«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իրան-Պակիստան-Չինաստան գազամուղի ինտրիգը` «պատժամիջոցները վերացնելու» ամերիկյան բլեֆի և նոր հակաիրանական պատժամիջոցներ մտցնելու ֆոնին

Իրան-Պակիստան-Չինաստան գազամուղի ինտրիգը` «պատժամիջոցները վերացնելու» ամերիկյան բլեֆի և նոր հակաիրանական պատժամիջոցներ մտցնելու ֆոնին
26.01.2016 | 00:13

Աշխարհն արդեն գիտե «հակաիրանական պատժամիջոցները վերացնելու» շուրջ ամերիկյան բլեֆի մասին, ավելին, աշխարհը նաև գիտե այն մասին, որ Իրանը մերկացրել է այդ բլեֆը և պատրաստ է այս նոր պայմաններում դիմակայելու ամերիկացիներին։ Մեր մտավոր սահմանափակ որոշ հայրենակիցներ հակաիրանական պատժամիջոցների կեղծ վերացման ոգևորությամբ համակված նետվեցին քննարկելու, վերլուծելու և բանավիճելու։ Թեև այդ դատարկաբանությամբ տառապում են ոչ միայն Հայաստանում, այլև, պարզվում է, Վրաստանում։ Մինչդեռ պետք է տեսնել, որ այնտեղ, ուր տնտեսական շահ չկա, Իրանը «ջանք չի գործադրի» ո՛չ ի բարօրություն հայերի, ո՛չ ի բարօրություն վրացիների։ Նա իր շահերը տեսնում է այնտեղ, ուր չկան այնպիսի կառավարություններ, որոնք ականջները կախ կատարում են արտատարածաշրջանային «մեծ երկրների» հրամանները։
Իրանից Պակիստան «Խաղաղություն» հնչեղ անվանումով գազամուղը, որը քննարկումների ու համաձայնեցումների ռեկորդ սահմանեց, 2017 թ. դեկտեմբերին իրողություն կդառնա` գցված խողովակներով, ենթակառուցվածքով, հեղուկ բնական գազի (ՀԲԳ) արտադրության գործարանով։ 1735 կմ երկարություն, մոտ 2,5 մլրդ դոլար արժողություն, մի ամբողջ շարք այլ թվեր ու տոկոսներ. սա էլ, ահա, դրա, այսպես ասած, տնտեսական կողմն է։ Իսկ քաղաքական առումով «Խաղաղության» իրականացումը կնշանակի Թեհրանի առաջին քայլը Չինաստանի կողմից ստեղծվող «նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական տարածության» մեջ ներգրավելու գործում։ Իսկ Թեհրանը հաճույքով է դրան համաձայնություն տվել, ավելին, ակնկալում է նաև լիիրավ անդամակցություն Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) և Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։ «Խաղաղությունը» գցելու մասին Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրի ստորագրումից մինչև նախագծի իրականացման սկիզբն անցած երկար ժամանակի պատճառով Թեհրանում և Իսլամաբադում մի շարք մասնագետներ այն անվանում են «երկրորդ Բուշեր»։ Համեմատությունը բացահայտորեն կոռեկտ չէ, քանի որ թե՛ «տարիքով», թե՛ քաղաքական ինտրիգի լարվածությամբ Բուշերը «Խաղաղության» կողքին երեխա է։ Բավական է հիշել, որ դրա կառուցումը հղացվել է 20-րդ դարի 50-ականներին, երբ Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ռիսալպուր» ռազմատեխնիկական քոլեջի դասախոս Մալիք Ահմադ Խանը մի գիտագործնական հոդված հրապարակեց նման գազամուղի հնարավոր կառուցման մասին։ Ինչպես հաճախ է պատահում առաջանցիկ բնույթի մտահղացումների կապակցությամբ, տեքստը կարդացել, բանավիճել ու... մոռացել էին։ ՈՒ միայն 30 տարի հետո` 1989 թվականին, երբ գազի անբավարարության սպառնալիքը սկսեց աղոտ հեռանկարից իրական վտանգի բնույթ կրել, մտահղացումը դարձավ երկու երկրների պաշտոնատար անձանց բանակցությունների առարկա։
