«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հրե կապիկը մեր դռան շեմին (կանաչասքանչ եղևնին վերջապես զուգվեց կարմրացոլք աստղերով)

Հրե կապիկը մեր դռան շեմին (կանաչասքանչ եղևնին վերջապես զուգվեց կարմրացոլք աստղերով)
25.12.2015 | 00:44

Քշե՛լ է միշտ էլ Նաիրյան
Երգերի սաղմը քամին,-
Տեսել է նա անթիվ թշնամի,
Բայց ծաղկել է կրկին` բորբ ու բուրյան։

***
Քշվե՛լ է, արվել ոտնակոխ,
Խառնվել է հրի ու փոշու,
Բայց իբրև ոգի, իբրև շունչ,
Իբրև սաղմ անմահ, ինքնագոհ,
Պահպանվել է նա միշտ անմեռ...
Որպես գորշ, դեղին տերևներ:
Եղիշե ՉԱՐԵՆՑ

ԱՄԱՆՈՐԻ ՍԵՂԱՆԻՓՇԱՏԻ ԲՈՒՅՐԸ

(ֆելիետոնն այս գրվեցալ կարմիր այգաբացին)

Լսո՞ւմ եք, մեկը ձյունոտ մուշտակով ու սառնաշաքարի նման համեղ բախում է մեր տան դարպասն ու դուռը, խնդումներես ու կարմրայտ վար է նայում մեր երդիկից։ Ամանորն է ժամանել, դիմավորենք սրտով անկեղծ և բարին մաղթենք ամենեցուն, անշուշտ, մեր դրացուն և անգամ մեր քաղհակառակորդներին։ Եվ երբ կհնչեն զանգերն արծաթաղողանջ, եկեք չանտեսենք մեր ղեկավարության կենացը, բաժակը պարպելով մինչև հատակն ու մաղթենք նրանց արևշատություն և ապաշխարություն։ Զի բարիքը բարիք է բերում, և պիտի հուսալ, որ Կապիկի, այն էլ Կրակե շիմպանզեի տարում ՀՀ իշխանակառավարական վերնակույտը ոտն ի գլուխ կշրջադարձվի և Սուրբ ծննդյան սրբազնաշունչ տոնից առաջ արդեն հոգով-սրտով-մտքով-մարմնով հրապարակ կիջնի որպես երկրի և պետության, ազգի և հանրապետության ղեկավար-վերնախավ։ Ամեն։

Իսկ այժմ մտովի կերտենք Ամանորի մեր սեղանը, չանտեսելով հույժ նշանակալից մի բան. հայոց համար տարվա գերակա տոնը Սուրբ ծնունդն է, Ամանորն ընդամենը խոհեմ-խոկուն մի հանդես է, ոչ ավելի։

ԺՈՒԺԿԱԼ ՊԵՐՃԱՆՔ, ՈՉ ԱՎԵԼԻ, ՈՉ ԷԼ ՊԱԿԱՍ

(նախաամանորյան զվարթ պամֆլետ)

Այսպիսով, իմ և ձեր խիստ հայեցի սեղանները սթափ ժուժկալության և կայտառ շքեղության ներդաշնակություն են։ ՈՒրեմն ներկայացնում եմ Ամանորի սեղանս։ Նախշազարդ սփռոցը ներդաշնակ է հյուրասենյակիս հնամենի նորոգմանը և մշտադալար տոնածառիս հարդարանքին։ Սեղանի կենտրոնում կարմրակող լավաշի բուրգն է։ Բուրգն այս սրբազնական շրջապատված է փախլավայով և գաթայով, չորթանով ու քամած մածնով, մրգային սուջուխով և արդար յուղի մեջ տապակած հայաշունչ հավով, նաև Այղր լճի շոգեխաշած իշխանով և հարկավ փուռը տված զույգ կաքավով։ Խմիչքներն անհայտ բացակայո՞ղ են։ Ամենևին։ Պապենական հնգալիտր պղնձե սափորս պռնկեպռունկ լի է հոնի օղիով։ Աստիճանը որքա՞ն է։ Ճիշտ մեր ազատ-արդար-փրկչական-հաղթական հանրաքվեի 63,5 աստիճանն է։ Ապուրները հայոց հինավուրց, ոնց ենք դրանք անտեսել, այնինչ, զորօրինակ, թանապուրն Ամանորին անմրցելի բալասան է, հոգու ամոքիչ, մարմնի զտիչ։ Այնպես որ, թանապուրով լի կճուճը պատշգամբում հանգրվանել, աչքով է անում հարևան պատշգամբի խոզապուխտին։ Այնտեղ հարևան պատշգամբում է բնակվում ճանաչված ընտրակեղծարար և նշանավոր երեսփոխանի եղբայր Մուրադիկը։ Մուրադիկի սեղանը շատ բազմաժանր է։ Նրա կողակից մադամ Լիդուշը Ամանորի սեղանը զարդարում է յուրաքանչյուր դեկտեմբերի 25-ին, հավաքում է հունվարի 13-ին։ Ինչպես ամեն տարի, այս Ամանորին ևս նրանց հեկտարանոց-օվալաձև դամբարանին կլինի (զուգահեռ անցկացրեք իմ սեղանի հետ) խորոված որձ վարազ (գետնած, հարկավ, Խոսրովի արգելոցում), աֆրիկական էգ ընձուղտի ձախ սրունքը փուռը տված և 300 կգ ընդդիմախոս սոխակի լեզու։ Նա սովորություն ունի յուրաքանչյուր հյուրի նվիրաբերելու մեկ լեզու։ Ի հիշատակ։

