«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կետ, որ դառնում է շրջան

Կետ, որ դառնում է շրջան
09.10.2015 | 01:40

Չհաշված հասարակածային անձրևները՝ Հայաստանում համարյա նորություններ չկան: Վելվետե տաբատի անեկդոտը հիշո՞ւմ եք՝ ամեն ոջիլ իր ճանապարհով: Զուգահեռները հնարված են հենց միմյանց չհանդիպելու համար: Ի վերջո, եթե սկզբունքորեն դատենք՝ ամենափոքր շրջանը կետն է: Կետը, որ այնքան պակասում է: Նկատի ունեմ՝ հենման կետը: Արքիմեդի ժամանակներից չգտնված կետը: Եթե նա որոնում էր այդ կետը՝ երկրագունդը շրջելու համար, մեր ժամանակներում պետք է երկրագնդի վրա հաստատուն մնալու համար: Բայց՝ չկա: Հենման կետ չկա: Նպատակակետ չկա: Կան շրջանակներ, տարբեր ու տարանուն, որ մոռացել են իրենց կետ լինելու մասին: Երբ սկսեցին մեծանալ ու մեծանալ: Բազմանալ ու բազմանալ: Համարյա գիծ դառնալ: Քաղաքական ուղեգիծ:
Իսկ ընդհանրապես Հայաստանում նորություններ չկան: Կան իրադարձություններ: Ոմանց տեսակետից: Իսկ ոմանց տեսակետից՝ դժբախտ դեպքեր: Օրինակ՝ երկուշաբթի խորհրդարանն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: ՀՀԿ-ի համար իրադարձությո՞ւն է: Իրադարձություն է: Դարակազմիկ: ԲՀԿ-ի համար իրադարձությո՞ւն է: Իրադարձություն է: Չարաբաստիկ: ՀՅԴ-ի համար իրադարձությո՞ւն է: Իրադարձություն է: Հաղթական: Իսկ ՀԱԿ-ի համար դժբախտ պատահար է, որ կարող է դժբախտ դեպք դառնալ: Տարեվերջին, երբ հանրաքվեով դառնա Հիմնական օրենք: Նույնը, բայց ոչ այդքան տիեզերական մասշտաբներով, «Ժառանգության» համար, որ ընդհանրապես ճիշտ կաներ անունը փոխեր, որովհետև այլևս հայտնի չէ՝ ո՞ւմ ժառանգությունն է՝ ո՞ւմ: Ասենք, վերանվանվեր «Լիր արքայի» կուսակցություն: Իսկ ինչո՞ւ ոչ: Հնչե՞ղ է: Զիլ: Պատմակա՞ն է: Անտիկ: Ժամանակակի՞ց է: Սաստիկ: Փոխեց, չէ՞, անունը «Օրինաց երկիրը»: Փոխեց, որովհետև այլևս ոչ մի հույս, որ Հայաստանում է այդ օրինաց երկիրը լինելու: Երբևէ: Ի՞նչ դրեց: Առանձնապես ոչ մի տարբերություն «Օրինաց երկրից»՝ նույն հորինած երկիրն է: Բայց «Օրինաց երկրին» այս օրերին պետք է քնքուշ վերաբերվել՝ նրանք ծանր կորուստ են ունեցել: Անդառնալի: Կարճ ու բեղմնավոր անգործությունից հետո հանգեավ ի Տեր ՀԱՊԿ ակադեմիան և հանձնվեց հողին ձեռամբ նորին գերազանցություն ՀԱՊԿ-ապետ Նիկոլայ Բորդյուժայի: ՀԱՊԿ անդամները քննեցին-քննեցին, մտածեցին-մտածեցին ու որոշեցին՝ փող չկա: Հայաստանում, Երևանում, Արթուր Բաղդասարյանի համար ՀԱՊԿ ակադեմիա կառուցելու փող չկա: Դե թող հիմա նա վերականգնի ավերակված դպրոցը, որ ի դեպ, ճարտարապետական հուշարձան էր: Բայց ի՞նչ չի զոհում Հայաստանը ՀԱՊԿ-ին, որ մի հուշարձանը խնայեր: Զոհեց: Ապարդյուն: Արթուր Բաղդասարյանն էլ մնաց անգործ: Անվտանգության խորհուրդն էլ մնաց անքարտուղար: Որ ասում եմ՝ Հայաստանում նորություններ չկան: Երբվանի՛ց չկան: Դե ինչ նորություն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Ոչ մի նորություն: Բայց խորհրդարանում Սահմանադրության փոփոխության նախագծի ընդունումից հետո միայն ասաց, որ դեմ է: Չասաց՝ ծեփեց