«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մենք դեռ երկար կհիշենք, թե ինչ արեցին նրանք, և դեռ շատ կփոշմանեն նրանք իրենց արածի համար»

«Մենք դեռ երկար կհիշենք, թե ինչ արեցին նրանք, և դեռ շատ կփոշմանեն նրանք իրենց արածի համար»
08.12.2015 | 00:15

Եթե հավաստի են այն լուրերը, թե Թուրքիայի նախագահ Էրդողանի որդին, նա, ով մեղադրվում է «Իսլամական պետության» զինյալների հետ ուղղակի գործակցության մեջ, արդեն հանկարծակի փախել է իր երկրից, ապա մենք, իրոք, բարդ, բայց հետաքրքրական ժամանակներ ենք ապրում։ Էրդողանի որդու փախուստի մասին հաղորդել է ռուս հայտնի արևելագետ Վլադիմիր Զախարովը։ Լուրը, իհարկե, ստուգման և հաստատման կարիք ունի։ Բայց ահա թե «Sputnik» ռադիոկայանին տված հարցազրույցում ինչ է հայտարարել Զախարովը. «Ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցածից հետո Էրդողանը հասկացավ, որ ինքը չի կարող տակից դուրս գալ, բայց նա երբեք չի ընդունի դա։ Ռուսաստանի պատասխան միջոցառումները շատ ցավալի հարված կհասցնեն Թուրքիայի տնտեսությանը. Թուրքիան Ռուսաստանից ուներ ոչ թե միլիոնների, այլ միլիարդների եկամուտ։ Դոլարով։ Ռուսաստանը միջամտեց նրա ավագ որդու բիզնեսին, որը նա հովանավորում է։ Դա հակապետական բիզնես է. Էրդողանը չափն անցել է։ Նա հասկանում է, որ այնպիսի վիճակ է ստեղծվում, երբ իրեն կարող են տապալել կամ նույնիսկ ոչնչացնել իր իսկ երկրի զինվորականները։ Որպես հետևանք, սկսել են ձերբակալել զինվորականների, թեև ցույց են տալիս, թե նրանց ձերբակալել են դեռ 2014-ին։ Ոչ։ Հիմա Թուրքիայում լայնամասշտաբ ձերբակալություններ են տեղի ունենում, որովհետև Էրդողանը վախենում է իր կաշվի համար, նրա որդին արդեն փախել է Թուրքիայից, և այդ «ավելը» կարող է սրբել Էրդողանի ամբողջ ընտանիքը»։
Իրոք, Էրդողան-վարչապետ Ահմեդ Դավութօղլու-հետախուզության պետ Հաքան Ֆիդան կառավարող եռամիությունը տենդագին ջանում է, ինչպես ասում են, «սրբել հետքերը»։ Բայց միաժամանակ Թուրքիայի նախագահն անձամբ պահանջում է «պետական գաղտնիք բացելու» համար բանտարկել հանրահայտ և հեղինակավոր «Ջումհուրիեթ» թերթի երկու առաջատար լրագրողների, որոնց «մեղքը» սոսկ այն է, որ մի ժամանակ ընթերցողներին պատմել են թուրք զինվորականների «ձախողման» մասին։ Բանն այն է, որ դեռ 2014 թ. թուրք զինվորականները «վերջնազննում անցած չլինելու» պատճառաբանությամբ կանգնեցրել էին Սիրիա «թուրքական մարդասիրական օգնություն» փոխադրող մի ավտոշարասյուն, բայց պարզվել էր, որ մեքենաներում... զենք-զինամթերք է։ Հարցին միջամտած թուրքական MIT հատուկ ծառայությունն այդ ժամանակվանից «ատամ ունի» զինվորականների վրա, բայց Էրդողանը հիմա ջանում է փակել բոլոր նրանց բերանը, ովքեր կհամարձակվեն հրապարակայնորեն ինչ-որ բան ասել ջիհադականների հետ թուրքական պետության կապերի մասին։ Եվ ահա քուրդ փաստաբան է սպանվում բառացիորեն ուղիղ եթերում, երբ հարցազրույց էր տալիս և նույնպես մերկացնում Թուրքիայի կառավարությանը ԻՊ-ի հետ կապերի և այլ հանցագործությունների մեջ։ Թուրքական իշխանությունները սկսել են «պայքարել ահաբեկչության դեմ» երկրի զինված ուժերի շարքերում։ Մասնավորապես, երկու գեներալ մեղադրվել է ահաբեկչական խմբավորում ստեղծելու փորձի, լրտեսության և պետական հեղաշրջման փորձի մեջ։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, նրանց ձերբակալել են «բեռնատարների հետ կապված խարդախության» գործի շրջանակներում, երբ մարդասիրական օգնության անվան տակ տեղափոխում էին զենք, որն ընկնում էր զինյալների ձեռքը։ Այդ գործով արդեն տասնյակ զինվորականներ են ձերբակալվել։
Էրդողանի ընտանիքը հիմքեր ունի՞, արդյոք, վախենալու։ Այո, ունի։ Դեկտեմբերի 3-ից արդեն թե՛ Անգլիայում, թե՛ ԱՄՆ-ում բարձրաձայն խոստովանում են, որ մաքսանենգ նավթի քարավաններն Իրաքից ու Սիրիայից տարիներ շարունակ մեկնել են հենց Թուրքիա և այնտեղ ընդունվել հենց թուրք պաշտոնատար անձանց, թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Իհարկե, հազիվ թե դրա համար խթան հանդիսացած լինի միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը երկրի խորհրդարանին՝ Դաշնային ժողովին։ Ավելի շուտ, Արևմուտքը «վատ էր զգացել» այն բանից, ինչ տեղի էր ունեցել դրանից մեկ օր առաջ ՌԴ զինված ուժերի կառավարման համակարգման կենտրոնում։ Ռուս գեներալները լայնընդգրկուն մամուլի ասուլիս անցկացրին օտարերկրյա լրատվամիջոցների և արտասահմանյան պետությունների զինվորական կցորդների համար, որի ընթացքում երկար և ակնբախորեն ցույց տվեցին, թե ուր և որքան նավթ է գնում Իրաքից և Սիրիայից։ Արևմուտքը «վատ զգաց» նաև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը վերսկսելու ցանկալիության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի կոչին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատասխանից հետո (և դարձյալ դեկտեմբերի 2-ին)։ Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարն ասաց, որ Մոսկվան այդ խորհրդին ուղղված առաջին հարցն արդեն ունի. ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ի՞նչ կարծիքի են այն մասին, որ դաշնախմբի ամենամոլի մասնակիցներից մեկը զբաղված է մաքսանենգ նավթի վաճառքի հանցավոր գործարքով և, ըստ էության, ահաբեկիչների աջակիցն է, բացի այդ էլ, ռազմական հանցանքներ է գործում։ Խոսքը, իհարկե, Թուրքիայի մասին է։
Թե Արևմուտքն ինչ է նախապատրաստում որպես Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքային նյութեր ու հարցեր, ցույց կտա ժամանակը։ Բայց ի՞նչ թաքցնենք, Ռուսաստանի նախագահ Պուտինը դեկտեմբերի 3-ին, այնուամենայնիվ, մեկ անգամ ևս ստիպեց ցնցում ապրել ոչ միայն Թուրքիային, այլև Արևմուտքին. եթե Մոսկվայի մեղադրանքները ընդունվեն, ապա հարկ կլինի զոհել եթե ոչ ամբողջ Թուրքիան, ապա առնվազն Թուրքիայի «չափավոր իսլամականներին» և առաջին հերթին՝ Էրդողանին ու նրա մերձավոր շրջապատը։