Ի դեպ, Մուրադիկն ու Լիդուշը մեր Ամանորը շնորհավորում են հունվարի 1-ի լուսաբացին։

Մուրադիկը լուլ հարբած և տրտում դեմքով ողբում է հանրապետության դառը ճակատագիրն ու, իշխանահլու գլուխը դնելով պետականամետ ուսիս, քնում է մեղմագույն խռմփոցով։ (Ի դեպ, նրա սեղանից վարազի հոտ է գալիս, իմ սեղանից` փշատի բույր)։

Սակայն կորչեն գալարուն ողբն ու հոգեզմայլ խռմփոցը։ Ամանորին մնաց ընդամենը 7 օր։ Ինչե՜ր եղան թվին 2015։ Շարակարգենք, ողբանք ու ցնծանք։ Ամենակարևոր ձեռքբերումներից է ՀՀ կառավարության ֆինանսական սխրանքը` պետական պարտքի բեռը վերջապես հատեց 5 մլրդ դոլարի սահմանը։ (Խմում եմ հայրենի կառավարության կենացը ոչ հոտնկայս, ըմպանակը բռնած, հարկավ, ձախ ձեռքով, մեջը լցրած, իհարկե, ժամկետանց գարեջուր)։

«Это вам не Майдан, это маршал Баграмян» անհնազանդության կոչը ականջներիս մեջ է մինչ օրս։ (Բաղրամյանի ցուցարարների կենացն եմ խմում հաղթական կեցվածքով, թասը հարկավ սեղմած աջ ափիս մեջ, մեջը լցրած, իհարկե, Աշտարակի կարասի անապակ գինի)։

Բաղրամյանի կուռ-ամուր և ցնծագին-արևաշող ընդվզմանը ո՞վ սահանկեց Բաղրամյան-26-ը, կամ էլ գուցե նույն փողոցում համարակալված թիվ 13 շենքը։ Բնավ։ Կառավարական տո՞ւնը։ Ամենևին։ Գուցե թե կիզիչ շոգն ու ՀԷՑ-ի ցինիկ բացատրություննե՞րը։ Դարձյալ ոչ։ Համաժողովրդական ահարկու ցասման հայտ ներկայացրած ընդվզմանը դավեց հայ մտավորականությունը, որը գրասեղանի և սրճեփի ընկերակցությամբ էր «մասնակցում» համաժողովրդական չեղարկմանը։ Մի խոսքով, մերօրյա մտավորականության կենացն եմ խմում` ձեռքս առած մի հրակավե գավաթ, մեջը պռնկեպռունկ լցված անալկոհոլ լիկյոր։

Կառավարությունը նախաամանորին (որքան էլ սա անհնար է թվում) գերազանցեց ինքն իրեն, ահռելի վարկ վերցրեց Վեդիի ջրամբարը կառուցելու նպատակով։ Ջրամբարը կկառուցվի, կաշխատի օգուտով և կփակի վարկային տոկոսները։ Այնինչ Եղվարդի ջրամբարը, որը կարող է բառացիորեն փրկօղակ հանդիսանալ Հայաստանի համար, դառնալով երկրի տնտեսության քարշակը, մղվեց լուսանցք։ Եղվարդի ջրամբարը, որը նախ ռազմավարական հզոր զենք էր դառնալու յուր ամբարելիք 220 մլն խորանարդ ջրով, լճակի է վերածվելու, փորձելով պահեստավորել 90 մլն խորանարդ մետր ջուր։

