ընտրությունների շանսը: Հիմա՝ ո՞վ է մեղավոր:

Դիտվել է՝ 1883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