«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բաքուն ստիպված է ընտրել Մոսկվայի ու Անկարայի միջև

Բաքուն ստիպված է ընտրել Մոսկվայի ու Անկարայի միջև
07.03.2016 | 00:20

Մարտի 4-ին ադրբեջանական տարադրամը խփեց իր բացասական ռեկորդը հունվարի 25-ից՝ 1,6105 մանաթ մեկ դոլարի դիմաց՝ գրում է Minval.az: Ադրբեջանի Կենտրոնական բանկը մանաթի կուրսը պահելու համար ֆինանսական ներարկումներ է անում՝ կրճատելով տարադրամային պահուստները համարյա 7 միլիարդ դոլարով (63,4 %)՝ 2015-ի փետրվարի համեմատ: Մեկ ամսում ԿԲ-ի պահուստները 372 միլիոն դոլարով պակասել են, հասնելով 4,026 միլիարդ դոլարի: Fitch գործակալությունը նվազեցրել է Ադրբեջանի հիպոթեքային հիմնադրամի վարկանիշը կայուն BB+-ից բացասական BBB-՝ փոխանցում է Yeni Musavat-ը: Ֆինանսական խնդիրների պատճառը նավթի ցածր գներն են: 2015-ին Ադրբեջանը արդյունահանել է 31,3 միլիոն տոննա թեթև նավթ՝ 2014-ի 31,5 միլիոն տոննայի դիմաց՝ գրում է Haqqin.az-ը: Արտասահմանյան խոշորագույն նավթային ընկերությունը՝ BP-ին, որ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում ունի 36 %, ծրագրում է 4 հազար աշխատակիցների կրճատում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել մաքսային համակարգի պարզեցման մասին՝ գրում է Trend.az-ը: Մեկ այլ հրամանագրով՝ երեք տարով հարկերից ազատվում են (10 %) բնակչության բանկային ավանդների շահույթները՝ փոխանցում է Azertag-ը: Մարտի 1-ից բարձրացվել են պետական բյուջեից ֆինանսավորվող մի քանի կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերը: Նույն օրից ուժի մեջ է մտնում նավթային արտադրանքի արտահանման պարզեցման հրամանագիրը՝ արտահանման արժեքի դիմաց 3 % սուբսիդիա վճարելով:

Մարտի 7-25-ին Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնելու են համատեղ զորավարժություններ «TURAZ Şahini-2016» թուրքական Գոնիա նահանգում՝ փոխանցում է Musavat-ը՝ հղում անելով թուրքական Գլխավոր շտաբին: Զորավարժություններին կմասնակցեն MIG-29, F-16 կործանիչներ, SU-25 գրոհայիններ, MI-17 ուղղաթիռներ ու «Տերմինատորներ»: «Մենք թուրք օդաչուներից սովորելիք շատ բան ունենք: Թեպետ МИГ -ը վատ ինքնաթիռ չէ, շատ չափորոշիչներով զիջում է F-16-ին և, իհարկե, վատ չէր լինի, որ մեր ավիացիոն ստորաբաժանումները զինված լինեն F-16-ով»՝ Haqqin.az-ին ասել է պաշտոնաթող գնդապետ Քյամալ Հուսեյնովը: «Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական համագործակցությունը չի սահմանափակվում միայն ռազմաօդային ուժերի զորավարժություններով, երկու բարեկամ երկրները ծրագրում են ցամաքային զորքերի համատեղ զորավարժություններ այս տարվա մայիսին, Ադրբեջանում: Այս ամենը վկայում է, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը սրընթաց զարգանում է»՝ կարծում է Haqqin.az-ը: Բարձրլեռնային «Կախմուդ» զորակայանում կայացել են Ռուսաստանի և Հայաստանի հետախուզական ստորաբաժանումների մարտավարական հատուկ զորավարժությունները՝ 300 զինվորականների և 50 միավոր մարտական տեխնիկայի մասնակցությամբ:
Մարտի 3-5-ին Բաքվում էին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Չնայած ռուս դիվանագետների այցի կարևորությանն ու անսպասելիությանը, բանակցությունների մանրամասների մասին ԶԼՄ-ներին չհաղորդվեց: Իր Twitter-ում Դմիտրի Ռոգոզինը շեշտը դրեց ռազմական համագործակցության վրա. «Բաքու այցի գլխավոր արդյունքը՝ կողմերը հաստատեցին, որ պատասխանատու և հուսալի գործընկերներ են այնպիսի զգայուն ոլորտում, ինչպես ռազմատեխնիկական համագործակցությունը»: Դատելով Իլհամ Ալիևի խոսքերից՝ քննարկվել են նաև նավթի գները. «Չնայած վերջին տարիների համաշխարհային տնտեսական ճգնաժամին և ածխաջրածինների շուկայում հայտնի իրադարձություններին, մեր համատեղ միջկառավարական հանձնաժողովը հասել է համագործակցության հետագա ընդլայնմանը»:
