«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ-ը չի խզի հարաբերություններն Ադրբեջանի հետ

ԱՄՆ-ը չի խզի հարաբերություններն Ադրբեջանի հետ
22.01.2016 | 12:16

Դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը (հանրապետական, Նյու Ջերսի նահանգից) օրինագիծ ներկայացրեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը ԱՄՆ մուտքի արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ՝ հիշեցնում է Սեմյուել Ռամանին The Washington Post-ում: Այդ քաղաքականությունը կհանգեցներ անցյալի հարաբերությունների խզմանը նախկին խորհրդային հանրապետության հետ, որն արևմուտքից հարևանում է Հայաստանին, իսկ արևելքից լվացվում է Կասպից ծովով: Սմիթի օրինագիծը հազիվ թե անցնի, թեպետ Ադրբեջանում խախտվում են մարդու իրավունքները, ԱՄՆ-ը սերտ համագործակցում է այդ երկրի հետ տնտեսության և անվտանգության ոլորտում: Կայունության եվրոպական նախաձեռնությունը (ESI) հավատացնում է, որ Արևմուտքի փափուկ վերաբերմունքը Ադրբեջանին հետևանք է նախագահ Իլհամ Ալիևի«խավիարային դիվանագիտության»: ESI-ի կարծիքով՝ Ալիևի առաջարկած ձրի ուղևորությունները, շքեղ նվերները արևմտյան էլիտային դրդում են անտեսել նրա կառավարության բռնաճնշումները: Այդ հովանավորությունը կարող է ազդել իրավիճակի վրա, սակայն Ադրբեջանի հետ սերտ գործընկերությունը առավել ճշգրիտ բացատրվում է երեք կարևոր ռազմավարական գործոններով՝ այդ երկրի կարևորությամբ իբրև էներգետիկ փոխանցումային կետ, որը Կենտրոնական Ասիան միացնում է Եվրոպային, Ալիևի դիմադրությամբ Վրաստանի ու ՈՒկրաինայի ինքնիշխանության խախտմանը Ռուսաստանի կողմից, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համերաշխությամբ ահաբեկչության և շիական արմատականության դեմ: Ադրբեջանը նավթային մեծ պաշարներ ունի բաց ծովում՝ Կասպիականում և կարևոր օղակ է Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի էներգետիկ առևտրում: Բաքվից սկսվում է տարածաշրջանում մեծությամբ երկրորդ նավթատարը, որով ադրբեջանական նավթը անցնում է Վրաստանի ու Թուրքիայի միջով: ԱՄՆ ընկերությունները էական ներդրումներ են արել Կասպիական նավթագազային ոլորտի զարգացման մեջ: Բուշի և Օբամայի վարչակազմերը այդ տարածաշրջանից էներգակիրների մշտական հոսքը համարում էին կենսականորեն կարևոր ԱՄՆ-ի շահերի համար՝ Կասպից ծովից էներգակիրների կայուն մատակարարումը նվազեցնում է Եվրոպայի կախումը Ռուսաստանից և սահմանափակում է Իրանի ազդեցությունը՝ ԱՄՆ-ի դաշնակիցներին ավելի ուժեղ դարձնելով իրենց երկարաժամկետ հակառակորդներից: Ադրբեջանը միշտ սկեպտիկ վերաբերմունք է ունեցել Ռուսաստանի նորիմպերիալիստական ոտնձգություններին: Դա արտահայտվեց 2008-ին Ռուսաստանի ու Վրաստանի պատերազմի ժամանակ: Երբ Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Հարավային Օսիայի ինքնավար տարածքը, ադրբեջանական էլիտան տագնապած էր միջազգային իրավունքը խախտելու Ռուսաստանի պատրաստակամությունից և Արևմուտքի անբավարար կոշտ արձագանքից: Այդ պատերազմից հետո Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի հասարակական համակրանքը նկատելիորեն նվազեց՝ 2007-ի 80 % -ից՝ 52 %: Նույնկերպ ադրբեջանցիներն արձագանքեցին Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային 2014-ին: Ադրբեջանի մերժումը միանալ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը և փոխարենը ձգտումը Արևմուտքի հետ տնտեսական մերձեցման Ռուսաստանի ու Եվրոպայի միջև հարաբերությունների հավասարակշռման վաղուցվա ջանքերը նոր մակարդակի բարձրացրին:
2001-ի սեպտեմբերի 11-ից Ադրբեջանը համագործակցել է ԱՄՆ-ի հետ հակաահաբեկչական միջոցառումների ոլորտում: Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շատ դաշնակիցներ դեմ էին Իրաքի հետ պատերազմին 2003-ին, իսկ Ադրբեջանը բացեց իր օդային տարածքը, որպեսզի ամերիկյան ինքնաթիռները կարողանան տապալել Սադամ Հուսեյնի վարչակարգը: Ադրբեջանը սննդի, վառելիքի ու հագուստի փոխանցման կետ էր Աֆղանստանում կռվող ամերիկյան զինվորների համար: Բաքվի ամերիկյան և իսրայելյան դեսպանատներում 2012-ին կանխվեցին ահաբեկչությունները, երբ իրանյան «Իսլամական հեղափոխության պարեկների» հետ կապի կասկածանքով 22 ադրբեջանցիներ ձերբակալվեցին:
Սեմյուել ՌԱՄԱՆԻ, The Washington Post


Հ.Գ. Քրիս Սմիթը, իհարկե, կարող է Ներկայացուցիչների պալատին Ադրբեջանի ղեկավարությանը վիզա չտալու օրինագիծ ներկայացնել, բայց դա չի նշանակում, որ օրինագիծը կընդունվի, որ Ադրբեջանի ղեկավարությունը օրինագիծը ընդունվելու դեպքում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները կխզի: Ադրբեջանի խավիարային և նավթային դիվանագիտությունը հավասարապես է ներգործում թե պետական շահի, թե պետության պաշտոնյաների վրա: Այնուամենայնիվ, որքան էլ ԱՄՆ-ը կամ Արևմուտքը փորձեն Ադրբեջանին դարձնել հակակշիռ Ռուսաստանին (այս հարթության մեջ Վրաստանը խաղից դուրս է՝ նավթագազային ռեսուրսներ չունենալով), Բաքուն Մոսկվայի հետ առճակատման չի գնա: Եվ պատճառը միայն Ղարաբաղը չէ, ադրբեջանական էլիտայի կապվածությունը չէ Ռուսաստանին կամ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների անվտանգությունը, խնդիրը նավթագազային շահերն են՝ նույն շուկայում Մոսկվային ունենալ մրցակից կամ թշնամի՝ բոլորովին տարբեր իրավիճակներ են: Թշնամիներին Մոսկվան խփում է, և դա շատ ավելի լուրջ փաստարկ է, քան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բոլոր մյուս գործոնները: Դա գիտեն ոչ միայն Բաքվում, այլև Բրյուսելում ու Վաշինգտոնում: Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը քաղաքական ճնշման միջոց է ի թիվս այլ միջոցների, որ նայած արդյունքի, կարող է և ընդունվել, և չընդունվել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