«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Non sequitur, կամ՝ «վա՜յ, մամա ջա՜ն»

Non sequitur, կամ՝ «վա՜յ, մամա ջա՜ն»
23.02.2016 | 01:48

Ձեզնից որևէ մեկը հենց հիմա՝ առանց համակարգչին կամ գրքին ապավինելու, կարո՞ղ է թվարկել Հայաստանի 12 մայրաքաղաքներն ու արքայական 4 դինաստիաները: Թվարկեցի՞ք: Արժանի եք Թափառող մայրաքաղաքների երկրի քաղաքացին լինել: Ո՞չ: Շատ էլ ճիշտ է, որ ձեր վերջին մայրաքաղաքը «սարայ» առ «սարայ» քանդում են ու տեղը տնկելու են իրենց «փողի ծառերը»:
ՈՒրբաթ օրը խորհրդարանում արտահերթ նիստ էր՝ օրակարգում «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագծի քննարկումն էր, որ իր լրումին էր հասցնելու ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը: Օրենսդրական շտրիխն էր պակասում՝ նախարարը կար՝ նախարարությունը չկար: Աշխարհի (գոնե կեսի) ամենագեղեցիկ կին նախարարի հետ բախտը կուսակցական կատակ էր խաղացել՝ տարիուկես առաջ իբրև պատգամավոր հիմնավորում էր՝ ինչո՞ւ պիտի միանան տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները, իբրև արդարադատության նախարար՝ ինչո՞ւ պիտի բաժանվեն: Կարո՞ղ էին, չէ, «սուրբ գործը» Դավիթ Հարությունյանին հանձնարարել, կամ էլ՝ փոխվարչապետին: Նրանց խնայեցին և կրակի գիծ դուրս եկավ Արփինե Հովհաննիսյանը: Թերևս պատասխանելու նրանց, որ մինչ այդ հաճույքով Արծվիկ Մինասյանին «փոխանցում» էին արդարադատության նախարարի պորտֆելը: Ինչպես չանկեղծանաս ու չասես «Վա՜յ, մամա ջա՜ն»՝ հարցերին պատասխանելուց առաջ ու հետո: Հարցերը բոլորովին էլ Արփինե Հովհաննիսյանին չէին ուղղված՝ նա պաշտոնի բերումով շանթարգելի դերում էր ու հարկադրված էր նույնը կրկնել. «Քաղաքական պայմանավորվածությունները այդպիսին են եղել։ Նպատակահարմարությունից ելնելով, հաշվի առնելով գործընկեր ուժի ռեսուրսները, մեր, իրենց պատկերացումները այդ համագործակցության ձևաչափի և այլնի վերաբերյալ՝ որոշումը կայացվել է այդպիսին»: Բայց ի՞նչ էին ուզում պատգամավորները: ՕԵԿ-ը Մհեր Շահգելդյանի հայտարարությունից հետո լքեց դահլիճը և արտահերթ նիստը չհեռարձակեց Հ 3-ով՝ փաստելով, որ հեռուստաալիքն օգտագործում է ոչ թե Սահմանադրությամբ քաղաքացուն տրված իրազեկման իրավունքն ապահովելու համար, այլ՝ քաղաքական ինքնագովազդի՝ ռուսալեզու ֆիլմերով ընդմիջված: Ինչո՞ւ «Արարատը» ԱԺ նիստերը չի հեռարձակում՝ ՀՀԿ-ին գովազդ պետք չէ՞: ԲՀԿ-ն, հղում անելով «լրագրողների զանգվածին»՝ չմոռացավ հարցնել՝ ինչո՞ւ ոչ ԲՀԿ-ն, որ հենց ՀՅԴ-ն, ու իր համար «մխիթարություն» գտավ՝ հասկանում ենք, որ սփյուռքի ռեսուրսներն են պետք եկել: Դա մեծ ու փուչ առասպել է: Նախ սփյուռքյան ՀՅԴ ոչ բոլոր կառույցներն են համաձայն «վարկաբեկյալ» ՀՀԿ-ի հետ համագործակցելուն, հետո էլ՝ սփյուռքի գործարարները Հայաստանում ներդրումներ չեն անում ոչ թե իշխանության