«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իրանում պայքար է հանուն փոփոխությունների

Իրանում պայքար է հանուն փոփոխությունների
26.02.2016 | 12:42

Խորհրդարանական ընտրությունները բացառիկ կարևոր են Իրանի իշխանության տարբեր ուժերի հարաբերակցության համար՝ գրում է Ռոբերտո Տոսկանոն La Repubblica-ում: Իրանի Իսլամական Հանրապետության անոմալ և մեծ մասամբ խրթին քաղաքական համակարգում ընտրություններն ունեն քաղաքական ռեալ նշանակություն, քանի որ որոշարկում են ուժերի դասավորությունը ոչ թե վարչակարգի ու հնարավոր ընդդիմության, այլ հենց վարչակարգի մեջ: Ընտրությունները բացառիկ կարևոր են, որովհետև վճռորոշ են դառնալու նախագահ Հասան Ռոհանիի քաղաքական նախագծի համար՝ փոփոխությունների և բացության, որ արդեն բնակչության մեծամասնության հավանությունն է ստացել: Ճիշտ է, որ Միջուկային համաձայնագիրը մեծ էնտուզիազմով ընդունվեց, ասես, խոսքը առաջին վճռական քայլի մասին էր, որին պիտի հետևեին էական ներքին փոփոխություններ, առաջին հերթին տնտեսության մեջ: Բայց այդ հույսը տեղը զիջում է հիասթափությանն ու հոռետեսությանը փոփոխությունների նկատմամբ, նախ և առաջ անձնական ազատությունների առումով: Խորհրդարանական ընտրությունները ցույց կտան՝ որքան է նվազել նախագահի վարկանիշը, բայց ամենակարևորը՝ կօգնեն ճշտել ուժերի հարաբերակցությունը ոչ միայն քաղաքական ուղղությունների միջև, այլև՝ համակարգի հիմնական բաղադրիչների՝ Գերագույն հոգևոր առաջնորդ, նախագահ, «Իսլամական հեղափոխության պահնորդների խորհուրդ»: Իրանի վարչակարգը նախընտրում է ընտրություններին միջամտել քվեարկությունից առաջ՝ «Պահնորդների խորհրդի» թեկնածուների զտմամբ: Այս ընտրություններում խիստ ընտրության են ենթարկվել բարենորոգիչ թեկնածուները՝ ընտրողները կարող են քվեարկել միայն 30-ին 3 հազար թեկնածուից: «Պահնորդների խորհուրդը» թեկնածուների ցուցակից հանել է կենտրոնամետների և նույնիսկ չափավոր պահպանողականների թեկնածությունները, որ աջակցում են նախագահ Ռոհանիին: Նույն զտումներն են եղել և Փորձագետների ասամբլեայում, որն ընտրում է Գերագույն հոգևոր առաջնորդին: Բարենորոգումների համար պայքարը Իրանում նոր թափ է հավաքում և հայտնի չէ՝ ինչով կավարտվի: Վաղաժամ է խոսել նախագահ Հասան Ռոհանիի քաղաքական ծրագրի ձախողման մասին: Իրանցիները, հատկապես երիտասարդները, բարեկեցության և ազատությունների մեծացման հույս ունեն և չեն կասկածում նախագահի ռեալիստական ու միաժամանակ զգուշավոր ծրագրի ճիշտ լինելու մեջ՝ նրանք գիտեն, որ վարչակարգի փոփոխությունը ոչ միայն անհնար է, այլև՝ անցանկալի: Դժվար է նրանց քննադատելը, եթե նկատի առնենք՝ ինչ եղավ Լիբիայում, Եգիպտոսում ու Սիրիայում:

Ռոբերտո ՏՈՍԿԱՆՈ


Հ.Գ. Փաստորեն, մենք զուտ եսասիրաբար՝ ելնելով մեր երկրի շահերից, բազում ակնկալիքներ ունենք Թեհրանից՝ համարյա հաշվի չառնելով, թե ինչ է կատարվում բուն Իրանում, քաղաքական ուժերի ինչ դասավորություն, ինչ խնդիրներ ու խոչընդոտներ ունի Իրանի բարեփոխիչ նախագահը: Ռոբերտո Տոսկանոն, տարվելով Մեջլիսի ընտրությունների կարևորությամբ, չի նշում, որ արդեն եկող տարի Իրանում նախագահական ընտրություններ են և այս ընտրությունները նաև վկայելու են Հասան Ռոհանիի վերընտրության հնարավորությունները կամ վտանգվածությունը: Իրանում քվեարկելու իրավունք ունի մոտ 55 միլիոն ընտրող: Այսօր 53000 ընտրատեղամասերում նրանք կորոշեն ոչ միայն 290 պատգամավոր ունեցող Մեջլիսի կազմը (փետրվարի 18-ին նախընտրական արշավի սկզբից Մեջլիսի պատգամավորության թեկնածուների թիվը 6229-ից կրճատվել է 5550-ի), այլև՝ Փորձագետների խորհրդում 8 տարի ժամկետով ուղիղ քվեարկությամբ 161 հավակնորդից կընտրվեն 88 աստվածաբան և շարիաթի գիտակ: Այն ընտրատեղամասերում, որտեղ դաշինքները կամ առանձին թեկնածուները չեն հավաքի քվեների ավելի քան 50 տոկոսը, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցի միայն երկու թեկնածու կամ երկու դաշինք՝ ամենաշատ քվեներ ստացածները։ Երկրորդ փուլի ժամկետը դեռ հայտնի չէ: Միջուկային համաձայնագրի կնքումից հետո այսօր Իրանը նոր քննություն է հանձնում՝ ներքին, որին սպասում է և արտաքին աշխարհը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