պատին: Բայց՝ շրջանակներում: Պայմանավորվածությունների շրջանակներում: Լռեց-լռեց՝ մինչև խորհրդարանը քվեարկեց, հետո ասաց՝ սխալ է, մեծ սխալ, վտանգավոր է: Բայց չասաց՝ ո՞ւմ համար: Լևոն Տեր-Պետրոսյանի՞: Նրան այլևս ոչ մի վտանգ չի սպառնում: Նրան պաշտպանում է Խաչակիրների բանակը: Ի՞ր համար: Սխալ է, թող ճիշտ դարձնի, ի՞նչ է անում: Սերժ Սարգսյանի՞ համար: Նրա համար ճիշտ է, անվտանգ է: Գոնե այս պահին: «Հետո»ն հետո կերևա: ՈՒրիշ էլ ո՞ւմ: Նախագահական ակումբից դուրս ի՞նչ կարևոր է, թե ինչ է լինում ու չի լինում: Երկիրը հնարված է, որ այդ ակումբը գործի ու ստեղծագործի՝ զուգահեռ, ուղղահայաց, վերուվար, բայց՝ առաջ:
Տարեսկզբից հայտնի էր, որ երկրորդ նախագահը դեմ է սահմանադրական փոփոխություններին, դեմ է ու դեմ: Այնքան է դեմ, որ կուսակցություն է որոշել ստեղծել: Վարդան Օսկանյանը մտորեց, դատողություններ արեց, ԱՄՆ-ը գնաց-եկավ (նկատե՞լ եք, որ Հայաստանի նախկին արտգործնախարարները մտածելու գնում են ԱՄՆ, բայց գործողությունների ծրագիրը հաստատում են Մոսկվայում), հանգստացավ, անհանգստացավ, ԲՀԿ-ն լքեց, բայց… Սնդուկը չի բացվում: Քաղաքականության մեջ ժամանակն է ամեն ինչ որոշում: Ժամանակը փախավ, ու հետը տարավ Վարդան Օսկանյանի կապույտ եզրաշերտերով ափսեն, որի վրա, գիտեք, մատուցվում է… Վարդան Օսկանյանին մատուցողը դեռ չի մոտեցել:

Վատ է սպասարկումը Հայաստանում, եվրոպական մակարդակը մերժվեց, իսկ եվրասիականը ասում է՝ սպասիր, այսօր սպասիր, վաղը սպասիր, մյուս օրը, եթե չես հասկացել, որ իզուր ես սպասում, կգան ու կասեն՝ տարածքը վաճառված է, ազատեք, այստեղ այլևս մենք ենք: Վերջ: Ավարտվեց կանաչ վարունգի պատմությունը՝ թա՞րս է աճել, շիտա՞կ՝ ի՞նչ կարևոր է:
Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ էր ասում: Պնդում էր, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, առավել ևս արմատական, որ երկրի բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող Սահմանադրությամբ, որի ֆունկցիոնալությունը կասկածի տակ չի դրվում: Ով-ով, նա քանի անգամ փորձարկեց, Սահմանադրությունը դիմացավ ու դիմադրեց: Մինչև մի տասը տարի առաջ: Երբ Ռոբերտ Քոչարյանը այլևս նախագահ լինել չէր կարող՝ նույն այդ բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծող Սահմանադրությամբ, ու որոշեց բարեփոխել: Նախագահականից դարձնել կիսանախագահական: Որ հիշում եմ՝ ինչ դիֆիրամբներ էին հնչում նոր տարբերակի հասցեին, ինչ բուռն, երկարատև քննարկումներ էին ծավալվում Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽԽՎ-ի հետ, ինչ խոստումներ, հույսեր, երկնքից թափվող մանանա՝ լացս է գալիս Սահմանադրության վրա ու ծիծաղս՝ ինձ վրա: Իսկ զուգահեռ ստեղծվում էր Ռոբերտ Քոչարյանի իրական «Սահմանադրությունը»՝ ԲՀԿ-ն, որ հաղթի խորհրդարանական ընտրություններում ու սահմանադրական փոփոխություններով մեծ լիազորություններ ստացած վարչապետ դառնա Ռոբերտ Քոչարյանը: Տարաբախտ քաղաքական աստղի տակ էր ԲՀԿ-ն ծնվել: Խաղը չստացվեց: Ռոբերտ Քոչարյանը գնաց թոշակի: ԲՀԿ-ն մնաց պահեստային նստարանին՝ իբրև ամեն պահի իշխանափոխության ներուժ: Բնավ պատահական չէ, որ ս.