«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բարաք Օբամա-2

Բարաք Օբամա-2
27.02.2016 | 10:18

Երեք օր առաջ Բեռլինում Բունդեստագը Կանաչների կուսակցության առաջարկով նորից քննարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Բունդեստագի նիստին ներկա էր կանցլեր Անգելա Մերկելը: Բուռն քննարկումներից հետո բանաձևը քվեարկության չդրվեց նորից և վերադարձվեց հեղինակին՝ Ջեմ Օզդեմիրին՝ վերաձևակերպելու ու քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնեցված, միասնական միջխմբակցային տեսքով նոր բանաձև ներկայացնելու համար, որը պետք է քվեարկության դրվի մինչև ապրիլի 24-ը:
Կճանաչի՞ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը, կընդունի՞ իր մեղասակցությունը՝ իբրև Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության դաշնակից պետություն: Երբևէ՝ գուցե, բայց ոչ հիմա: Եթե մինչև ապրիլ շրջադարձային փոփոխություններ չլինեն Մերձավոր Արևելքում, եթե շարունակվի միգրանտների հորձանքը ԵՄ երկրներ և մասնավորապես՝ Գերմանիա: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ Բեռլինը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը ու միաժամանակ Անկարայից պահանջում է կասեցնել փախստականների հոսքը, նույնիսկ միլիարդավոր եվրոներ վճարելու պարագայում: Մի րոպե անգամ չկասկածեք, որ Թուրքիայի նախագահը հաջորդ օրն իսկ կդադարեցնի իր տարածքում փախստականներ ընդունելը: Պատահական չէ, որ Բունդեստագում քննարկմանը ներկա է եղել կանցլերը: Անգելա Մերկելը, որ նախքան փախստականների ճգնաժամը կայուն բարձր, եթե ոչ ամենաբարձր, վարկանիշն ուներ Գերմանիայում ու ԵՄ-ում, միլիոնից ավելի ներգաղթյալների մուտքից հետո աղետալի արագությամբ կորցնում է իր վարած քաղաքականության աջակիցներին: Արդեն իշխանություն ունեցող քաղաքական ուժի համար ժողովրդավարության ամենամեծ թերությունն ընտրությունների անխուսափելիությունն է՝ Մերկելը չի կարող թույլ տալ, որ Բունդեստագը վտանգի առանց այդ էլ ոչ փայլուն հարաբերություններն Անկարայի հետ: Սպասեք ապրիլին, բայց առանձնապես առանց մեծ հույսերի, որ հետո չհիասթափվեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նկատե՞լ եք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը շրջանառության մեջ դնող պատգամավորը քուրդ է: Այսինքն՝ վիճասեղանին դրված է ոչ այնքան հայկական հարցը, որքան թուրք-քրդական հարաբերությունները Գերմանիայում: Այո, Ջեմ Օզդեմիրը փայլուն ելույթ ունեցավ անցյալ տարի, երբ Բունդեստագում ներկայացված էր Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, ավելի փայլուն ելույթ ունեցավ այս տարի: Ապրիլին էլ կունենա: Անկարան լիուլի փաստեր է տալիս նրան՝ հիմնավորելու իր ելույթների ճշմարտությունը թե հայերի, թե քրդերի մասով, բայց քաղաքական նպատակահարմարությունը մնում է գերակա պետական քաղաքականության մեջ: Թե կայսերական Գերմանիայում, թե այսօրվա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սկսել է դեսպանների հետ հանդիպում-քննարկումների շարք, որոնց նպատակը աշխարհում Հայաստանը շահեկան ներկայացնելը ու ներդրումների հիմք ստեղծելն է: Դեսպանատներում տնտեսական կցորդներ ունենալու գաղափարը նոր չէ՝ քննարկվում էր նաև վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարության ժամանակ: Նախագահականում արդեն եղել են Իրանում և Ավստրիայում ՀՀ դեսպանները: Ընդունելով հանդերձ, որ քննարկումների հրատապ թեման տնտեսական հարցերն են, հատկապես եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանների հետ թերևս իմաստ ունի քննարկել և քաղաքական օրակարգ՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, ռուս-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանում կատարված աշխարհաքաղաքական տեղաշարժերի համապատկերում ցեղասպանության ճանաչման հարցի առանձնահատկությունները: Շատ մեծ հարց է՝ մենք օգտագործո՞ւմ ենք հանգամանքները, թե՞ օգտագործվում ենք: Եթե կարողանում ենք օգտագործել՝ հրաշալի է, եթե հարկադրված ենք օգտագործվել, գոնե համարժեք փոխհատուցման դիմաց:

Դիտվել է՝ 1360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