«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

1989-ին Չինաստանում սկսվեցին տյանանմենյան, Հայաստանում` զարթոնքի իրադարձություններ

1989-ին Չինաստանում սկսվեցին տյանանմենյան, Հայաստանում` զարթոնքի իրադարձություններ
04.03.2016 | 10:45

Հայաստանյան միջավայրում հաճախ է կարծիք հնչում, թե այս կամ այն ազգի ու պետության լիարժեք կայացումը պայմանավորված է նրանց ինչ-ինչ առանձնահատկությամբ, որն ամփոփում ենք «հայի վերջին խելքը» արտահայտությամբ: Տարօրինակն այն է, որ որևէ մեկն իրեն նեղություն չի տալիս ասվածի անգամ նվազագույն հիմնավորում ներկայացնել, կարևորել իր իսկ խոսքը, արժանանալ դիմացինի հարգանքին: Սովորական մի հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկը, օրինակ, նկատեց, որ Չինաստանի տնտեսության աննախադեպ զարգացումը պայմանավորված է բնակչության էական խտության պարագայում մարդկանց ապրելու և աշխատելու բավարար պայմաններ ապահովելու հանգամանքով: Երբ հարց ուղղվեց, թե ինչո՞ւ այդ նույն գործընթացը չիրականացվեց մինչև նախորդ դարի 60-70-ական թվականները, անգամ առավել վաղ տասնամյակներում, երբ երկիրն օկուպացրին ճապոնացիները, պատասխան չհնչեց. դե, երևի խնդիրները հասունացան 20-րդ դարավերջին` ահա եզրակացությունը: Ասել է թե, հայաստանցիներիս խնդիրներն էլ դեռ հասունացման շրջան ունեն, դրանք դեռ լրջագույն իրավիճակներ չեն ստեղծում, ինչպիսին էր, օրինակ, չինացիների մոտ ծնելության վտանգը, որը 1960-ականներին սահմանափակվեց պետության կողմից: Երկիր մոլորակի մի քանի հազարամյա պատմությունը համանման որևէ փաստ չունի, երբ սիրո «արդյունքի» հանդեպ արգելք է դրվում:
Ինչո՞ւ առաջացավ, մեղմ ասենք, այսօրինակ վիճակը: Չէ՞ որ 1960-ականներն էին, երկրի բնակչությունը դեռ հեռու էր անգամ 700 մլն-ի սահմանագծից, վիճակագրությունը 1 քառակուսի կիլոմետրի վրա հազիվ 70 չինացի էր արձանագրում, երբ հարևան Ճապոնիայում այն մոտենում էր 350-ի: Նկատենք, որ ՀՍՍՀ-ում 1970-ականների վերջերին բնակչության թիվն անցավ 3 մլն-ը, ասել է թե, արդեն նշված 1 քկմ-ի վրա 100 մարդ էր ապրում, և մենք ցնծում էինք աշխարհ եկած յուրաքանչյուր բալիկի համար: ՈՒրեմն ի՞նչ բացատրություն կամ արդարացում ունի այսօր ոչ վաղ անցյալի ծնելության չինական արգելքը, որը մեզանում շատ հաճախ արտահայտվում է 3 մլն բնակչության պարագայում «փոքր երկիր ենք» ձևակերպմամբ, իր բոլոր տխուր հետևանքներով, այդ թվում` սեփական հայեցողությամբ ծնելության սահմանափակմամբ: Փորձենք հարցին պատասխանել, թող որ սիրողական մակարդակով, այսուհանդերձ վիճակագրության, թվերի ու փաստերի օգնությամբ, նաև այլոց դիտարկումներն ընդունելու պատրաստակամությամբ:
Ասելիքը ներկայացնենք պարզ մի պատկերով, որը տիպական է աշխարհում, անկախ մարդկանց կրոնական ու ազգային պատկանելությունից: Ի՞նչ է մտորում ընտանիքի ղեկավարը վաղ առավոտյան. իր բալիկների ու ընտանիքի մյուս անդամներից յուրաքանչյուրի համար մի բաժակ կաթ, մեկ ձու, մի կտոր երշիկ կամ պանիր... Կարծես մեծ բան չէ ուզածը, որն այսօր միլիոնավոր մարդկանց համար, այդ թվում` ՀՀ հարյուր հազարավոր ընտանիքներում երազանք է դարձել: Այն նախորդ դարում հասու չէր նաև Չինաստանում: Արդեն նշեցինք, որ երկիրը խիտ բնակեցված չէր, անգամ հարևան Կորեայում խտությունը 200 մարդ էր: Չինաստանն ուներ բավարար հողային կարողունակություն, 9,6 մլն քառակուսի կմ-ից արդյունավետ գյուղմթերքներ արտադրելու նպատակով վարելահողը 12 տոկոսն էր, 1 բնակչի հաշվով մոտ 2000 քմ, երբ մեր ցուցանիշն ընդամենը 1600 քմ էր: ՀՍՍՀ հանրագիտարանի «Չինաստան» բաժնից էլ տեղեկանում ենք, որ երկրի հողակլիմայական բարենպաստ պայմանները թույլ են տալիս մի շարք շրջաններում նույն հողակտորից հավաքել տարեկան 2, իսկ ծայր հարավում նույնիսկ 3 բերք: ՈՒրեմն ի՞նչն այնպես չէին անում չինացիները, որ պարենային խնդիր ունեին, որի հետևանքով էլ ծնելությունն էին սահմանափակում: Հարցը մասնակիորեն բացատրելուն օգնում են երկրի վիճակագրական ցուցանիշները: Ըստ արդեն հիշատակված ՀՍՍՀ հանրագիտարանի, 1980 թվականին Չինաստանում հիմնական սնունդ բրնձի արտադրությունը կազմել է 140 մլն տոննա, 1 բնակչի հաշվով տարեկան 140 կգ-ից ավելի: Ցորեն ստացվել է 55 մլն տոննա, 1 բնակչի հաշվով մոտ 60 կգ: Կարծես էապես անհանգստացնող ցուցանիշներ չեն: Բայց արդյո՞ք բրինձ ու ցորենհաց ուտելով մարդ արարածը, տվյալ պարագայում` շարքային չինացին, կարող է լավատեսության տրվել, նվիրվել աշխատանքին, լիարժեք արարել, վաղվա օրվա հանդեպ վստահություն ունենալ: Այս միջավայրը երաշխավորում է սննդակարգի հիմնական բաղադրիչը, կենդանական ծագմամբ սնունդը, միսն ու կաթը, դրանց վերամշակված տեսականին՝ մսամթերքն ու կաթնամթերքը: Մինչ 1960-ականները Չինաստանում այս խնդիրը, որը տողերիս հեղինակը հիմնախնդիր է համարում, անգամ նվազագույնս լուծված չէր: ԽՍՀՄ տարիներին տպագրված մի տեղեկատուի համաձայն` երկրում խոզերի գլխաքանակը 150 մլն էր, հավերինը` 1,3 մլրդ, 1974 թվականին երկրի գյուղատնտեսական արտադրանքի հազիվ 12 տոկոսն էր անասնապահության բաժինը, երբ կայացած երկրներում այն 40-60 տոկոսի սահմաններում է: Նկատենք նաև, որ որևէ հիշատակում չկա եգիպտացորենի մշակման առումով, որն արդեն նախորդ դարի 50-ականներին դարձել էր հիմնական մշակաբույս, աստիճանաբար դաշտերից դուրս մղելով անգամ ցորենի ցանքատարածությունները: ԽՍՀՄ-ում այս գործընթացն սկսվեց Ն. Խրուշչովի ջանքերի շնորհիվ, որը տարօրինակորեն նրա հաջորդները տապալեցին, ինչի հետևանքով էլ հողային անսպառ հնարավորություններ ունեցող երկիրը դարձավ համաշխարհային ներմուծող, իր տխուր վախճանով:
