«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անկարան զոհ է դառնում սեփական «նուրբ քաղաքականության»

Անկարան զոհ է դառնում սեփական «նուրբ քաղաքականության»
22.11.2015 | 21:38

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը առաջարկել է ձևավորել մուսուլմանական երկրների միասնական ճակատ էքստրեմիզմի դեմ պայքարի համար, ներառյալ ԻՊ-ը: «Մենք ահաբեկչության դեմ պայքարում ճամփաբաժնի վրա ենք փարիզյան հարձակումներից հետո»՝ ասել է Թուրքիայի նախագահը, նա դատապարտում է ահաբեկիչներին, որ իրենց համարում են մուսուլման և կարծում է, որ եթե իսլամական պետությունների միասնական ճակատ չստեղծվի, էքստրեմիստները նոր հանցագործությունների կգնան: Բայց և չի կապում բոլոր մուսուլմաններին ահաբեկիչների հետ: «Նրանք, ովքեր դիվայնացնում են իսլամը՝ ԻՊ-ին նայելով, մեծ սխալ են գործում»,- հայտարարել է Էրդողանը: Անկարան մասնակցում է ԻՊ-ի դեմ պայքարին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում: Եթե Էրդողանի առաջարկի տրամաբանությամբ՝ ստեղծվի իսլամական պետությունների միասնական ճակատ, պիտի ստեղծվի և քրիստոնեական պետությունների միասնական ճակատ: Կամ էլ արդեն գործող միջազգային կոալիցիայի ձևաչափում պիտի ընդգրկվեն երկու կողմերն էլ՝ կրոնական բաժանումով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց ԻՊ-ի դեմ պայքարի նոր կոալիցիա ստեղծել և իր առաջարկը հաստատեց Անթալիայում: Նոր կոալիցիան կարող է ունենալ բազմազգ ուժերի ձևաչափ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ: ՄԱԿ-ի բանաձևում պիտի նշվի, որ Սիրիայի և Իրաքի բանակները այդ ուժերի մաս են: Նրանց հետ խալիֆաթի դեմ կգործեն և հակաասադական ապստամբները, և սիրիացի ու իրաքցի քրդերը: Բոլոր ուժերը պիտի ղեկավարի միջազգային հրամանատարությունը, որ գործելու է ՄԱԿ-ի հովանու ներքո:
Հիմա Սիրիայում գործում են երկու կոալիցիաներ, որ միմյանց հետ իրենց գործողությունները համաձայնեցնում են ռազմատեխնիկական մակարդակով: Առաջինը՝ Ռուսաստան, Սիրիա, Իրան, «Հըզբոլլահ»: Երկրորդը՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Հորդանան, 60 պետություններ, որոնց մեծ մասն օժանդակ դեր ունի և Սիրիայում մարտական գործողություններին անմիջականորեն չի մասնակցում: Փարիզյան ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց միջազգային մեծ կոալիցիա ստեղծել, որը պետք է ջիհադիստներին վճռական հարված հասցնի: Թուրքիան լրջորեն անհանգստանում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ալյանսից, այն վտանգից, որ, ինչպես գրում է ամերիկյան Breitbart News Network-ը, «ուրվագծվող ալյանսում կհաղթի Պուտինի տեսակետը Ասադի իշխանության պահպանության վերաբերյալ, իբրև ԻՊ-ի դեմ պայքարի մասնակից, այլ ոչ թե Օբամայի տեսակետը»: Բրիտանացի վերլուծաբան Սայմոն Ջենկինսը Guardian-ում գրում է. «Հիմա յուրաքանչյուրին պարզ է, որ սպանդը Սիրիայում դադարեցնելու համար ԱՄՆ-ը և դաշնակիցները պետք է համատեղ աշխատեն նախագահ Ասադի հետ»: Փոխվում են և Ֆրանսիայի տեսակետները: Գեներալ Ժան-Բեռնար Պինաելը, 11-րդ պարաշյուտային դիվիզիայի շտաբի նախկին պետը Le Figaro-ում ասում է. «Փարիզը ոչ միայն պետք է խառնվի Սիրիայի պատերազմին, այլև ռազմական, ֆինանսական և այլ օգնություն ցույց տա Ասադին, Իրանին, Իրաքին ԻՊ-ի դեմ նրանց պատերազմում»: Նոր պայմաններում խոշոր խաղացողները դատապարտված են համատեղել ուժերը գլխավոր վտանգի դեմ, բայց իրադարձությունների այդ ընթացքը կոտրում է Թուրքիայի խաղը, որ փորձում է նույն ահաբեկչական հարթության մեջ դնել