Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Իրենց հայրենիքում ապրող հայերի պատմությունը շարունակվում է

Իրենց հայրենիքում ապրող հայերի պատմությունը շարունակվում է
25.12.2015 | 00:49

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Թուրքական պատմությունը անցած դարում հարուստ էր ռազմական հեղաշրջումներով, ի՞նչ վիճակում էին հայտնվում հայերը:
-1960-ի մայիսի 27-ին Թուրքիայի Հանրապետության պատմության առաջին զինվորական հեղաշրջումը եղավ, որ հետո գրեթե տասը տարին մեկ պարբերականությամբ կրկնվեց՝ 1971-ին և 1980-ին: Ռուբեն Զաքարյան Թարվեր (1894-1960) անունով ակնեցի մեր հայրենակիցը, որ 1954-1960-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավորներից էր, 1960-ի հեղաշրջման առաջին զոհերից դարձավ, նրան բանտի պահակախմբի զինվորները դաժանորեն ծեծելով սպանել են։ Ինչպես իր հազարավոր հայ բախտակիցները, նա ևս 1942-ին բռնի զինակոչի ենթարկվածներից լինելով, Սեբաստիայի ճամբարներից մեկում տաժանակիր աշխատանքներ էր կատարել։ 1948-1955-ի միջև Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Զաքար Թարվերը ամբողջ հանրապետությունում հայտնի էր իբրև ռենտգեն սարքը Թուրքիա առաջինը ներմուծող բժիշկ։ Նրա մահվան մասին, ի տարբերություն լռություն պահպանած թուրքական մամուլի, տեղեկացրել է Պոլսի հայկական «Ժամանակը» միայն՝ տպագրելով կենսագրությունը։ Զինվորական հեղաշրջումից հետո բանտարկված, 4,5 տարի բանտարգելության դատապարտված, բարեբախտաբար ողջ մնացած մյուս հայ պատգամավորը Սուրբ Խաչ Դպրեվանքի հիմնադրման ազգանպաստ գործում ամենաէական դերակատարումն ունեցած Մկրտիչ Շելեֆյանն է (1914-1987)։ Նա Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ հայկական համայնքային տարատեսակ խնդիրների լուծմանն իր նպաստը բերած եզակի մարդկանցից էր։ Մկրտիչ Շելեֆյանն օգնում էր Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գավառներում ապրելով հանդերձ, իր ազգային ինքնությունից զրկված հայության բեկորներին հայտնաբերվել ու Կ. Պոլիս տեղափոխվել: Նրա ընտանիքը Մեծ եղեռնի տարիներին Թալեաթի հայասպան հրամաններին չենթարկվող քաղաքագլուխ՝ Ալի Ֆաիք Օզանսոյի ղեկավարած Կուտինայում ապաստանելով փրկված, ծնունդով իմ հայոց լեզվի դասատու երջանկահիշատակ Վարդան Կոմիկյանի պես ադապազարցի էր։ Նա 1951-ից Կ. Պոլսի պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի, իսկ նրա 1961-ին վախճանումից հետո հաջորդ պատրիարք Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի խորհրդականն է եղել։ Բացառիկ ազգային նկարագրի տեր Շելեֆյանը մինչև իր ծննդավայրից 1970-ին ստիպողաբար Շվեյցարիա արտագաղթելը, ծառայել է հայ համայնքին։ 1980-ից այս մեծ հայրենասերի հետ բազմիցս շփվելու պատիվն ունենալով՝ կարող եմ ներկայացնել նրանից լսած մի անհավատալի պատմություն. «1965-ի ապրիլի 24-ին, Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ հատկապես Երևանում տեղի ունեցած ցույցերին ի պատասխան թուրքական պաշտոնական շրջանակները