1995 թ. Թեհրանն ու Իսլամաբադը նախնական համաձայնագիր ստորագրեցին «Խաղաղության» կառուցման մասին, չորս տարի անց նախագծին միացավ նաև Հնդկաստանը։ ՈՒստի և «Խաղաղություն» գազամուղն արդեն ոչ միայն Իրան-Պակիստան է` Աֆղանստանով, այլև Հնդկաստան` Չինաստան անցնելու հեռանկարով։ Իսկ հետո սկսվեց Վաշինգտոնի` այդ գազամուղի հետ կապված խաղը, որ շարունակվում է մինչ օրս։ Չէ՞ որ դեռ 2015-ի ամռան վերջերին, երբ արդեն ստորագրվել էին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայի համաձայնագրերը, երբ արդեն տեղի էր ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի այցը Իսլամաբադ, որից հետո էլ, ըստ էության, «Խաղաղությունը» իրական ուրվագիծ ձեռք բերեց (թեև Իրանի տարածքում շինարարությունը սկսվել էր վաղուց` դեռ 2010 թ.), հնչեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հերթական զգուշացումը. «Թեհրանի վրայից պատժամիջոցների ռեժիմը դեռ հանված չէ։ 1996 թ. օրենքը, որի համաձայն ցանկացած ոչ ամերիկյան ընկերություն, որն իրանական նավթի-գազի ոլորտում տարեկան 20 մլն դոլարից ավելի ներդրում կկատարի, կենթարկվի պատժամիջոցների, և այդ օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել։ Եվ գազամուղի նախագծի իրականացմանը մասնակցող ընկերությունները ամեն րոպե կարող են խնդիրներ ունենալ»։ Դա «իրանա-պակիստանյան խողովակի շուրջ մեծ ինտրիգի» սկիզբը չէ, դա շարունակությունն է. սկիզբն այն ժամանակ էր, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը Իսլամաբադ ուղարկեցին Սաուդյան Արաբիայի, Կատարի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչներին (հերթով)։ Եվ պարզ է, թե ինչ «առաջարկություններով»... Նախագծի լիակատար փակման ձգտումն էր հենց այն խաղի էությունը, որ ոչ ավել-ոչ պակաս մեկուկես տասնամյակ խաղում էր Վաշինգտոնն ընդդեմ «Խաղաղության»։
Նախագծի իրականացման ռազմավարական հետևանքները սկզբից էլ ԱՄՆ-ին ձեռնտու չէին։ Իրանի գազի ճյուղը դուրս էր գալիս ամերիկյան սահմանափակումների ճիրաններից և մուտք էր գործելու Հարավային Ասիայում էներգակիրների հսկայական շուկաներ, էլ չենք խոսում ՉԺՀ-ի մասին։ Պակիստանի, հետևաբար նաև իսլամաբադցի քաղգործիչների կախումը ԱՄՆ-ի դոտացիաներից թուլանում էր։ Հնդկաստանը, որի հետ Վաշինգտոնի հարաբերությունները «Խաղաղության» շինարարության մասին համաձայնագրի ստորագրման պահին բավական սառն էին, լրացուցիչ ռեսուրս էր ստանում արդյունաբերական առաջընթացի համար, կախում չունենալով Պարսից ծոցի միապետությունների էներգակիրների մատակարարումներից, որոնք պատրաստ էին Սպիտակ տանը անհրաժեշտ ցանկացած պահի և՛ «ծորակը» փակելու, և՛ «գնախաղ» անելու։ Գործի էր դրվում տնտեսական պատերազմում