ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Նահանջ տարվա անակնկալները կամ Մեծ միավորիչ հավասարում

Նահանջ տարվա անակնկալները  կամ Մեծ միավորիչ հավասարում
26.02.2016 | 01:53

Նկատե՞լ եք, որ 2016-ը նահանջ տարի է, նահանջ տարի էին 1988-ը, 1996-ը, 2000-ը, 2004-ը, 2008-ը, 2012-ը: Հիշեցնե՞մ՝ այդ տարիներին պատմական ու քաղաքական ինչ իրադարձություններ են եղել Հայաստանում ու ինչ ազդեցություն են թողել՝ ընդունենք, թե չընդունենք, համարենք էջը փակվա՞ծ, թե՞ բաց: 2016-ի նահանջ տարին առայժմ ավարտում է անցյալ տարի սկսված իրադարձությունները: Փետրվարի: Դեկտեմբերի: Քաղաքական օրացույցում տարին ունի ոչ թե 365, այլ՝ 1826 օր, այն էլ՝ պայմանական. ոչ միշտ է խորհրդարանի ընտրությամբ քաղաքական դաշտ կազմավորվում, առավել հաճախ դաշտը տարտղնվում է ու դուրս գալիս ազատ նավարկության՝ ոչ միայն առանց խարիսխի, այլև առանց առագաստների: Շարժիչի դարում ի՞նչ առագաստ: Քաղաքական քամիները շարժիչ չեն աշխատեցնի: Հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք՝ մեր քաղաքական կողմնացույցի վրա բևեռները չեն ազդում, մեր մագնիսական դաշտը այլ ուղղորդում ունի: Մի քանի օր առաջ հայտնաբերվեցին ձգողականության ալիքները՝ Էյնշտեյնը գիտական հաստատում ստացավ իր տեսական դրույթներին համարյա 100 տարի հետո: Երկրորդ Նոբելյան մրցանակ կտա՞ն նույն հայտնագործությանը: Չգիտեմ: Կարծում եմ՝ ժամանակն է Նոբելյանին զուգահեռ մրցանակ սահմանել քաղաքականության մեջ բնական գիտություններին համարժեք հայտնագործությունների համար: Խաղաղության Նոբելյան մրցանակը այլ մարդկանց այլ պատմություն է, որ երբեմն է միայն հատվել քաղաքականության հետ: Օրինակ, ո՞վ կարող է ասել՝ ինչպե՞ս իրենց կպահեն սև անցքերը քաղաքական դաշտում: Եթե մեկը կլանում է մյուսին, ի՞նչ է լինում: Մատերիայի ու հակամատերիայի բախումից ի՞նչ է ստացվում՝ փոխադարձ ոչնչացո՞ւմ, թե՞ նոր մատերիա, բայց այլ որակով, որ հակամատերիա կունենա՞, թե՞ չի ունենա: Ֆիզիկան գլխիս չի խփել: Բնագիտական օրենքների պրոյեկտումը քաղաքական դաշտում ես չեմ հնարել: Մարդը կրկնում է բնության օրենքները՝ լինելով բնության մաս: Բնության մեջ չկա ժամանակ, ֆիզիկոսներն ընդհանրապես հերքում են ժամանակի գոյությունը: Ոչ բոլորը ու ոչ այնքան համոզիչ, իսկ գուցե՝ ո՞չ: Խնդիրները սկսվեցին, երբ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, որ նկարագրում է ֆիզիկայի օրենքները մեծ մասշտաբներով, բախվեց քվանտային ֆիզիկային, որ փորձում է նկարագրել Տիեզերքի մանրագույն մասնիկները: Կորպուսկուլյար-ալիքային դուալիզմի տեսությունը, որ հաստատում էր՝ լույսը միաժամանակ և՛ ալիք է, և՛ մասնիկ, կասկածի տակ դրվեց: Ֆիզիկոսները երկար տարիներ փորձում էին միավորել միմյանց չհամապատասխանող երկու ոլորտները՝ կազմելով Մեծ միավորիչ հավասարում՝ եզրահանգելով, որ անկախ մասշտաբներից՝ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է՝ մանրագույն մասնիկներից մինչև գալակտիկաներ: 40 տարի առաջ Ջոն ՈՒիլերն ու Բրայս դե Վիտը հավասարումը գտան: Եթե նրանց