մեջ «մարդ» չունենալու պատճառով, այլ շարքային ու սովորական կոռուպցիայի, հարկայինի անհարկի միջամտությունների, այն պարզ իրողության պատճառով, որ Հայաստանում ամենահեշտը բիզնես դնելն է, անհնար՝ աշխատեցնելն ու փակելը: Դա սփյուռքը գիտի սեփական փորձով ու օրինակով: Եվ վերջապես՝ եթե կարևոր էր սփյուռքի հետ կապը, ինչո՞ւ ՀՅԴ-ին չտրվեց սփյուռքի նախարարությունը: Լևոն Մկրտչյանը հանգիստ կարող էր պաշտոնավարել իբրև սփյուռքի նախարար, թե՞ նրա ճակատին անջինջ գրված է՝ կրթության և գիտության նախարար: Գուցե Լևոն Մկրտչյանն էլ, ՀՅԴ-ն էլ կապ չունեն, պարզապես 2016-ի փետրվարին միայն Բաղրամյան 26-ում լսվեց այն, ինչ 2015-ին «Էլեկտրիկ Երևանը» Բաղրամյան 1-ում ասում էր Արմեն Աշոտյանին: Ձայնի արագությունը Հայաստանում խաթարված է, ինչպես մյուս «արագությունները» Բաղրամյան փողոցում: ՀԱԿ-ը ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը համարեց գործարք՝ ընտրություններում հաղթանակ ապահովելու համար, ու անմիջապես ստացավ պատասխան՝ գործարքներ դուք եք անում, մերը համագործակցություն է՝ երկարատև, որ 17-ին հաջող ընտրական արշավ անցկացնելու դեպքում էլ ավելի ամուր դիրք կունենա:

«Ժառանգության» միակ անդամը հանգամանալից բացատրեց՝ ինչու պետք չէ պետական քաղաքականությունն ու կուսակցական նպատակահարմարությունը խառնել իրար, նրան չհասկացան: Իսկապես էլ՝ կա՞ տարբերություն կուսակցության ու պետության միջև: Չէ՞ որ ՀՀԿ-ն «պատրաստ է համագործակցության բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ»՝ ասվեց մի քանի անգամ՝ «առողջացեք»՝ համագործակցվեք: ՀՀԿ-ն սոփեստության մեջ՝ միանշանակ առաջ է անցել մ.թ.ա. 5-րդ դարի սոփեստներից ու անձամբ Պրոտագորասից, որ սոփեստի խնդիրը համարում էր ամենավատ փաստարկը ներկայացնել իբրև ամենալավը՝ խորամանկ ու խճճված խոսքի միջոցով՝ չմտածելով ճշմարտության մասին: Non sequitur՝ դատողության ընթացքում ներքին տրամաբանական կապի բացակայություն: Հարց չկա: Կա անհրաժեշտություն՝ ընտրություններից առաջ սահմանել խաղի կանոններն ու ՀՀԿ-ն հաջողությամբ սահմանում է: Լևոն Տեր-Պետրոսյանի («քաղաքագիտական վերլուծության» հետևանքներից դատելով) և Ռոբերտ Քոչարյանի (նրա վերջին հարցազրույցի «Հանգամանքները մնում են հանգամանքներ» աֆորիզմը պատասխան է իր վերադարձին առնչվող բոլոր հարցերին, իսկ Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու գաղափարը ատավիզմ է) ինքնաբացարկից հետո դաշտում պետք է ստեղծել իշխանություն-ընդդիմություն նոր հավասարակշռություն: Խորհրդարանական կառավարումը ոչինչ չի փոխում դեֆակտո: Սահմանադրությամբ նախատեսված՝ ընդդիմության դերի մեծացումը չի մնալու թղթի վրա, բայց տրվելու է իշխանության «ընտրած» ընդդիմությանը: Մանրամասն ու մրցակցային դաժան պայմաններում ընտրված: Իշխանության խնդիրը, ինչպես նախորդ, անպես