Իշխանությունները, ինչպես միշտ, անսասան են։ Հատկապես, երբ թլսորում են հասարակության գրպանը և հարվածում են պետության ստոծանուն։ 2015-ը այս իմաստով չափազանց բեղուն էր։ Երկիրն ուղղակի ընկղմվել էր պաշտոնական խարդավանքի ճահիճը։ Տեսեք, Հայաստանում, ուր ահռելի պետական պարտք գոյություն ունի, ուր քաղցած է անկողին մտնում բնակչության առնվազն մեկ քառորդը, ուր, համաձայն կուսակցությունների անդամների թվաքանակի, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի առնվազն 4 կուսակցության անդամ է, բոլոր բարձրաստիճան պետծառայողները պաշտոնապես միլիոնատերեր են, ընդ որում` ի հաշիվ նվիրատվությունների։ Ապշել կարելի է, հենց որ այս պարտքախեղդված երկրում ոմն մեկը բարձր պաշտոն է զբաղեցնում, իսկույն ևեթ ենթարկվում է «նվիրատվական բռնաբարումների»։ Նրա բանկային հաշիվներում հսկայական գումարներ են կուտակվում, նա, անկախ իր կամքից, ձեռք է բերում բազմաթիվ բնակարաններ, ամառանոցներ և այլն։ Նշյալ գործընթացին կամա-ակամա մասնակցում է նաև բարձրավոլտ պետչինովնիկի հարազատ կինը։ Եվ հիմա պարպելով հերթական գավաթ թունդ ու դառը սուրճը խինդով լեցուն իմ իշխանասեր (իշխան ձուկը նկատի ունեմ) սրտով առաջարկում եմ Կապիկի տարում մի ուշագրավ հարկատեսակ սահմանել և հարկել նվիրատվական գողոնի ուղիղ 50 տոկոսը և մարել 5 մլրդ դոլարի պետական պարտքը։ Խորհրդահայ 5-աստղանի կոնյակով խմում եմ այս աննախադեպ առաջարկիս կենացը։

Տարեվերջին ցնցակաթվածի ենթարկեց Կումայրի-Գյումրի թնդուն քաղաքի ավագանին, քաղաքագլխի հետ։ Նրանք որոշեցին կրճատել Ամանորի տոնական զուռնի-տրնգիի վրա կատարվող ծախսերն ու խնայված միջոցներով 1 ընտանիքի բնակարանի հարցը լուծել։ (Այո՛, վերջապես գլխուղեղը հաղթանակ տոնեց հաստ աղիքի նկատմամբ և, բնականաբար, ողջ հասակով մեկ կանգնած պարպում եմ ճիշտ 1 լիտր հոնի օղի` մաղթելով Կումայրի-Գյումրու ավագանուն և քաղաքագլխին այս նվիրական գործը շարունակել ողջ 2016-ի ընթացքում)։

Մի խոսքով, 2016-ը եղևնու անուշ-կարոտաբաղձական բուրմունքով է բախում մեր դուռը։ Ցանկանք և անենք հնարավորը, որ Կապիկի տարում երկրում վերանան իսպառ.

ա) մենաշնորհները,

բ) պետծառայողական նվիրաբերումները,

գ) սահմանային հրաձգությունն ու ներկա խորհրդարանը։

Նաև որ ձևավորվի ժողովրդի վստահության կառավարություն, որ նաև ծաղկեն ազգային մշակույթը, գիտությունն ու արվեստը, որ ծառայողական մեքենաներից օգտվեն միայն երկրի նախագահն ու էլ ոչ մեկը։ Եվ այսպես շարունակ։

Ձեր կենացը, հանրապետության և Արցախի սահմանները պաշտպանող զինվորներ, եղեք տոկուն և չկասկածեք` ձեր արևշատության համար մի ողջ ժողովուրդ է աղոթում։ Ամե՛ն։ Ձեր կենացը, աղետի գոտու անտուն բնակիչներ, ձեզ հավատ և հույս եմ մաղթում և երազում, որ այս տարի գլխներիդ վերև ձեր սեփական տան տանիքը ծիածան կապի։ Ամեն։

Մի խոսքով, բոլորիս մաղթենք բարի ու լի Նոր տարի։

ՉԱՐԵՆՑԻՆ ՎԵՐԸՆԹԵՐՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

(սարկաստիկ-տոնական իրիկնահաց)

Հրաշունչ մարգարե Չարենց Եղիշե, դու էլ, երկիրդ էլ տեսաք անթիվ թշնամի, բայց մեր երգերի սաղմը կարծես չի նեխել երբևէ։ Այո՛, քշվել ենք, ոտնակոխ ենք արվել օտարի ձեռքով և թշնամու շնչով։ Այսօր քշվում-ոտնակոխ ենք արվում մեր իսկ ձեռքով, ոտքով և կամքով։ Մի խոսքով, ժամն է հասունացել, որ ազգովին վերընթերցենք ստիխներդ անմահ։ Եվ դարձի գանք, բավ է։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