«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երբ սկսվում են քաղաքական սակարկությունները

Երբ սկսվում են քաղաքական սակարկությունները
22.01.2016 | 11:39

Ինչպես և սպասվում էր, 2016-ի առաջին իսկ օրերից սկսեցին նախընտրական տարուն բնորոշ ակտիվ քաղաքական բանակցային և կազմակերպական գործընթացներ։ 2017 թ. խորհրդարանական ընտրություններն արդեն սարերի հետևում չեն, ուստի աստիճանաբար թափ են հավաքում վերադասավորումները հայաստանյան քաղաքական դաշտում։ Բնականաբար, բավականին ակտիվ վերադասավորման միտումներ են նկատվում նախ և առաջ իշխանական դաշտում։ ՈՒ դա բնական է. 2017 թ. ընտրությունների սեղանի վրա դրված է առաջիկա տարիների իշխանության հարցը, ապագա իշխանական բուրգի ձևավորման խնդիրը, քանի որ նոր սահմանադրությամբ այսուհետև հենց ԱԺ ընտրություններն են վճռորոշ դեր կատարելու իշխանական կոնֆիգուրացիայի ձևավորման հարցում։

Ինչպես նկատելի է, իշխանության մեջ տեղաշարժերը, նախապատրաստական աշխատանքներն ընթանում են որոշակի անորոշության ֆոնին։ Այդ անորոշությունը պայմանավորված է նախևառաջ գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշմամբ, որը թեև նախորդ տարեվերջին լրագրողների հետ հայտնի հանդիպման ժամանակ փաստացի ակնարկեց, որ չի պատրաստվում համալրելու «երիտասարդ թոշակառուների» շարքը և ռեալ իշխանական լծակները պահելու է իր ձեռքում, այնուամենայնիվ, հստակություն չմտցրեց, թե կոնկրետ ինչ դերակատարում է ունենալու 2018-ից հետո։ Դրանով պայմանավորված՝ առաջին հերթին բավականին նյարդային իրավիճակ է ստեղծվել իշխանական շրջանակներում, քանի որ անորոշ է իշխանության յուրաքանչյուր ներկայացուցչի, առավել ևս առանցքային դեմքի քաղաքական, միաժամանակ դրանից բխող նաև՝ տնտեսական ապագան։
Ինչ վերաբերում է իշխանության ձևավորման խնդրին, ապա այն, ամենայն հավանականությամբ, այսօր պետք է դիտարկել մի քանի հարթության մեջ։ Ինչ խոսք, գործընթացների այս փուլում թե՛ փորձագիտական, թե՛ լրագրողական շրջանակներն առաջնային պլան են մղում հնարավոր իշխանական կոալիցիայի խնդիրը։ Մասնավորապես, ակտիվացել են խոսակցությունները, թե առաջիկայում բավականին լուրջ փոփոխություններ կարող են լինել գործադիր իշխանության կազմում՝ սկսած որոշ նախարարությունների կրճատումից, օպտիմալացումից, մինչև զուտ պերսոնալ փոփոխություններով։ Լուրերը, որ սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո քաղաքական սակարկություններ են սկսվել սահմանադրական փոփոխություններին ԱՅՈ ասած քաղաքական ուժերի միջև, որ թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ԲՀԿ-ն իրենց մասնաբաժինն են ուզում ապագա իշխանությունում, վաղուց էին շրջանառվում։ Բայց վերջին շրջանում, ինչպես և սպասվում էր, կարծես երկրորդ պլան է մղվել ավելի կառավարելի դարձած ԲՀԿ-ն, և հիմնական բանակցություններն ու քննարկումներն այժմ հանրապետականների և դաշնակցականների միջև