Այս շաբաթ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հրավիրեց նավթ արտահանող երկրներին, այդ թվում` Ադրբեջանին, միանալ նավթի արդյունահանման սառեցմանը: Դմիտրի Ռոգոզինն ընդգծեց Ադրբեջանի գյուղատնտեսական ապրանքների արտահման աճը և Բաքվի աջակցությունը Կրեմլին արևմտյան պատժամիջոցների հարցերում: Գրիգորի Կարասինի և Էլմար Մամեդյարովի բանակցությունների մասին ավելի քիչ է հայտնի: «Մոտավորապես պարզ է՝ ինչի մասին են խոսել: Նույն թեման է՝ Մոսկվային նախ և առաջ հետաքրքրում է Բաքվի դիրքորոշումը սիրիական կոնֆլիկտի և Անկարայի ու Կրեմլի հարաբերությունների հարցում»՝ գրում է Musavat-ը:
Musavat-ը Ռոգոզինի այցը կապել է Ադրբեջանին զենքի վաճառքի հետ: «Եթե նկատի առնենք, որ Ռոգոզինը փոխվարչապետ է և Պուտինի մտերիմներից, բացառված չէ, որ նա ժամանել է քննարկելու աշխարհաքաղաքական խնդիրներ և Կրեմլի անհանգստությունը արտահայտելու վերջին ժամանակներս Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունների սերտացման առիթով»,- գրում է Musavat-ը: Ադրբեջանի ղեկավարության և ԱԳ նախարարի հետ հանդիպումներում պիտի քննարկվեին «լայն սպեկտրով երկկողմանի և տարածաշրջանային խնդիրներ»՝ նշում է Musavat-ը և հնարավոր համարում «եռյակ միության» ստեղծումը՝ Թեհրան-Բաքու-Մոսկվա՝ Իրանում երեք երկրների նախագահների հանդիպումից առաջ:
Փետրվարի 29-ին Բաքվում տեղի ունեցավ «Հարավային գազային միջանցքի» խորհրդակցական խորհրդի երկրորդ նիստը՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Հունաստանի, Ալբանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Հորվաթիայի, Սերբիայի ու Չեռնոգորիայի ճյուղային նախարարների, ԵՄ արտաքին գործերի բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Մարոշ Շևչովիչի մասնակցությամբ: Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն համաձայնագիր ստորագրեցին ադրբեջանական գազի արտահանումը 463 միլիոն խորանարդ մետրով մեծացնելու մասին. «Նախկինում Շահդենիզից մենք Վրաստան էինք մատակարարում 800 միլիոն խորանարդ մետր գազ տարեկան, հիմա մեզ հաջողվեց գազի մատակարարման ծավալները մեծացնել մինչև 1,5 միլիարդի այդ գծով և 1,5 միլիարդ խորանարդ մետրի գազատարով, որ երկու երկրները միացնում է Ադրբեջանի Ղազախի շրջանում»՝ ասել է Ռովնագ Աբդուլաևը:
SOCAR-ը 35-40 դոլարով իջեցրել է յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի գինը Վրաստանի համար՝ փոխանցում է Haqqin.az-ը: Կալաձեն ակնարկել է, որ այլևս Ռուսաստանից գազի ներմուծման կարիք չկա. «Այս փուլում լրացուցիչ ծավալներ մեզ պետք չեն: Վրաստանը գազով ապահովված կլինի ապագա մի քանի տարիներին»՝ փոխանցել է նրա խոսքերը Minval.az-ը:
Նույն օրը հանդիպել են Մոգերինին և Ալիևը: Բացի էներգետիկայից, կողմերը «լայնորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ներկա վիճակն ու բանակցությունների հեռանկարները»՝ փոխանցում է Azeri Press Agency (APA)-ն: Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել նվազեցնել «լարման ինտենսիվությունը և ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու բռնության աճից, որ վնասում են խաղաղ գործընթացին» Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Նա պատրաստ է «նպաստել մարդկանց միջև անձնական կապերի հաստատմանը»՝ փոխանցում է Haqqin.az-ը: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն «ընդգծել է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործակցության մակարդակի հաստատման կարևորությունը, որ բխում է երկու կողմերի շահերից»: Նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հարավային գազային միջանցքի կարևորությունից, «կոնֆլիկտների կարգավորումից, քաղաքական բարենորոգումներից, տնտեսական համագործակցությունից, էներգետիկ անվտանգությունից, մասնավորապես, ֆինանսական անվտանգությունից տարածաշրջանում»՝ ամփոփել է Haqqin.az-ը: Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Մոգերինին քննարկել է «իրավիճակը տարածաշրջանում՝ այդ թվում՝ Իրանում, Թուրքիայում ու Ռուսաստանում»: «Մենք անդրադարձանք նաև Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին»՝ նշեց նա: Բաքվի փորձագետների բազում մեկնաբանություններն արտահայտում է Yeni Musavat-ի հրապարակման վերնագիրը՝ «Արևմուտքն ուժեղացնում է Բաքվին՝ ընդդեմ Կրեմլի»:
