«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երեք հայացք մեկ օրվան

Երեք հայացք մեկ օրվան
10.12.2015 | 17:27

Ռենցին արգելափակել է ԵՄ պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ


«Բռավո, Ռենցի»,- գրում է Մարչելո Ֆոան Il Giornale-ի բլոգում:
Այսօր երեկոյան անհավանականը կատարվեց՝ Մատեո Ռենցին քաջություն գտավ արգելափակել Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ավտոմատ երկարաձգումը: Նա միայնակ դեմ գնաց գլխավոր գործընկերներին, Գերմանիային ու Ֆրանսիային, ԱՄՆ-ին: Իտալիայի վարչապետը չի պահանջել հանել պատժամիջոցները, որոնց ժամկետը ավարտվում է հունվարի վերջին, բայց նա կարծում է, որ ԵՄ-ի ու Մոսկվայի հարաբերությունների հարցը պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակում, այդ կարգի որոշումները չպետք է ընդունվեն գաղտնի ու առանց առարկությունների: Հայտնի չէ՝ ի՞նչն է Ռենցիին մղել նման խիզախ քայլի, գուցե նա տրվել է իտալացի արտադրողների հորդորներին, որ վիթխարի վնասներ են կրում ռուսական պատասխան պատժամիջոցներից, գուցե որոշել է, որ Իտալիան պետք է ավելի նկատելի դեր խաղա Եվրոպայում: Բացառված չէ, որ նա լսել է Սիլվիո Բեռլուսկոնիի տեսակետը, որ բացահայտ ընդվզում է Մոսկվայի մեկուսացման դեմ: Ինչպիսին էլ լինեն նրա քայլի դրդապատճառները, նույնիսկ Ռենցիի քննադատները չեն կարող չասել՝ կեցցես, Ռենցի, դու ճիշտ ես վարվել: Մնում է հուսալ, որ նրա ընդդիմությունը անցողիկ չի լինի:
Մարչելո ՖՈԱ, Il Giornale

Մարինն ու Պուտինը միավորվել են ընդդեմ էլիտաների
Ֆրանսիայի Ազգային ճակատի ղեկավարը և ՌԴ նախագահը բացառիկ անհատներ են, որ մարտահրավեր են նետել քաղաքական կոռեկտության մշակութային հեգեմոնիային՝ գրում է Անտոնիո Ռապիսարդան Il Tempo-ում: Լե Պենի հաղթանակը պոպուլիզմի հաղթանակը չէ, այլ՝ ազգային, ժողովրդական հաղթանակ: Tg1-ի փոխխմբագիր, գրող Ջենարո Սանջուլիանոյի խոսքով՝ Մարին Լե Պենի հաջողության գաղտնիքը դա է: Վլադիմիր Պուտինի հետ նրանք ղեկավարների զույգ են, ում ամենից շատ են ատում գերագույն իշխանության իտալացի կողմնակիցները:
Ազգային ճակատի հաջողությունը վկայում է նրա գաղափարների ընկալումը Ֆրանսիայի ու ֆրանսիացիների կողմից, ովքեր հայտարարում են, որ ուզում են վերադարձնել սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը և չեն ցանկանում հանձնել տեխնոկրատ էլիտային որոշում ընդունելու իրավունքները:
Ֆրանսիացիները Ազգային ճակատին արդեն վերաբերվում են իբրև հուսալի քաղաքական ուժի, միակը, որ ծրագիր ու հնարավոր պատասխան ունի՝ սկսած միգրացիայից մինչև տնտեսական ճգնաժամի և կենսամակարդակի անկման հարցերը: Մարին Լե Պենը և Վլադիմիր Պուտինը վայելում են առավել մեծ թվով եվրոպացիների վստահությունը: Միայն նրանք մարտահրավեր նետեցին քաղաքական կոռեկտության մշակութային հեգեմոնիային, «փափուկ» մտածողությանը: Միայն նրանք ընդունեցին մարդկային բազմազանության գեղեցկությունը և հակասությունների մեջ մտան նրանց հետ, ովքեր ցանկանում էին բոլորին հանգեցնել ընտրված մեկ մոդելի: Միանգամայն ակնհայտ է, որ չնայած Մարին Լե Պենի ու Վլադիմիր Պուտինի պատմական տարբերություններին, նրանք միակարծիք են, որովհետև երկու դեպքերում էլ խոսքը ավանդույթներն ու ժողովրդին հարգելու մասին է՝ ասել է Ջենարո Սանջուլիանոն: Նրա խոսքով՝ Պուտինը «ազգային վերածննդի» նախաձեռնողն է, նա ռուս ժողովրդին վերադարձրել է հպարտության զգացումը, միավորել է նախկին Ցարական Ռուսաստանի նույնականությունը, ԽՍՀՄ-ի որակները և ուղղափառ եկեղեցու տարրերը: Մարին Լե Պենը վերադարձնում է ավանդական հանրապետական ոգին և, լինելով Նապոլեոն Բոնապարտի ու Շառլ դե Գոլի երկրպագուն, դրական կողմով է ներկայացնում ֆրանսիական անցած վեհությունը:
Անտոնիո Ռապիսարդա, Il Tempo