հավասարումը ճիշտ է, ժամանակ գոյություն չունի մատերիայի հիմնարար մակարդակում: Այն, ինչ մենք սուբյեկտիվորեն ընկալում ենք «ժամանակ», մեզ շրջապատող աշխարհի գլոբալ փոփոխությունների չափվող էֆեկտն է: Փաստորեն, ժամանակը հնարավորություն է տալիս կյանքում կարգուկանոն հաստատել, չհնարեինք ժամանակը, շուրջբոլորը քաոս էր լինելու: Գիտնականները պնդում են, որ ժամանակի՝ իբրև բացարձակ գոյության, որ շարժվում է ինքն իրեն և գոյություն ունեցող չորրորդ չափումն է, նյուտոնյան գաղափարը սխալ է: Նրանք առաջարկում են ժամանակի կոնցեպցիան փոխարինել ֆիզիկական փոփոխությունների համարակալումով, որ ավելի համարժեք է ֆիզիկական աշխարհին: Ֆիզիկոսները՝ ֆիզիկոսներ, ժամանակի մերօրյա ընկալումը չեն ունեցել և հին հույները, իսկ Հին Հռոմում համոզված էին, որ ժամանակը անշարժ է, շարժվում են մարդիկ:
ՈՒ ի՞նչ: Նկատեցի՞ք՝ ինչ կատարվեց խորհրդարանում, երբ ընտրում էին մարդու իրավունքների պաշտպան: Համակ ուշադրությունը բևեռացված էր փաստին, որ ՀՀԿ-ն առաջադրեց, ՀՀԿ-ն նշանակեց չորրորդ պաշտպանին:

Նկատեցի՞ք, որ նոր պաշտպանը ամենաբարձրահասակն է նախորդներից, փաստորեն, աճ, այնուամենայնիվ, կա: Երբ Խաչատուր Քոքոբելյանը բարձրացրեց Հայաստանում քաղբանտարկյալների հարցը և ՄԻՊ-ի թեկնածուից ստացավ պատասխան, որ այդպիսիք Հայաստանում չեն եղել ու չկան (ճիշտ է, պատասխանը անորոշ էր ու իրավականորեն «լողացող»), քվեարկության ժամանակ, իրենց հայտարարության համաձայն, քաղբանտարկյալների գոյությունը ժխտող Մարդու իրավունքների պաշտպանին կողմ քվեարկեցին Ալեքսանդր Արզումանյանը և Նիկոլ Փաշինյանը: Իսկ ովքե՞ր են նրանք: Բացի նախկին, ներկա ու գուցե ապագա պաշտոններից, նրանք քաղբանտարկյալներ են եղել: Ի՞նչն էր ստիպում «ամենաընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելով՝ ինքն իրեն «փչացնել», երբ ՀԱԿ-ը չմասնակցեց քվեարկությանը: Այդքան վճռո՞ղ էր նրա մեկ ձայնը, առանց նրա ՄԻՊ-ի թեկնածուն ՄԻՊ չէ՞ր դառնա: Իր ելույթում երբեք Նիկոլ Փաշինյանն այդքան չէր ասել՝ «անկեղծ ասած»: Նա հայտարարեց, որ միանշանակ Արման Թաթոյանը իշխող կուսակցության թեկնածուն է, բայց իշխանության մարդ լինելը չկանխորոշեց «ամենաընդդիմադիրի» քվեարկությունը, որովհետև նա «ստիպված էր եղել մտածել»: Այդ բարդ գործընթացի պատճառը վիճակագրությունն է: Երկար պատմվեց Լարիսա Ալավերդյանի, Արմեն Հարությունյանի, Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման պատմությունը ու եզրակացվեց՝ բոլորը եղել են իշխանության մարդ ու ի վերջո դեմ են գնացել իշխանությանը՝ դառնալով «ամենաանհաջող կադր»: Դա ստիպում է մտածել, որ «ՄԻՊ-ի թեկնածուին պետք է ոչ թե կանխավարկածային անվստահությամբ վերաբերվել, այլ կիրառել կանխավարկածային վստահություն»: Փաշինյանը գիտեր, որ դա «հայաստանյան քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում չափազանց դժվար որոշում է», ու հավատացնում էր, որ կողմ քվեարկելը վստահության քվե է ոչ թե թեկնածուին, այլ ինստիտուտին: Ով համոզվեց, ով՝ ոչ, նախկին քաղբանտարկյալի ելույթում դա չէր