թ. փետրվարի 12-ին նույն նիստում ՀՀ ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական կրկես ուղարկեց ԲՀԿ նախագահին ու հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսվում է: Հետո հարթությունները խառնվեցին: Գագիկ Ծառուկյանը դարձի եկավ, հասկացավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեչ էլ իր լավը չէր ուզում, որ ասում էր՝ Գագիկ Նիկոլաևիչ, դարձիր նախագահ, ու՝ վերադարձավ եկեղեցաշինության: Իսակովի պողոտան դադարեց քաղաքական հասցե լինել, Մելիք-Ադամյանը դարձավ ուղիղ դեպի Բաղրամյան 26 տանող ճանապարհ: Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ երկիրը կգլորվի դեպի դեֆակտո միակուսակցական համակա՞րգ՝ դեպի քաղաքական մենաշնո՞րհ ու լճացո՞ւմ: Իսկ եթե Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի փոխարեն լիներ ԲՀԿ-ն, այն ԲՀԿ-ն, որ իրենն էր, նույնը կասե՞ր: Ես կամ շատ բութ եմ, կամ քաղաքականությունից բացարձակապես տհաս, որովհետև այսքան տարի չեմ հասկանում՝ ի՞նչ տարբերություն կա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև: Առավել ևս՝ հիմա: Ի՞նչ տարբերություն՝ ո՞ւմ հարցերը չի կարողանում լուծել՝ Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի: Խորհրդարանական կառավարման բուն էությունը ենթադրում է կուսակցությունների մրցակցություն՝ նրանց ծրագրերի և այդ ծրագրերի հաջող կամ անհաջող կատարման: Եվ հաջողի ու անհաջողի միջև ընտրություն, որը իշխանության է բերում այն կուսակցությանը, որ կատարում է իր ծրագիրը: Հայաստանում խորհրդարանական կառավարումն ընկալվեց մեկ կուսակցության ընդմիշտ իշխանության պահելու տարբերակների որոնում ու հաստատում Սահմանադրության մակարդակով: Երբ հիմա Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ «Սահմանադրության նախագծի հագեցվածությունը մարդու իրավունքների և պետության սոցիալական նպատակների մասին ընդհանրական գեղեցիկ բառակապակցություններով կարծես նպատակ ունի քողարկելու Ազգային ժողովի կազմավորման բացարձակապես անընդունելի ձևը, որը բովանդակազրկում է խորհրդարանական կառավարման բուն էությունը: Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովելու մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ: Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների»՝ բացարձակապես ճիշտ է: Բայց ազնիվ չէ, որովհետև չէր ասի՝ ինչ ասում է, եթե այդ կուսակցությունը ՀՀԿ-ն չլիներ: Կամ՝ ՀՀԿ-ն իրեն իշխանության բերեր: Դա այնքան ակնհայտ է, որ նրա ասած բացարձակ ճշմարտությունը իմաստազրկում է: Երբ հիմա Ռոբերտ Քոչարյանն արձանագրում է, թե «հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք», ընդամենը ասում է՝ ինձ ժառանգածը ինձ չթողեցին ու չեն ուզում վերադարձնել: Սահմանադրություն են փոխում, որ ես նախագահ չդառնամ: Պատերա՞զմ է ՀՀԿ-ի «արատավոր համակարգի վերարտադրման» դեմ: Բնավ: Բայց՝ աճուրդ է, որտեղ միջազգային մակարդակի հայտ է ներկայացվում՝ ես կամ, ես