Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հայկական հանրաքվե. ակվարիում, որտեղ ոսկե ձկնիկն է լողում

Հայկական հանրաքվե. ակվարիում, որտեղ ոսկե ձկնիկն է լողում
05.12.2015 | 13:45

Ի՞նչ է նշանակում հանրաքվե: Հայկական հանրաքվե: Կիմանանք երկու օրից: Երկու օրից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները «այո» կամ «ոչ» պիտի ասեն Հիմնական օրենքի փոփոխությունների նախագծին:

ՈՒրեմն վերհիշենք՝ ինչո՞ւ է փոխվում Սահմանադրությունը: Վեց հիմնական մեղադրանքներով՝ կիսանախագահական կառավարման համակարգի վտանգները, մարդու իրավունքների համակարգի անկատարությունը, խորհրդարանական թերի վերահսկողությունը, դատական իշխանության անկախության պակասը, «Հաղթողին ամեն ինչ» արատավոր սկզբունքը, անմիջական ժողովրդավարության անկատարությունը: Հիմա՝ հիմնավորումները: Կիսանախագահական կառավարման համակարգի վտանգ է համարվում իշխանության գերկենտրոնացումը և քաոսային իրավիճակը: ՈՒժեղ կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ժողովրդավարության, համաձայնության ու փոխզիջման մշակույթի թերզարգացության պայմաններում գործող համակարգը անկարող է արդյունավետ գործել և կարող է վերաճել մի համակարգի, որտեղ կլինեն չափից ուժեղ նախագահ, թույլ վարչապետ և թույլ խորհրդարան: Այս մոդելում նախագահը միաժամանակ կարող է փաստացի ունենալ նախագահական կառավարման ձևին բնորոշ՝ նախագահի և խորհրդարանական կառավարմանը բնորոշ՝ վարչապետի լիազորություններ և քաղաքական պատասխանատվություն չկրել խորհրդարանի առաջ՝ սա գերկենտրոնացման առումով: Հիմա քաոսային իրավիճակի՝ եթե ուղղակի ընտրված նախագահը և խորհրդարանը հակառակ կարծիք ունենան երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական հարցերի վերաբերյալ, նախագահի և խորհրդարանական մեծամասնության հակասություններն անխուսափելի են դառնում և փակուղային իրավիճակ են ստեղծում: Երբ նախագահը և վարչապետը պատկանում են տարբեր քաղաքական կուսակցությունների և պարզապես գոյակցում են, պարզ չէ նաև, թե ո՞վ է պատասխանատու ձախողումների համար և ո՞ւմն են հաջողության դափնիները: Եթե խորհրդարանում մեծամասնություն չկա, երկբևեռություն կարող է առաջանալ գործադիր իշխանության ներսում և անկայուն վիճակ ստեղծել, որ կիսապատերազմական վիճակում անթույլատրելի է Հայաստանում: Մարդու իրավունքների համակարգի անկատարությունը՝ համարվում է, որ 2005-ի սահմանադրական փոփոխություններով չլուծվեց ամենակարևոր հարցերից մեկը՝ չտարանջատվեցին հիմնական իրավունքներն ու սոցիալական իրավունքները, սկզբունքային լուծումներ չտրվեցին իրավունքների անմիջական գործողության երաշխավորման հիմնախնդրին, չտարանջատվեցին ու չամրագրվեցին գործող իրավունքներն ու դրանց պաշտպանության առանձնահատկությունները: Գործող Սահմանադրության մեջ ուղղակի պահանջներ չեն ներկայացվծ հիմնական իրավունքները սահմանափակող օրենքներին, հաշվի չեն առնված տարբեր հիմնական իրավունքների սահմանափակումների առանձնահատկությունները, հիմնական իրավունքների մի մասի համար սահմանված են ընդհանուր և հատուկ սահմանափակումներ: Խորհրդարանական թերի վերահսկողությունը ներկայացված է իբրև երկփեղկված գործադիր իշխանություն, խորհրդարանական վերահսկողությունից դուրս նախագահ: Խորհրդարանի կարևոր իրավասություններից է կառավարության գործունեության վերահսկողությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանի կողմից կառավարության արդյունավետ վերահսկողության միջոցներից է հանրային հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովների մեխանիզմը: Գործող Սահմանադրությունը, կառավարությանն աջակցող խորհրդարանական մեծամասնությունից բացի, փոքրամասնությանը ևս վերահսկողական որոշակի միջոցներ է վերապահել: Սակայն ընդդիմությունը պետք է այլընտրանքներ առաջարկելու և կառավարությանը վերահսկելու իրական միջոցների տիրապետի, կարողանա հաշվետվություն պահանջել և այդ հաշվետվության վերաբերյալ սեփական տեսակետը հայտնելու հնարավորություն ունենա:

Գործող համակարգում նախագահը դուրս է խորհրդարանական վերահսկողությունից, պատգամավորները նույնիսկ չեն կարող հարցապնդումներով դիմել նախագահին և քաղաքական դրդապատճառներով անվստահություն հայտնել: Դատական իշխանության անկախության պակասը ևս համարվում է գործող Հիմնական օրենքի թերությունը: Պարզվում է՝ դատավորների ներքին անկախությունը դատական համակարգի ներսում դատավորի անկախությունն է դատարանի նախագահներից և վերադաս դատական ատյաններից: Ներքին անկախության ապահովման հարցում մտահոգիչ են դատարանների նախագահների և վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները, պաշտոնավարման չսահմանափակված ժամկետները: Նրանք վերածվել են «դատավորին կարգադրություն անողի» կարգավիճակով պաշտոնյաների: «Հաղթողին ամեն ինչ» արատավոր սկզբունքը համարվում է նախագահական ու կիսանախագահական համակարգերի խոցելի մասը: Թեև խորհրդարանական ընտրությունները կարող են բացարձակ մեծամասնություն տալ մեկ ուժի, սակայն, որպես կանոն, այդ մեկ ուժը կազմված է լինում մի քանի կուսակցություններից, իսկ մեծամասնություն չկազմող կուսակցություններն էլ պահպանում են իրենց տեղը խորհրդարանում: Այսինքն՝ պարտվողն ամեն ինչ չի կորցնում և հաղթողն էլ չի ստանում ամեն ինչ: Կառավարման խորհրդարանական համակարգում սովորական են իշխանության բաժանումը և կոալիցիաների ստեղծումը: Նախագահական համակարգում գործադիր իշխանության ղեկավարի՝ նախագահի պաշտոնը չի կիսվում: «Հաղթողին ամեն ինչ» սկզբունքով նախագահական ընտրությունների վտանգավորությունը սաստկանում է նախագահական իշխանության ժամկետների կարծրությամբ: Սովորաբար, նախագահական մանդատի ամբողջ ժամանակահատվածի համար հստակ որոշվում են հաղթողներն ու պարտվողները: Պարտվողները ստիպված են սպասել չորս կամ հինգ տարի՝ գործնականում մուտք չունենալով ոչ գործադիր իշխանություն, ոչ իշխանական կառուցվածքներ: Որպես հետևանք՝ հասարակության մեջ հարաբերությունների սրացում ու բևեռացում է սկսվում, իսկ պարտվող քաղաքական ուժը դուրս մնալով քաղաքական գործընթացներից, քաղաքական պայքարը տեղափոխում է փողոց: Պարզվում է՝ անկատար է նաև անմիջական ժողովրդավարությունը: Ժամանակակից ժողովրդավարությունը հիմնականում իրականացվում է ներկայացուցչական ժողովրդավարության եղանակով: Ժողովուրդն ընտրում է իր ներկայացուցիչներին, որ նրա անունից իրականացնում են պետական իշխանությունը: Անմիջական ժողովրդավարության դեպքում ժողովուրդը հանրաքվեների միջոցով քաղաքական որոշումներ է կայացնում կոնկրետ հարցերի վերաբերյալ: Գործող Սահմանադրությունը նախատեսում է ժողովրդի կողմից իշխանությունն անմիջականորեն իրականացնելու միայն մեկ ձև՝ հանրաքվե, իսկ 111 և 112 հոդվածներով՝ հանրաքվեներ կարող են նշանակվել Սահմանադրության և օրենքների ընդունման, դրանք փոփոխելու համար: Սահմանադրական հանրաքվե կարող են նախաձեռնել ՀՀ նախագահը, ԱԺ-ն և կառավարությունը: Սահմանադրությունը ժողովրդին չի տալիս հանրաքվեի նախաձեռնության հնարավորություն և չի հստակեցնում, թե որ հարցերը կարող են կամ պետք է դրվեն հանրաքվեի: Պետության համար ամենակենսական հարցերը՝ վերպետական կառույցներին անդամագրվելը, սահմանների փոփոխությունները կարող են ընդունվել՝ շրջանցելով ժողովրդին: Անմիջական ժողովրդավարության ինստիտուտները զսպաշապիկ են իշխանության համար: Հայաստանում անմիջական ժողովրդավարության աղճատվածությունը բերում է ամենաիշխանության դրսևորման, պարարտ հող է ստեղծում սխալների, հասարակության մեջ անվստահություն սերմանելու, հանրային ընդվզումների համար: Այսպես, հետո՞: Հետո առաջարկվում են փոփոխություններ, որոնք երաշխավորում են խորհրդարանական արդյունավետ համակարգ, նոր հիմնական իրավունքներ, կառավարման ձև և կառավարության պատասխանատվություն, անկախ դատական իշխանություն, ապակենտրոնացված քաղաքական համակարգ, ժողովրդի օրենսդրական նախաձեռնություն: Բարեփոխումներին միանշանակ «այո» ասողները կարծում են, որ «ոչ» ասողները շահարկում են, երբ հայտարարում են, որ ոչինչ չի փոխվելու, որ սա քաղաքական վերարտադրության մեխանիզմ է, որ երկրի անվտանգության համակարգը կթուլանա, որ սա միակուսակցական համակարգի հիմք է, տանում է դեպի անիշխանություն և հայ ընտանիքի հիմքերի քայքայում:
Կարծում եմ՝ պարզ էր, որ ես ընդամենը փոխանցեցի «Ասա «այո՛» սահմանադրական բարեփոխումներին» քարոզչական գրքույկի մի մասը՝ խմբագրական փոփոխություններով, որոնք գրագիտություն ապահովելու նպատակ ունեին: Ինչո՞ւ չալարեցի և այսքանը արտագրեցի, ասելիք չկա՞ր: Քարոզարշավի ամբողջ ընթացքում պարբերաբար բողոքներ էին հնչում, որ հայտնի չէ՝ գործող Սահմանադրությունը ինչո՞ւմ է մեղադրվում, և ի՞նչ է նորն առաջարկում: Միջին վիճակագրական ընտրողին հասու չեն ո՛չ էլեկտրոնային լրատվամիջոցների տեղեկատվությունը, ո՛չ քարոզչական գրքույկները (ընդամենը 15000 օրինակ տպաքանակով), որ պարունակում են նվազագույն անհրաժեշտ տեղեկատվություն: Թող իմ անշահախնդիր արտագրությունը լինի ներդրում հանրաքվեի կազմակերպման դժվար գործում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ ընդհանրապես երկու օրից իշխանությունն ունի լուծելու երեք փոխկապակցված խնդիր. 1. Ընտրողները գնան ընտրատեղամասեր: 2. Ընտրատեղամասեր գնացած ընտրողները «այո» ասեն: 3. Սահմանադրական փոփոխությունների արդեն չորրորդ հանրաքվեն լեգիտիմ լինի: Ընդդիմությունն ունի մեկ և միայն մեկ խնդիր՝ հանրաքվեում ստանալ «ոչ»: Եթե «այո» ստացած իշխանությունը սկսելու է օրենքների համապատասխանեցումը նոր Սահմանադրությանը, «ոչ» ստացած ընդդիմությունը գործնականում ոչինչ չի անելու կամ անելու է, ինչ արել է միշտ՝ չունենալով կայացման և քաղաքական գործընթացներում լիարժեք մասնակցության հնարավորություն ոչ այն պատճառով, որ գործող Սահմանադրությունը հակաժողովրդավարական է, իսկ առաջարկվողը՝ գերժողովրդավարական, այլ այն պատճառով, որ Սահմանադրությունը սոսկ հանրային համաձայնագիր է պետության քաղաքացիների միջև, ներկան փոխելու և ապագան կերտելու տեսլական, հնարավորությունների, միջոցների, մեխանիզմների ամբողջություն, որոնք գործի դնողը մարդն է: Այսինքն՝ նորից հանգում ենք իշխանության քաղաքական կամքին կամ հասարակության հավաքական գիտակցությանը: Կամ՝ կամքի ու գիտակցության բացակայությանը: Ես չեմ կարող ասել, որ գործող Սահմանադրությանը ներկայացվող «մեղադրանքները» արդար են, կամ առաջարկվող տարբերակը անխոցելի է: Թե՛ գործող Սահմանադրության, թե՛ նախագծի միջով իսկապես անցել է իշխանության քաղաքական կամքը՝ հասարակական գիտակցության անդորրի պայմաններում: Եվ չեմ կարող չասել, որ Սահմանադրության փոփոխությանն առնչվող գործընթացները ինձ հիշեցնում էին ակվարիում, որտեղ ուզում են հաստատել, որ ոսկե ձկնիկն է լողում: Գուցե ոսկե է ձուկը ու նույնիսկ պատրաստ է ցանկություններ կատարել, բայց խնդիրն ակվարիումն է՝ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական խնդիրների դեմ հանդիման մենք մեզ դնում ենք ակվարիումի մեջ, որի ջուրը դատարկելը կամ որը փշրելը նույնքան ռեալ վտանգ է, որքան՝ ձմռանը ձյան գալը: Ֆրանսիական մոդելը գերմանականով փոխելը չի նշանակելու, որ Եվրոպայի գաղափարական-մշակութային կենտրոն Ֆրանսիայի օրենսդրական փորձն ու պետական կառավարման համակարգը Եվրոպայի տնտեսական կենտրոն Գերմանիայի օրենսդրական փորձով ու կառավարման համակարգով փոխելով՝ մենք գտնում ենք հայկական լավագույն տարբերակը: Առավել ևս, որ հայկական «ոչ»-ը նորից լուծեց «այո»-ն լեգիտիմացնելու հարցը և նորից կասկածի տակ դրեց հայոց հայտարարված ընդդիմության լեգիտիմությունը: Առաջ՝ դեպի հանրաքվե:

Դիտվել է՝ 1416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