«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բուռն 2015-ը՝ 15 մեջբերումով

Բուռն 2015-ը՝ 15 մեջբերումով
23.12.2015 | 11:30

The Washington Post-ը հիշատակել է անցնող տարվա առանցքային իրադարձությունները՝ վարչապետների ու նախագահների մեկնաբանություններով:


Ալեքսիս Ցիպրաս, Հունաստանի վարչապետ. «Մենք հիանալի շանս ունենք՝ ամեն ինչ մաքուր էջից սկսելու»: Հունվարին Ցիպրասի գլխավորած ՍԻՐԻԶԱ կուսակցությունը եկավ իշխանության՝ տնտեսական խիստ խնայողությունից հրաժարվելու կարգախոսներով, նրան չհաջողվեց համաձայնության գալ վարկատուների հետ և երկիրը վերադարձավ «տանջալից ստատուս քվոյին», իսկ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական տվեց: Սեպտեմբերին արտահերթ ընտրություններում նա նորից հաղթեց՝ ավելի համեստ արդյունքներով:
Ֆրանսուա Օլանդ, Ֆրանսիայի նախագահ. «Ֆրանսիան գտնվում է պատերազմական վիճակում, բայց մենք չենք հանձնվի»՝ այս բառերը նա արտաբերեց նոյեմբերի 13-ին՝ Փարիզում ահաբեկչական գործողություններից հետո:
Բաշար Ասադ, Սիրիայի նախագահ. «Ահաբեկչության էքսպանսիայի պատճառները տարածաշրջանում կատարվող իրադարձությունների նկատմամբ Արևմուտքի սխալ քաղաքականության մեջ են, նախ և առաջ Ֆրանսիայի, որ ուշադրություն չի դարձնում՝ ինչպես են իր որոշ դաշնակիցներ աջակցում ահաբեկիչներին»: Ասադը նկատի ուներ իր նկատմամբ թշնամաբար տրամադրված սիրիացի ապստամբ խմբավորումներին: Հայտարարությունն արվել է Փարիզի ահաբեկչություններից հետո:
Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր. «Մենք գլուխ կհանենք»՝ ի պաշտպանություն փախստականների արված հայտարարությունների համար Մերկելը ներկայացվեց Նոբելյան մրցանակի, բայց Գերմանիայում նրան չհասկացան:
Վիկտոր Օրբան, Հունգարիայի վարչապետ. «Մարդիկ, որ գալիս են այստեղ, մեծացել են այլ կրոնի ավանդույթներով և բոլորովին այլ մշակույթ են ներկայացնում»: Օրբանը չի թաքցնում փախստականներին չընդունելու իր ցանկությունը և հանդես է գալիս քրիստոնեության պաշտպանի դերում:
Բարաք Օբամա, ԱՄՆ նախագահ. «Չմոռանանք, որ ազատությունը վախից ուժեղ է»: Այս ռեպլիկը Օբաման նետել է բավականաչափ բուռն քննարկման ժամանակ, երբ հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուները առաջարկեցին սահմանափակել սիրիացի փախստականների հոսքը և նույնիսկ արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ: «ԻՊ-ի հետ պայքարը չի նշանակում հրաժարում մեր արժեքներից»՝ հայտարարեց Բարաք Օբաման:
Դևիդ Քեմերոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ. «Ախպերս, դու մուսուլման չես»: Քեմերոնը մեջբերել է մի տղամարդու բառերը, որ վկա է դարձել՝ ինչպես է «Ալլահ աքբար» բացականչելով՝ ենթադրյալ իսլամիստը դանակով հարձակվում Լոնդոնի մետրոյի ուղևորների վրա:
Հասան Ռոհանի, ԻԻՀ նախագահ. «Իրանի և համաշխարհայի հանրության հարաբերություններում նոր փուլ է սկսվում»: Այսպես Իրանի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գնահատեց միջուկային ծրագրի վերաբերյալ հուլիսյան համաձայնագիրը, որով հանվում են պատժամիջոցները:
Բենյամին Նեթանյահու, Իսրայելի վարչապետ. «Ինչ ապշեցուցիչ, պատմական սխալ»՝ այդպես նա գնահատեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ. «Ալլահը որոշեց պատժել Թուրքիայի իշխող խմբակին՝ զրկելով խելքից ու բանականությունից»՝ ռուսական ինքնաթիռը խփելուց հետո այսպես գնահատեց թուրքերի քայլը ՌԴ նախագահը: The Washington Post-ը ինքնաթիռի խոցումն անվանում է «2015-ի ամենավտանգավոր աշխարհաքաղաքական սրացումներից մեկը»:
Ռեջեփ Թայիբ Էրդողան, Թուրքիայի նախագահ. «Ես չեմ մնա այս պաշտոնին»: Եթե ապացույցներով հաստատվեն ռուսական պնդումները, որ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում, Էրդողանը խոստացավ հրաժարական տալ:
Սինձո Աբե, Ճապոնիայի վարչապետ. «Ընդունեք խոր վիշտս և հավիտենական, անկեղծ ցավակցությունս»: Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի տոնակատարությանը ելույթ ունենալով՝ Աբեն ձեռնպահ մնաց պաշտոնական ներողությունից՝ հարուցելով Չինաստանի դժգոհությունը:
Նարենդրա Մոդի, Հնդկաստանի վարչապետ. «Երկիրը պետք է միասնական մնա»: Հնդկաստանում մամուլի ուշադրության կենտրոնում հինդուիստների ու մուսուլմանների կոնֆլիկտն էր, պատճառը մուսուլմանների՝ կովերի միսն ուտելն էր, որ հինդուիստները համարում են սուրբ կենդանի: Մոդիի կառավարությունը համարվում է պահպանողական, իսկ նա՝ հինդուիստ ազգայնական:
Ռոբերտ Մուգաբե, Զիմբաբվեի նախագահ. «Սեսիլ առյուծը ձերն էր ու դուք նրան չպաշտպանեցիք»՝ այսպես Մուգաբեն հանդիմանեց բոլորին, որ չէին կարողացել որսագողերից պաշտպանել առյուծին:
Ջաստին Տրուդո, Կանադայի վարչապետ. «Որովհետև դրսում 2015-ն է»՝ հոկտեմբերին ընտրված վարչապետը այսպես է պատասխանել լրագրողի հարցին, թե ինչո՞ւ կառավարության 30 նախարարներից 15-ը կին են:
The Washington Post


Հ.Գ. Չկան, ոչ Եվրոպայում, ոչ Ասիայում, ոչ Աֆրիկայում, ոչ Ամերիկայում չկան այլևս պետության ղեկավարներ, որ իրենց խորհրդարանին զեկուցում էին՝ «Եկա, տեսա, հաղթեցի»: Ժամանակակից «կեսարները» մանրացել են, խնդիրները՝ ևս, լուծումները՝ առավել ևս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