այստեղ եմ ու ես անգործ եմ: ՈՒ՝ վերջ: Ավելին նա չի անելու: «Մեծ սխալը», որի հետևանքները, իր խոսքով՝ «ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար», չի ուղղելու: Անգամ չի սպասելու, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի ու «ոչ» ստանալով, «այո» անվանվի, իսկ ինքը մարդկանց փողոց դուրս բերի: Նա այդ մարդկանց վրա մեկ անգամ կրակել է: Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը այլևս «փողոցի» հետ գործ չունեն: Նրանք «փողոցի» հետ հարաբերվելու իրավունքը կորցրել են՝ անկախ՝ ո՞ր խրամատում ու ե՞րբ կլինեն: «Համաժողովրդականի» դեմ ու կողմ իրենց խաղը նրանք ավարտել են Գագիկ Ծառուկյանով: Կրկեսում:
ՈՒ հենց այդ պատճառով է Սերժ Սարգսյանը շատ հանգիստ, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ շատ անհանգիստ: Նկատեցի՞ք, որ Սահմանադրություն՝ հին, նոր, լավ, վատ, ճիշտ, սխալ՝ ամեն ինչ մնաց մի կողմ, գլխավոր հարցը եղել և մնում է մեկը՝ ո՞վ է լինելու իշխանության ռեալ տերը: Ովքե՞ր են հայտնվելու նոր իշխանության շրջանակում: Քանիսի՞ համար կպարզվի, որ շրջանն իրականում կետ է, իրենց դեպքում՝ վերջակետ: Քանիսի՞ համար կետը կմնա շրջան, որ ընդլայնվում ու շրջանակ է դառնում: Քանիսի՞ համար կդառնա մեկնակետ: 2017-ը՝ ահա հարցերի հարցը: Եվ, այնուամենայնիվ, Հայաստանում չկան ու չեն լինելու նորություններ: Ամեն մեկը պտտվելու է իր շրջանակում ու երևակայելու է, որ հենց դա է այն կետը, որ հենման կետ է ու եթե ուզի, եթե միայն նման ցանկություն ունենա, շրջելու է երկրագունդը: Դա կոչվում է իշխանական հավկուրություն, երբ տեսնում ես մի տասը քայլ առաջ, բայց քթիդ տակ՝ ոչ: Մալարիայի նոր բուժումը գտնելու համար Նոբելյան մրցանակ կտան, բայց այդ հիվանդության բուժման համար՝ ոչ: Այդ հիվանդությունը մի բուժում ունի՝ առողջ ես, երբ այլևս իշխանություն չունես՝ ամեն ինչ սկսում ես տեսնել բնական ու իրական մեծությամբ ու չափերով, բայց արդեն վարակված ես մեկ այլ հիվանդությամբ՝ վերադարձի: Դա իսկապես բուժում չունի: Ենթագիտակցորեն բոլորն էլ դա զգում են ու փորձում են պահել իշխանությունը որքան հնարավոր է երկար՝ ցկյանս: Ոմանք Սահմանադրություն են փոխում, ոմանք պատերազմ են սկսում սեփական երկրում, ոմանք՝ ուրիշ երկրում, ոմանք հեռանում են, որ վերադառնան: Կյանք է: Ժամանակը բոլորի համար ունի աստեղային պահ, բայց ժամանակը ոչ մեկին աստեղային պահն իբրև կայուն ու անփոփոխ մեծություն չի տալիս: Դա կետ է, ընդամենը կետ, որ դառնում է շրջան ու վերադառնում ելման դրություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Կետերը միավորվում են ու դառնում գիծ, քաղաքականության մեջ՝ ուղեգիծ: Կարմիր գորգը, ծնծղաները, դրոշն ու հիմնը, զինանշանը պայմանական են, խորհրդանիշ, որ կյանք են ստանում, երբ կա իշխանություն, ու մեռնում են առանց իշխանության: Խայտառակ սխալ միֆ է, որ միասնություն է պետք հաղթանակի համար, այս պայքարում մենակ են հաղթում ու մենակ են պարտվում:

Դիտվել է՝ 1102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