հայերից պահանջել են Կ. Պոլսի Թաքսիմ հրապարակում, աշխարհի տարբեր քաղաքներում հայկական գաղթօջախների կողմից ցեղասպանության հիշատակման նախաձեռնությունների դեմ բողոքող ցույց կազմակերպել։ Բարեբախտաբար, պարոն Շելեֆյանի և հայ համայնքի հոգևոր առաջնորդ Շնորհք պատրիարք Գալուստյանի համատեղ ջանքերով հաջողվել է թուրքերի պահանջը չկատարել, որից հետո նրան տարել ու հարցաքննել են Թուրքիայի ազգային անվտանգության վարչությունում, որտեղ Շնորհք պատրիարքին հավանական անցանկալի վտանգներից զերծ պահելու մտահոգությամբ նա իշխանությունների պահանջը չկատարելու ամբողջ «մեղքը» իր վրա է վերցրել և առանց վարանելու ներկայացրել է 1915-ին բազմաթիվ կորուստներ կրած սեփական ընտանիքի պատմությունը, ավելացնելով ապրիլի 24-ի հայերիս համար սգո օր խորհրդանշելու փաստն ու հենց այդ օրը եկեղեցում մեր անմեղ զոհերին աղոթելու տեղ ինչ-որ հրապարակային միջոցառումներին ներկայանալու անհրաժեշտության վիճելիությունը։ Շելեֆյանը, ինձ և հազարավոր մարդկանց նման, 1980-ի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի ռազմական հեղաշրջման անհաշվելի զոհերի թվում լինելով, գեներալների խունտայի ընդունած արտառոց մի օրենքով քաղաքացիությունից զրկվել էր։ Նույն ճակատագրին էր արժանացել նաև 1960-ից հետո Թուրքիայի սահմանադրական ժողովում նշանակված երկու հայազգի սենատորներից` Կ. Պոլսի 1895-ից գործող հայտնի Եսայան վարժարանի բազմամյա վաստակաշատ մանկավարժ ու տնօրենուհի տիկին Հերմինե Աղավնի Գալուստյանը, ում հետ Փարիզում երկար տարիներ մեզ պարտադրված պանդխտության դառնությունը բաժանելու պատիվն եմ ունեցել։
Սակայն դաժանությամբ առավել քան եզակի ու յուրօրինակ է իմ ժամանակների Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան Յողգատցու հուզիչ կենսագրությունը։ Նա ծնվել էր 1913 թ. Գամիրքի շրջանի Իղդելի գյուղում (աշխարհիկ անունը` Արշակ)։ Հայրը՝ Միհրան Գալուստյանը, ոչ միայն գյուղի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից, այլև ամբողջ շրջանի հայ ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից է եղել։ Մեկ եղբայր և երկու քույր է ունեցել։ Հայրը, եղբայրը և քույրերից մեկը 1915-1923 թթ. ցեղասպանության տարիներին մահացել են։ Ողջ ընտանիքը կորցրած փոքրիկ Արշակին մի թուրք ընտանիք վերցրել, անունը փոխելով՝ թրքացրել ու պահել է։ Նույնը կատարվել է նաև Դեր Զոր աքսորի ճամփին իր ընտանիքի բոլոր անդամներին կորցրած նրա հարազատ մոր՝ Շուշանիկի հետ, ում բռնությամբ մի թուրքի հետ ամուսնացրել և անունը Գյուլդանե են դարձրել։ Տարիներ հետո նա լսել է, որ իր Արշակ որդին ողջ է և իր թուրք ամուսնուց խնդրել է ամեն գնով նրան գտնել, Աստծո կամոք հաջողվել է: Բայց գտնելն ու կրկին կորցնելը մեկ է եղել՝ թրքանալու վտանգը աչքի առաջ ունեցող հարազատ մայրն է նրան իր կամքով ամերիկյան որբանոց հանձնել ու այդ պահից մայր և որդի 33 տարի բաժանված են մնացել։ Այդ ընթացքում Արշակը Հայաստանյայց առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական դառնալով, աշխարհի տարբեր երկրներում և թեմերում իր ժողովրդին է ծառայել։ 1961-ին ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք և մորը բերել է հայոց պատրիարքարան, որ երբևէ չզգացած մայրական սերն ու գուրգուրանքը վայելել կարողանա։ Մայրն ասում է, որ բռնի ամուսնացված թուրք ամուսնուց ծնված խորթ եղբայր ունի, որը ամբողջ Թուրքիայի իսլամների հոգևոր գործերի հաստատության առաջնորդն է։ Ահա և ցեղասպանության երևի թե միմիայն ճակատագրի հեգնանք համարվելիք մի իրողություն, որ Շուշանիկ մայրիկի աշխարհ բերած որդիներից մեկը Թուրքիայի հայոց պատրիարք, իսկ մյուսը Թուրքիայի իսլամների հոգևոր առաջնորդն է դարձել: Դժբախտ հայուհին ճակատագրի դաժան խաղով 2 խիստ տարբեր կրոնների 2 առաջնորդներ էր ծնել: Ինձ բախտ է վիճակվել հայկական համայնքում անընդհատ շշուկներով պատմված այս պատմության իսկությունը հենց Շնորհք պատրիարքից ճշտելու հնարավորությունն ունենալ։ 1990 թ. ձմռանը դեպի Ս. Էջմիածին ուղևորվող պատրիարք հոր Ֆրանսիայում ապրող երեք Սուրբ Խաչ Դպրեվանքցիներով (նրանցից մեկը այժմ Գերմանիայի Հայոց առաջնորդ Գարեգին սրբազան Բեկչյանն է, մյուսը Մարսելի Ս. Սահակ-Մեսրոպ երգչախմբի խմբավար Խաչիկ Յըլմազյանն էր) հանդիպել ենք Ժնևում իր հյուրընկալված հյուրանոցում, և նա մեզ չբարձրաձայնելու պայմանով այս պատմությունը պատմել է։ Մենք նաև նրան վերջին անգամ տեսնողներից ենք, մեր հանդիպումից օրեր անց երջանկահիշատակ Շնորհք պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանատան աստիճաններից ընկնելով վախճանվեց։ Նա հանրապետական Թուրքիայի ժամանակահատվածի բոլոր պատրիարքներից ամենասիրվածն ու հարգվածն էր։ 29 տարի իր հոտին իբրև պատրիարք ծառայած Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը երևի թե հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Ա. Խրիմյանից հետո «Հայրիկ» փաղաքշական խոսքով մեծարված միակ հոգևորականն է եղել, ժողովրդի նրա հանդեպ տածած անկեղծ սերը պաշտամունքի էր հասել ու իր կենդանության օրոք իրապես իբրև սուրբ է ընդունվել։ Նա իսկական հայր էր, մեր բոլորիս հայրը, որ ինքը որբ մեծանալով երբեք չթողեց, որ իր հոտն էլ իր նման որբ լինի... Ի տարբերություն մերօրյա հոգևորականների, նա շատ համեստ ու ժուժկալ կյանքով էր ապրում, ու տեղին եմ համարում իրեն ամենաբնորոշ հատկանիշներից համեստությունն ու ազնվությունը և ճշմարտախոսության տիպական երկու օրինակով Շնորհք պատրիարքին հայրենի հասարակությանը ներկայացնել։ Պատրիարք հայրն իր պատրիարքության առաջին տասնամյակի ընթացքին, նախկինում իր առաջնորդ հանդիսացած Ամերիկայի թեմ այցելության է գնացել, որտեղ հայկական համայնքը իմանալով, որ Կ. Պոլսի պատրիարքարանը շատ խղճալի ու խարխուլ վիճակում մի ավտոմեքենա ունի և Շնորհք պատրիարքն էլ դրանով է երթևեկում, ցանկացել էր «Կադիլակ» մակնիշի բարձրակարգ մեքենա նվիրել պատրիարքարանին։ Պատրիարք հայրը, ավելորդ շռայլություն համարելով, մերժում է։ Փորձում են համոզել, որ հատկապես Թուրքիայում հայոց պատրիարքարանի պատիվը մեր բոլորի պատիվն է և պատշաճ է, որ պատրիարքն իր տրամադրության տակ ունենա ներկայանալի մեքենա, սակայն չեն կարողանում համոզել։ Նա առաջարկում է, որ «Կադիլակ»-ի գումարը հատկացնեն Արևմտյան Հայաստան և Կիլիկիայի գավառներում հայտնաբերվելով՝ Կ. Պոլիս բերված հազարավոր չքավոր հայ գաղթականներին։ Այդպես էլ լինում է, պատրիարք հայրը երկար շարունակում էր այդ խարխուլ մեքենայով երթևեկել։