օգտագործման համար պիտանի ամեն հնարք։ ՈՒ երբեմն թվում էր, թե ԱՄՆ-ի մեծ ինտրիգը «Խաղաղության» դեմ մոտ է հաղթական ավարտին։ Հատկապես 2009 թվականին, երբ Հնդկաստանը պաշտոնապես հայտարարեց, որ դուրս է գալիս նախագծից։ Պաշտոնական Դելին որպես այդ որոշման պատճառ հայտարարեց գնագոյացման հարցում Թեհրանի հետ ունեցած տարաձայնությունները և այն, որ երաշխիքներ չկան, թե Պակիստանը անխափան մատակարարումներ կապահովի։ Իսկ իրականում Վաշինգտոնին հաջողվել էր համաձայնության գալ Հնդկաստանի կառավարող վերնախավի հետ։ Ընդ որում, ռազմավարական մակարդակով, երբ խոսքն արդեն ոչ թե գազամուղի ճակատագրի մասին էր, ոչ թե Հնդկաստանի կողմից հակաիրանական պատժամիջոցների պաշտպանության մասին, այլ Դելիի կողմից արտքաղաքական կողմնորոշման փոփոխման և ամենաբազմազան հարցերում ԱՄՆ-ի հետ գործընկերության քաղաքականության որդեգրման մասին` սկսած ֆինանսներից ու տեխնոլոգիաներից և վերջացրած պաշտպանական ոլորտով։ Փաստորեն Հնդկաստանը հանձնվել էր։
Իսլամաբադի հարցում ավելի բարդ էր։ Եվ ոչ թե ինչ-որ հատուկ հակաամերիկյան տրամադրվածության նկատառումով, այլ որ, նախ, գազամուղը եղել և մնում էր իրական փրկություն երկրի տնտեսության համար, որը շնչահեղձ էր լինում էներգիայի պակասից։ Երկրորդ, նախագծի հանդեպ սկսել էր ավելի մեծ հետաքրքրություն հանդես բերել ՉԺՀ-ն, որը, ի դեպ, միառժամանակ ջանում էր իրանա-պակիստանյան խողովակի շուրջ ծավալված ինտրիգին չմիջամտել, ավանդաբար սպասելով ավելի հարմար պահի, միաժամանակ շարունակ «ձեռքը պահելով զարկերակի վրա»։ Սակայն ճնշումն Իսլամաբադի վրա ահագնանում էր, ընդ որում միանգամից բոլոր ուղղություններով։ Սպիտակ տունը պաշտպանում էր Թուրքմենստանի այն ժամանակվա նախագահ Սափարմուրատ Նիյազովի նախաձեռնությունը ԹԱՊՀ (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան) գազամուղի կառուցման վերաբերյալ և դա Իսլամաբադին որպես այլընտրանք էր առաջարկում իրանա-պակիստանյան «խողովակի» փոխարեն։ Բայց այդ նախագծի առասպելականությունը ակնհայտ էր, և որևէ մեկը չէր հավատա ժամանակակից Աֆղանստանի տարածքով, հատկապես Հերաթի ու Ղանդահարի նահանգներով անցնող ինժեներական բարդ մայրուղիների ապահովությանը։ Մի խոսքով, թեթևակի գրգռելով փորձագետների ու քաղգործիչների մտքերը, ԱՄՆ-ի մտահղացումը կամաց-կամաց «շունչը փչեց»` միայն երբեմն-երբեմն առկայծելով առանձնապես «հնարամիտ փորձագետների» ելույթներում։
Եկավ կարկանդակը մտրակով փոխարինելու ժամանակը, և Վաշինգտոնը նախ կրճատեց Պակիստանին կատարվող զինամատակարարումների ծավալները, այնուհետև ավելի ու ավելի բարձր սկսեցին ձայներ հնչել, թե Իսլամաբադը աջակցում է միջազգային ահաբեկչությանը։ Եվ, որպես գագաթնակետ, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ «Խաղաղություն» գազամուղի շինարարության գործին մասնակցության իրավունք նվաճած ընկերությունները այդպես էլ չկարողացան ո՛չ միջոցներ գտնել գազամուղի իրենց տեղամասերի կառուցման համար, ո՛չ էլ դրա համար վարկեր ստանալ, այսպես կոչված, միջազգային ֆինանսական կառույցներից։ Արժե հիշեցնել, որ խոսքը համարյա 2 մլրդ դոլարի մասին էր։ Իսլամաբադը հայտնվել էր նախագծի շարունակումից հրաժարվելու եզրին, ընդ որում հենց այդպիսի որոշման էր ձգտում «հինգերորդ շարասյունը»` երկրի հզոր ամերիկամետ լոբբին։ Իրավիճակի դրամատիզմը մեծացնում էր այն հանգամանքը, որ իրանական տեղամասն արդեն կառուցված էր։ Բայց ահա արդեն Պակիստանի տարածքում իր հաշվին Թեհրանը չէր կարող շարունակել աշխատանքները բյուջեում փող չլինելու պատճառով և մանավանդ առանց Աֆղանստանում ու Պակիստանում գազամուղի ապահովության երաշխիքների։ Նշենք, որ հարցը միայն «ատոմային պատժամիջոցները» չէին։
Եվ այդ ժամանակ ասպարեզ մտավ Պեկինը։ 2015-ի ապրիլին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը այցով ժամանեց Իսլամաբադ, և ստորագրվեց 46 մլրդ դոլարի 51-րդ համաձայնագիրը։ Համաձայնագրերի մեծ մասը վերաբերում էր 10-15 տարվա ընթացքում, այսպես կոչված, «Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի» (ՉՏՏՄ) նախագծի իրականացման հարցերին։ Եվ «Խաղաղություն» գազամուղը պետք է դառնա ինչպես այդ միջանցքի օղակներից մեկը, այնպես էլ, հեռանկարում, «նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական տարածության» մի մասը։
Իսլամաբադում ստորագրված համաձայնագրերի համաձայն, գազամուղի պակիստանյան հատվածի շինարարությունը կֆինանսավորվի ի հաշիվ հատուկ այդ նախագծի համար տրվող չինական վարկի։ Գազամուղի վերջնակետում, պակիստանյան Գվադար նավահանգստում, 2016 թ. վերջից ոչ ուշ պետք է սկսվի ՀԲԳ-ի արտադրության գործարանի շինարարությունը, որի համար նույնպես Պեկինը լրացուցիչ միջոցների հատկացում է նախատեսել։ Դրա հետ մեկտեղ, նույն Գվադարում սկսվել են օրական 400 հազար տակառ թողունակությամբ և գրեթե 4 մլրդ դոլար արժողությամբ նավթավերամշակման գործարանի շինարարության նախագծային աշխատանքները, որտեղ, ինչպես հասկանալ են տվել Պեկինում, «տեղ կճարվի նաև Բենդեր-Աբբասի նավահանգստից մատակարարվելիք իրանական նավթի համար։ «Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի» հետ «Խաղաղություն» գազամուղի զուգորդումից բոլոր երեք կողմերն էլ ռազմավարական բնույթի տնտեսական շահ կստանան։ Թեհրանը կլուծի իր էներգակիրների արտահանական ուղիների բազմազանեցման հարցը և կստանա ելք դեպի Հարավային Ասիայի շուկաներ, ինչպես նաև հետագայում խողովակաշարը մինչև Չինաստանի տարածք հասցնելու հնարավորություն։ Այդ ճեղքումը Թեհրանի կողմից այնքան բարձր է գնահատվում, որ գազի արտահանության հեռանկարների առնչությամբ վերջերս իր ունեցած ելույթում Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն առանձնահատուկ ընդգծեց, որ այդ հարցում գլխավոր առաջնայնությունը Իրանի ղեկավարությունը համարում է ոչ թե Եվրոպան, այլ ասիական շուկաները, նկատի ունենալով, ինչն ակնհայտ է, այդ ոլորտում Չինաստանի հետ բացվող նոր հեռանկարները։ Եվ հիմք ստեղծելով առավել սուր խնդրի լուծման` Իրանի նավթի-գազի արդյունահանման ճյուղերի արդիականացման մեջ բազմամիլիարդ ներդրումների ներգրավման համար։ Հիմա գոնե հասկանալի է, որ Իրանի համար միևնույն է, թե ով և ինչ կասի Թեհրանին Հայաստանից կամ Վրաստանից։