Ռուսաստանը սուր չի ճոճի, բայց Թուրքիան էլ «պոմիդորներով չի պրծնի»՝ ահա թե ինչ հայտարարեց Ռուսաստանի նախագահը՝ դեկտեմբերի 3-ին հանդես գալով դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով։ Ասվածը փոքր-ինչ մանրամասնենք. «Մեզնից նյարդային, մեզ համար և ամբողջ աշխարհի համար վտանգավոր հիստերիկ արձագանք չեն տեսնի։ Չեն տեսնի, գուցե, ինչ-ինչ արտաքին տպավորությունների կամ, նույնիսկ, այսրոպեական ներքաղաքական ամրապնդմանն ուղղված արձագանք,- ընդգծեց նա։- Նման բան չի լինի։ Մեր գործողությունների հիմքում կլինի պատասխանատվությունը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ»։ Ինչի՞ մասին է խոսքը։ Նորից ու դարձյալ նույն բանի՝ պատերազմ թույլ չեն տա։ Որովհետև հենց դա կամ էլ պարզապես ռուսների հետ Արևմուտքի ընդհանուր առճակատման սրումն էլ ընկած է եղել նոյեմբերի 23-ին Հյուսիսային Սիրիայում ռուսների դեմ թուրքերի ձեռնարկած ռազմական սադրանքի հիմքում։ Ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանը, թերևս նաև այլ երկրներ, ում հետ կապված է և գործակցում է Հայաստանը, որքան էլ տհաճ հնչի, «բարեկամներ ունի Թուրքիայում»։ «Մենք գիտենք, թե ովքեր են Թուրքիայում իրենց գրպանները լցնում և ահաբեկիչներին փող աշխատելու հնարավորություն տալիս»,- ասաց Պուտինը։ Նրա խոսքերով, հենց այս փողերով են «ավազակները վարձկաններ հավաքագրում, զենք գնում, անմարդկային ահաբեկչական ակտեր կազմակերպում՝ ուղղված մեր քաղաքացիների, Ֆրանսիայի, Լիբանանի, Մալիի և այլ երկրների քաղաքացիների դեմ»։ Ռուսաստանի նախագահը հիշեց նաև այն, որ հենց Թուրքիայում են պատսպարվել և բարոյական ու նյութական աջակցություն գտել 1990-ականներից 2000-ական թվականները Հյուսիսային Կովկասում կռվող զինյալները։ «Եվ հիմա էլ են դեռ նրանց այնտեղ նկատում»,- նշեց նա։
Այս դրվագը հարկավոր է ավելի մանրամասնորեն ուսումնասիրել։ «Մենք չենք մոռանա ահաբեկիչներին ցուցաբերած այդ աջակցությունը,- խոստացավ Ռուսաստանի նախագահը։- Մենք միշտ դավաճանությունը համարել ու համարում ենք ամենաստոր ու ամոթալի բանը։ Թող այդ բանը Թուրքիայում իմանան նրանք, ովքեր կրակել են մեր օդաչուների թիկունքին, ովքեր քստմնելիորեն ջանում են արդարացնել իրենց, իրենց գործողությունները և քողարկել ահաբեկիչների հանցագործությունները»։ Պուտինն ասաց, որ չի հասկանում, թե ինչու են թուրքական իշխանությունները հրաման արձակել խոցելու ռուսական ռազմական ինքնաթիռը։ «Ամեն հարց, ամեն խնդիր ու հակասություն, որ մենք անգամ չենք տեսել, պետք էր լուծել միանգամայն այլ եղանակով։ Մենք պատրաստ էինք Թուրքիայի հետ գործակցելու նրա համար ամենազգայուն հարցում և պատրաստ էինք գնալու այնքան հեռու, որքան նրա դաշնակիցները չցանկացան»։ Միայն, երևի, Ալլահը գիտե, թե ինչու նրանք այդ բանն արեցին»,- ասաց Ռուսաստանի նախագահը։ Ծայրաստիճան հետաքրքիր դիտարկում, և մեր հարցերը, թե, ասենք, «ինչի՞ նման է սա», 100 %-ով անպատասխան կմնան առնվազն դեռ 20-30 տարի։