Ամբողջ աշխարհում Հայ դատի լուծման ուղղությամբ տարաբնույթ աշխատանքների, հատկապես 1975-ից սկսած Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ՝ ԱՍԱԼԱ-ի Թուրքիայի դեսպանատները թիրախ դարձրած զինված գործողությունների ակտիվացման հատվածում, Կ. Պոլսում տեղի ունեցած մի մամուլի ասուլիսի ժամանակ թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Շնորհք պատրիարքին հարց են ուղղում, խնդրելով հաստատել կամ հերքել ցեղասպանության եղելությունը։ Պատրիարք հայրը պատասխանում է, որ պատմաբան չլինելով հանդերձ, կարող է իր սեփական ընտանիքի հետ կատարվածից օրինակ բերել ու ասում. «1915-ին ես շատ փոքր եմ եղել, սակայն մեր յոթ տասնյակից անցնող գերդաստանից միայն մայրս և ես ենք մնացել։ Տեղահանության ընթացքում մորս էլ էի կորցրել, տարիներ անց վերագտնելով իմացա, որ նա ստիպված ամուսնացել էր մուսուլման մի թուրքի հետ։ Իբրև հայ հոգևորական շատ երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում ծառայության եմ եղել ու բավականին բարձր պաշտոններ զբաղեցրել և այդ ամբողջ տարիներին անընդհատ իմ մոր և հոր կողմից ազգականներին եմ փնտրել, իմ փորձերն, ավա՜ղ, անհաջողության են մատնվել։ Դուք ևս իբրև ԶԼՄ ներկայացուցիչներ աշխարհով մեկ կապեր ունեք հաստատ, եթե կարողանաք այս հարցում ինձ օգնել, որպեսզի գտնեմ իմ հարազատներին, Ձեզ հոգաչափ շնորհակալ կլինեմ»: Մեր երջանկահիշատակ պատրիարքի առանց այլևայլի գնդակը թուրքերի դաշտ փոխանցելու լավագույն օրինակ հանդիսացող պատասխանը աշխարհում հայոց ցեղասպանության առթիվ բարձրաձայնված փաստերից ամենաանհերքելին և հզորն է։
Շնորհք պատրիարքին դեռևս նրա Կալիֆոռնիայում թեմի առաջնորդ եղած ժամանակներից ճանաչող Վիլյամ Սարոյանը 1964-ի մայիսի 1-ին ժամանում է Կ. Պոլիս, որ այցելի իր ծնողների ծննդավայր Բիթլիսը: Պոլսից նրան ընկերանում է «Մարմարա» օրաթերթի խմբագիր Պետրոս Զոբյանը: 16 օր տևող շրջագայության ընթացքում նրանք շրջում են ողջ Արևմտյան Հայաստանով: Վիլյամ Սարոյանն այս պատմական այցելության երթուղու վրա գտնվող գրեթե բոլոր բնակավայրերում հանդիպում է 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ՝ դեռևս իր բնօրրանում ապրող հայ բեկորներին և զարմանում, որ եղեռնից 50 տարի հետո նույնիսկ հայը շարունակում է ապրել իր պատմական հողերի վրա: 1890-ականներին ԱՄՆ գաղթած և Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում հաստատված իր ծնողների ծննդավայր Բիթլիս քաղաքում գտնվելով իր պապենական տան մեջ, հանճարեղ հայ գրողը պատմական ու հուզիչ պահեր է անցկացնում: Ճանապարհորդելիս հայկական բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմաններ այցելած աշխարհահռչակ Վիլյամ Սարոյանը հասնում է նաև չքնաղ Կիլիկիա՝ պատմական Հայոց ծոցի նավահանգստյան Ալեքսանդրետ քաղաք, որն իմ ծննդավայրն է, այցելում մեր տուն, հանդիպում իմ հորը՝ Գևորգ Հացպանյանին: Հայրս նրան տեղեկություններ է տալիս Ալեքսանդրետի հայության մասին, հետո հյուրերին ուղեկցում հայ համայնքի երևելի դեմքերից բժիշկ Ներսես Մաճարյանի տուն: Օրացույցում 21 մայիսի, 1964 ցույց տվող այդ օրը, քաղաքի Սուրբ Քառասուն Մանուկ հայկական եկեղեցի այցելությունից հետո Վիլյամ Սարոյանը հայրենակիցներին հրաժեշտ է տալիս: Կ. Պոլսից Անկարա, Սամսուն, Կիրասուն, Տրապիզոն, Էրզրում, Արարատ, Վան, Թաթվան, Բիթլիս, Մուշ, Տիգրանակերտ, Խարբերդ, Այնթապ, Անտիոք, Ալեքսանդրետ, Ադանա, Անամուր, Անթալիա, Եփեսոս և Իզմիր այցելություններն ընդգրկող ճանապարհորդության ընթացքում պահած իր օրագրային հուշերը նախ «16 օրում 6000 կմ Վիլյամ Սարոյանի հետ» վերնագրով Կ. Պոլսի «Մարմարա» օրաթերթում տպագրած Պետրոս Զոբյանը, տարիներ անց որոշում է առանձին գրքով լույս ընծայել, որը Կ. Պոլսի հայկական «ԱՐԱՍ» հրատարակչատունը «ԴԵՊԻ ԲԻԹԼԻՍ՝ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ» անունով տպագրում է:
Սարոյանի հայոց բնօրրան այցելությունից հետո Կ. Պոլսում Շնորհք պատրիարքի հետ հանդիպման արդյունքում ամբողջ երկրով մեկ սկսվում է կորսվելու վրա գտնվող հայության բեկորները փնտրել-գտնելու աննախադեպ գործընթաց։ Պատրիարք հայրը Սուրբ Խաչ Դպրեվանքի սաներին և Պոլսի միաբանության շրջիկ քահանաներին ուղարկում էր ամենուր և նման փնտրտուքներից մեկի ժամանակ՝ 1966 թվականին էր, որ Իրաքի սահմանի Սիլոփի բնակավայրի սարերում հայտնաբերվեց վաղուց քրդակենցաղ դարձած, քոչվոր կյանքով ապրող բազմահազարանոց հայկական «Վարդո» տոհմը։ Այս տոհմի պետի դուստրն է Հրանտ Դինքի այրին՝ Ռաքելը: 1961-ից մինչև վախճանվելը Շնորհք պատրիարքը հաճախ էր շրջում ողջ Արևմտյան Հայաստանով, իրականացնում իր հովվապետական առաքելությունը՝ գտնում էր հայ երեխաներին, փրկելով ուծացումից՝ բերում Պոլիս և նրանց հայեցի դաստիարակությունն ապահովում: Նրանցից մեկն էլ պատրիարք հոր երկրային կյանքից հեռանալուց վեց տարի հետո «ԱԿՈՍ» երկլեզու շաբաթաթերթի հիմնադիրներից մեկը դարձած իմ դպրոցական ընկեր Հրանտ Դինքն էր։ Նա կարճ ժամանակում ամբողջ Թուրքիայի հայության ոչ պաշտոնական բանբերը դարձած շաբաթաթերթի լույսընծայման տասնամյակից ընդամենը շաբաթներ առաջ, խմբագրատան շենքի մայթին միայն թուրքին վայել տմարդությամբ թիկունքից արձակված գնդակներից զգետնվելիս, կարծես ոչ միայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող, այլև ողջ աշխարհում ապրող հայության սրտին մեկ ակնթարթում և անջնջելիորեն մխրճվեց, իբրև 1915-ից հետո ևս հայոց բնօրրանում հրաշքով մնացած հայերի հանդեպ շարունակական, երբեք չընդհատված ցեղասպանության՝ «1500000+1»-ի տեսքով զոհ-խորհրդանիշը։
Վերջ։


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