Այս գործընթացը Չինաստանում այլ ուղղությամբ տարան, ինչը հարկ է դիտարկել որպես համաշխարհային զարգացումների տրամաբանված կիրառում: Ո՞րն է այն. հողային կարողունակության նպատակային օգտագործումը, երբ գերխնդիր է համարվում մարդ արարածին առաջնահերթ անհրաժեշտ կենդանական ծագմամբ սննդատեսակների երաշխավորումը: Ծանոթացեք թվերին: Արդեն 19-րդ դարավերջին անասնակերի հիմնական բաղադրիչ ճանաչված եգիպտացորենի հատիկի համաշխարհային արտադրությունը գերազանցեց ցորենի համաշխարհային արտադրությունը, կազմելով համապատասխանաբար 576 և 591-ական մլն տոննա: Առաջատարը ԱՄՆ-ն էր, 253 մլն տոննա, 2-րդը` Չինաստանը, 105 մլն տոննա: Կարճ ժամանակահատվածում խոզերի գլխաքանակը Չինաստանում անցավ 500 մլն-ը, հավերինը՝ 4 մլրդ-ը, գրանցվեց եռապատիկ աճ: Էապես բարձրացավ կովերի կաթնատվությունը, ինչի արդյունքում արդեն 2000-ականներից սկսած Չինաստանի մանկապարտեզներում սկսեցին երեխաներին կաթ-կաթնամթերք տալ: Աննախադեպ աճեց խոզի ու հավի մսի արտադրությունը։ Աշխարհում արտադրվող միջին տարեկան 100 մլն տոննա խոզի մսի 50 մլն տոննան արդեն մեկ տասնամյակ է` չինական ծագում ունի: Այն, ինչպես և հավի միսը, 2012-ին Պեկին այցելած հարազատիս վկայությամբ, վաճառվում էր 2 դոլարին համարժեք յուանով: 1980-ականներին 1 բնակչին ընկնող տարեկան 2 և 12 կգ հավի ու խոզի մսի արտադրությունը 2011-ին կազմել է 13 և 36-ական կգ, երբ ՀՀ ցուցանիշներն անգամ 2-ական կգ չեն կազմել: Թե ինչ նշանակություն են տալիս անասնակերի հիմնական բաղադրիչ հանդիսացող եգիպտացորենի հատիկի արտադրությանը Չինաստանում և Երկիր մոլորակում, փաստում են թվերը: Ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2016» տեղեկատուի, 2013 թվականին Չինաստանում այս մշակաբույսի արտադրությունը կազմել է 218 մլն տոննա, աշխարհում՝ գերազանցել 1 մլրդ տոննան, երբ ցորենն ընդամենը 713 մլն տոննա է: Մի փոքր շեղվենք և նկատենք, որ մլրդ տոննայի մեջ ոչ մեծ տարածք ունեցող Սերբիայի բաժինը 6 մլն տոննա է, որն այս օրերին կաթնամթերքի զգալի ծավալների արտահանում է կազմակերպում Ռուսաստանի Դաշնություն, երբ ըստ ԱԺ պատգամավորի հայտարարության, ՀՀ մեծ քանակներով կաթի փոշի է ներկրվում ՈՒկրաինայից: Ինչո՞ւ, որովհետև Հայաստանում թերսնվող կովի տարեկան կաթնատվությունը, ըստ գյուղատնտեսության կայուն զարգացման մի ռազմավարական փաստաթղթի, 2015-ին սահմանվել էր 2500 լիտր, ըստ վերամշակված ռազմավարության՝ 2020-ի համար` 2480 լիտր: Եվ սա հաստատվում է ՀՀ կառավարության կողմից, շարքային քաղաքացու վրա թողնելով հայոց պետությունն ու պետականությունը իշխանությունից ու իշխանավորից պաշտպանելու գործը: Թե ինչու է մեր կողմից վճարվող հարկերով ու տուրքերով պահվող պաշտոնյաների բանակն այսկերպ վարվում, անհասկանալի է մնում: «Անհասկանալի» գրեցի ու