գլխավորը: Գլխավորը «իշխանության միջին օղակներում պրոֆեսիոնալ և պարկեշտ պաշտոնյաների» գոյությունը փաստելն էր, ովքեր ի վիճակի են պետության և ժողովրդի շահերից բխող գործողություններ անել: Սենսացիոն հայտնագործություն, եթե նկատի ունենանք, թե ինչ քննադատություն է ուղղում նույն պատգամավորը վերին օղակի իշխանություններին: Այդ տրամաբանությամբ՝ իշխանության միջին օղակը գործում է վերին օղակի դեմ ու շարունակում է պաշտոնավարել: Հնարավո՞ր է: Փաստորեն, այո, նրանց «իշխանությունները մտցրել են իրենց կոռումպացված էությունը գրիմի ենթարկելու համար՝ միջազգային կազմակերպություններ ուղարկելու հագած-կապած պաշտոնյաների»: Ասվեց նաև ամենակարևորը՝ «այդ պաշտոնյաները մեկուսացված են քաղաքական որոշումներ կայացնելուց, ձևական դերակատարում են իրականացնում»: Նիկոլ Փաշինյանը շտապեց մխիթարել. «Պարոնայք, մենք գիտենք ձեր գոյության մասին, գիտենք, որ շատ բան անել չեք կարող, և մեր խնդիրն ենք համարում նաև ձեզ համար ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման համար ավելին անելու հնարավորություն ստեղծել»: Սա էր ելույթի մեխը՝ իշխող էլիտայի անխուսափելի փոփոխության խնդիրը, որի լուծումը, սակայն, նաև ընդդիմադիրներին է գրիմազերծելու: Գուցե իսկապես՝ ժամանակ չկա, կա դիպաշար: Պարզ դիպաշար, որ տեսանելի է դառնում միայն ժամանակի մեջ, ու դա է ժամանակը դարձնում չորրորդ չափում, որ հաստատում էր Իսահակ Նյուտոնը, իսկ ներկա ֆիզիկոսները գրիմազերծ են անում, ինչպես քաղաքական գործիչները: Հարցին պատասխանելուն զուգահեռ՝ մտածեք, թե ո՞ւմ է պետք, որ իշխող էլիտայում փոփոխությունները չփոխեն իշխող համակարգը: Գուցե պատահական չէ, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավոր սըր Իսահակ Նյուտոնը միայն մեկ ելույթ է ունեցել, որ մտել է պատմության մեջ. «Փակեք պատուհանը, պարոնայք, փչում է»:
ՄԻՊ-ի քվեարկությունը ի հայտ բերեց ապագա խորհրդարանի կազմավորման միտումները՝ մինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության համաձայնագրով սահեցին երջանիկ ապագա, ՀԱԿ-ը հեռանում է, ազատ քվեարկած ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը ջանում են երկրորդը դառնալ: ՈՒմ ինչ կհաջողվի, կերևա: ԲՀԿ-ն, ի դեմս ԲՀԿ նախագահի, ընդդիմադիր հոռետեսություն է սփռում, խմբակցության անդամները փորձում են մնալ լավատես: ՕԵԿ-ը փորձում է վերստին մտնել նույն գետը, որը, վստահ է, հոսում է Բաղրամյան 19: ՕԵԿ-ը փետրվարի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դարձավ «Հայկական վերածնունդ» միավորում՝ իրեն հավելելով 12 կուսակցություն ու 140 հասարակական կազմակերպություն՝ ցնցող անվանումներով: Հնչեցին ոչ պակաս ցնցող ելույթներ, որ սահմանակցում էին քաղաքական պոեզիային ու կյանքի պրոզային: Կասանդրան կկարմրեր «վերածնվածների» քաղաքական կանխատեսումների ուժգնության առաջ: Բայց ի՞նչ է փոխվում: Գործնականում՝ ոչինչ: Ընդմիշտ նախագահ Արթուր Բաղդասարյան: Ընդմիշտ խորհրդարանական կուսակցություն: Ընդմիշտ՝ ընդդիմադիր, բայց իշխանամետ՝ անանց