Եվ վերջում. «Մինչդեռ թուրք ժողովուրդը բարի է, աշխատասեր, տաղանդավոր։ Թուրքիայում մենք ունենք վաղեմի և հուսալի շատ բարեկամներ։ Եվ ընդգծեմ՝ մենք հավասարության նշան չենք դնում նրանց և այսօրվա կառավարող վերնախավի մի մասի միջև, որն ուղղակի պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների զոհվելու համար»։
Ալլահը գիտե, թե այնտեղ ինչ էին պատրաստ Թուրքիայի համար անելու ռուսական իշխանությունները «նրա համար զգայուն հարցերում», և արդյո՞ք Պուտինի դեկտեմբերի 3-ի հայտարարությունները, այսպես ասած, «թուրքեր, դուք եք մեղավոր» կրկներգով հղում չեն անցյալին։ Ժամանակը ցույց կտա։ Իսկ մենք գիտենք, որ Անկարայի համար «զգայուն հարցեր» են եղել և են թե՛ Հյուսիսային Կիպրոսի (իսկ կիպրոսցիները նորից են հայտարարել, որ կցանկանային իրենց հողում տեսնել ռուսական ռազմական բազա), թե՛ Արցախի, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրները։ Ես հեռու եմ այն մտքից, թե Ռուսաստանի նախագահը կամ, այնտեղ, ինչ-որ մեկը Երևանում Ռուսաստանի դեսպանությունում «կնկատի» այն, ինչ Հայաստանում՝ շատերը, որ շատ բան են հիշում։ Եվ հնարավոր է, կցանկանային մի երկու հարց տալ, թեկուզ և այն մասին, թե եղե՞լ են, արդյոք, հարցեր, հանուն որոնց Մոսկվան «պատրաստ էր գործակցելու Թուրքիայի հետ... և գնալ այնքան հեռու», կապված Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի խնդրի հետ։ Պարզապես ասենք՝ այն, որ մեր ժողովրդին տարիներով կոչ են անում «ժամանակից շուտ» չուրախանալ ոչնչով և դատել բացառապես գործերից ելնելով և ոչ թե խոսքերից ու խոստումներից, արդարացված է։ Ի վերջո, չի կարելի բացառել, որ դեկտեմբերի 3-ի ճառում «հեռուն գնալու» պատրաստակամության մասին ակնարկելով՝ Պուտինը նկատի ուներ միայն և բացառապես Սիրիային վերաբերող հարցերը։
Սակայն Պուտինի խոսքերում որոշ բաներ բացահայտ սպառնալիք էին Թուրքիայի հասցեին. «Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, թե ստոր ռազմական հանցագործություն կատարելով՝ մեր մարդկանց սպանելով, կպրծնի պոմիդորներով կամ շինարարական կամ այլ ճյուղերում ինչ-որ սահմանափակումներով, ապա խորապես սխալվում է։ Մենք դեռ երկար կհիշենք, թե ինչ արեցին նրանք, և դեռ շատ կփոշմանեն նրանք իրենց արածի համար։ Ընդ որում, մենք գիտենք, թե ինչ պետք է անենք»։ Եվ ահա հայտարարությունների վերջին մասը. «Հիմա ահաբեկչական սպառնալիքին հակահարված տալու համար կազմ ու պատրաստ են մեր զինված ուժերը, հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները։ Բայց իրենց պատասխանատվությունը պետք է հասկանան բոլորը՝ իշխանությունը, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կառույցները, լրատվամիջոցները»։ Սա գործողությունների ծրագիր է, ոչ թե սոսկ սպառնալիք կամ հակաթուրքական ծրագիր։ Կարծում եմ, որ հազիվ թե Հայաստանում որևէ մեկն իրավունք ունի և ի վիճակի է վիճարկելու Պուտինի հայտարարությունների այս մասը, եթե նույնիսկ Ռուսաստանի նախագահի ամենաբարձր վարձատրվող քննադատներն են։ Դե, մենք էլ կապրենք կտեսնենք։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