«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Որքա՞ն է հիվանդ «Եվրոպայի հիվանդ մարդը»

Որքա՞ն է հիվանդ «Եվրոպայի հիվանդ մարդը»
28.02.2016 | 12:06

REGNUM -ը գրում է, որ Սիրիա զորք մտցնելու Ռեջեփ Թայիբ Էրդողանի ցանկությանը չաջակցեցին զինվորականները: Նրանք ասել են, որ առանց ՄԱԿ-ի ԱԽ համաձայնության՝ զորքերը Սիրիա չեն տանի: Արիֆ Ասալիօղլին կարծում է, որ 2015-ի դեկտեմբերին ստեղծված «Ընդդեմ ահաբեկչության իսլամական կոալիցիայի» ղեկավարները պարբերաբար հայտարարում են, որ պատրաստ են ցամաքային գործողություններ սկսել Սիրիայի տարածքում: Հատկապես ռազմատենչ են սաուդցիները, նրանցից բնավ հետ չի մնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Բայց Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստից հետո, որի ժամանակ Էրդողանի խոսքով՝ պետք է Սիրիա մտնելու որոշում ընդունվեր, անսպասելի հայտարարություն արեցին զինվորականները: Թուրք զինվորների Սիրիա մտնելու լուրերը, որ տարածում էին կառավարամետ ԶԼՄ-ները, և Էրդողանի հայտարարությունները մերժեց Թուրքիայի Գլխավոր շտաբը: Բարձրաստիճան սպան հայտարարեց, որ թուրքական բանակը Սիրիա չի մտնի առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվության: Փորձագետները հաճախ են ասում, որ Էրդողանին լիովին հաջողվել է «մաքրել» իրեն նոր կայսրություն կառուցելու մեջ խանգարող աշխարհիկ, քեմալական բանակը: Թերևս վաղ է եզրակացություններ անել Թուրքիայի քաղաքական ու ռազմական ղեկավարության տարաձայնությունների մասին: Գուցե Գլխավոր շտաբի սպայի հայտարարությունը ընդամենը ներքին առևտրի մա՞ս է:

Գուցե, բայց Անկարայի համար իսկապես անհասկանալի իրադարձություններ են կատարվում տարածաշրջանում՝ նախ ԱՄՆ-ՌԴ անհավանական տանդեմը, որ գործում է Թուրքիայի համար շատ ցավոտ դեպքերում: Առաջինը Սիրիայի քիմիական զենքի համատեղ ոչնչացումն էր, երկրորդ հարվածը Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի համաձայնագիրն էր, երրորդը՝ հրադադարը Սիրիայում: Թուրքիայի համար անպատեհ պահի: Անկարան ոչ միայն չի հասկանում աշխարհաքաղաքական մեծ խաղը, այլև սկսել է դուրս մնալ այդ խաղից: Թուրքիայի համար ԱՄՆ-ՌԴ տանդեմի առավել անսպասելի ու ցավոտ հարվածը քրդերի հարցում է: Անկարայում վերջին ահաբեկչությունից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուն տեղնուտեղը մեղադրեց Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, սիրիացի քրդերին ու նախագահ Բաշար Ասադին ու վճռեց զգուշացնել Մոսկվային, որ քրդերին Թուրքիայի դեմ չօգտագործի: Բայց պատասխանը Անկարան ստացավ ոչ թե Մոսկվայից, այլ՝ Վաշինգտոնից: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին Թուրքիային կոչ արեց «կենտրոնանալ ԴԱԻՇ-ին հարվածների վրա՝ դա է մեր ընդհանուր թշնամին»: ԱՄՆ-ի նախագահի ազգային հարցերով խորհրդական Բեն Ռոդսն էլ հայտարարեց, որ «Վաշինգտոնը դեռ չի պարզել Անկարայի պայթյունների կազմակերպիչներին»: Նույնիսկ պետքարտուղար Ջոն Քերին Բաքվում հեռախոսով գտավ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որպեսզի «հաստատի ԱՄՆ-ի հաստատակամությունը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարում»՝ նկատի ունենալով ԴԱԻՇ-ը, այլ ոչ սիրիացի քրդերին:
Եվ վերջապես՝ Թուրքիայի ցամաքային գործողություններին Սիրիայում դեմ է ոչ միայն Մոսկվան, այլև՝ Վաշինգտոնը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բայց կա մի հարց, որտեղ Մոսկվան ու Վաշինգտոնը շատ տարբեր տեսակետներ ունեն: ՌԴ արտգործախարար Սերգեյ Լավրովը հերքում է, որ կա Սիրիայում հրադադարից բացի այլ ծրագիր, իսկ թուրքական Yenişafak-ը գրում է, որ Սիրիան կտրոհվի երեք մասի: Եթե Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմության միջև հրադադարը արդյունքներ չտա, կգործի ԱՄՆ-ի պլան «Բ»-ն, որի համաձայն՝ Սիրիան կտրոհվի երեք կառավարելի մասերի: Roland Corporation (RC) կենտրոնի «Խաղաղություն Սիրիայի համար» պլանի համաձայն՝ Սիրիան պետք է բաժանվի 3 մասի: Առաջին մասը կլինի Բաշար Ասադի ղեկավարած տարածաշրջանը, որը կմիացնի Դամասկոսը, Հոմսը և Տարտուսը, որը ձգվում է մինչև Թուրքիայի սահման: Երկրորդ մասը կլինի քրդական տարածաշրջանը, որի մեջ մտնում է քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքը Հալեպից արևելք: Երրորդ գոտին Իդլիբի կենտրոնն է և Դերայի շրջանները, որոնք ղեկավարում են ընդդիմադիր ուժերը: Չորրորդ պայմանական մասը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներն են, Ռաքան և Պալմիրան: ԴԱԻՇ-ի ոչնչացումից հետո այդ տարածքները կանցնեն միջազգային կոալիցիայի կառավարմանը, որը պայքարում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ:

Դիտվել է՝ 1213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