պոպուլիզմի ախտանիշով: Արդարացողի բարդույթ և փրկչի կերպար, որ ապավինում է սպանությանը: Ստրուկի: Չգիտես՝ իր, չգիտես՝ ուրիշների մեջ: Արթուր Բաղդասարյանը հերթական հաջող ցա՞տկը կատարեց ամենառուսականը լինելու վազքուղյակում, թե՞ դուրս թռավ խորհրդարան տանող մարաթոնյան վազքից: Ֆինիշին «Մենք հաղթեցինք» ասելու ու դժվար վազքի շնչարգելությունից ոչ թե մեռնելու, այլ քաղաքական կյանքով ապրելու ավելի մեծ հնարավորություններ կարող են ստանալ ոչ թե հանուն Ռուսաստանի Թուրքիային պատերազմ հայտարարելու պատրաստ ուժերը (Ստամբուլն «արյան ծով» դարձնելը, կարծես, 125-ամյայի «արտոնությունն» էր), այլ՝ տրամագծորեն հակառակ: ՌԴ-ին հավատարմության երդում տված ո՞ր ուժն է այսօր իրեն վստահ զգում՝ ԲՀԿ-ն, որ քանդվեց ու չի՞ հավաքվում («կլոուն», «կրկես», «բամփ» քաղաքական բառարանը հարստացնելով նոր բառերով): ՀԱԿ-ը, որի ամեն անդամ անհատական քաղաքական ծրագիր ունի: ՀԿԿ-ն, որ խորհրդարան չի հասնում որևէ ճյուղով: Երբ մի սև խոռոչը կուլ է տալիս մյուսին, ի՞նչ է ստացվում: «Հայկական վերածնունդը» փորձում է դառնալ երկրո՞րդը, երբ արդեն ԲՀԿ-ին իշխանությունը չի ընկալում երկրորդ քաղաքական ուժ, թե՞ նախընտրական դաշտում լուծելու է ընդդիմության տրոհման խնդիր, եթե, իհարկե, որևէ մեկը հավատում է, որ «Հայկական վերածնունդը» «Օրինաց երկիրը» չէ, իսկ թե ինչ զիգզագներ է գործում «Օրինաց երկիրը» նահանջ տարիներին ու նահանջ տարիներին հաջորդող տարիներին, ինքը՝ Արթուր Բաղդասարյանը, չի թողնում մոռանալ: Բայց մի՞թե ԲՀԿ-ն այդքան հեշտ հանձնվելու է, հավակնությունների ու հնարավորությունների հաշվեկշիռը ԲՀԿ-ում այս պահին մխիթարական չէ, բայց կա պահեստային տարբերակը՝ «զոհի» լուսապսակը՝ «գցվածներին» Հայաստանում սովորաբար սիրում են: Ի վերջո՝ անմանդատ ևս մի կուսակցություն կքանդվի, իսկ մանդատակիրները կստեղծեն նորը՝ «Բարեկազմ Հայաստան», «Բարեհաջող Հայաստան», «Բարձիթողի Հայաստան»՝ քի՞չ անուններ կան: Ինչո՞ւ չգրեցի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրի մասին, որ մի քիչ էլ մնար «դարի կառույց» էր դառնալու: Այնքա՛ն ժամանակ կա, հետո էլ չհասկացա՝ համաձայնագի՞ր էր, թե՞ հռչակագիր՝ նվիրված ՀՀ 25-ամյակի հոբելյանական միջոցառումներին, որի «թղթածրարը», ինչպես 100-ամյակի Հռչակագրի, դեռ նախապատրաստվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Մինչև Քաջ Նազարը թախտի տակից դուրս կգար, Թեհրանում հանդիպեցին Հասան Ռոհանին և Իլհամ Ալիևը: Նրանք կմիացնեն երկաթուղիները, կառուցելով Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային կամուրջը, որը կդառնա տրանսպորտային միջանցք Հյուսիս-հարավ ուղղությամբ: Փաստորեն, Հայաստանում կանգնած ժամանակը Իրանում ու Ադրբեջանում, Վրաստանն էլ հետը, շարժվում է, ու ինչպե՞ս կբացատրեն ֆիզիկոսները: Լարել է պետք Ռուսաստանի՞ ժամացույցը:
Այնտեղ ֆիզիկա չեն սիրում, սիրում են Տուլան ու մեկ էլ՝ Կալաշնիկովին: Դիվանագիտության, գիտության ու քաղաքականության մեջ:

Դիտվել է՝ 2483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