էլ հաջորդ ընտրություններում նույնն է՝ մեծամասնություն ունենալ: Մի քանի ամսում կստանանք այդ խնդրի լուծման օրենսդրական հիմքը՝ Ընտրական նոր օրենսգիրքը: Կա մի առանձնահատկություն միայն՝ իշխանությունը փոփոխություն է նախապատրաստում սեփական դաշտում: Էլիտայի փոփոխություն՝ նոր խորհրդարանում կուսակցական հայտնի գործիչների (գեներալից՝ գործարարներ) փոխարեն կհայտնվեն օսլայած թեզանիքներով ու ժելեած գանգուրներով, փայլուն կրթություն ստացած, մի քանի լեզվով շատախոսող, պարտադիր գեղեցկադեմ մի խումբ երիտասարդներ, որ ամեն ինչի մասին ունեն պատկերացում՝ քաղաքականությունից՝ տնտեսություն, տնտեսությունից՝ մշակույթ, մշակույթից՝ պատմություն: Եվ մենք, որ այսօր կյանքի իրականությունից հետ ենք մնում, միանգամից առաջ կանցնենք: Դա իր ժամանակին կանվանվի համակարգային փոփոխություն: Ի՞նչ կփոխվի իրականում: Իշխանությունը կկատարի իր տված՝ փոփոխությունների խոստումները, նոր մարդիկ քաղաքականության մեջ ու բիզնեսում, նոր թիմ, որ լավատեսություն է արտածում իր շենշող կերպարանքով միայն, մնացածը՝ կմնա նույնը: Մի վերապահումով, եթե մինչև ընտրություններ իշխանությունները հասցնեն իրենց թևում համախմբել ու դասդասել ապագա խորհրդարանի սեփական կազմը՝ ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության մասով և կարողանան այնպես անել, որ ընդդիմությունը խորհրդարանական կառավարման պարագայում ունենա նույն դերը, ինչ նախագահական ու կիսանախագահական՝ ոչ մի դեր: Համոզվելու համար հաշվեք՝ քանի՞ օրինագիծ է ընդդիմությունը ներկայացրել և քանի՞ օրինագիծ է ընդունվել, որքանո՞վ են հաշվի առնվել ընդդիմության առաջարկները, ընդհանրապես՝ ի՞նչ կփոխվեր, եթե այս, նախորդ, նախորդի նախորդ գումարման խորհրդարաններում ընդդիմությունը վար դներ մանդատն ու հեռանար:
Իշխանությունը երեք խնդիր է հիմա լուծում.
1. Էլիտայի փոփոխությունը հնարավորինս անցավ ու անաղմուկ անցկացնել՝ մերժվածներին տեղավորելով ոչ պակաս փափուկ բազկաթոռներում:
2. Չեզոքացնել, հնարավորության դեպքում օգտագործել Ռուսաստանի պարտադրած թեկնածուներին՝ ապահովելու անձնական անվտանգությունը:
3. ԵՄ-ից ֆինանսական աճող կախման պայմաններում՝ Արևմուտքին համոզել, որ արևմտամետ են իր ընտրած կուսակցությունները և ազատական գաղափարներ են ջատագովում:
Իր երեք խնդիրներն ունի նաև Ռուսաստանը Հայաստանում.
1. Փող չկա, բայց ազդեցությունը պետք է պահել՝ ինչ գնով էլ լինի: Թույլ չտալ Հայաստանի տնտեսական անկախացումը և համագործակցությունը հարևանների հետ:
2. Մշտապես խաղարկել Ղարաբաղի հարցը, հրադադարի խախտումները, Թուրքիայի գործոնը՝ իբրև սպառնալիք:
3. Պաշտպանել իշխանությանը՝ իբրև սեփական համակարգի մաս, ստեղծել ընդդիմադիրների նոր դաշտ՝ իբրև իշխանության զսպման մեխանիզմ:
Ի՞նչ է անելու Արևմուտքը՝ տարածաշրջանում ու Հայաստանում.