են ընթանում։ Շատ շուտով ընթացող գործընթացների շուրջ խոսակցությունները փաստացի միս ու արյուն ստացան, երբ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ առաջարկի շուրջ երկու օր առաջ բանակցություններ են ունեցել հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Հ. Մարգարյանը, սակայն, հավելեց, որ «առայժմ դժվար է ասել, թե կոալիցիան իշխանության հետ ինչ ձև կստանա, որովհետև դեռ գտնվում են «բանակցությունների նախնական փուլում»: Կոալիցիայի ձևավորման շուրջ վարվող բանակցությունների լուրը նույն օրը պաշտոնապես հաստատվեց նաև ՀՀԿ-ն ներկայացնող գործիչների կողմից: Այսպիսով գրեթե պաշտոնապես արձանագրվեց, որ սերտ համագործակցության շուրջ քաղաքական որոշումը դեֆակտո կայացած է, և խնդիրը տեղափոխվել է համագործակցության կոնկրետ ձևի ընտրության հարթություն:
Իհարկե, գուցե առաջին հայացքից անտրամաբանական է թվում, որ խորհրդարանական ընտրությունից ընդամենը մեկուկես տարի առաջ քաղաքական ուժերը ձեռնամուխ են լինում կառավարությունում նախարարական պորտֆելների վերաբաշխման, քանի որ դա, փաստորեն, մինչև ընտրությունները ձևավորվելիք, կարճաժամկետ կոալիցիա է ենթադրում։ Որպես կանոն, կոալիցիան քաղաքական համաձայնագրի շրջանակներում է ձևավորվում, կոալիցիոն համաձայնագիրը ստորագրում են կողմերը՝ դրանից բխող իրավունքներից, պարտավորություններից, պատասխանատվությունից։ Եվ եթե խոսքը իրոք դասական կոալիցիայի մասին է, ապա տրամաբանական կլինի, եթե ընտրություններից ընդամենը մեկուկես տարի առաջ ստեղծվող կոալիցիան միասնական ցուցակով հանդես գա առաջիկա ընտրություններին։ Հակառակ դեպքում դաշնակցությանը քաղաքական տեսակետից դա դժվար թե ձեռնտու լինի, որովհետև չլինելով իշխանության մաս՝ ընտրությունների շեմին, ընտրական սեզոնում պետք է ստանձնի պատասխանատվություն՝ հանրապետական կուսակցության ոչ պոպուլյար քաղաքականության և ամենակարևորը՝ անմխիթար արդյունքների համար։ Չունենալով իշխանություն՝ այս պարագայում ՀՅԴ-ն, անկասկած, ՀՀԿ-ի հետ կհայտնվի ոչ շահավետ վիճակում։ Դաշնակցությունը նման առնվազն իմիջային ինքնասպանության կդիմի, թերևս, միայն այն դեպքում, եթե ծանրակշիռ երաշխիքներ ստանա, որ ընտրություններին գնալու են միասնական ցուցակով։ Միայն այս պարագայում ՀՅԴ-ն կարող է զոհաբերել իր քաղաքական վարկանիշը, իմիջը (եթե իհարկե այդպիսին դեռ կա)՝ մտնելով կայուն մեծամասնության մեջ։
Կա, իհարկե, երկրորդ տարբերակը, որին դաշնակցությունը պետք է որ ավելի հակված լինի։ ՀՅԴ-ն առայժմ չի կազմում կոալիցիա, սակայն պահանջում է որոշակի ֆունկցիոնալ պաշտոններ, լծակներ, որոնք ապագայում առանձին ցուցակով հանդես գալու պարագայում օգտագործելով՝ կարող է ծանրակշիռ տեղ ապահովել խորհրդարանում՝ կայուն մեծամասնություն կազմելու մասին բանակցությունները թողնելով ապագային։ ՈՒ պատահական չէ, որ վերջին շրջանում եղան լրատվական արտահոսքեր, համաձայն որոնց՝ ՀՅԴ-ն իշխանություններից կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանից պահանջում է ընտրությունների ընթացքում առանցքային դերակատարում և լծակներ ունեցող նախարարական պորտֆելներ՝ կրթության և գիտության նախարարությունը և տարածքային կառավարման համակարգը՝ վերջինս անջատելով արտակարգ իրավիճակների նախարարությունից, ինչպես նաև սոցիալական սուղ ռեսուրսները բաշխող գերատեսչությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Բնականաբար, սա ՀՀԿ-ին դժվար թե ձեռնտու լինի, որովհետև բավականին ռիսկային է ընտրություններից առաջ կորցնել նման լծակներ, որոնք նաև իրեն են խիստ անհրաժեշտ։ Բոլորին էլ պարզ է, որ ՀՀԿ-ն ծրագրում է խորհրդարան մտնել հիմնականում վարչական ռեսուրսի շնորհիվ՝ հասկանալով, որ այլ լուրջ փաստարկներ՝ գաղափարախոսության, հասարակության կողմից աջակցության պակասի պատճառով առաջիկա գումարման խորհրդարանում դժվար թե ցանկալի արդյունք գրանցի։
ՀՅԴ-ի հետ բանակցություններն առայժմ լուրջ պտուղներ չեն տալիս։ Սրանից, իհարկե, կփորձի օգտվել ԲՀԿ-ն՝ որոշակի ճեղքի մեջ տեղավորվելու համար։ Ընդ որում, ԲՀԿ-ն այս ընթացքում հանրապետականների համար կդառնա բանակցային ռեսուրս և դաշնակցականների հետ հարաբերություններում կօգտագործվի որպես այլընտրանք։ Փորձագետները նշում են, որ ԲՀԿ-ն ավելի կառավարելի է դարձել, և խոսակցություններ կան, որ այսօր այն ավելի շատ ոչ թե Հովիկ Աբրահամյանի կողմից է համակարգվում, այլ Բաղրամյան 26-ի։
Իհարկե, այստեղ հարց է ծագում. եթե դաշնակցականները չեն ցանկանում խաղալ ըստ հանրապետականների սցենարի, ապա ՀՀԿ-ն ինքն էլ կարող է իր նախընտրած իրավիճակը ստանալ։ Իհարկե, կարող է։ Հայաստանում միշտ էլ կոալիցիա ստեղծվել է ոչ քաղաքական անհրաժեշտությունից ելնելով. ՀՀԿ-ն միշտ էլ ունեցել է վերահսկիչ փաթեթ՝ միաժամանակ առաջարկելով կոալիցիա։ ՈՒ այս ամենն արվել է այդ քաղաքական ուժերն ընդդիմության դաշտ չմղելու համար։
Դասական առումով կոալիցիա ձևավորվում է այն ժամանակ, երբ ինչ-որ քաղաքական ուժ, ընտրություններում մեծամասնություն կազմելու և կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայների քանակ չհավաքելով, փորձում է ստեղծել կոալիցիա, որպեսզի կարողանա գործադիր իշխանություն ձևավորել։ Հայաստանում մշակույթը այլ է։ Մեզ մոտ ՀՀԿ-ն միշտ էլ ունեցել է մեծամասնություն, և կոալիցիա կազմել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Հանրապետականն այսօր էլ կարող է իր կայուն մեծամասնությունն ապահովել, պարզապես դեռևս 2003 թ. սկսած՝ ներդրվել է պոտենցիալ անվստահելի քաղաքական ուժերն ընդդիմադիր դաշտ չգցելու և վերահսկելի դարձնելու համար կոալիցիա ստեղծելու կուլտուրան։ Հիմա խնդիրն այն է, թե ամբիցիաները, որ ունեն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, որքա՞ն են իրատեսական, և արդյոք այդ ամբիցիաներն ի չիք չե՞ն դարձնի քաղաքական հաշվարկները։ Այլ կերպ ասած, կշեռքի վրա դրված են կոալիցիա ստեղծելու քաղաքական նպատակահարմարությունը և քաղաքական ուժերի նկրտումները։ Եթե ՀՀԿ-ն տեսնի, որ ՀՅԴ ախորժակն ավելի մեծ է, ինչպես ՕԵԿ-ի դեպքում, ոչ մի կոալիցիա էլ չի ստեղծվի։