Ռուսաստանի ու Թուրքիայի թնջուկը տարածվեց վառելիքաէներգետիկ ասպարեզում
Կարծես թե ռուս-թուրքական հարաբերությունների լարման նոր զոհ է դառնում անգամ վառելիքաէներգետիկ համակարգը՝ Foreign Policy-ում գրում է Կիտ Ջոնսոնը:
Չորեքշաբթի Reuters-ը հաղորդեց, որ Թուրքիան դադարեցրել է «Ակկույու» աէկ-ի շինարարությունը, որը իրականացվում էր ռուսական նախագծով: Մի քանի օր առաջ Թուրքիան ու Ռուսաստանը սառեցրին գազատարի նախագիծը: Անցած կիրակի Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնաց, որ կգտնի էներգակիրների այլընտրանք Ռուսաստանին: Այս ամենը վկայում է՝ ինչ արագ փչացան ռուս-թուրքական հարաբերությունները: Կարծիք կար, որ բանավոր պատերազմը էներգետիկ ոլորտ չի մտնի, որովհետև Թուրքիան ունի ռուսական էներգակիրների, իսկ Ռուսաստանը՝ թուրքական շուկայի կարիքը: Ի հավելումն՝ «Թուրքական հոսք» գազատարը մտահղացված էր իբրև գազամատակարարման միջանցք՝ ՈՒկրաինայի շրջանցումով, որ Ռուսաստանի վաղեմի երազանքն էր: Բայց Պուտինը, ակներևաբար, մտադիր է պատժել Թուրքիային ռուսական խփված ինքնաթիռի համար, թեպետ տնտեսական պատժամիջոցները և էներգետիկ նախագծերի կասեցումը ավելի մեծ վնաս են հասցնելու ռուսական տնտեսությանը և ընկերություններին, քան բուն Թուրքիային: «Փաստորեն «Գազպրոմը» նորից ու նորից դառնում է Պուտինի արտաքին քաղաքական ձեռնարկների պատանդը»,-ասում է Սիյբրեն դե Յոնգը Ռազմավարական հետազոտությունների կենտրոնից: Թեպետ աէկ-ի դեպքում իրավիճակը հստակ չէ՝ ռուսական լրատվամիջոցները հաստատում էին, որ շինարարությունը շարունակվում է: «Թուրքական հոսքի» գնի վերաբերյալ վեճերը ի սկզբանե մթագնում էին նախագիծը: Նախագծից հրաժարվելը լուրջ հարված է Ռուսաստանի երկարաժամկետ էներգետիկ ծրագրերին, որոնց առանցքում գազային տարանցիկ միջացքից ՈՒկրաինան դուրս բերելն է: Ռուսաստանին մեկ ելք է մնում միայն՝ ընդլայնել «Հյուսիսային հոսքը», բայց այս նախագծի ճանապարհին բազում խոչընդոտներ կան: Հիմա Պուտինը կրկնապատկելու է «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ ջանքերը, որ շատ ռիսկային են: Եթե չհաջողվի բոլոր արգելքները հանել, նրան մնում է հաշտվել, որ կպահպանվի տարանցումը ՈՒկրաինայով:
Կիտ ՋՈՆՍՈՆ, Foreign Policy


Հ.Գ. Երեք հայացք մեկ օրվան՝ պատժամիջոցներ, ընտրություններ ու էներգակիրներ: Որտեղ է սկսվում քաղաքականությունը և որտեղ է ավարտվում տնտեսությունը՝ աշխարհում ոչ ոք չունի այս հարցի պատասխանը: Մեկը մյուսի դրդապատճառն են ու հետևանքը: Իսկ մենք սովորաբար սիրում ենք պայքարել հետևանքների դեմ ու չտեսնել պատճառները, առավել ևս՝ դրդապատճառները: Բոլոր դեպքերում՝ պատժամիջոցների վերացումը Ռուսաստանի տնտեսությանը թթվածին կդառնա, ռուս-թուրքական հարաբերությունները կհարթվեն, եթե օրակարգից դուրս գան քաղաքական տարակարծությունները, ու գուցե ինչ-որ պահից Ռուսաստանն ու Եվրոպան փորձեն դեմ հանդիման դուրս չգալ, այլ քայլել նույն ուղղությամբ: Հայաստանի համար բոլոր այս հարցերը կենսականորեն կարևոր են և վերաբերում են ոչ միայն հարևաններին ու դաշնակիցներին, այլև շոշափում են մեր անմիջական շահերը ու վերաբերում են մեր պետությանն ու մեզ՝ քաղաքական, ֆինանսական, տնտեսական, ռազմական ու պատմական կտրվածքներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