1. Գերխնդիրը՝ խաղաղությունն է, ապա՝ միջազգային ծրագրերի ու միջպետական սահմանների հակասությունների նվազեցումը՝ փողը պիտի աշխատի հանուն խաղաղության ու անվտանգության:
2. Կոռուպցիայի ու մենաշնորհների վերացումը կազմաքանդելու է համակարգը ներսից, հաջողությունը արագության մեջ է, բայց պետք է ընթացքը վերահսկել՝ ապահովելու իրական, ոչ թե ձևական արդյունքներ:
3. Մինչև այժմ Արևմուտքը սպասել է, որ Հայաստանում ի հայտ գա խարիզմատիկ առաջնորդ ու համախմբի ընդդիմությանը՝ հնարավոր դարձնելով ընտրություններով իշխանափոխությունը: Բայց Սաակաշվիլու տարբերակը Հայաստանում չաշխատեց: Բացի քաղաքական խնդիրներից, կայանալու համար ընդդիմությանը ֆինանսական հոսքեր են պետք, որ իշխանությունը իսպառ փակել է: Կեղծ ու կառավարվող «արևմտամետներով» Արևմուտքին խաբելն անիմաստ է, նույնքան անիմաստ է խորհրդարանում ֆրակցիոն ներկայությունը՝ գործող պատգամավորների 5 %-ի չափով, խնդիրը խորքային է: Ապահովել իրական ընտրություններ՝ սա է Արևմուտքի գերխնդիրը: 2017-ի՞ն կստացվի, թե՞ 2022-ին, կախված է հասարակությունից և այն քաղաքական ուժերից, որ կարողացել են պահպանել ինքնուրույնությունը, տուրք չեն տվել ցանկացած գնով իշխանության մեջ ու խորհրդարանում հայտնվելու գայթակղությանը, ունեն հստակ ծրագրեր, օրը մեջ իշխանափոխություն ու հեղափոխություն չեն հայտարարում, պատրաստ են ոչ թե միավորել հատվածական ընդդիմադիր ուժերին (որ իրականում մեխանիկական ու աբսուրդ պահանջ է, որից օգտվում է իշխանությունը՝ մեկ առ մեկ իր «համագործակցության», իրականում գործարքային դաշտ տանելով ընդդիմադիր կուսակցություններին), այլ՝ ժողովրդի բողոքական հատվածին, որ վաղուց որոնում է մեկին, ով հերթական 100000-անոց կամ 200000-անոց հանրահավաքից հետո իրեն տուն չի ուղարկի կամ իր ներկայությունը հրապարակում չի օգտագործի՝ իշխանության հետ սեփական պայմաններով քաղաքական երկխոսության նպատակով: Դա մենք արդեն անցել ենք: Non sequitur՝ դատողության ընթացքում ներքին տրամաբանական կապի բացակայության սինդրոմից դուրս գալու խնդիր ունի նաև ընդդիմությունը: Ավելի՝ քան իշխանությունը, որովհետև բացի սոփեստությունից՝ իշխանությունն ունի լծակներ ու ռեսուրսներ, իսկ ընդդիմությունը միայն ծրագրեր ու նպատակներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Համենայն դեպս ասեմ՝ Հայաստանի 12 մայրաքաղաքներն են՝ Տուշպա-Վանը, Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը, Դվինը, Բագարանը, Երազգավորսը, Կարսը, Անին, Երևանը: Արքայական 4 դինաստիաներն են՝ Երվանդունիները, Արտաշեսյանները, Արշակունիները, Բագրատունիները: Շա՞տ է, թե՞ քիչ՝ մ.թ.ա. 570-ից մինչև այսօր: 100 կամ 1000 տարի հետո մեր օրերի մասին ի՞նչ են ասելու՝ «Վա՜յ, մամա ջա՞ն»:

Դիտվել է՝ 1472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