Ինչ վերաբերում է վարչապետին, ապա գոնե այս պահին վարչապետի փոփոխության հարցը կարծես թե սուր օրակարգային չէ։ Իշխանության ձևավորումը բազմաշերտ է լինելու։ Հենց ՀՀԿ ներսում բավականին լուրջ պայքար է գնալու ընտրացուցակում տեղ ունենալու համար։ Տարբեր խմբավորումներ փորձելու են ներկայություն ապահովել այդ ցուցակում և բարձրացնել իրենց կշիռը։ Դրանով նույնպես պայմանավորված է վարչապետի հետագա պաշտոնավարումը։ Հանրապետականում կա մի քանի շերտ՝ նույն Հովիկ Աբրահամյանի թևը, որը ներառում է ՀՀԿ ավագ սերունդը, երիտթևը, որը շատ վաղուց ծերունիներից լծակներ վերցնելու պլաններ է փայփայում։ Ընդ որում, հենց երիտասարդական թևը միատարր չէ` թե իր «ծննդաբանությամբ» և թե այս կամ այն ազդեցիկ դեմքի ազդեցության օրբիտայում գտնվելու առումով: Կա նաև, այսպես ասած, արբիտրի դեր ունեցող «քաղբյուրոն», որը անմիջականորեն Սերժ Սարգսյանի թևն է, և որի մեջ մտնում է Սերժ Սարգսյանի ամենամոտ շրջապատը՝ թե քաղաքական դեմքեր, որոնք գալիս են դեռևս Ղարաբաղից, թե բիզնես շրջանակներ, որոնք լուրջ ազդեցություն ունեն Հայաստանում քաղաքական և տնտեսական որոշումներ ընդունելու վրա։ Այդ քաղբյուրոն այսբերգի ամենաազդեցիկ հատվածն է, որը գուցե նաև ՀՀԿ-ից դուրս է, բայց ՀՀԿ-ում դակում են հենց այդ քաղբյուրոյի ընդունած որոշումները։ ՀՀԿ-ում կա առնվազն երեք թև, որոնք պետք է միմյանց հետ պայքարեն՝ փորձելով ազդել համամասնական ցուցակի՝ իշխանության ձևավորման վրա։
Այս պայքարը քաղաքական իրողություն է, ցանկացած կուսակցությունում, մանավանդ իշխանական, որ տիրապետում է լուրջ քաղաքական և տնտեսական լծակների, կան ազդեցության տարբեր խմբավորումներ։ Դա, այսպես ասած, «ռեալ պոլիտիկ» է՝ որոշակի հայկական քաղաքական սուբյեկտիվությամբ հանդերձ։ Ապարատային պայքարն ամեն տեղ էլ կա։ Այս առումով «Հանրապետականը» հետխորհրդային ստանդարտներով դասական իշխող կուսակցություն է, որտեղ գաղափարախոսությունը թերևս երրորդական-չորրորդական նշանակություն ունի, կարելի է ասել այժմ արդեն իրականում նույնիսկ ապագաղափարական կառույց է, որտեղ ամեն օր ընթանում է լուրջ ապարատային պայքար, որը հերթական անգամ տեկտոնական տրանսֆորմացիայի ենթարկվեց այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը վերախմբագրեց իր՝ իշխանությանը մնալ-չմնալու որոշումը։ Եվ այժմ շատերը, ովքեր հասցրել էին արդեն նոր քաղաքական և տնտեսական «տանիքներ» ու թիմեր գտնել, այսօր փորձում են վերադառնալ «ի շրջանս յուր»: Նման գործընթացները շարունակական են, ու դա իշխանության չերևացող պրոցեսն է։ Եվ հավանաբար դա առանձին մանրակրկիտ դիտարկման թեման է:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