Մարտի 3-ին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Ղարաբաղի անկախությունը: Հաջորդ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն տվեց իր մեկնաբանությունը: «ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն՝ որևէ կազմավորման ճանաչման հարցերը Դաշնային կառավարության տնօրինության տակ են: ԱՄՆ-ը ճանաչում և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ընդունած սահմաններում»՝ հայտարարեց ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Բաքվում Ադրբեջանի դեսպանատունը նշում է, որ «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը որոշարկում է դաշնային կառավարությունը», իսկ առանձին նահանգի որոշումը «չի փոխում այդ հարցով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը»՝ փոխանցում է Minval.az-ը:
Այս շաբաթ հայտնի դարձավ Տերտերի շրջանի ինքնապաշտպանության նախկին հրամանատար Սարդար Համիդովի մահվան մասին: Musavat-ը գրում է, որ Համիդովը «հերոսաբար պաշտպանում էր» իր շրջանը ղարաբաղյան պատերազմում: Երբ բնակչությունը վախեցած փախչում էր՝ նա դուրս եկավ կենտրոնական հրապարակ և գլխից վերև բարձրացրեց ավտոմատը, դա համագյուղացիներին ոգևորեց՝ շարունակել պաշտպանությունը: Չնայած Տերտերի շրջանը մնաց հանրապետության կազմում նրա ջոկատի ջանքերով, 1995-ին Սարդար Համիդովը եղբոր (Իսկանդեր Համիդովի՝ ՆԳ նախկին նախարարի) հետ բանտարկվեց և բանտում անցկացրեց 10 տարի՝ գրում է Musavat-ը:
Ֆիզուլի ՄԱՄԵԴՈՎ, REGNUM


Հ.Գ. Չգիտեմ՝ Բաքուն ի՞նչ է ստիպված անել ու այնքան էլ չեմ մտածում Բաքվի պրոբլեմների մասին: Պրոբլեմը՝ ինչ էլ ընտրի Բաքուն, Հայաստանի դեմ է ուղղված: Իջեցրե՞ց գազի գինը, Վրաստանն այլևս չի ուզում Ռուսաստանից ու Իրանից գազ գնել: Թբիլիսին փայլուն խաղաց իր պարտիան՝ այլընտրանքներ ստեղծելով ու ստիպելով Բաքվին մրցակցության մեջ հաղթելու համար 35-40 դոլարով իջեցնել 1000 խորանարդ մետր գազի գինը Վրաստանի համար: 35-40 դոլարը երեք միլիարդ խորանարդ մետրի գազի մեջ թիվ է, որ Թբիլիսին շահեց նաև մեր հաշվին: ԵՄ-ն Բաքվին ընդգրկում է ռազմավարական համագործակցության մե՞ջ, Ռուսաստանը նորանոր բոնուսներ է առաջարկում, իսկ տարածաշրջանն այնքան փոքր է, որ մեկի ունեցածը մյուսի չունեցածն է դառնում՝ այս ստատուս քվոյի պարագայում: Ի՞նչն է մեզ խանգարում, որ մենք էլ Թբիլիսիի պես գազի մատակարարման այլընտրանք ստեղծենք, ոչ թե խնդրենք Գազպրոմին սակագին իջեցնել: Իսկ Գազպրոմը մենաշնորհ ունենալով՝ չիջեցնի: Ի՞նչը մեզ խանգարեց Իրանի հետ առաջինը պայմանագրեր կնքելուն, որ Թուրքիայի վարչապետն է գնում Թեհրան ու առևտրաշրջանառությունը բազմապատկելու համաձայնագրեր կնքում, նաև գազի արտահանման: Եվ՝ ինչն է մեզ խանգարում, որ այսօր խոսում են Թեհրան-Բաքու-Մոսկվա, բայց ոչ Երևան-Թեհրան-Մոսկվա առանցքի մասին: ՈՒշացած չէ՞ արտգործնախարարության նոր փոխնախարարի պաշտոնը: ՈՒ՝ ի՞նչ: Մենք Ընտրական օրենսգիրք ենք քննարկում, ավելի ճիշտ՝ ինչու՞ չենք քննարկում, ինչո՞ւ է Վենետիկի հանձնաժողովն առաջինը մեր Ընտրական օրենսգիրքը հրապարակում, քվեարկության ի՞նչ տարբերակներ է ուզում իշխանությունը, ի՞նչ չի ուզում ընդդիմությունը, ինչո՞ւ քվեարկածների ցուցակների հրապարակումը դառնում է ամենամեծ փորձաքարը, երբ իրականում անհնար ոչինչ չկա՝ ոչ իրավական, ոչ տեխնիկական, ոչ քաղաքական առումով: Ոչ, մենք ունենք մեր ինքնատիպ ճանապարհը ու մեր ինքնատիպ փակուղին, որից ոչ մի դեպքում դուրս սողոսկել չենք ուզում՝ տաքուկ տեղ է՝ ոչ մի կողմից չի փչում, վերևից չի կաթում, ներքևում չոր է: Դուրս գանք, ի՞նչ անենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