տեղնուտեղը նկատեցի, որ անհասկանալի ոչինչ էլ չկա. հարկ է առաջնահերթ սպասարկել հայրենի վերամշակողների ու մասամբ արտահանողների շահերը, այս կերպ երկրի պարենապահովությունն ու պարենանվտանգությունը կազմակերպելով ներկրողների միջոցով: Այսօրինակ գործընթացի արդյունքում հայոց հողը վերածվում է այլոց բանջարաբոստանաայգեգործական կցորդի, հայ գյուղացին էլ օտարվում է սեփական հողից, իր ապրուստը փնտրում արտերկրներում:
Չինաստանում վերջին անգամ մասսայական ընդվզումներ արձանագրվեցին 1989-ի մայիսին, երբ հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ելան Պեկինի Տյանանմեն հրապարակում: Քառորդ դար է անցել, ճիշտ այնքան, ինչքան հայաստանցիներիս զարթոնքն է: Հարցն այն է, թե որտեղ է այսօր Չինաստանը, որտեղ` նորանկախ Հայաստանը: 21-րդ դարասկզբին 1 բնակչի հաշվով հազիվ 4 հազար դոլարի համախառն ներքին արդյունք ստեղծող երկիրն այսօր անցել է 15 հազար դոլարը, երբ մեր ցուցանիշն այդպես էլ չի հասնում 3 հազար դոլարին: Երկիրը 1 բնակչի հաշվով բյուջեից տարեկան 2000 դոլարի ծախս է իրականացնում, երբ ՀՀ-ում այն հազիվ 800 դոլար է: Տնտեսության որ ոլորտն ու ճյուղը վերցնես, ցուցանիշներն աննախադեպ են, չնայած երկիրը միակուսակցական ղեկավարման համակարգից հրաժարվելու որևէ նշան ցույց չի տալիս: Փոխարենը ՀՀ-ում թե՛ իշխող ուժը, թե՛ իշխանության ձգտող ուժերը անվերջ խոսում են համակարգային ինչ-ինչ փոփոխություններից, երբևէ չկոնկրետացնելով, թե ինչ են իրենց ակնարկածն ու ակնկալածը: Համակարգային և վերջ:
Սույն մտորումներս թղթին հանձնելու ընթացքում հեռուստաընկերություններից մեկով գյուղոլորտին նվիրված մի հեռարձակում դիտեցի: Կարելի է ասել՝ ցնցվեցի, թեև տարիքիս ու փորձառությանս առումներով ինձ նման վիճակում չեմ պատկերացրել: Խոսքը ՀՀ Վայոց ձորում, 1850 մետր բարձրության վրա տեղադրված չինական տեխնոլոգիայով կառուցված, արևային էներգիայով սնվող ջերմոցային տնտեսության մասին էր: Հեղինակը նշեց, որ դրսում անգամ 25 աստիճան ցրտի պայմաններում ներսում բույսերի աճի լավագույն միջավայր է ապահովվում։ Եվ այս ամենը` կառուցման տեխնոլոգիական ձևի և ջերմոցի դիրքի ընտրության շնորհիվ: Եվ այս ամենը, թող որ սիրողական մակարդակով արված դիտարկման արդյունքում, գյուղոլորտի նպատակային կազմակերպման միջոցով մարդկանց ու երկրի հիմնախնդիրը լուծելու շնորհիվ, որն է՝ սեփական արտադրության կենդանական ծագմամբ բավարար որակի ու քանակի սննդատեսակների երաշխավորումը: ՀՀ-ում այն փոխարինվում է «մերն ուրիշ է» գործընթացով, հացահատիկից սկսած մինչև սոխ ու սխտոր ներմուծելով, աշխարհի չորս կողմերից միս-մսամթերք ներկրելով, այս կերպ խաբկանքի միջավայր ստեղծելով, հային ու հայաստանցուն հուսալքելով:
Այսպես էլ ապրում ենք:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