«Խաղաղություն» նախագծի իրականացումը, որը Պակիստանին հնարավորություն կտա օրական մոտ 21 մլն խորանարդ մետր իրանական բնական գազ ստանալ, երկրի տնտեսությանը հնարավորություն կտա հաղթահարելու էներգակիրների հարաճուն անբավարարությունը։ Պակիստանի գանձարանը լուրջ եկամուտ կստանա նաև գազի տարանցումից։ Ծրագրվում է, որ գազի հիմնական մասը կուղղվի էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտ, ինչը թույլ կտա դրա արտադրությունը մեծացնել 5000 մեգավատտով։ Միաժամանակ պակիստանցի փորձագետները հաշվարկել են, որ հեղուկ գազի փոխարեն իրանական բնական գազի օգտագործումը հնարավորություն կտա տարեկան տնտեսելու 735 մլն դոլար։ Պակիստանի նախարարների կաբինետի տնտեսական համակարգման կոմիտեի մասնագետների հաշվարկներով, երկրի ջերմաէլեկտրակայաններում նավթի փոխարեն «Խաղաղություն» խողովակաշարի գազի օգտագործումը թույլ կտա 1 կՎտ էլեկտրականության արտադրության ինքնարժեքը նվազեցնել մոտ 30 %-ով։ Իհարկե, երեք կողմերից յուրաքանչյուրը նախագծի անգամ մասնակի իրականացման դեպքում ստանում է նաև լուրջ քաղաքական ռազմավարական շահեր, որոնք էապես իրենց կողմը կթեքեն շահերի հաշվեկշիռը տարածաշրջանում։ Բայց դա այնքան ծավալուն թեմա է, որ լավ կլինի հետագայում ավելի հանգամանորեն անդրադառնանք դրան։ Խոսելով «Խաղաղություն» գազամուղի մասին, նշենք` հենց որ Հնդկաստանում իշխանության եկավ վարչապետ Նարենդրա Մոդիի հայրենասեր կառավարությունը (ի դեպ, բրահմանների կաստայից), Հնդկաստանն էլ վերադարձավ իրանական գազին։
Պեկինի հաշվարկը, որը փաստացի դարձել է «Խաղաղության» երրորդ կողմը, տրամաբանորեն անբասիր է և ռազմավարական առումով` նրբին։ Գազամուղը կարող է շարունակվել Գվադարից մինչև Կաշգար (ՉԺՀ-ի Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար շրջան), Չինաստան-Պակիստան 1300-կիլոմետրանոց ռազմավարական խճուղուն զուգահեռ, որի վերակառուցումը ևս մտցված է «տնտեսական միջանցքի» նախագծի մեջ։ Դրան զուգահեռ կանցնի նավթամուղ, իհարկե` Իրանից։ Ծովով էներգակիրների մատակարարման ավանդական ուղին կկրճատվի 2395 կմ-ով։ Երկրորդ, թույլ կտա զերծ մնալ Հորմուզի և Մալակկայի նեղուցներից, որոնք կոնֆլիկտի դեպքում կարող են շրջափակվել ամերիկացիների կողմից։ Իսլամաբադի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Հալիդ Մահմուդը նշել է. «Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի կառուցումը կամրապնդի և կդյուրացնի ՉԺՀ-ի կապը Պարսից ծոցի տարածաշրջանի, Աֆրիկայի ու Եվրոպայի հետ»։ Բայց վերջակետը դեռ չի դրվել։ Ո՛չ «Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի» իրականացման, ո՛չ «Խաղաղություն» գազամուղի ավարտման գործում։ Ե՛վ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայում ստորագրված համաձայնագիրը, և՛ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները Վաշինգտոնի համար ոչ մի նշանակություն չեն ունենա, երբ ամերիկյան կառավարող վերնախավը համարի, թե իրանա-չինական «զուգորդումը» սպառնալիք է ստեղծում իր շահերի համար։
«Խաղաղություն» գազամուղը և «Չին-պակիստանյան տնտեսական միջանցքը» շաղկապվում են երկու բառով` «Բելուջստան» (դրա և՛ իրանական, և՛ պակիստանյան մասերը) և «Սինցզյան»։ Այդ երկու շրջանը, իրենց արտաքին տարբերություններով հանդերձ, ունեն երկու ընդհանուր գիծ։ Թե՛ մեկում, թե՛ մյուսում ուժեղ են անջատական միտումները, թեև Իրանում դրանք ճնշվել են անգթորեն, իսկ նրանց պարագլուխ Ռեգին 2010 թ. մահապատժի ենթարկվեց` ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի «պատվերները» կատարելու մեղադրանքով։ Թե՛ մեկում, թե՛ մյուսում ժամանակ առ ժամանակ մերթ ակտիվանալով, մերթ ժամանակավորապես ասես չքանալով, ի հայտ են գալիս իսլամական կարգի ահաբեկչական խմբավորումներ։ Բայց Իրանում սուննի արմատականներին ոչնչացնում են, ինչը չես ասի Պակիստանի մասին։ Բելուջստանի պակիստանյան մասում իրավիճակը շատ ավելի վատ է. հարյուրավոր ու հազարավոր հանցագործներ այստեղ են փախչում ամբողջ տարածաշրջանից, ստեղծելով խոշոր ճամբարներ։ Բացի այդ, Բելուջստանով են անցնում մաքսանենգների ու թմրամիջոց կրող քարավանների տասնամյակներ ի վեր տրորված արահետները։ Եվ այնքան էլ մեծ ջանքեր պետք չէ գործադրել այդ ամենը անհրաժեշտ պահին ներկայացնելու «տարածաշրջանի ենթակառուցվածքի և տնտեսության զարգացման ծրագրերի ֆինանսավորումը մեծացնելու և տեղի ցեղերի սոցիալական խնդիրները լուծելու» բարետես պատրվակով։ Այնպես որ, Վաշինգտոնի պատասխան քայլերի հնարավորությունները ամենևին էլ սպառված չեն։ Անջատականություն, «պայքար փոքրամասնությունների իրավունքների օգտին», «աջակցություն ազատագրական շարժմանը» և «իրենց իրավունքների համար սուննիների զանգվածային ելույթներ». այս ամենը թեև հին, բայց ամենևին էլ իրենց հարվածային ուժը չկորցրած զենք են։ Սինցզյանը պայթեցնելը, իհարկե, շատ ավելի բարդ գործ է, բայց եթե խորամուխ լինենք...
Այդուամենայնիվ, «Խաղաղություն» գազամուղը նոր ձեռքբերումներ է խոստանում այդ նախագծի մասնակից Իրանին, Պակիստանին, Հնդկաստանին ու Չինաստանին։ Եվ ոչ միայն նրանց։ Թեհրանի համար դա կնշանակի ոչ միայն գազի արտահանման ուղիների բազմազանեցում, այլև արտաքին քաղաքականության և տնտեսական գործունեության միանգամայն նոր փուլ` ՉԺՀ-ի հետ ռազմավարական շահերի զուգորդում, ուրեմն և Իրանի համար բացվելու է քաղաքական ու տնտեսական հնարավորությունների նոր հորիզոն։ Ի դեպ, հենց այդ հեռանկարներում էլ թաքնված է այն հարցի պատասխանը, թե ինչու, օրինակ, Ռուսաստանը ևս վերակողմնորոշվեց նավթն ու գազը Արևելք մատակարարելու հարցում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