ԻՊ-ը և սիրիացի քրդերին, որոնց վրա, իր կարծիքով, հզոր ազդեցություն ունի Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Իրավիճակի արմատական փոփոխությունից հետո ԻՊ-ի դեմ պայքարի համար մուսուլմանական երկրների միասնական ճակատ ստեղծելու Էրդողանի առաջարկն ընկալվում է ոչ իբրև ԱՄՆ-Ֆրանսիա-ՌԴ ալյանսն ուժեղացնելու ձգտում, այլ՝ հականախագիծ: Դժվար է հիմա պատկերացնել իսլամական որևէ կոալիցիա ԻՊ-ի դեմ պայքարի համար, որը դուրս է արդեն ուրվագծված կոալիցիաներից: Եթե իրոք Արաբական պետությունների լիգան որոշի արագացնել ընդհանուր զորքերի ձևավորումը և ուղարկի Բաղդադ ու Դամասկոս, օգնությունը պիտի ձևակերպի ՄԱԿ-ի միջազգային հրամանատարության շրջանակներում: Եթե ոչ, Սիրիայի հարևանները կարող են իրենց հնարավորությունները օգտագործել՝ դադարեցնելու պատերազմը Դամասկոսի և ոչխալիֆաթական ապստամբների միջև: Վատագույն դեպքում առաջ կքաշվի տեսակետ, որ Վաշինգտոնը, Մոսկվան ու Փարիզը կազմակերպում են «նոր խաչակրաց արշավանք իսլամի դեմ»: Մերձավոր Արևելքում ու Թուրքիայում ոմանք արդեն հայտարարում են, որ խալիֆաթի գոյությունը Իսլամական ումայի հետ կապված խնդիրների հետևանք է, որ Արևմուտքի միջամտությունը անթույլատրելի է, որովհետև նրանց նպատակը ի վերջո ուղղված է ումայի և բուն իսլամի դեմ: Պարսից ծոցի երկրների համագործակցության, գիտնականների շարիաթի լիգայի նախագահ Աջիլ ան Նաշմին կարծում է, որ Արևմուտքի կոալիցիան արդեն դարձել է «Օսմանյան խալիֆաթի անկման պատճառ», իսկ հիմա «ամենավտանգավոր կոալիցիան է իսլամի դեմ»:
Թուրքիան սկզբում հրաժարվում էր միջազգային կոալիցիային մասնակցել, բայց Անատոլիայում անաբեկչությունից հետո Անկարան միացավ կոալիցիային և առաջին ավիահարվածները հասցրեց ոչ թե ԻՊ-ի դիրքերին, այլ՝ Իրաքի քրդական ճամբարներին: ԻՊ-ի հոգևոր առաջնորդը ֆետվա (կրոնական եզրակացություն) հրապարակեց, որ Էրդողանը «դավաճան է, վաճառվել է քրիստոնյաներին, ալավիտներին ու հրեաներին» և եթե «չզղջա, մերձավոր ապագայում անխուսափելի մահ է սպասում նրան»: Ֆետվան Էրդողանին դարձրեց օտար բոլոր կողմերում: Ամերիկյան ու եվրոպական լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են, որ Անկարան սկզբում, Արևմուտքի լուռ համաձայնությամբ, ֆինանսավորում էր զինյալներին, որպեսզի նրանց օգտագործի իբրև Դամասկոսի դեմ պայքարի գլխավոր զենք: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Հարվարդի ինստիտուտում ելույթ ունենալով՝ մեղադրեց Թուրքիային, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին Բաշար Ասադին պաշտոնանկելու ձգտումների մեջ, որի «հետևանքը դարձավ նոր արմատական խմբավորումների ձևավորումը, այդ թվում՝ ԻՊ-ի»: Բայդենն ասում էր, որ «Վաշինգտոնի գլխավոր պրոբլեմը Սիրիայում դարձել են իր մերձավորարևելյան դաշնակիցները: Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն այնպես էին ձգտում իշխանությունից հեռացնել Ասադին, որ հարյուր միլիոնավոր դոլարներ և տասնյակ հազարավոր տոննա զենք էին պատրաստ տալ ցանկացածին, ով պատրաստ էր պայքարել Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Էրդողանն ինձ ասաց. «Դու ճիշտ ես: Մենք չափից դուրս շատ մարդկանց բաց թողեցինք»: Բայդենի այս խոսքերը մեջբերել են համաշխարհային լրատվական գործակալությունները՝ Agence France-Presse-ը, Associated Press-ը և այլք: Եվրոպական ծանրակշիռ լրատվամիջոցներում հայտնվեցին հրապարակումներ, որ «Մերձավոր Արևելքում հաստատված քաոսի միակ դրական հետևանքը կարելի է համարել մեր թուրք բարեկամների դիմակի կորուստը» և «Անկարայի հզոր արտաքին քաղաքական PR-ի ձախողումը»: Ֆրանսիական Le Huffington Post-ը գրում էր, որ «Թուրքիան ավելի ու ավելի է կորցնում իր նշանակությունը ԱՄՆ-ի ու մերձավորարևելյան ճգնաժամի մասնակիցների համար, թեպետ նրանք չունեն Անկարային ստվերելու ցանկություն», որ «ինքն է հայտնվել մեկուսացման մեջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անընդունելի դիրքորոշման պատճառով»:
Էրդողանի համար հեշտ չեն և Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ հարաբերությունները: Նա մեղադրեց Արևմուտքին, որ մուսուլմանների նկատմամբ կրկնակի ստանդարտների քաղաքականություն է վարում: «Արևմուտքը կոալիցիա է ստեղծել ԻՊ-ի դեմ, որովհետև ԻՊ-ը իրեն իսլամիստական է համարում,- հայտարարեց Էրդողանը:- Եվ ոչինչ չի ձեռնարկում մյուս, ոչ պակաս վտանգավոր ահաբեկչական խմբավորումների դեմ, որ իսլամական բաղկացուցիչ չունեն: Իմ երկրում 32 տարի գործում է ՔԱԿ-ի քրդական խմբավորումը, որի մասնաճյուղերը կան եվրոպական երկրներում, որտեղից էքստրեմիստները ստանում են նյութական աջակցություն և զենք»: Բայց բոլորովին վերջերս նա նախընտրական պայքարում այդ կուսակցության հետ այլանսի մեջ էր մտնում, որպեսզի ստանա Թուրքիայի հարավ-արևելքի քուրդ ընտրողների աջակցությունը: Հետո, այդ նյութն օգտագործելով, խզեց ՔԱԿ-ի հետ խաղաղ համաձայնագիրը, իսկ երբ հուլիսի 20-ին մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրեց սահմանային Սուրուչ քաղաքում, պարզ դարձավ, որ, ինչպես գնահատեց Բոննի համալսարանի անվտանգության հարցերով փորձագետ Քրիստինա Խակեն, «Թուրքիայի քաղաքական ասպարեզ մտավ ԻՊ-ը», որը ՔԱԿ-ի հետ միասին հայտնվեց Անկարայի հետ պատերազմի վիճակում: Ստացվեց, որ ջիհադիստները կռվում են Թուրքիայի հետ նրա թշնամի Դամասկոսի ու ՔԱԿ-ի դեմ: Երբ ԱՄՆ-ը և արևմտյան գործընկերները սկսեցին այդ շարքից հանել ՔԱԿ-ը, իսկ հետո, բացառված չէ, որ նաև Դամասկոսին հանեն, Անկարան հայտնվելու է ԻՊ-ի դեմ ուղիղ առճակատման մեջ:
Անկարայի համար առավել մեծ վտանգ ներկայացնում են քրդերը, այլ ոչ ԻՊ-ը, որ ձգտում են իրենց ազգային պետությունը ստեղծել, որ Թուրքիայի պետականության դեգրադացիա է նշանակում: Բայց ԱՄՆ-ը ստիպեց Անկարային պատերազմի մեջ մտնել «ոչ գլխավոր թշնամու հետ», միևնույն ժամանակ՝ քրդերը, իբրև «գլխավոր չարիքի»՝ ԻՊ-ի դեմ պայքարի մասնակից, կարող են պահանջել իրենց պարգևը հաղթանակից հետո: Իսկ հիմա նրանց հեղափոխական քայլին կարող է օգնել Դամասկոսը՝ առաջարկելով սիրիական քրդերին ինքնավարության կարգավիճակ: Այս խաղում Թուրքիայի շանսերը նվազում ու նվազում են, որովհետև Անկարան զոհ է դառնում սեփական «նուրբ քաղաքականության»:


Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ.
Իսկ «նուրբ քաղաքականությունը» քրդերի հարցը նախ ընտրապայքարում, հետո ԻՊ-ի դեմ պայքարում հընթացս լուծելն էր, որ Անկարայի սովորական քաղաքականությունն է և Էրդողանինը չեն այդ քաղաքականության հայտնագործության դափնիները: Էրդողանը օգտագործում է նախորդների փորձը՝ հարմարեցնելով աշխարհաքաղաքական նոր պայմաններին: Խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանի համար հեշտացավ արտաքին քաղաքականության մեջ մանևրները ներկայացնել իբրև Թուրքիայի դեմ քայլեր, դա էլ է հին թուրքական «նուրբ քաղաքականություն»: Բոլոր դեպքերում, եթե անգամ հիմա հաջողվի սիրիական հարցը լուծել ու չեզոքացնել ԻՊ-ի սպառնալիքը, քրդական հարցը մնալու է մերձավորարևելյան օրակարգում և հատկապես Թուրքիայում բնակվող քրդերի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